«Եղեգնի չրեր»՝ հաջող ընտանեկան բիզնես Եղեգնաձորում

30.11.2018 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Եղեգնի չրեր #Եղեգնաձոր #Հասմիկ Գալստյան
Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում 2017թ. օգոստոսից իր գործունեությունն է ծավալում «Եղեգնի չրեր»-ը։ Ընտանեկան բիզնես դարձած օրգանական չրերն առայժմ սպառվում են միայն Վայոց ձորում եւ Երեւանում։ Թեմայի վերաբերյալ Banks.am-ը զրուցել է բիզնես-գաղափարի հեղինակ Հասմիկ Գալստյանի եւ նրա մայրիկի՝ Անահիտի հետ։

Մասնագիտությամբ տնտեսագետ Հասմիկի համար չրի արտադրանք հիմնելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ նկատել է, որ իր շրջապատում մարդիկ մրգի իրացման խնդիր ունեն։ Ընթացքում իր համար առանձնացրել է նաեւ թյուր կարծիքները՝ կապված չրի համար օգտագործվող մրգի հետ:

«Ասում են, թե չրի համար պետք է երկրորդ, երրորդ կարգի միրգ, բայց մենք կարծում ենք, որ առաջին կարգի միրգը լավագույն նախադրյալն է չիր ստանալու համար։ Տեսնելով, որ մարդիկ անգամ իրենց առաջին կարգի միրգը չեն կարողանում մթերել, մտածեցինք, որ մեզ համար լավ բիզնես-գաղափար կարող է դառնալ այն, ինչը կունենա նաեւ համայնքային նշանակություն եւ կօգնի մարդկանց միրգն իրացնել»,- պատմում է Հասմիկը, որը բոլոր աշխատանքներն իրականացնում է ծնողների հետ։


Էլեկտրական եւ արեւային չորանոցներ՝ համաֆինանսավորմամբ

2016թ. դիմել են ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագրերից մեկին, որի նպատակն էր ֆինանսավորել սկսնակ ձեռներեցներին։ Մոտ 3 ամիս տեւած դասընթացներից հետո ընտրվել է նաեւ Գլաձորում չրերի արտադրանք հիմնելու գաղափարը եւ ֆինանսավորվել։

«Եղեգնի չրեր»-ը գրանցված ընտանեկան ձեռնարկություն է, որի աշխատանքներում ներգրավված է 3 հոգի՝ Հասմիկը եւ ծնողները:

«Քանի որ ծրագիրն իրատեսական էր եւ սոցիալական նշանակություն ուներ,ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ու ՓՄՁ ԶԱԿ-ը որոշեցին ֆինանսավորել։ Ծրագրի արդյունքում կարողացանք համաֆինանսավորմամբ գնել 150 կգ տարողությամբ էլեկտրական չորանոց, որը ներմուծում էր «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը» (CARD)»,- պատմում է Հասմիկը։

Մայր ու դուստր՝ Անահիտն ու Հասմիկը

Չիր արտադրելու առաջին տարում հասկացել են, որ ծախսերը նվազեցնելու համար արեւային չորանոց է անհրաժեշտ։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի այգեգործության զարգացման ծրագրի շրջանակում նորից համաֆինանսավորում են ստացել, որոշ չափով ներդրում արել եւ այս անգամ կառուցել արեւային չորանոց։

Անահիտը

Չրեր՝ բացառապես Վայոց  ձորում աճեցրած մրգերից

«Մեր հիմնական շուկան Եղեգնաձորն է, սպառողն էլ՝ տեղացիները, թեեւ ֆեյսբուքյան էջի միջոցով գնորդներ ենք ձեռք բերել նաեւ Երեւանից։ Մեր չրերն առանձնանում են նրանով, որ չենք օգտագործում որեւէ քիմիական նյութ, ծծումբ եւ այլն։ Տնային տնտեսությունները մեր հիմնական գնորդներն են, իրացումն ապահովում ենք տեղի շուկայում՝ անհատ մարդկանց շրջանում»,- նշում է տիկին Անահիտը, որն ամուսնու հետ իրականացնում է ընտանեկան բիզնեսի արտադրական մասը։

Չրերը պատրաստվում է բացառապես Վայոց ձորի մրգերից՝ տանձից, խնձորից, դեղձից, սեւ սալորից եւ արքայանարնջից։ Ընտանիքը նշում է, որ նախորդ տարի այլ մարզերից միրգ են բերել եւ հասկացել, որ լավագույն չիրը ստացվում է հենց Վայոց ձորի մրգերից։  


Ինչո՞ւ արքայանարինջը «հաղթեց» թզին

Տիկին Անահիտից հետաքրքրվեցինք, թե որ տեսակի չիրն է ավելի պահանջված եւ ինչպիսին է չրի պատրաստման գործընթացը.

«Միրգը լվանում ենք, մշակում ու դնում չորանոցների մեջ։ Ամենապահանջվածը սեւ սալորի  ու ծիրանի չրերն են։ Դեղձն այդքան էլ չի վաճառվում, քանի որ մի քիչ թանկ է։ Բոլորն էլ ունեն իրենց դժվարությունները։ Օրինակ, թուզը հեշտ է, բայց պահելն է դժվար. շուտ է փչանում։ Սեւ սալորն էլ է դժվար. հատ-հատ լվանում ենք, կորիզները հանում։ Դեղձն էլ կեղեւազրկելու դիտանկյունից է դժվար»։

Հասմիկը բացատրում է, թե ինչու իրենք թզի չիր չեն պատրաստում.

«Մենք կարծում ենք, որ ամեն մի տարածաշրջան պիտի արտադրի այն տեսակի չիրը, որն իրեն է բնորոշ։ Թուզը, օրինակ, պետք է գնել Մեղրիից. մենք այդ կարծրատիպն ունենք։ Թեպետ նույնը վերաբերում է նաեւ արքայանարնջին, բայց որոշեցինք դրանից պատրաստել, քանի որ մեզ մոտ արքայանարնջի չիրն ավելի շատ են գնում, քան թզինը»։


Եկամտաբերություն

Եղեգնաձորցի ընտանիքը չրի բիզնեսը եկամտաբեր է համարում, բայց նաեւ խոստովանում՝ առավել ձեռնտու է այն ժամանակ, երբ ինքդ ես մշակում միրգը.

«Առաջին տարում ունեցանք 0 եկամուտ, այսինքն՝ վաճառքից ստացված գումարի եւ մեր արած ներդրումների միջեւ տարբերություն չեղավ, որը մեզ համար լավ արդյունք էր։ Ասում են՝ եթե բիզնեսում առաջին 3 տարում 0 եկամուտ ես ունենում, ուրեմն հաջողել ես։ Իսկ այս տարվա եկամուտների վերաբերյալ դեռ վաղ է որեւէ կանխատեսում անել»:

«Եղեգնի չրեր»-ի գինը որոշվում է ըստ որակի եւ չափսերի։ Օրինակ, խոշոր չափի սալորը 3000 դրամ է, միջինը՝ 2500։ Դեղձի 1 կգ-ը կարող է արժենալ մինչեւ 5000 դրամ։ Խնձորն էլ առավելագույնը 3000 դրամ արժե։

Հասմիկը պատմում է, թե ինչպես է հաշվարկվում չրի ինքնարժեքը.

«Հաշվում ենք, թե 1 կգ չիր ստանալու համար քանի կգ միրգ է պետք եւ թե որքան էլեկտրաէներգիա է ծախսվում դրա վրա։ Օրինակ, սեւ սալորի պարագայում 4,5-5 կգ-ից ստանում ենք 1 կգ սալորաչիր։ Դեղձն ավելի ծանր է, 1 կգ չիր ստանում ենք 9-10 կգ մրգից։ Խնձորն էլ էժան ենք վաճառում, որովհետեւ մեր սեփականն է՝ մեր այգուց»։

Սառնարանային տնտեսությունը՝ մոտ ապագայի ծրագիր

Նոր տարվա նախօրեին «Եղեգնի չրեր» արտադրանքը հայտնվում է Եղեգնաձորի խանութներում, մասնավորապես՝ արքայանարնջի չիրը։ Սակայն համագործակցությունը խանութների հետ մշտական չէ։

Հասմիկի խոսքով՝ նպատակ ունեն ընդլայնել բիզնեսը, ուստի դիմել են դրամաշնորհային ծրագրի՝ սառնարանային տնտեսություն հիմնելու համար։ Ներկայում սպասում են ծրագրի արդյունքներին։ Նա վստահ է՝ ցանկացած բիզնեսում պետք է ռիսկի դիմել՝ առանց վարանելու.

«Ես հասկացա, որ չպիտի նախապես հաշվես՝ քեզ հետո ինչ է սպասվում, որքան եկամուտ կունենաս։ Կարծում եմ՝ պոտենցիալ գնորդի հետ պիտի անհատական ձեւով աշխատես։ Սա է բիզնեսի հաջողության գաղտնիքը»։

Տեքստն ու լուսանկարները՝  Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 15711
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai