«Խելացի կանգառը» սպասելաժամանակի մշակույթն արժանապատիվ կդարձնի

25.10.2019 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Խելացի կանգառի» գաղափարի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ դրա` վերջերս Էջմիածնում կայացած շնորհանդեսին ներկա էին կառավարության մի քանի անդամներ՝ վարչապետի գլխավորությամբ։ «Խելացի կանգառ» ընկերության հիմնադիր, գործարար Մնացական Աղաբաբյանը Banks.am-ին պատմել է, թե ինչու է որոշել համադրել փորձը նորարարության հետ եւ ընկերների հետ առաջ մղել այդ գաղափարը։

- Պարոն Աղաբաբյան, ո՞րն է պատճառը, որ «Խելացի կանգառի» փորձարկման համար ընտրվել է հենց Էջմիածինը։

- «Խելացի կանգառներ» կառուցելու եւ շահագործման հանձնելու միտքը վաղուց կար. մեր նպատակները հանրայնացնելուց հետո համագործակցության առաջարկով մեզ դիմեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Իրենց նախաձեռնողականության եւ պատրաստակամության շնորհիվ ներքաղաքային տրանսպորտի նոր ցանցն ու «խելացի կանգառը» որոշեցինք միաժամանակ շահագործման հանձնել՝ ուղեւորների համար ապահովելով թե՛ հարմարավետ երթեւեկություն, թե՛ սպասելաժամանակ։ Քաղաքացիներին նման նվեր մատուցելու համար չկա առավել հարմար օր, քան քաղաքի տոնն է. այդպես էլ արվեց։

Հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի օրը, կանգառը պաշտոնապես հանձնվեց շահագործման։ Բացի այդ, մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, մեր գործը մեկնարկենք Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքից:

- Գործի մեկնարկի՝ «Խելացի կանգառների» կառուցման համար անհրաժեշտ են նաեւ ֆինանսական միջոցներ. ո՞վ է ապահովելու այն՝ համա՞յնքը, պետությո՞ւնը, ներդրողնե՞րը։ Ինչպե՞ս է «Խելացի կանգառը» շահութաբեր դառնալու, որքա՞ն ժամանակ, ըստ Ձեզ, կպահանջվի դրա համար։

- Ի սկզբանե նշեմ, որ գերշահույթ չենք հետապնդում, բայց, ինչպես ցանկացած բիզնես, ունենք եկամուտ ստանալու մեր տարբերակը, որն այս դեպքում կանգառի ներսի եւ դրսի հատվածում տեղադրվող գովազդային հարթակներն են։ Լայթ բոքսեր, LED էկրաններ, որոնք գովազդային շուկայում որակապես անգերազանցելի են։ Կարծում եմ, 5-ից 7 տարի կպահանջվի ներդրումները վերադարձնելու եւ հետո արդեն շահույթ ունենալու համար, քանի որ կանգառների կառուցման եւ շահագործման համար անհրաժեշտ բոլոր ներդրումներն ու ընթացիկ ծախսերը հոգում է մեր «Խելացի կանգառ» ՍՊԸ-ն։ Ի դեպ, կանգառները համայնքի սեփականությունն են:


- Իսկ ինչպե՞ս է «Խելացի կանգառը» նպաստելու բուն տրանսպորտային խնդիրների լուծմանը։ Նման խնդիր կա՞ Ձեր առջեւ: Ինչո՞ւ եք կարծում, օրինակ, որ ուղեւորները ներս են անցնելու եւ օգտվեն թվային ծառայություններից, այլ ոչ թե լարված սպասելու իրենց ավտոբուսին կամ երթուղայինին։

-«Խելացի կանգառն» ի սկզբանե այդ լարվածությունը թուլացնելու համար է (ժպտում է,-հեղ.)։ Ստեղծել ենք բոլոր նախադրյալները, որ այդ մի քանի րոպեներն ուղեւորներն անցկացնեն հարմարավետության մեջ, ինչից դժվար թե հրաժարվեն։

Մեր աշխատանքն անմիջականորեն առնչվում է տրասնապորտին, բայց մենք մեզ վրա ենք վերցրել ուղեւորի՝ մինչեւ տրանսպորտ նստելն ընկած ժամանակահատվածն անվտանգ ու հարմարավետ դարձնելը։ Մենք չենք կարող խոսել մի հարցի մասին, որն ի սկզբանե մեր ենթակայության տակ չէ, բայց մենք կարող ենք հարմարվել քաղաքային տրանսպորտային ցանցի ցանկացած տիպի փոփոխության, կարող ենք աշխատել մեր նախանշած եւ նախընտրած ոլորտը բարելավելու ուղղությամբ:


Համակարգը պարզ է. օրինակ՝ չվացուցակների հարցում աշխատում ենք GPS համակարգով. կանգառին մոտեցող տրանսպորտային միջոցից ազդանշան է հասնում կանգառին, ինչի արդյունքում էլ մոտեցող երթուղայինի համարը  հայտնվում է ներսի տեղեկատվական վահանակների եւ դրսի վազող տողի վրա։ «Խելացի կանգառի» մյուս բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի տրանսպորտային միջոցի սպասող մարդը, եթե պարզ ասեմ, իրեն հանգիստ զգա:  

- Հետաքրքիր է «Խելացի կանգառի» անվտանգության ապահովման հարցը։ Ինչպե՞ս է այն պաշտպանվելու գողությունից, վանդալիզմի դրսեւորումներից, աղտոտման վտանգից։

- Նման մտավախություն սկզբում մենք էլ ունեինք. ի պատիվ էջմիածնեցիների պիտի ասեմ, որ դրանք փարատվել են: Էջմիածնում տեղադրված առաջին խելացի կանգառն իր նախնական ու հիմնական տեսքով կանգուն է, գործող: Ի սկզբանե մենք որպես ռիսկ հաշվարկել էինք նաեւ կանգառներին տրվող վնասները, պատրաստվել էինք դրանց վերանորոգմանն ու վերականգնմանը, նույնիսկ եթե դա տասնյակ անգամներ լիներ: Կառուցման, տեխնիկապես հագեցնելու, ընթացիկ սպասարկման ողջ ֆինանսական ծախսն իրականացվում է մեր կողմից, բայց կանգառը սեփականության իրավունքով քաղաքապետարանին ենք հանձնում. այն դառնում է քաղաքի սեփականությունը:


Այս առումով չափազանց սկզբունքային ենք. մենք ուզում ենք մշակույթ փոխել՝ սպասարկման, քաղաքացու անվտանգ, արժանապատիվ սպասելաժամանակի ապահովման մշակույթ: Ու ամեն ինչի հետ մեկտեղ հասկանում ենք, որ նորարարության առօրեական դառնալուն էլ է ժամանակ պետք: Ես իրոք չեմ վախենում, որ ինչ-որ մեկը կարող է, ասենք, քերծել կանգառի նստարանը կամ վնասել պաստառը։ Ես վախենում եմ, որ դա կողքից տեսնողը կլռի, ոչինչ չի ասի: Մենք բերել ենք գաղափար, որը հեշտացնելու է մարդու առօրյայի շատ կոնկրետ մի հատված, հետո դառնալու է այդ առօրյայի անբաժան մասը: Գուցե չափազանց պարզեցված եմ ձեւակերպում, բայց ինչ-որ բան ուտելուց առաջ ափսեն չե՞ս կոտրի, չէ՞. «Խելացի կանգառը» շուտով երթեւեկության պրոցեսի մաս է դառնալու: Հիմա կանգառում գործում է տեսահսկման շուրջօրյա ծառայություն, ԱԻՆ ահազանգի կոճակ, կանգառների անվտանգության ապահովման համար համագործակցում ենք ոստիկանության հետ, հսկողություն իրականացնող աշխատակիցներ ունենք, զբաղվում ենք տարածքի մաքրությամբ: Կրկին պիտի շեշտեմ՝ «խելացի կանգառները» հանրային ահռելի նշանակություն ունեն. վստահեցնում եմ՝ այստեղ հազար ու մի շատ ավելի հետաքրքիր բան կարելի է անել, քան կոտրելն ու վնասելը:

- Ե՞րբ կարող ենք սպասել «Խելացի կանգառի» ներդրմանն այլ քաղաքներում եւ վայրերում։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի դրանցով ամբողջ հանրապետությունը «ծածկելու» համար։

- Այս պահին ակտիվ համագործակցության աշխատանքներ են ընթանում Երեւանի քաղաքապետարանի հետ. նախաձեռնողականության, պատրաստակամության համար շնորհակալ ենք իրենց: Երեւանում տրասնպորտային համակարգը խելացի կանգառներին տեխնիկապես համապատասխանեցնելու, կանգառին մայրաքաղաքի արտաքին տեսքին համապատասխան դիզայն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները հենց այս պահին էլ ընթացքի մեջ են: Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո արվում է ամեն ինչ, որպեսզի օր առաջ շահագործման հանձնվեն նաեւ Երեւանի համար նախատեսված խելացի կանգառները։

- Հայաստանում գործունեությունը հաջողելուց հետո արդյոք միջազգային շուկա դուրս գալու հեռանկարներ ունե՞ք։

- Դեռ չգիտեմ, բայց արդեն հետաքրքրություն կա Ռուսաստանից եւ Ֆիլիպիններից։ Բիզնեսը, որը թեկուզ թաքուն ցանկություն չունի ընդլայնվելու, չունի նաեւ դա իրականացնելու իրական հնարավորություն ու ամբիցիա: Մենք ունենք: Բայց ունենք նաեւ շատ կարեւոր մի գործ՝ մեր նորարարությունը տարածել Հայաստանում: Եթե մենք հավատում ենք, որ 21-րդ դարում տնտեսական կամ մշակութային առաջընթացը լինելու է տեխնոլոգիաների զարգացմամբ, ապա ուղղակի չենք կարող նորարարությունը դուրս թողնել հանրային կյանքից: «Խելացի կանգառները» շոշափելի ու կիրառելի են դարձնում մի շարք ոլորտների առաջարկներ՝ ստեղծելով ժամանակակից կանգառի եւ բիզնես նախագծի աշխատող համադրություն: Ես իրոք չգիտեմ, թե երբ ու որ պարագայում մենք կկարողանանք միջազգային շուկա դուրս գալ, բայց այս պահին մեր նպատակը հստակ է՝ «խելացի» դարձնել Հայաստանի կանգառները:
Դիտում՝ 20350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW