Մհեր Աբրահամյան. IDBank-ն ունի առաջին ընտրության բանկ լինելու բոլոր նախադրյալները

11.01.2019 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Մհեր Աբրահամյան #IDBank

Banks.am-ի հարցազրույցը IDBank-ի Վարչության նորանշանակ նախագահ Մհեր Աբրահամյանի հետ


- Պրն Աբրահամյան, ընդամենն օրեր առաջ նշանակվել եք IDBank-ի Վարչության նախագահ: Ինչո՞ւ ընդունեցիք առաջարկը:

- Առաջարկն ընդունելու մի շարք պատճառներ կարելի է նշել, բայց կառանձնացնեմ կարեւոր երկուսը։ Նախ, բանկի ռազմավարությունը, որն ընտրել են բաժնետերերը եւ որով ուղենշվել են բանկի զարգացման հիմնական ուղղությունները, լիովին համապատասխանում է ժամանակակից բանկի զարգացման իմ պատկերացումներին։ Վստահ եմ, որ ընտրված ուղղությունն ու հիմնական նպատակների իրագործումը IDBank-ը կարճ ժամանակում կդարձնեն շուկայի ամենամրցունակ բանկերից մեկը։


Երկրորդ հիմնական պատճառն այն է, որ աշխատանքային հիմնական փորձս պետական համակարգում է եղել եւ ինձ հետաքրքրիր էր ուժերս փորձել նաեւ մասնավոր հատվածում, հատկապես, որ ոլորտը նույնն է՝ բանկային համակարգը։ Երկար տարիներ աշխատելով ԿԲ-ում եւ լավատեղյակ լինելով ոլորտի խնդիրներին՝ վստահ եմ՝ կկարողանամ իմ լուման ներդնել IDBank-ի զարգացման ու առաջխաղացման գործում։   

- Ինչպե՞ս եք Դուք՝ որպես բանկային համակարգը վերահսկող մարմնի՝ արդեն նախկին աշխատակից, գնահատում IDBank-ի գործունեությունը:

- Վերջին երկու տարվա ընթացքում բանկը դինամիկ զարգացել է. առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ցուցանիշներով, էականորեն բարելավվել են ֆինանսական ցուցանիշները։ Ինչպես հայտնի է, բանկը հայկական ֆինանսական համակարգում 27-ամյա գործունեության փորձ ունի եւ լավագույնս կիրառում է այն՝ հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Իհարկե, ռեբրենդինգը նոր շունչ է հաղորդել բանկի իմիջին եւ հեղինակությանը, ինչի արդյունքում IDBank-ն այսօր ընկալվում է որպես նորարար, ժամանակակից բանկ։

Մենք, բնականաբար, կանգ չենք առնելու եւ մեր իսկ գործունեությամբ նպաստելու ենք նորանոր հաճախորդների ներգրավմանն ու դառնալու ենք նրանց վստահելի գործընկերը։ IDBank-ն ունի բոլոր նախադրյալները՝ լինելու առաջին ընտրության բանկ՝ պրոֆեսիոնալ թիմ, ներդրումներ անելու հնարավորություն, բաժնետերերի վստահություն ու աջակցություն։

- IDBank-ի Խորհրդի նախագահը, թոփ մենեջմենթի մի շարք ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ բանկը որդեգրել է թվայնացման, բարձրակարգ սպասարկման ռազմավարությունը: Ո՞րն է բանկի զարգացման Ձեր տեսլականը:

- Ռազմավարական այն նպատակները, որոնց մասին, ինչպես նշեցիք, բազմիցս խոսել են թե՛ Խորհրդի նախագահը, թե՛ բանկի բարձրագույն ղեկավարությունը, իմ կարծիքով՝ մեծ ներուժ ունեն։ Խոսքը թվայնացման, հեռահար սպասարկման եւ, ընդհանրապես, ժամանակակից, նորարար ծառայությունների մատուցման եւ սպասարկման մակարդակի բարելավման մասին է։

Ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն ներխուժել են գրեթե բոլոր բնագավառներ, այլեւ թելադրում են դրանցից յուրաքանչյուրի զարգացման հեռանկարները։ Կհաջողեն այն բանկերը, որոնք մեծ տեղ են հատկացնում տեխնոլոգիական նորամուծություններին. դրանց վերջնական նպատակը, իհարկե, հաճախորդներին պարզ, մատչելի, արագ եւ հարմարավետ ծառայություններ մատուցելն է։

Պետք է նշել նաեւ, որ տեխնոլոգիական առաջընթացը նպաստում է ոչ միայն բանկ-հաճախորդ հարաբերությունների պարզեցմանը, այլեւ հնարավորություն է տալիս կրճատել գործառնական ծախսերը, բարելավել ֆինանսական ցուցանիշները, դառնալ առավել մրցունակ եւ լինել հաճախորդների համար էլ ավելի վստահելի գործընկեր։

- Ելնելով ֆինանսական համակարգում Ձեր փորձից՝ ինչպե՞ս կգնահատեիք հայկական բանկային համակարգը:

- Երկու բառով՝ կայուն եւ վստահելի։ Այստեղ մեծ է թե՛ ԿԲ-ի, թե՛ շուկայի հիմնական խաղացողների՝ բանկերի դերը։

Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի բանկային համակարգն այնքան կայացած է ու հաստատ, որ կարողացավ դիմակայել մի շարք տնտեսական ցնցումների, իսկ վերջերս ապացուցեց իր կենսունակությունն ու կայունությունը նաեւ քաղաքական անկանխատեսելի զարգացումների պարագայում։ Հեղափոխության ժամանակահատվածում եւ դրանից հետո բանկային համակարգը ոչ միայն չերերաց, այլեւ հիմնական ցուցանիշների գծով աճ գրանցեց։ Այստեղ ամենակարեւոր ցուցանիշը հասարակության վստահությունն է բանկային համակարգի նկատմամբ, որը գնալով աճում է։

Վերադառնալով IDBank-ի նպատակներին՝ նշեմ, որ հենց այդ ցուցանիշի բարելավմանն ենք ձգտելու՝ մեր աշխատանքով ապացուցելով, որ հաճախորդի վստահությունը մեզ համար կարեւորագույն արժեք է։

- ԿԲ-ի կողմից նվազագույն կապիտալի սահմանաչափի բարձրացումից հետո նկատվում էր բանկերի գերլիկվիդայնություն, ինչը բերեց վարկային պորտֆելների կտրուկ աճի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նման տեմպերով վարկային պորտֆելների աճը շուտով կհանգեցնի լիկվիդայնության նվազման: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

- Բանկային համակարգը դեռեւս բավականին բարձր իրացվելի է։ Կապիտալի ներկայիս մակարդակը հնարավորություն է տալիս առաջիկա տարիներին եւս շարունակել տնտեսության ակտիվ վարկավորումը։ Սակայն, իրացվելիությունը միայն կապիտալով չէ պայմանավորված. վստահությունն ու կայունությունը, որոնց մասին արդեն խոսեցինք, կարեւորագույն նախապայմաններ են. դրանք հնարավորություն են տալիս բանկերին սահուն կերպով կատարել իրենց բնականոն գործունեությունը՝ ֆինանսական միջնորդությունը։

- Վստահության եւ կայունության պահպանման համար բանկերը պարտավոր են կապիտալի եւ ակտիվների որոշակի նվազագույն հարաբերակցություն պահպանել: Հայտնի է, որ ԿԲ-ն գնալով խստացնում է կապիտալի նկատմամբ պահանջները. ինչպե՞ս կանդրադառնա «Բազել 3»-ի կիրառումը բանկերի վրա:

- Նախ նշեմ, որ «Բազել 3»-ի մի մասն արդեն ներդրված է. խոսքը կապիտալի կառուցվածքին եւ կազմին վերաբերող բաղադրիչի մասին է։ Ներդրման փուլում է լրացուցիչ բուֆերների հատվածը։

Բուֆերները երեք տեսակի են լինում՝ հակացիկլիկ, պահպանման եւ համակարգային։ Դրանց ներդրումը երկարաժամկետ հատվածում բերելու է բանկային համակարգի էլ ավելի ուժեղացմանն ու կայունության ամրապնդմանը։

Հաշվի առնելով, որ ԿԲ-ն աստիճանական է իրականացնելու «Բազել 3»-ի ամբողջական ներդրումը, բանկերը հնարավորություն կունենան սահուն կերպով հարմարվել նոր պայմաններին եւ համապատասխանել պահանջներին։ Նշեմ, որ շատ զարգացած եւ զարգացող երկրներում այս համակարգն արդեն ներդրված է, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ։

- Ինչպես հայտնի է, հայկական բանկային ոլորտում թեժ մրցակցություն է: Ի՞նչ հատկանիշներով է IDBank-ը գրավելու հաճախորդներին:

- Մրցակցությունն իսկապես թեժ է բանկային համակարգում եւ մենք, հավատացնում եմ, միայն ուրախ ենք այդ առիթով։ Մրցակցությունն է այն շարժիչ ուժը, որ ստիպում է նորանոր ծառայություններ ներդնել, նորարար մեթոդներ կիրառել ընդհանուրից առանձնանալու համար: Մենք պատրաստ ենք մեծ ներդրումներ կատարել տեխնոլոգիական եւ մարդկային կապիտալում, քանի որ հավասարապես կարեւորում ենք երկու ռեսուրսն էլ։ Սակայն, ըստ էության, հաջողելու են շուկայի այն խաղացողները, որոնք լինելու են առավել նորարար եւ ստեղծագործ, եւ որոնք մատուցելու են հաճախորդներին հարմար եւ մատչելի ծառայություններ։

IDBank-ը որդեգրել է հենց այդպիսի քաղաքականություն, որն էլ հաջողության կարեւորագույն նախապայմաններից է: Անկեղծ ասած, պետք է պարզապես սիրել հաճախորդին, ամեն ինչ անել նրա հարմարավետության, բավարարվածության համար:

Անհրաժեշտ է ճկուն լինել ցանկացած փոփոխության նկատմամբ՝ կլինի դա հաճախորդի փոփոխված ցանկություն, թե շուկայի կողմից թելադրվող փոփոխված պայման: Իսկ մենք արդեն բազմիցս նշել ենք եւ առաջիկա տարիներին կապացուցենք, որ եկել է փոփոխությունների ժամանակը:

Մհեր Աբրահամյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը

Դիտում՝ 83614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW