Բնական ներկեր՝ պատրաստված «փակ աչքերով»

11.09.2019 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գյումրի #ներկեր #սոցիալական բիզնես
Գերչակի ու կտավատի յուղ, մեղրամոմ, քարի փոշի, ծաղկափոշի, խխունջի փոշի. սա բաղադրատոմսի միայն մի մասն է, որով Կույրերի միավորման Գյումրիի արտադրական ձեռնարկության շահառուները ներկեր են պատրաստում: Banks.am-ը եղել է ներկերի արտադրամասում, ծանոթացել գործընթացի կազմակերպման բոլոր մանրամասներին:  

Միայն ձեռքի աշխատանք

Ամեն ինչ բնական հումքով եւ, ամենակարեւորը, հիմնականում ձեռքի աշխատանքով. չկան հաստոցներ, հսկայական տարաներ, որոնք ապահովում են հոսքագիծը:


Կույրերի միավորման Գյումրիի արտադրական ձեռնարկության 4-5 շահառուները խառնում են բաղադրիչներն ու ստանում գույներ, բայց միայն գույնը դեռ բավարար չէ, հարկավոր է հասնել գույնի անհրաժեշտ խտությանը, ծածկողականությանը:

Այս ամենը սովորել են ամիսների ընթացքում: Ներկերի ստացման գաղտնիքներով շատ չեն կիսվում, հպարտանում են, թե ինչպես են կարողացել մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել ու ավանդական եղանակով Հայաստանի բնաշխարհի հարստությունն օգտագործել յուղաներկի արտադրության մեջ:

Հենց ստացված երանգներով էլ պատին յուրօրինակ կոլաժ են ստացել՝ արեւն իր ճառագող լույսով ու գունավոր այն ձեռքերով, որոնք հավատացել են ու ձեռք մեկնել՝ կյանքի կոչելու այս գաղափարը:


Գաղափարը ծնվել էր 15 տարի առաջ

Սոցիալական բիզնեսի գաղափարը Գյումրիի կույրերի միավորման մոտ ծնվել էր դեռ 2004-ին: Նպատակն էր հիմնել արտադրություն, որը հնարավորություն կտար տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ապահովել զբաղվածությամբ եւ աստիճանաբար ընդլայնել սկսած գործը:

Սակայն գաղափարն իրականություն չդարձավ, որովհետեւ քչերը հավատացին, որ միայն Կույրերի միավորման եղած հնարավորություններով կկարողանան կյանքի կոչել բիզնեսը:

«Արտադրությունը սկսեցինք, տարբեր հիմնադրամների ու հաստատությունների դիմեցինք, բայց չօգնեցին: Դադարեցրինք: Անցած տարի որոշեցինք վերսկսել աշխատանքները, վարկ վերցրինք՝ 3,5 մլն դրամ, ու սկսեցինք գործունեությունը: Նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարվա դեկտեմբերին այցելեց Գյումրի, տեսավ մեր գործունեությունը, համոզվեց, որ ուզում ենք լավ գործ անել՝ առավել եւս հաշմանդամություն ունեցողների համար, եւ 6 մլն դրամ նվիրաբերեց մեր ձեռնարկությանը»,- պատմում է Շիրակի մարզի կույրերի վարչության նախագահ Արա Ներսիսյանը:

Արա Ներսիսյանը

ՀՀ նախագահի նվիրած գումարի մասին վկայում է նաեւ պատին փակցված հավաստագիրը, ինչպես նաեւ Արմեն Սարգսյանի նկարած նկարը Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկություն պատին:

Արմեն Սարգսյանը՝ ներկերի արտադրամասում

Նվիրած գումարով ձեռք են բերել տեսողության խնդիր ունեցողներին հարմար գործիքներ եւ անհրաժեշտ հումք: Բնական հումքով յուղաներկերի տարբեր երանգներ ստանալը փորձարկում են ամիսներ շարունակ, արդեն գիտեն՝ ինչպես հասունացնել ներկը, հասնել անհրաժեշտ ծածկողականությանն ու միատարր զանգվածի, լցնել համապատասխան տարաներ ու փաթեթավորել:

Ցանկության դեպքում դժվարությունը հաղթահարելի է

Ամիսների ընթացքում տեսողության խնդիր ունեցող 5 մարդ ներգրավվել է աշխատանքային գործընթացում: Նրանք տարբեր մասնագիտություն կամ ընդհանրապես մասնագիտություն չունեցող մարդիկ են, որոնք, հեռու լինելով ներկերի բազմագույն աշխարհից, այժմ արդեն ներկ են ստանում ու ստուգում են մածուցիկության, գույնի խտության ու կայունության չափորոշիչները:

67-ամյա Սամվել Երանոսյանը երկար տարիներ աշխատել է գծային տեխնիկ, այնուհետ տեսողական խնդիրների պատճառով աշխատանքը չի կարողացել շարունակել: Արտագնա աշխատանք ու վերադարձ հայրենիք, Զբաղվածության կենտրոնի տարածքային բաժնում գրանցումն էլ բերել հասցրել է նոր մասնագիտությանն ու միջավայրին:

«Էստեղ սկսեցի սովորել. դժվարություններ կան, բայց եթե կա ցանկություն, ցանկացած դժվարություն էլ կարելի է հաղթահարել: Ամենաբարդը սպիտակ գույնը ստանալն է, տիտանը քիչ խառնեցիր, չի ստացվի, հետո էլ շատ պետք է խառնել, որ միասեռ զանգված դառնա»,- ասում է Սամվել Երանոսյանն ու հերթով ցույց տալիս քարերի տարբեր գույների փոշին, որոնք գրամ-գրամ օգտագործում է ու ստանում անհրաժեշտ գույնը:

Սամվել Երանոսյանը

«Ես Կույրերի միավորման շահառու եմ, անցած տարվանից եկել եմ էստեղ, ուղղակի ձմռանը ջեռուցում չկար, էդ պատճառով դադարեցրել էինք գործը, որովհետեւ ներկերը սառում էին: Ինձ դուր է գալիս այս աշխատանքը: Ամեն ինչ բնական է՝ գլիցերին, գերչակի յուղ, կտավատի ձեթ. ոչ մի քիմիական հավելում: Երբ ստանում եմ անհրաժեշտ գույնը, երեխայի պես ուրախանում եմ, որ այս մեկն էլ ստացվեց»,- գուաշի հերթական չափաքանակը սրվակի մեջ լցնելով՝ ասում է Սիրանուշ Մովսիսյանն ու ներկայացնում, թե փորձնական տարբերակով ինչպիսի փաթեթավորում են ունենալու գուաշների 6 գույները:

Սիրանուշ Մովսիսյանը

Ամենամրցունակը շուկայում

Ներկայում ավարտում են փորձարկումների փուլը: Արդեն հստակ որոշել են, որ արտադրելու են ակրիլ, գուաշ ու յուղաներկ:

40-ից ավելի գունային երանգներ ստանալու հնարավորություն ունեն, սակայն առայժմ նախընտրում են արտադրել 20-ը: Յուղաներկերն էլ անվանակոչել են այն տեղանվան անունով, որտեղից վերցրել են ծաղկափոշին կամ քարի փոշին: Օրինակ՝ «Գուգարք» անունով յուղաներկը մուգ կարմիր երանգ ունի, «Վայքն» ավելի մուգ է: Թե ինչ հումք է վերցվել Գուգարաց աշխարհից, որ նման գույն են ստացել, գաղտնիքը չեն բացահայտում:


Որակական առումով հասել են ընդունված չափորոշիչներին: Նկարիչների միության երկու տասնյակից ավելի նկարիչներ օգտագործել են իրենց գուաշն ու բնական գունանյութով յուղաներկերը եւ հավաստել, որ դրանք բարձր որակ ունեն:

«Շուկայի համար մենք ամենամրցունակն ենք, մեր ներկանյութերը տեղական հումքով են (բնական գունանյութով առկա են հիմնականում գերմանական եւ չինական ներկեր – խմբ.): Կովկասում նման արտադրություն չկա: Գները դեռ չենք որոշել, բայց մեր ներկերն ավելի մատչելի կլինեն ու որակապես չեն զիջի դրսի արտադրանքին»,- վստահեցնում է Շիրակի մարզի կույրերի վարչության նախագահ Արա Ներսիսյանը:


Սոցիալական բիզնեսի խնդիրներն ու հեռանկարները

Տարբեր հանքերից քարի փոշի ու ծաղկափոշի հավաքելուց բացի, խնդիր էր համապատասխան տարաներ գտնելը: Մետաղյա ներկի ամանների արտադրություն Հայաստանում չկա, ներկրում են Ռուսաստանից ու Պարսկաստանից, միայն թե փոքր խմբաքանակով չեն վաճառում, նվազագույն վաճառքը 100 000 հատ է, փոքր քանակի դեպքում գնման ու ներկրման որոշակի խնդիրներ են առաջանում: 5000 մետաղյա տարա մեծ դժվարությամբ վերջերս են ներկրել Իրանից:

20-ամյա Դավիթ Քոչարյանն է յուղաներկը լցնում տարաները, բազկի ուժն օգտագործելով էլ ամուր փակում է ու ուղարկում պիտակավորման:

Դավիթ Քոչարյանը

Նախատեսում են մեկ ամսից բնական գունանյութով ներկերը ներկայացնել տեղական շուկայում:

Շուկայի պահանջարկն արդեն կորոշի սոցիալական բիզնեսի հետագա ընթացքը: Ի դեպ, աշխատողները դեռեւս սովորում են ու փորձարկումներ անում՝ սպասելով աշխատավարձին: Առաջին գնումները կլուծեն ոչ միայն աշխատավարձի, այլեւ հետագա չափաքանակը պլանավորելու եւ նոր տեխնիկական միջոցներ ներգրավելու հարցը:

Վերջին մտահոգությունն էլ կապված է Կույրերի միավորման Գյումրիի արտադրական ձեռնարկության շահառուների տեղաշարժի հետ: Ընդգծում են՝ հարմարեցված մեքենա չունեն, իսկ անբարեկարգ փողոցներով տեսողական խնդիրներ ունեցողներին աշխատավայր հասնելը բարդ է:

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի
Դիտում՝ 7420
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai