Ջերմոց դպրոցում՝ նոր գիտելիքների եւ առողջ սնուցման աղբյուր

23.01.2019 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ջերմոց #ՄԱԿ #Սուրենավան
2018-ին Արարատի մարզի 3 դպրոցներում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանը եւ սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում հիմնվեցին ջերմատներ՝ դպրոցականների սննդակարգի բազմազանությունը եւ սնուցումը բարելավելու նպատակով:

Banks.am-ի թղթակիցը զրուցել է ծրագրի համակարգողի հետ, նաեւ այցելել շահառու դպրոցներից մեկը՝ փորձնական ծրագրի արդյունավետությունը պարզելու նպատակով։

Անհրաժեշտություն եւ արդյունավետություն

Երեք ջերմատներից ամենամեծը (մակերեսը 528 քմ է) Սուրենավան համայնքի միջնակարգ դպրոցի տարածքում է։

Դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը նշում է, որ համայնքի երեխաները գյուղատնտեսությունից տեղեկացված չեն։ Բացի այդ, գյուղում ջերմոցային տնտեսություններ չկան, եւ դպրոցի ջերմատունն օրինակ է դարձել նաեւ համայնքի բնակիչների համար։  

«Ջերմոցը հիմնելուց հետո մի մասը լոլիկ ցանեցինք, մյուս մասը՝ վարունգ։ Քանի որ աշակերտներն արձակուրդում էին, կարողացանք բերքը ե՛ւ վաճառել, ե՛ւ տրամադրել համայնքի մանկապարտեզին»,- ասում է տնօրենը:

Վալյա Ավետիսյանը

2018-ին հունիս-հուլիսին վաճառվել է 1369 կգ վարունգ, որից ստացված գումարով հնարավոր է եղել գնել խոհանոցային պարագաներ եւ վարունգի սերմեր՝ նոր բերք ստանալու համար։

Դասերի մեկնարկից հետո ստացված բերքն առաջին հերթին ուղղվում է դպրոցական սննդին եւ մատուցվում ճաշարանում, իսկ ավելցուկը վաճառվում է։

Ջերմոցագործ դպրոցականներ

12-ամյա Միշան, որը սովորում է Սուրենավանի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, ասում է, որ կարող է ջերմոցային տնտեսություն վարել։ Նման վստահության պատճառը ամիսներ շարունակ դպրոցի ջերմոցի աշխատանքներին հետեւողական մասնակցությունը եւ համապատասխան գիտելիքի ձեռքբերումն է։

«Ջերմոցում ես եւ դասընկերներս ավելորդ թփիկներն էինք կտրատում, մաքրում հողը խոշոր քարերից։ Նաեւ թելերն էինք կախում, որ մշակաբույսի թփերն ուղիղ վերեւ բարձրանան։ Թեեւ մեզ ասել էին, որ անհրաժեշտ թելերը մեկ-մեկ տանենք, արագ աշխատելու համար 6-7 հատ էինք վերցնում, բայց հետո դրանք խճճվում էին եւ շահած ժամանակը ծախսում էինք թելերն առանձնացնելու վրա»,- ժպիտով հիշում է Միշան՝ հավելելով, որ ջերմոցում աշխատանքը թե՛ իրեն, եւ թե՛ ընկերներին շատ է հետաքրքրել։

Ալենը եւ Սաշան

Իհարկե, ջերմոցի հիմնական կարիքներով զբաղվում է դպրոցի անձնակազմը, իսկ աշխատանքներին մասնակցել ցանկացող աշակերտների ներգավումը կրում է ուսուցողական բնույթ։

«Դասերից հետո կամ «Տեխնոլոգիա» առարկայի ժամին աշակերտներին ծանոթացնում ենք ջերմոցի աշխատանքներին։ Ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ ենք անցել, իսկ այժմ մեր փորձը փոխանցում ենք երեխաներին»,- պատմում է դպրոցի տնտեսվար Վարուժան Օհանյանը։

Վարուժան Օհանյանը

11-րդ դասարանի աշակերտ Ալեն Խաչիկյանը, որը եւս ցանկություն է հայտնել մասնակից դառնալ ջերմոցում իրականացվող աշխատանքներին, նշում է, որ «Ձեռնարկատիրություն» առարկայի շրջանակում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու սկզբունքների մասին ձեռք բերած գիտելիքները  ջերմոցի շնորհիվ կարողանում են նաեւ գործնականում կիրառել։

«Շատ գիտելիքներ ձեռք բերեցինք ջերմոցագործության մասին, իմացանք՝ ինչպես պետք է բույսը ճիշտ մշակել, որ լավ արդյունքի հասնենք, ավելի շատ բերք ստանանք»,- նշում է 16-ամյա Ալենը։

Ալեն Խաչիկյանը

Ամբողջական պատկեր

Ջերմատներ հիմնվել են նաեւ Վեդիի թիվ 1 հիմնական եւ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցներում՝ համապատասխանաբար 192 քմ եւ 384 քմ ընդհանուր մակերեսով։

Դպրոցներն ընտրվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, հաշվի են առնվել մի շարք գործոններ։


«Ուսումնասիրվել է համապատասխան տարածքի եւ ենթակառուցվածքների առկայությունը։ Նաեւ կարեւորել ենք, թե որքանով են խանդավառված տվյալ դպրոցների տնօրենները, որպեսզի վստահ լինենք՝ ծրագիրն անխափան կիրականացվի»,- նշում է ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ ներդրվել են առաջադեմ մոդելի ջերմատներ՝ իտալական արտադրության, որոնք ջեռուցվում են, ապահովված են կաթիլային ոռոգման համակարգով։

Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային այս ծրագիրն իրականացվում է նաեւ Տաջիկստանում ու Ղրղըզստանում, իսկ ամբողջական բյուջեն կազմում է $5 մլն։ Հայաստանում այն մեկնարկել է 2018-ին եւ կշարունակվի իրականացվել նաեւ այս տարվա ընթացքում։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 9947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW