Բայիշ Դուշեբաեւ. «Գրանթ Թորնթոնի» մեր գրասենյակը կամուրջ է Չինաստանի եւ ԱՊՀ գործարարների համար

11.06.2019 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Բայիշ Դուշեբաեւ #«Գրանթ Թորնթոն»
Այս օրերին Հայաստանում է «Գրանթ Թորնթոն» կազմակերպության՝ ԱՊՀ-ում Չինաստանի հետ կապերի գրասենյակի համակարգող Բայիշ Դուշեբաեւը, որի հետ Banks.am-ը զրուցել է տարածաշրջանում չինական բիզեսի զարգացման հեռանկարների մասին։

- Կխնդրեմ ներկայացնել, թե ինչ է «Գրանթ Թորնթոնի՝ Չինաստանի հետ կապերի գրասենյակը» (Grant Thornton China Desk) եւ ինչ գործունեություն է ծավալում տարածաշրջանում։

- Հայտնի է, որ չինական բիզնեսի համար արտաքին շուկա դուրս գալու հարցում ամենամեծ ռիսկերից մեկը տեղում հուսալի գործընկեր գտնելն է, որը կօգնի ներսից հասկանալ երկրի առանձնահատկությունները, բիզնես միջավայրը, առկա ռիսկերը եւ կտրամադրի որակյալ խորհրդատվություն իրավական կամ հարկային օրենսդրության դաշտում: ԱՊՀ-ում արդեն իսկ աշխատելով չինական բիզնեսի հետ՝ «Գրանթ Թորնթոն»-ի անդամ ընկերությունները տեսնում էին առկա խնդիրները եւ գիտակցում, որ ավելի համակարգված աշխատելու կարիք կա։ Այդ նպատակով ստեղծվեց առանձին գրասենյակ, որը գործում է ԱՊՀ տարածքում, ծառայություններ է մատուցում չինական բիզնեսին եւ կամուրջ է հանդիսանում Չինաստանի եւ ԱՊՀ երկրների գործարարների համար։

Այսօր հայտնի է, որ գոյություն ունեն բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք խթանում են չինական բիզնեսի ԱՊՀ շուկա դուրս գալուն։ Մեր առաքելությունն է ակտիվորեն զարգացնել ԱՊՀ երկրների եւ Չինաստանի բիզնես երկխոսությունը, ինչպես նաեւ աջակցել Չինաստանում գործող այն ընկերություններին, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում մեր տարածաշրջանում կամ ծրագրում են դուրս գալ ԱՊՀ շուկա:

Մենք աջակցում ենք չինական բիզնեսին ԱՊՀ երկրներում՝ մատուցելով ծառայություններ, որոնք անհրաժեշտ են իրենց գործունեության յուրաքանչյուր փուլում. սկսած նախնական խորհրդատվությունից, բիզնես միջավայրի եւ առկա ռիսկերի գնահատումից մինչեւ բիզնեսի գրանցում եւ գործունեության ընթացքում հարկային, իրավաբանական եւ բիզնես խորհրդատվության մատուցում:

- Տեսնու՞մ եք արդյոք տարածաշրջանում չինական բիզնեսի զարգացման միտում, եւ որ՞ ոլորտներում են ներդրումներ արվում չինական բիզնեսի կողմից։ Ի՞նչ հեռանկարներ է բացում բիզնեսի տեսանկյունից «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնությունը մեր տարածաշրջանի համար։

- Կարծում եմ՝ ԱՊՀ երկրների ու Չինաստանի միջեւ հարաբերությունների զարգացման, կապերի ամրապնդման մեծ ներուժ կա, որը պետք է կյանքի կոչել: Շատ եմ կարեւորում համագործակցության ընդլայնումը, քանի որ չինական բիզնեսի համար հետաքրքրություն են ներկայացնում գրեթե բոլոր ոլորտները, սկսած զբոսաշրջությունից եւ առեւտրից մինչեւ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում ու հանքարդյունաբերություն:

Օրինակ, Հայաստանում հանդիպում եմ ունեցել չինացի ներդրողների հետ, որոնք ներդրում են իրականացրել հանքային ջրերի արտադրության ոլորտում, հետագայում հենց Չինաստան արտահանելու նպատակով: Իհարկե, նրանց շրջանառությունը դեռ մեծ չէ, սակայն իրենք տեսնում են քայլ առ քայլ առաջ գնալու եւ իրենց հնարավորությունները մեծացնելու ներուժը: Նկատել եմ, որ գործարարները լավատեսորեն են տրամադրված՝ հատկապես հաշվի առնելով այն քաղաքական փոփոխությունները, որոնք վերջերս տեղի են ունեցել Հայաստանում:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ այսօր շատերի ուշադրության կենտրոնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը հայտնի է նաեւ «Մետաքսի ճանապարհ» անվանումով, ԱՊՀ երկրների մասնակցությունն այդ նախաձեռնությանը մեծ հեռանկարներ կբացի տվյալ երկրների տնտեսության զարգացման հարցում։ Ասեմ նաեւ, որ չինացի գործարարների համար հայաստանյան շուկայում ներկայությունը նոր հեռանկարներ կարող է բացել՝ ազատ ելք ստեղծելով դեպի ԵԱՏՄ շուկա։

- Ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը վերացնելու մասին որոշում է կայացվել։ Այս լույսի ներքո ի՞նչ հեռանկարներ եք տեսնում երկու երկրների համագործակցությունը խորացնելու հարցում եւ ո՞ր ոլորտներում:

- Նախ եւ առաջ նշեմ, որ այս փոփոխությունը կնպաստի, որպեսզի Հայաստանը դառնա չինացի զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղություններից մեկը:

Չինաստանում զարգացած է ներքին զբոսաշրջությունը, որի հետ մեկտեղ տարածված ուղղություններից է Եվրոպան, եւ, իհարկե, Ռուսաստանը, որտեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է հանդիպել չինացի զբոսաշրջիկների մեծ խմբերի: Հայաստանը նոր ուղղություն է, որը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Չինաստանում։ Եթե այս ամենը դիտարկենք տնտեսական զարգացման տեսանկյունից, ապա, իհարկե, զբոսաշրջության զարգացմանը հետեւում է նաեւ երկրի հանդեպ հետաքրքրության բարձրացումը։ Առավել եւս մեզ հայտնի է հաջողված օրինակ Հայաստանի հարեւան Վրաստանում, որտեղ տնտեսության զարգացման համար կարեւորագույն պայման դրվեց զբոսաշրջիկների մեծ ներհոսք ապահովելը, ինչի հետեւանքով ավելացան ներդրումները երկրում։ Չինացի գործարարները եւս երկրում տեսնելով որոշակի հնարավորություններ՝ իրենք առաջարկեցին երկխոսություն եւ սկսեցին ներդրումներ իրականացնել Վրաստանում։

Կարծում եմ՝ այս սցենարը Հայաստանի համար եւս անխուսափելի է, քանի որ երկու երկրների կողմից ջանքեր են գործադրվում հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այս օրերին Հայաստանում հանդիպումներ եմ ունեցել գործարարների հետ, եւ կարող եմ ասել, որ նրանց ծրագրերը շատ համարձակ են՝ հաշվի առնելով նաեւ երկու երկրների կառավարությունների կողմից ստացած աջակցությունը, ինչը, իհարկե, ոգեւորում է թե՛ հայ գործարարներին, որոնք սկսում են համագործակցել Չինաստանի հետ, եւ թե՛ չինացի գործարարներին, որոնք մուտք են գործում հայկական շուկա:

Չինական տնտեսությունը զարգանում է բոլոր ուղղություններով, եւ վստահ եմ, որ Հայաստանը հանդիսանում է մի կղզյակ, որտեղ Չինաստանի առնվազն միջին բիզնեսը կարող է գտնել հնարավորություններ միջազգային շուկա դուրս գալու համար: Այնպես որ, հնարավորությունները շատ են եւ ոգեւորիչ, այդ թվում՝ հենց «Գրանթ Թորնթոն»-ի մեր գրասենյակի համար։
Դիտում՝ 11291
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW