Ավանդները չեն վերադարձվում. տրվում է փոխհատուցում

31.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց Աշխարհ", Հոկտեմբեր 31, 2007 թ.

Շարունակվում է նախկին "Հայխնայբանկում" ավանդներ ունեցող եւ որոշակի չափանիշների բավարարող անձանց փոխհատուցումներ տալու գործընթացը: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ ԱՍϕ”۔ߠՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Նախ եկեք ճշտենք. հասարակության մի մասը կարծում է, թե վերադարձվում են ավանդները, իրականում նրանց ի՞նչ գումար է տրվում:

- Ոչ թե ավանդադրված գումարների վերադարձ է կատարվում, այլ մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ՙՀայխնայբանկում՚ որոշակի գումար ներդրած անձանց փոխհատուցում է տրվում: Այսինքն` ավանդի ամբողջական գումարի նկատմամբ նրանց իրավունքները պահպանվում են, փոխհատուցում ստանալուց հետո եւ հաշվառման ժամանակ նրանց գրքույկները վերադարձվել են:

- Ո՞րն է այս գործընթացում նախարարության դերը:

- Նախարարությանը խնդիրը վերաբերում է այն առումով, որ փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների համար: Ընդ որում, խոսքը 2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն անընդմեջ նպաստի իրավունք ունեցող ընտանիքների մասին է: Այս դրույթը սահմանվել է ՙ2006թ. պետական բյուջեի մասին՚ օրենքով: Կառավարության 2006թ. մարտի 16-ի թիվ 352-Ն որոշմամբ սահմանված է նշված փոխհատուցումը ստանալու համար դիմելու ժամկետը` մինչեւ 2006թ. մայիսի 12-ը (ներառյալ): Այդ ժամանակահատվածում ովքեր դիմել են, ում իրավունքը ճանաչվել է, ովքեր հաշվառվել են, նրանց էլ տրվում է փոխհատուցում:
Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարների շրջանակներում կատարվում են վճարումներ փոխհատուցման նույն չափով եւ այն հերթականությամբ, որ սահմանել է օրենքը:

- Կա՞ն մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, անտեղյակ մնացին ու բաց թողեցին դիմելու սահմանված ժամանակը:

- Ուշացողներ համարյա թե չունենք, շատ քչերն են, որ դիմել են մայիսի 12-ից հետո, հիմա այդ հարցով գրեթե չեն դիմում:

- Իսկ եթե դիմեն, իրավունք կունենա՞ն, կկարողանա՞ն փոխհատուցում ստանալ:

- Ոչ: Ժամկետը լրացել է արդեն, ում հաշվառել` հաշվառել ենք. շուրջ 62000 անձ: Հիմնականում բոլորին, ովքեր դիմել են, հաշվառել ենք:

- Փորձենք էլ ավելի հստակեցնել, թե ում են տրվում փոխհատուցման գումարները, ավելի ճիշտ` ինչ հերթականությամբ:

Առաջինը, ըստ հերթականության, նախատեսված է վճարել 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին, ապա մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուներին, միայնակ կենսաթոշակառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին եւ նրան հավասարեցված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողությունների մասնակցած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքների անդամներին:

Հաջորդ խմբում ընդգրկված են 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամները: Նրանց հաջորդում են ՀՀ պաշտպանության 1990-94թթ. ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, ապա երկրաշարժից տուժած Աղետի գոտու բնակիչները, եւ այնուհետեւ` բազմազավակ ծնողները, ինչպես նաեւ նրանց երեխաները:

Ի դեպ, կառավարության որոշումը գրելիս հարց առաջացավ, որ կենսաթոշակառուները հաճախ բացի մեկ սոցիալական խմբից, ունեն 2 եւ ավելի սոցիալական խմբեր: Օրինակ` միայնակ անժառանգ կենսաթոշակառուն, որը ցուցակում 3-րդ խումբն է, կամ 70-ն անց է կամ մինչեւ 70 տարեկան: Հետեւաբար, ընդունված կարգի համաձայն, մենք առաջին հերթին վճարել ենք 70-ն անց միայնակ (անժառանգ) կենսաթոշակառուներին: Այժմ վճարում ենք 70-ն անց այն անձանց, ովքեր հիշյալ մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաեւ Աղետի գոտու բնակիչներ են: Այսինքն` 70 եւ ավելի տարիքի անձանց շարքում առաջնահերթությունը որոշվել է նրանց 2-րդ սոցիալական խմբով:

- Եթե փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը մահացել է, այդ գումարը կարո՞ղ է ստանալ նրա ժառանգը:

- Փոխհատուցման ժառանգման իրավունք չկա, ժառանգվում է գույքային իրավունքը: Սակայն եթե անվանդատուն փոխհատուցման վճարման ցուցակներում ընդգրկվել է, նրա անունով փոխանցումն արդեն կատարվել է, եւ դրանից, ասենք, 1-2 օր հետո նա մահացել է, ապա նոտարական գրասենյակի կողմից տրված ժառանգության վկայականի հիման վրա վճարումը կիրականացվի նրա ժառանգին (ժառանգներին):
Եթե անվանդատուն մահացել է ավելի շուտ, ու դրանից հետո է ավանդատուի անուն-ազգանունն ընդգրկվել փոխհատուցման ցուցակներում, ապա այս դեպքում նրա ժառանգին վճարումը չենք կարող իրականացնել:

Ինչ վերաբերում է բանկում ներդրված ավանդին, ապա դրա նկատմամբ իրավունքը, այդ թվում` նաեւ ավանդի գումարի ժառանգության իրավունքը, անգամ փոխհատուցումը ստանալու պարագայում, պահպանվում է:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտում՝ 7275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai