Կոմունիստ իտալացու ու դիզայներ երեւանցու բիզնեսը Գյումրիում

13.12.2019 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Կոնջելազիա #Գյումրի #բիզնես
Ամեն ինչ սկսվեց Գյումրի-Երեւան գնացքի վագոնում հարսանիքը նշելով. խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած վագոնում իտալացի Մասիմիլիանո Ֆլորիանին ու երեւանցի Մարիամ Զաքարյանը նշեցին 3 օր տեւող իրենց հարսանիքի մեկ օրը:

Այնուհետ Մաքսն ու Մարիամը որոշեցին ոչ միայն շարունակել ապրել Գյումրիում, այլեւ ստեղծել նոր, տարբերվող ու հարմարավետ անկյուն՝ արվեստագետների, նկարիչների, զբոսաշրջիկների ու պարզապես անցորդների համար:

Banks.am-ը պարզել է «Կոնջելազիա»-ի ստեղծման ու զարգացման պատմությունը:

Տուրիզմ + դիզայն = Կոնջելազիա

Տուրիզմ + դիզայն. Մարիամը այսպես է բանաձեւում իրենց նորաստեղծ բիզնես գաղափարը, իսկ Մաքսը բացատրում, որ «կոնջելայզը» իտալերեն նշանակում է «սառեցնել»: Այս բառն իրականում նա շատ է օգտագործել իր առօրյայում, իսկ շրջապատը մշտապես փորձել է կրկնօրինակել նրան:

Մաքսը նկատում է՝ իրենց հյուրերը բառը տարբեր հնչողությամբ են օգտագործում, ինչը փոխում է իմաստը, օրինակ՝ «կոնչոլ (ճաշատեսակ) + Ասիա» կամ «կոնջելացիա»՝ Ճոճանակ (իտալերեն):


«Կոնջելազիա»-ն մի քանի ամսում հյուրընկալել է արդեն 800 մարդու:

«Մեր նպատակն այն էր, որ միայն մեր ընկերները չլինեն մեզ հյուր, այլեւ՝ բոլոր ցանկացողները: Այստեղ գալիս են, զրուցում, կիսվում մտքերով: Միջավայրը պարտադրող չէ, շատ ազատ է: Եթե կա միտք, որը հասունացել է, կարող է հենց վաղն էլ իրականացնենք, օրինակ՝ մի օր կարող է վաճառքի համար կերամիկա ավելացնենք, մեկ այլ օր՝ չրեր»,- պատմում է Մարիամը:


«Կոնջելազիա»-ն հյուրեր ընդունելուց բացի, իր ծառայությունների ու ապրանքների ցանկն է ներկայացնում: Մաքսն աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերին ծանոթացնում է քաղաքին, հատուկ մշակված զբոսաշրջային ուղու միջոցով ձգտում այնպես տպավորել այցելուներին, որ նորից վերադառնան Գյումրի:

Մարիամն էլ իր դիզայնով Գյումրին բնորոշող հուշանվերներ է ստեղծում՝ բարձեր, շապիկներ, մագնիսներ, բացիկներ: Գրաֆիկական լուծումներով ու բարբառային հատուկ շեշտադրումներով շապիկները սկզբնական շրջանում պատրաստվում էին ընդամենը մեկական նմուշով, իսկ այժմ պահանջարկը թելադրում է նաեւ ըստ չափսերի ու գույների հուշանվերների ստեղծում:

Մաքսն ու Մարիամը

Լենին պապիկի ու եվրոպացիների կապը

Հենց դռնից ներս մտնելով՝ կտեսնեք շապիկներ՝ Գյումրի տպագրությամբ, ինչպես նաեւ քաղաքի տարբեր հատվածների՝ գրաֆիկական լուծումներով նկարներ, «շնորհակալություն» բառը՝ տառերի լաբիրինթոսում, ամեն մեկը՝ իր գույնով ու դիզայներական տարբեր լուծումներով:

Այս ամենը մագնիսի տեսքով կարելի է գտնել նաեւ սառնարանին փակցված. հենց այդտեղից էլ կարելի է գնել նախընտրելի հուշանվերն ու Գյումրիից մի պատառիկ տանել ձեզ հետ:


Երկու քայլ առաջ գնալով արդեն՝ պատին փակցված կարմիր դրոշակի կողքից ողջունում է Լենինը:

- Ինչո՞ւ Լենին:

- Նախ, Լենին չի՝ Պապիկ Լենին,- իր իտալական հայերենով պատասխանում է Մաքսն ու արդեն անգլերենով բացատրում, թե ինչպես են որոշ իրեր հայտնվել «Կոնջելազիա»-ում.

«Ես սիրում եմ վինտաժը, Եվրոպայից եկած տուրիստը սիրում է էկզոտիկը, իսկ սա էկզոտիկ է: Հայերի համար այն, ինչ հին է, սիրուն չէ, ուզում են փոխել ամեն ինչ ու նմանեցնել Եվրոպային, մինչդեռ եվրոպացիները հաճախ ուզում են զգալ հենց խորհրդային ժամանակաշրջանի շունչը: Պապիկ Լենինն է այստեղ, որովհետեւ ես կոմունիստ եմ. դա այլ պատմություն է, իմ պապը կոմունիստ էր, հայրս էլ, ես էլ»:


«Կոնջելազիա»-ի ամեն մի անկյունում կարելի գտնել տարբեր հին իրեր, որոնք գնել են, վերականգնել, մի մասն էլ՝ հյուրերն են նվիրել: Ամեն մի հատված իր գույնն ունի: Ընդհանուր խառնաշփոթի մեջ կա մի կանոնիկություն. ամեն ինչ «փաթեթավորած» է Գյումրիով, բոլոր պատմությունները սկսվում կամ ավարտվում են Գյումրիով:

Գյումրին հիմա մոդա է

Մաքսը Գյումրի է եկել 9 տարի առաջ, հաջորդ այցն արդեն երեք տարի առաջ էր, որից հետո որոշեց, որ պետք է ապրի Գյումրիում: Ինչու-ի պատասխանը՝ հնչում է հայերեն.

«Հիմա Եվրոպայում կոմֆորտ չկա. այնտեղ աշխատում են, աշխատում, շաբաթ-կիրակի գնում են սուպերմարկետ ու վերջ: Եվրոպայում աշխատելով՝ դու շատ դրամ կվաստակես, բայց շատ բանի համար վճարես: Երբ դու ունես 1 եվրո Գյումրիում, դա հավասար է Եվրոպայի 100 եվրոյին»:

Մաքսը

Մաքսի մասնագիտական հմտությունները բազմազան են: Նախկին քաղաքական գործիչն ու Արկոյի [իտալական կոմունա] մշակույթի գծով փոխքաղաքապետը գրում է նաեւ երաժշտություն, զբաղվում տուրիզմի զարգացմամբ, վերականգնում հնաոճ իրերը: Ներկայում ամեն ինչ անում է, որ օգտագործի Գյումրիի հնարավորություններն ու իր ներդրումն ունենա քաղաքի զարգացման գործում:

«Հայաստանում ապրելու հստակ որոշմամբ եկա Իտալիայից եւ երկու ամիս ապրեցի Երեւանում, իսկ երբ ընկերներիս ասացի, որ գնալու եմ Գյումրիում ապրեմ, ինձ ասացին՝ «դու հիմար ես», ու ասողները գյումրեցի էին: Ասում էին՝ այնտեղ կրիմինալը շատ է, քաղաքը քանդված է ու ընկճված են: Իրականում այստեղ բիզնես սկսելը դժվար է, բայց հիմա Գյումրին մոդա է»,- ասում է Մաքսը:


Քաղաքի հանդեպ սերը միանգամից չեկավ

Մարիամ Զաքարյանն արդյունաբերական գծով դիզայներ է, աշխատում է Գյումրիի «Թումո»-ում՝ որպես գրաֆիկ դիզայներ:

Չորս տարի առաջ, երբ Երեւանի «Թումո»-ից գործուղեցին երկրորդ քաղաք՝ չուզենալով եկավ: Մարիամը չհավանեց քաղաքի դեկտեմբերյան ցուրտն ու մռայլությունը:


Հետագայում, սակայն, նոր այցելությունները փոխեցին նրա տպավորություններն ու հերթական գործուղումներից մեկի ժամանակ էլ հանդիպեց Մաքսին. Գյումրին որպես տուն դարձրած զույգը սկսեց սիրո նոր պատմություն ու նոր կյանք:


«Գյումրին միայն Ռուսթավելին չէ»

Ապագա նպատակների վերաբերյալ հարցին Մաքսն անմիջապես հայերենով պատասխանում է՝ «7 երեխա», ապա ժպտում ու խոսում Գյումրիում բիզնեսի ընդլայնման հեռանկարներից.

«Գյումրին միայն Ռուսթավելին կամ Սլաբոդկան չէ, այն շատ մեծ է: Գումար է անհրաժեշտ, որ քարտեզագրեն քաղաքը: Պրոբլեմ կա՝ մատերիալ չկա վերանորոգելու համար: Շատ սիրուն դռներ կան, վարպետները պետք է նորոգեն, բայց ոչ չինական դռներով ու լուսամուտներով:

Ուրիշ պրոբլեմ էլ կա՝ տները կտրուկ թանկացել են. նման գներ նույնիսկ Իտալիայում չկան: Բայց ինչո՞ւ. որովհետեւ Գյումրին հիմա մոդա է»:

Մարիամն ու Մաքսը

Մարիամն էլ պատմում է իրենց նոր ձեռքբերման մասին.

«Ես սիրում եմ Գյումրին, որովհետեւ զգում եմ քաղաքը: Մենք տուն ենք գնել այստեղ, ուզում ենք վերանորոգել ու դարձնել հյուրատուն: Սլաբոդկայում որոշեցինք գնել, որ զբոսաշրջիկները միայն այս երկու փողոցը չտեսնեն, այլ գնան ու քայլեն, գտնեն քաղաքի թաքուն անկյունները: Իսկ «Կոնջելազիա»-ն ուզում ենք ընդլայնել, սրճարան դարձնել, ինչպես նաեւ վայր, որտեղ կարելի է մտնել, զրուցել, գաղափարներով կիսվել ու հեռանալով՝ Գյումրիից մի պատառիկ տանել»:

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի
Դիտում՝ 8422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai