Արա Խաչատրյան. «Գալաքսի» գալիս են Հայաստանում արժեք ստեղծելու ցանկությամբ

24.05.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Արա Խաչատրյանը «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենն է։ «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Կոլումբիայի համալսարանում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում։ Արան նաեւ դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Banks.am-ը նրա հետ զրուցել է ֆինանսիստի մասնագիտության մարտահրավերների, կրթության կարեւորության եւ շախմատային մտածելակերպի առանձնահատկությունների մասին։

Տնտեսագիտական զգացմունքներ

«Ջորջ Լակոֆ չունե՞ք։ Այդ դեպքում, խնդրում եմ, Ջոշուա Վայթկսին կամ էլ Դենիել Կանեմանի գրքերից կնայեք, կա՞ ձեզ մոտ»:

Աշխատակցին է դիմում Արա Խաչատրյանն ու մեկ րոպե հետո պարզում, որ չկան։

- Ափսոս, ախր երեքն էլ բեսթսելերներ են ու չափազանց կարեւոր,- արձագանքում է Արան ու սկսում խոսել Դենիել Կանեմանի՝ «Մտածիր արագ եւ դանդաղ» գրքի («Thinking fast and slow») մասին։

Արա Խաչատրյանը

Կանեմանը տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել այս գրքի համար։ Նրան հաջողվել է բացահայտել, որ տնտեսագիտական որոշումներն իրականում տարբերվում են դրանց դասական պատկերացումներից, եւ որոշումներ կայացնելու տնտեսագիտական հիմքն են հոգեբանական, ճանաչողական, հուզական, մշակութային եւ սոցիալական գործոնները։

- Նա նաեւ ապացուցել է, որ մարդիկ զգացմունքային հրեշներ են եւ իրականում որոշումներ կայացնում են զգացմունքներով եւ ոչ ռացիոնալ մտածողությամբ։

- Իսկ դուք ինչպե՞ս եք որոշումներ կայացնում։

- Կյանքում ցանկացած ընտրության, իմ կայանալու եւ իմ կայացրած ցանկացած որոշման հիմքում շախմատն է եւ մաթեմատիկան։

Շախմատը՝ որպես անկյունաքար

«Չես կարող շախմատ խաղալ՝ նախապես որոշելով քայլերդ ու խաղիդ ձեւաչափը։ Նույնը նաեւ բիզնեսում է»։

Այն, որ չես կարող շախմատի սեղանի մոտ նստել եւ ասել՝ այսօր այսպես եմ խաղալու շախմատ եւ վերջ, Արան հասկացել է առաջին պարտությունից հետո։

- Պետք է հասկանաս, թե դիմացինդ ով է, ինչպիսի մարդ է եւ քո խաղը շարադրես ըստ դրա։ Օրինակ, եթե նա զգացմունքային է եւ սիրում է ինտուիտիվ որոշումներ կայացնել, շախմատը պետք է այնպիսի դասավորության բերել, որ նա ստիպված լինի երկար հաշվել, հոգնի հաշվարկելուց եւ սկսի արագ որոշումներ կայացնել՝ հիմնվելով զգացմունքների վրա։ Իսկ եթե դիմացինդ մտածող եւ վերլուծող տեսակ է, խաղատախտակին պետք է շատ քարեր լինեն, որ նա ստիպված լինի էմոցիոնալ որոշումներ կայացնել եւ պարտվի,- խաղի սեփական կանոնների մասին է պատմում Արան։

Արա Խաչատրյանը

Աշխատանքային սեփական փորձով է հասկացել, որ շախմատն ու բիզնեսը նույն խաղն են՝ նախ պետք է ռազմավարություն ունենաս, հետո նաեւ հստակ ճանաչես քո ուղենիշը։

- Երբեւէ չպետք է առաջնորդվես մյուսների օրինակով եւ օրինակ վերցնելով մյուսներից, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, կպարտվես ճիշտ այնպես, ինչպես շախմատի սեղանի շուրջ։ Պետք է ունենաս քո ռազմավարությունը եւ բիզնես քայլերդ կառուցես մյուս խաղացողներին համընթաց։

Շախ եւ մատ

«Ֆինանսներն ընտրելու որոշման հիմքում՝մաթեմատիկան եւ շախմատը միաձուլելու հնարավորությունն էր։ Երկուսի արմատն էլ հաշվարկն է»։

Արան այն կարծիքին է, որ հաջողակ ֆինանսիստ դառնալու համար, լավ կրթությունից բացի, մաթեմատիկան եւ շախմատը ճիշտ կիրառելու հմտություն է պետք։

- Մաթեմատիկան չափազանց հստակ գիտություն է՝ գործդ թվերի եւ դրանց տվյալների հետ է, եւ եթե օգտագործես նաեւ շախմատային գիտելիքներդ, ապա կկարողանաս «վերեւից» նայել թվերիդ եւ հասկանալ, թե դրանք ուր են տանում։ Խաղատախտակին նույնպես վերեւից ես նայում ընդհանուր դրությունը հասկանալու համար։ Ֆինանսական հարցերում էլ պետք է առաջնորդվես այս տրամաբանությամբ՝ քո կազմակերպությանը պետք է տրամադրես ոչ միայն այն տեղեկությունները, որոնց հիմքով կայացվում են ռազմավարական որոշումներ, այլ նաեւ այդ տվյալների մեջ կարողանաս տեսնել առաջին հայացքից անտեսանելի տեղեկատվությունը։

«Գալաքսի»-ի թվերը

«Ես հասկացա, որ միջազգային կազմակերպություններն ունեն փորձառության եւ գիտելիքների այնպիսի բազա, որը չկա Հայաստանում, բայց փոխարենը Հայաստանում կարող են գտնել տեղային առանձնահատկություններ, պահանջներ ու այնպիսի գիտելիքներ, առանց որոնց սիներգիան անհնարին կլինի»։


Արա Խաչատրյանն այս եզրակացությանը հանգել է մինչեւ «Գալաքսի» ընկերությունների խմբում հայտնվելը՝ Ղազախստանում, Վրաստանում, Ռուսաստանում գտնվող խոշոր միջազգային կազմակերպություններում աշխատելու ընթացքում։ Երբ հրավիրել են աշխատելու «Գալաքսի»-ում, սկզբում տատանվել է։

- Միջազգային կազմակերպությունում աշխատելուց հետո շատ դժվար էր պատկերացնել, որ պետք է աշխատեմ հայկական «աշխատանքային մշակույթ» ունեցող կազմակերպությունում։ Բավական էր հանդիպել որոշումներ կայացնող խորհրդի կազմին եւ պարզ դարձավ, որ ես կարող եմ այստեղ աշխատել եւ ներդնել իմ ներուժը։ Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում կա մեկ այլ նմանատիպ կազմակերպություն, որն ունի նման թիմ եւ նման մոտեցում իր թիմի հանդեպ։

Մեզ մոտ ամեն օր աշխատանքի են գալիս ինչ-որ բան փոխելու, Հայաստանում արժեք ստեղծելու ցանկությամբ եւ սա անփոխարինելի արժեք է։


«Գալաքսի»-ի ֆինանսական բեռը

«Գալաքսի»-ի ֆինանսական խնդիրները շատ տարբեր են ու տարատեսակ։ Բայց դրանք հաղթահարելի են, որովհետեւ այստեղ ներդրված են ֆինանսական վերահսկողական նորագույն մեխանիզմները»։

Ընկերությունների խմբի ամենօրյա մարտահրավերը փոխակերպություններին հետեւելն է։ Արան ասում է, որ աշխարհը չափազանց արագ է փոփոխվում եւ «Գալաքսի»-ն այդ փոփոխություններին համահունչ է քայլում եւ ձեռքը պահում է զարկերակին՝ հասկանալու, թե ուր են տանում այդ ձեւափոխությունները։

Լուսին Մկչտչյանը զրուցում է Արա Խաչատրյանի հետ

- Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ անիմաստ է փորփրել անցյալը՝ հասկանալու այդ ինչպես եւ ինչու սկսվեցին փոխակերպումները։ Սա շախմատային խաղի է նման, պետք է առաջ նայել, փորձել հասկանալ ու կանխատեսել, թե ի վերջո, ինչի են հանգեցնելու այդ փոփոխությունները։ Չես կարող լողալ թրենդին հակառակ, պետք է մի քայլ առաջ կանգնես թրենդից։


Սոցիալական պատասխանատվության ուժը

«8 տարի է դասավանդում եմ։ Սկզբում ֆինանսական մենեջմենթ եւ գործընթացների կառավարում առարկաներն էին իմ հիմնական թեմաները։ Վերջին տարիներին առաջնորդությանն ու մենեջմենթին ուղղված առարկաներն են գերակշռում։ Հիմա նոր դասընթացի վրա եմ աշխատում, այն կոչվում է ուժ եւ ներազդեցություն»։

Դասավանդելն Արայի հոբբին է։ Պնդում է, որ կյանքում ինչ արդյունքի էլ հասնի, պետք է գիտելիքները մյուսներին փոխանցի՝ սոցիալական պատասխանատվության ընկալումն է այդպիսին։

Արա Խաչատրյանը

Ասում է, որ սիրում է լսարանում ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան կիսվել իրենց գիտելիքներով։ Այն կարծիքին է, որ դրա բացակայությունը կրթական համակարգի ամենամեծ բացերից է։ Փորձը դրսից է բերել։

- Այս փորձը դրսից եմ բերել, Կոլումբիայի համալսարանում Նոբելյան մրցանակի դափնեկիր դասախոս ունեինք։ Նրա դասաժամը դաս անվանել մի քիչ դժվար էր։ Դասը մենակ չէր վարում, երկուսով էին։ Պատկերացրեք միայն՝ լսարանի առջեւ կանգնում էին երկու հանճար, որոնք ունեին ծայրահեղ տարբեր հայացքներ եւ շարունակ վիճում էին այս կամ այն տնտեսագիտական հարցի շուրջ՝ ամեն մեկը պնդելով իր կարծիքը։ Դու ինքդ էիր ընտրում, թե նրանցից ում հետ, որ հարցում կարող ես համամիտ լինել եւ արդյունքում ավելի բազմակողմ զարգանալու, սեփական կարծիքդ բարձրաձայնելու ավելի լավ հնարավորություն ունեիր։ Ահա սա է, որ շատ կուզեմ տեսնել նաեւ մեր համալսարաններում։


Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«Զրույցը տեղի է ունեցել «Զանգակ» գրատանը
Դիտում՝ 47340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW