Հայկ Այվազյան. Տեսչական նոր համակարգից մեծ սպասումներ ունենք

27.03.2019 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Հայկ Այվազյան #տեսչական համակարգ
2009-ից Հայաստանում մեկնարկեցին տեսչական համակարգի բարեփոխումները, որոնց նպատակն էր նպաստել տեսչական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Գործընթացի շրջանակում 2014-ին ընդունվեց «ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման» հայեցակարգը, եւ իրավական մի քանի փուլ անցնելուց հետո 2018-ին ստեղծվեցին կառավարության ենթակա 6 տեսչական մարմինները։

Նույն թվականից սկսեց գործել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, որը պատասխանատու է տեսչական մարմինների գործունեության հետ կապված քաղաքականության մշակման համար եւ նպատակ ունի ապահովել դրանց շարունակական կատարելագործումը։

Նոր համակարգի արդյունավետությունը պարզելու համար Banks.am-ը զրուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։

- Պարոն Այվազյան, եթե համեմատեք մինչեւ 2009-ը գործող եւ այժմյան տեսչական համակարգերը, ի՞նչ հիմնական թերություններ կառանձնացնեք, որոնք այսօր կարելի է համարել շտկված։

- Բարեփոխումների սկզբնական շրջանում համակարգը մնում էր նույնը, իսկ փոփոխությունները մեծապես վերաբերում էին ներքին կառավարմանը։ Մասնավորապես, ներդրվեց ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, որն ենթադրում է ռիսկի վերլուծություն, հաշվարկ, դրա հիման վրա ստուգումների իրականացում եւ ստուգաթերթերի ներդնում, որով մեկ փաստաթղթի մեջ ներառվեցին տվյալ ոլորտի համար նախատեսվող նորմերն ու պահանջները։ Այսինքն՝ գործարարների համար հստակ դարձան իրենց նկատմամբ եղած ստուգման ենթակա պահանջները։

Նախկինում եղել են օրենքով սահմանված նորմեր, որոնք տնտեսվարողի համար անիրագործելի էին։ Ստուգաթերթերի միջոցով փորձ արվեց նման պահանջներից հնարավորինս զերծ պահել գործարարներին։ Մենք պարտադրեցինք, որ նախքան ստուգաթերթի ընդունումը դրանով իրականացվի փորձնական ստուգում, եւ գործարարի հետ երկխոսության միջոցով այն հնարավորինս հղկվի։ Այնուամենայնիվ, չեմ կարող ասել, որ դրանք այսօր իդեալական են։ Պատճառներից մեկը տնտեսվարողների չափազանց իներտ լինելն է։

Բարեփոխումների ընթացքում առաջացավ նաեւ վերահսկողական մարմինների կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն, որը փաստաթղթային տեսք ստացավ 2014-ի սեպտեմբերին «ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման» հայեցակարգով։

Հայկ Այվազյանը

- 2011-ին «Ստուգումների անցկացման եւ կազմակերպման մասին» օրենքի փոփոխությամբ ներդրված ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը եւ ստուգումների պլանավորումն ինչպե՞ս անդրադարձան տեսչական մարմինների աշխատանքի արդյունավետության վրա։

- Նախքան բուն հարցին պատասխանելը պետք է հասկանալ՝ որն էր խնդիրը։ Համակարգի 3 շահառուների՝ պետական հատվածի, գործարարի եւ սպառողի շահերի միջեւ կար լուրջ բախում։ Անհրաժեշտ էր գտնել հնարավորինս հավասարակշռված լուծումներ։

Նախկինում ստուգումները կարգավորված չէին, եւ, ըստ գործող պրակտիկայի՝ ամեն տեսուչին կցվում էր մի տարածք, որտեղ նա կա՛մ հայտնաբերում էր խնդիրը եւ արձանագրում, կա՛մ հայտնաբերում եւ չէր արձանագրում, կա՛մ էլ առհասարակ չէր հայտնաբերում։ Գործարարի համար էլ անկանխատեսելի էր՝ տեսուչը երբ է թակելու իր դուռը։

Ստուգումների իրականացման գործընթացի փոփոխությամբ մենք պարտադրեցինք տեսչություններին գնահատել տվյալ ոլորտի ռիսկերը, կազմակերպությունների կողմից այդ ռիսկերի առաջացմանը նպաստելու աստիճանը ու ըստ այդմ էլ ստուգումներն ուղղորդեցինք դեպի առավել ռիսկային համարվող կազմակերպություններ։ Պարտադրեցինք նաեւ ամեն տարի դեկտեմբերի 1-ին հրապարակել գալիք տարվա պլանային ստուգումների ցանկը, որպեսզի ցանկացած տնտեսվարող տեղեկացված լինի՝ արդյոք իր մոտ պլանային ստուգում իրականացվելու է, թե ոչ։

- Չկա՞ն արդյոք ռիսկեր, որ գործարարը, իմանալով տվյալ շրջանում ստուգումների բացակայության մասին, կսկսի անբարեխիղճ գործել։
 
- Նույնիսկ եթե մենք ամեն գործարարի կողքին տեսուչ նշանակենք, դա եւս 100 տոկոսով չի բացառի ինչ-որ մի պահի որեւէ վտանգի առաջացումը։ Ստուգումը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է կատարի կանխարգելիչ գործառույթ։

Կարեւոր է հասկանալ, որ գոյություն ունի պատասխանատվություն, որը կրում է ծառայություն մատուցողը։ Պետք չէ պատկերացնել, թե ստուգումն իրականացնելուց հետո այլեւս խնդիր չի լինելու։ Լավագույն երաշխիքը կարող է տալ պատասխանատվության ինստիտուտը, երբ տնտեսվարողն իմանա՝ իր թերացումն անպատճառ բացահայտվելու է, եւ նա պատասխանատվություն է կրելու։

Մեր պատկերացրած համակարգում առաջին հերթին ինքը տնտեսվարողը պետք է շահագրգռված լինի ոչ ոքի չվնասել, որովհետեւ դրան կհետեւի վնասի փոխհատուցում, որը շատ ավելի թանկ կարժենա, քան վտանգի կանխարգելումը։
 
-Կա՞ն արդյոք տեսչական մարմնի գործունեության արդյունավետության գնահատման հստակ մեխանիզմներ։

- Ֆորմալ տեսանկյունից այսօր կան նման հնարավորություններ, որոնք նախկինում չեն եղել, սակայն այս պահին ես չեմ կարող պնդել, թե բոլոր տեսչական մարմիններում դրանք լիարժեք ներդրված են։

Գնահատումն իրականացվում է տեսչական մարմնի մեջ գործող անկախ ստորաբաժանման միջոցով, որը մշակում է մեթոդաբանություն, այն հաստատվում է կառավարման խորհրդի կողմից, եւ տարեվերջին տեսչական մարմնի գործունեությանը տրվում է գնահատական։

Բացի այդ, «Տեսչական մարմինների մասին» օրենքը եւս սահմանում է հստակ չափորոշիչներ, որոնցով պետք է գնահատվի ամեն տեսչական մարմնին։

Հայկ Այվազյանը

- Նախկինում եղած 18 տեսչությունների փոխարեն այսօր ունենք 6 տեսչական մարմին։ Օպտիմալացման գործընթացի հետեւանքով մի շարք ոլորտներ դուրս մնացին տեսչական մարմինների վերահսկողությունից։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ տվյալ ոլորտներում քաղաքացու շահը դարձավ ավելի անպաշտպան։
 
- Նախ եւ առաջ, պետք է հասկանալ՝ այդ որ շահերն են, որ պետությունը պետք է երաշխավորի։ Օպտիմալացման միջոցով հնարավոր դարձավ նույն գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնել, սակայն, այո՛, կան վերահսկողություններ, որոնք դուրս թողեցինք։

Միտքը հետեւյալն է. պետությունն ունի պարտավորություններ, որոնք պետք է իրականացնի, սակայն բանաձեւը վերջնական եւ հստակ չէ։ Ամեն երկիր ինքն է որոշում՝ ինչպիսի հնարավորություններ ունի տվյալ վերահսկողության իրականացման համար, որովհետեւ դա բավականին ծախսատար գործառույթ է։

Մենք փորձել ենք ընտրել այն ոլորտները, որտեղ սուբյեկտը խնդրի առնչվելիս չի կարող գնահատել՝ իր շահը պաշտպանված է, թե ոչ։ Օրինակ՝ սնունդ գնելիս սպառողը չի կարող լաբորատոր փորձաքննությամբ ստուգել դրա անվտանգ լինելը։ Այս պարագայում հստակ է, որ պետությունը պետք է միջամտի։ Իսկ այլ դեպքերում, երբ քաղաքացին կարող է հասկանալ, որ իր իրավունքը խախտվել է, նրան պետք է պարզապես տրամադրել այդ իրավունքը վերականգնելու մեխանիզմներ։

- Որո՞նք են այսօր գործող տեսչական մարմինները եւ ո՞ր ոլորտներում են իրականացնում վերահսկողություն։

- Դրանցից է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը պատասխանատու է ոչ պարենային արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման եւ թանկարժեք մետաղների համար։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում։ Բնապահպանության եւ ընդերքի արդյունավետ օգտագործման համար պատասխանատու է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, կրթական համակարգի եւ ծրագրային համապատասխանության համար՝ կրթության տեսչական մարմինը։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո են առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառները։

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլ պատասխանատու է շինարարության որակի, մասնավորապես՝ իրականացվող շինարարական աշխատանքների եւ նախագծին դրանց համապատասխանության համար, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման, հողօգտագործմանն առնչվող խնդիրների բնագավառներում։ Այս պահին կատարում է նաեւ նախկին տրանսպորտային տեսչության գործառույթը, սակայն մեր պատկերացմամբ՝ այդ ոլորտում վերահսկողությունը պետք է իրականացվի այլ տարբերակով։

Հայկ Այվազյանը

- Երբ սպառողը սնունդ կամ այլ ապրանքներ գնելիս առնչվում է անվտանգության խնդիրների, ո՞րը պետք է լինի նրա շահագրգռվածությունը՝ դիմելու տեսչական մարմնին։
 
- Բողոքը ներկայացնելուց անմիջապես հետո բողոքի առարկայի նկատմամբ իրականացվում է ստուգում, կամ առնվազն պարզվում է՝ կա ստուգման անհրաժեշտություն, թե ոչ։ Դրա շնորհիվ բացահայտվում են խնդրի պատճառները, եւ սպառողը կարող է ակնկալել վտանգի վերացում, նաեւ փոխհատուցման հնարավորություն։

- Որո՞նք են այսօր Ձեր ղեկավարած գրասենյակի առաջնահերթությունները՝ հասնելու ցանկալի փոփոխությունների։

- Գրասենյակը պետք է մշակի վերահսկման ոլորտների մասին օրենքներ, որովհետեւ դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ էլ գրված են բոլորովին այլ մարմինների համար, եւ ունեն արդիականացման կարիք։ Մեծ փոփոխությունների անհրաժեշտություն կա, օրինակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, քանի որ, մեր կարծիքով, սահմանված պատժամիջոցները գրեթե ոչինչ չեն փոխում։ Շատ դեպքերում դրանք համարժեք չեն խախտմանը, այսինքն՝ տնտեսվարողին ավելի ձեռնտու է կատարել խախտում եւ վճարել դրա համար, քան վերացնել խնդիրը։

- Հնարավո՞ր է նշել ժամկետներ, թե նոր համակարգի տեսչական մարմինները երբ կարձանագրեն հստակ առաջընթաց իրենց վերահսկողության ոլորտներում։

- Ենթադրում ենք, որ գրասենյակի գործարկումից 3-5 տարի հետո այլեւս դրա կարիքը պետք է չլինի։ Փոփոխությունների ավարտին պարզապես անհրաժեշտ կդառնա ներդնել համակարգի պահպանման մեխանիզմ, եւ այն ինքնուրույն կգործի։

Աստիճանական առաջընթաց գրանցելու համար մենք դուրս ենք բերել հետեւյալ բանաձեւը.եղած իրավիճակն ընդունելով որպես փաստ՝ բարդացնել դրա նկատմամբ պահանջները, ենթադրենք, 10-20%-ով եւ խնդիր դնել իրավիճակը համապատասխանեցնել նոր պահանջին։ Նման մոտեցմամբ հետզհետե կարելի է հասնել աշխարհի լավագույն երկրներում առկա իրավիճակին։
 
Հայկ Այվազյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտում՝ 14229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW