Առնվազն առաջին եռյակում

19.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Կապիտալ”, Հոկտեմբեր 19, 2007 թ.

Տնտեսական զարգացմանը զուգահեռ առաջանում է այդ զարգացումից բխող նոր պահանջներին համապատասխան ծառայությունների առաջարկման անհրաժեշտությունը: Վերջին շրջանում ակնհայտ տեղաշարժեր են նկատվում տնտեսության ֆինանասաբանկային հատվածում: Տեղաշարժը, իհարկե, լավ իմաստով է ասված: Այդ մասին են վկայում թե’ արժեթղթերի շուկայում նկատվող ակտիվությունը եւ թե’ բանկային համակարգում տեղ գտած վերջին գործարքները: Գործարքներից մեկն էլ վերաբերում է ռուսական հեղինակավոր “Տրոյկա Դիալոգ” խմբի հետ փոխկապակցված ընկերության կողմից “Հայներարտբանկի” ձեռքբերմանը եւ դրա հիմքի վրա ներդրումային բանկի ստեղծման մտադրությանը: “Հայներարտբանկի” արդեն նոր ղեկավարի` գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ մենք քննարկել ենք բանկի ներկա աշխատանքների ընթացքը եւ առաջիկա ծրագրերը:

- Արդեն կայացած եւ զարգացող “Կոնվերս” բանկի գործադիր տնօրենի պաշտոնից ի՞նչը Ձեզ բերեց դեռ նոր կայանալու եւ զարգանալու խնդիր ունեցող բանկի ղեկավարի պաշտոնին:

- Հիմնական պատճառն այն ներուժն ու հեռանկարներն են, որ ես տեսնում եմ ներդրումային բանկի զարգացման մեջ, ինչպես նաեւ ՙՏրոյկա Դիալոգի՚ գործոնն ու նրա գործընկերների հետ իմ ունեցած կապերն ու հարաբերությունները: Մենք հանդիսանում ենք նաեւ այս ամբողջ ծրագրի իրականացման պատասխանատուն եւ գործընկերը, ինչը, իմ կարծիքով, կարեւոր գործոն է հաջողության հասնելու համար:

- Ի՞նչ ընթացքում են բանկի կազմակերպման աշխատանքները, եւ ե՞րբ է նախատեսվում նոր բանկի ներկայացումը հասարակությանը:

- Այս պահին մենք գտնվում ենք բանկի կառուցվածքային եւ գործելակարգի վերափոխման փուլում: Նոր բանկը հասարակությանը կնեկայացնենք 2008թ. մայիսին: Իհարկե, մինչ այդ բանկը չի գործի մեր ռազմավարությամբ նախատեսված ողջ հզորությամբ եւ ծավալով: Իսկ ծառայությունների հիմնական ցանկը բանկը կարող է ապահովել նոր գրասենյակ տեղափոխվելուց հետո, որից հետո մենք հանրությանը կներկայանանք premium banking ծառայություններով: Մենք նախատեսում ենք զարգացնել նաեւ private banking-ի ուղղությունը, քանզի վերջինս լայնածավալ ծառայությունների ցանկ է առաջարկում հաճախորդների համար: Private banking-ին հնարավոր չէ անմիջապես հասնել. այն պահանաջում է փուլային մոտեցում, որի ընթացքում պետք է զարգացնել տվյալ սպասարկման մշակույթը` հիմք ընդունելով նաեւ միջազգային պրակտիկայում ձեւավորված լավագույն չափանիշները: Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում արեւմտյան չափորոշիչներով private banking առայժմ գոյություն չունի: Մենք նախատեսում ենք այն իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան:

- Դեռեւս “Հայներարտբանկի” գործարքի հետ կապված մամլո ասուլիսում նշվեց բանկի անվանափոխության հնարավորության մասին: Հիմա կարո՞ղ ենք խոսել կոնկրետ որոշման մասին:

- Անվանափոխման անհրաժեշտությունը միանշանակ է, եւ մենք առայժմ քննարկում ենք, թե ինչ եղանակով այն կարելի է իրականացնել: Տարբերակներից մեկը որեւէ հանրահայտ կազմակերպություն վարձելն է, որը ոճի, անվան եւ բրենդի հետ կապված մի շարք այլ կարեւոր խնդիրներին համապատասխան լուծումներ կտա: Այստեղ խնդիրն այն է, որ նման հանրահայտ ընկերություններն իրենց ծառայությունները բավական թանկ են մատուցում: Բացի դրանից, հնարավոր է, որ դա ռուսական ընկերություն լինի, քանի որ ռուսական հոգեկերտվածքը հայկականին ավելի մոտ է: Երրորդ տարբերակն այն է, որ ինքներս փորձենք ինչ-որ բան նախաձեռնել: Կարծում եմ, որ առաջին երկու տարբերակներից մեկը կընտրվի: Առաջին հերթին փոխվելու է բանկի անվանումը: “Հայներարտբանկի” անվանումը բանկի ոճին չի համապատասխանում, քանի որ նախատեսվում է, որ այն լինելու է ներդրումային բանկ: Անվանման մի քանի տարբերակներ կլինեն, որոնցից կընտրվի ամենաարդյունավետը: Այժմ աշխատում ենք բանկի կազմակերպչական կառուցվածքի փոփոխությունների վրա: Նախնական տարբերակն արդեն ներկայացված է բանկի խորհրդի հաստատմանը:

- Որո՞նք են լինելու ձեր կողմից առաջարկվող հիմնական ծառայությունները: Առաջիկայում նախատեսո՞ւմ եք ընդլայնել դրանց ծավալը:

- Միանշանակ կարող եմ ասել, որ այսօր մենք գնում ենք ծառայությունների ընդլայնմանը, որովհետեւ այս պահին “Հայներարտբանկի” ծառայությունների ցանկն ամբողջական չէ եւ չի համապատասխանում մեր որդեգրած ռազմավարությանը: Իհարկե, մենք նախատեսում ենք այդ ամբողջը փուլերով անցնել մինչեւ 2008թ. ապրիլ: Ծրագրում ենք նաեւ հստակեցնել մեր ծառայությունների ցանկը, ինչպես նաեւ ճշգրտումներ մտցնել սակագնային քաղաքականության եւ այդ գործընթացները կարգավորող ներքին կանոնակարգման մեջ: Արդեն ստեղծվել է այդ աշխատանքներն իրականացնող հատուկ խումբ: Նախատեսում ենք ունենալ ներդրումային գործառնությունների հիմնական բլոկ, որն իր հերթին բաժանված կլինի մի քանի ենթակառուցվածքների, ինչպիսիք են ներդրումային գործառնությունները, ակտիվների կառավարումը, բրոքերային եւ այլ նմանատիպ ծառայություների մատուցումը, կապիտալի ‎ֆինանսավորումը (equity finance) եւ այլն: Դրան զուգահեռ ստեղծվելու է ներդրումային բլոկին աջակցող հետազոտությունների եւ վերլուծությունների ծառայություն : Բացի դրանից, բանկը իրականացնելու է կորպորատիվ հաճախորդների սպասարկում, ինչպես նաեւ մանրածախ սահմանափակ ծառայությունների (retail banking) տրամադրում: Սակայն այն կամ կիրականացվի իրավաբանական անձ հանդիսացող մեր հաճախորդների, նրանց աշխատակիցների, ղեկավարության եւ բաժնետերերի սպասարկման տեսքով, կամ էլ կմատուցվի բանկի կողմից սահմանված որոշ չափանիշների համապատասխանող ‎ֆիզիկական անձանց: Նախատեսում ենք մինչեւ 2008թ. ապրիլ-մայիս ամիսները տեղափոխվել նոր գրասենյակ:

Այդ ընթացքում ներկա շենքը ամբողջությամբ կվերանորոգվի եւ կհամապատասխանի ներդրումային բանկի չափանիշներին թե’ տեխնիկական, թե’ արտաքին եւ թե’ ներքին տեսքով: Ի դեպ, շենքի վերանորգման աշխատանքները կազմակերպելու համար հրավիրելու ենք արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների, եւ մեր կողմից առաջնային պայմաններից մեկը լինելու է այն, որ նրանք հենց ներդրումային բանկի շինարարության փորձ ունենան: Վարձակալած գրասենյակում հավանաբար կմնանք մոտ 2,5 տարի, իսկ դրանից հետո նախատեսում ենք վերադառնալ արդեն վերանորոգված եւ բարեփոխված մասնաշենք: Նախատեսում ենք նաեւ private banking-ի համար ունենալ առանձնացված գրասենյակ, որը ենթադրում է առանձին մուտք, սպասարկման այլ միջավայր: Կառուցվածքային վերափոխումներից հետո կշարունակենք մատուցել բանկային ավանդական ծառայություններ, որոնք ընդունված են ե’ւ Հայաստանում ե’ւ միջազգային պրակտիկայում: Բացի դրանից, կմատուցենք բանկային այնպիսի ծառայություններ, որոնք ավելի շատ են համապատասխանում ներդրումային բանկի պահանջներին: Դրանք են, օրինակ, կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման, նախագծերի ‎ֆինանսավորման, վերակազմակերպման, ներառյալ միացումների եւ միաձուլումների եւ առուվաճառքի գործարքների զուգորդման եւ իրականացման, ներդրումային շուկայում խորհրդատվության, ինչպես նաեւ equity finance ոլորտում իրականացվող անհրաժեշտ ծառայությունները: Մեր հաճախորդներին կմատուցենք նաեւ բրոքերային ծառայություններ, աջակցելու ենք նաեւ պարտատոմսերի թողարկման հարցում:

Եթե հստակեցնեմ` մեր ծառայությունները կընդգրկեն ներդրումային շուկայի գրեթե բոլոր ոլորտները: Մենք ունենք “Տրոյկա Դիալոգի” նման հզոր գործընկեր, որի աջակցությամբ կկարողանանք Հայաստանում մատուցել բարձրակարգ ներդրումային ծառայություններ: Նշված բոլոր ծառայությունները պրոֆեսիոնալ կերպով մատուցելու համար նախատեսում ենք նաեւ կազմակերպել մեր համապատասխան աշխատակիցների վերապատրաստումը արտասահմանում եւ առաջին հերթին մեր գործընկեր ընկերությունում:

-Ո՞րն է լինելու բանկի ռազմավարությունն ու գաղափարախոսությունը: Որո՞նք են լինելու ձեր մրցակցային առավելությունները:

-Բանկն իր առջեւ նպատակ է դրել Հայաստանում աջակցել ներդրումային շուկայի զարգացմանը: Կարծում եմ, որ այս շուկան սկսել է վերելք ապրել եւ մոտ ապագայում շատ արագ զարգացումներ կունենա: Սա հենց այնպես ասված խոսքեր չեն, քանի որ արդեն հայկական ներդրումային շուկայում բավական շատ ներդրողներ են հետաքրքրություն ցուցաբերել: Դրանք ներառում են ե’ւ բանկեր, ե’ւ մասնավոր ներդրողներ: Հաշվի առնելով այս ամենը` կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի մի հզոր կառույց, որը կկարողանա այդ ամբողջը սպասարկել, այսինքն` ճիշտ ծառայություններ մատուցելու շնորհիվ արդյունավետ լուծումներ տալ հաճախորդների պահանջներին:

- " Տրոյկա Դիալոգի" ներդրումային բանկի ձեւաչափով հայկական ‎ֆինանսական համակարգ մուտքի հիմքում առավելապես ո՞ր գործոններն են ընկած` OMX-ի մուտքի հետ կապված ակնկալիքնե՞րը, ‎ֆինանսական շուկայի ակտիվացո՞ւմը, որը նաեւ ինչ-որ չափով պայմանավորված է առաջինով, Ռուբեն Վարդանյանի հայկական ծագո՞ւմը, նոր տեխնոլոգիաների ու ծառայություների ներդրման անհրաժեշտությո՞ւնը, թե այդ ամենը միասին:

- Ավելի շուտ ձեր կողմից թվարկած բոլոր գործոնները միասին վերցրած: Ըստ էության` այդ գործոնններից յուրաքանչյուրն իր ուրույն դերակատարումն է ունեցել այս հարցում, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկին ավելի կամ պակաս կարեւորություն տալն ընդհանրապես ճիշտ կլինի: Ի դեպ, ասեմ, որ ներկայում ՙՏրոյկա Դիալոգը՚ այլ երկրներում է բանկեր ձեռք բերում: Ընկերությունը նախատեսում է բանկեր գնել նաեւ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում:

- Ըստ էության ներդրումային բանկի կողմից առաջարկվող ծառայությունները ենթադրում են մասնագ‎իտական նոր պահանջներ, հատկապես, եթե հաշվի առնենք “Տրոյկա Դիալոգի” չափորոշիչները: Այս առումով նոր բանկի համար կադրային խնդիրներ կա՞ն:

- Այս պահին աշխատում ենք բանկի կադրային քաղաքականության նորացման ուղղությամբ, որը ներառում է ե’ւ աշխատավարձերի հաշվարկման ու վճարման մոդելը, ե’ւ աշխատատեղերի գնահատման մոդելը: Բացի դրանից, հավաքագրում ենք որակավորված աշխատակիցների բազա, որոնք մեր կարծիքով կկարողանան այդ աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով: Ներդրումային ոլորտը Հայաստանի համար նոր ոլորտ է: Այդ ոլորտում մասնագիտացած կադրերը շատ քիչ են, եւ մենք, ամեն դեպքում, շատ լուրջ աշխատելու ենք կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ուղղությամբ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ առանց բարձրակարգ կադրերի, մենք պարզապես չենք կարողանա մատուցել ծառայությունների այն լայն ընտրանին, որն արդեն նախատեսել ենք: Ծրագրերից շատերի մասին Հայաստանում մարդիկ նույնիսկ դեռ չեն լսել կամ լավագույն դեպքում լսել են, սակայն չեն պատկերացնում թե դա ինչ է: Հաշվի առնելով այն, որ մենք աշխատում ենք “Տրոյկա Դիալոգի” նման հեղինակություն ունեցող ընկերության հետ, մենք պարտավորված ենք զգում ապահովել ծառայություների բարձրակարգ մատուցում:

- Ըստ Ձեզ` կորպորատիվ կուլտուրայի ձեւավորման ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ կան: Ե՞րբ կունենաք տնտեսության մեջ ուղղակիորեն ներգրավված ակտիվ հասարակություն:

- Այսօր շատ ընկերություններ կան, որոնք արդեն հետաքրքրված են ներդրումային գործիքների կիրառմամբ, ինչպիսիք են, օրինակ, պարտատոմսերի թողարկումը, որի նկատմամբ վերջերս մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես խոշոր ընկերությունները: Մի քանի ընկերություններ արդեն թողարկել են պարտատոմսեր: Եթե նրանք միտված են այդ ճանապարհով գնալուն, ապա այսպես, թե այնպես ստիպված են ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա ձեռք բերել հասարակության վստահությունը, ապահովել գործարքների առավել թափանցիկությունը: Կորպորատիվ կառավարման համակարգը նրանց շատ գիտելիքներ կտա ներքին աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար, քանի որ այդ համակարգի հիմքում դրված սկզբունքները նախեւառաջ դրական են ազդում ներքին աշխատանքների արդյունքների որակի եւ արդյունավետության վրա:

- Իսկ “Ամերիայի” մասնակցությունը բանկի կառավարման գործում ի՞նչ ձեւաչափով է լինելու:

- Ճիշտն ասած այդ հարցն այս պահին քննարկվում է, եւ ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի բանկի եւ ՙԱմերիայի՚ հարաբերություները: Սակայն կարող եմ միանշանակ ասել, որ բանկը եւ ՙԱմերիան՚ փոխկապակցված են: Այս պահին արդեն որոշված է, որ ՙԱմերիայի՚ կողմից մատուցվող ծառայությունների ներդրումային հատվածը (investment banking) կտեղափոխվի բանկի կառուցվածք: Բացի դրանից, հնարավոր են այլ լուծումներ եւս, որոնք պարզ կլնեն 10-15 օրվա ընթացքում:

- Ինչպիսի՞ն եք տեսնում բանկը 5 կամ 10 տարի անց:

- Բանկի խորհրդին արդեն ներկայացրել ենք բանկի զարգացման տասնամյա ռազմավարական ծրագիրը, որը կհրապարակվի խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Նախատեսում ենք ունենալ դինամիկ աճ: Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է, որ բանկի հիմնական եկամտային մասը` մոտ 60-70%-ը, կստացվի ներդրումային գործառնություններից, իսկ մնացած մասը` այլ գործարքներից: Այսինքն հիմնական ուղղվածությունը լինելու է ներդրումային ծառայությունների մատուցումը, սակայն դա զուգորդվելու է նաեւ կորպորատիվ եւ որոշ չափով` մանրածախ ծառայությունների սպասարկմամբ:

- Banks.am կայքին տված հարցազրույցում դուք կարծիք էիք հայտնել, որ առաջիկայում տեղի կունենան բանկերի վաճառքներ, միաձուլումներ, որի արդյունքում կմնան միայն մի քանի խոշոր բանկեր, որոնք իրականում ի վիճակի կլինեն սպասարկել մեր տնտեսությանը:

- Այո, դա ճիշտ է: Այսօրվա միտումները թույլ են տալիս նման կարծիքներ հայտնել: Հավանաբար կմնան 5-6 խոշոր բանկ եւ մի քանի հատուկ ուղղվածություն ունեցող փոքր բանկեր:

- Որտե՞ղ եք տեսնում ձեր բանկը այդ շարքում:

- Միանշանակ առաջնային: Եթե ավելի կոնկրետ ասեմ` մեր բանկն իր ուրույն տեղը կունենա առաջին եռյակում:

Կենսագրական

Ծնվել է 1973թ. Երեւանում: 1995թ.ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ‎ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը եւ աշխատանքի անցել ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության վարչությունում սկզբում որպես մասնագետ, այնուհետեւ ավագ մասնագետ, ապա` բաժնի պետ: Միաժամանակ աշխատել է “Բազելյան Կոմիտեում” որպես քարտուղար: 1998թ. հունիսից տեղափոխվել է “Կոնվերսբանկ” որպես ‎ֆինանսական վարչության պետ, ապա` գլխավոր տնօրենի տեղակալ: 2006թ. նշանակվել է որպես գլխավոր տնօրեն: 2007թ. հոկտեմբերի 2-ից վարում է “Հայներարտբանկի” տնօրենի պաշտոնը: Ամուսնացած է, ունի 2 դուստր եւ 1 որդի:

Դիտում՝ 7068
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai