ՀՀ կառավարությունն այս տարվա սեպտեմբերին որոշեց բարելավել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի պայմանները՝ նվազեցնելով նաեւ հիփոթեքային վարկի կանխավճարի չափը: Մասնավորապես, վարկառուն հնարավորություն կունենա ստանալու հիփոթեքային վարկ՝ 30%-ի փոխարեն վճարելով 10% կանխավճար եւ մնացած 20%-ի փոխարեն ձեռք բերելով կանխավճարի ապահովագրություն:«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հայաստանյան շուկայում առաջինը ներդրեց հիփոթեքային վարկի կանխավճարի ապահովագրության պրոդուկտը, որի մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ:- Տիկին Մելքոնյան, կանխավճարի ապահովագրության պրոդուկտը նոր է հայաստանյան շուկայի համար: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ ի՞նչ խնդիր է լուծում:- Մեր ընկերության կողմից այս պրոդուկտի մշակումը ի սկզբանե ունեցել է սոցիալական ուղղվածություն, եւ մեր ֆինանսական խմբի անդամ «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորման ծրագրի շրջանակում փորձել ենք ստեղծել վարկավորման այնպիսի պրոդուկտ, որով հնարավորություն կընձեռվեր բավարար եկամուտներ ունեցող անձանց ձեռք բերել բնակարան՝ առանց կանխավճարի տեսքով խնայողությունների առկայության: Ծրագրի գործարկումից քիչ ժամանակ անց՝ ի ուրախություն մեր քաղաքացիների, ընդունվեց կառավարության որոշում, որով բարելավվեցին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի վարկավորման պայմանները՝ նվազեցնելով նաեւ հիփոթեքային վարկի կանխավճարի չափը՝ ապահովագրության առկայության պարագայում: 14.09.2018 | 15:16 «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի պայմանները կբարելավվեն Այս պրոդուկտի շնորհիվ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ձեռք բերելու բնակարան՝ վճարելով ընդամենը 10% կանխավճար, իսկ մյուս պահանջվող մասի չափով (առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ 10%, իսկ երկրորդայինից՝ 20%) ձեռք բերել կանխավճարի ապահովագրություն:Ենթադրենք, Դուք ցանկանում եք ձեռք բերել 10 մլն դրամ արժողությամբ բնակարան: Եթե նախկինում Ձեզ անհրաժեշտ կլիներ վճարել այդ գումարի 30%-ը՝ 3 մլն դրամը, եւ ստանալ 70% հիփոթեքային վարկ, ապա այժմ, ունենալով ընդամենը 10% կանխավճար՝ 1 մլն դրամ, կարող եք ստանալ հիփոթեքային վարկ ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ի չափով: - Իսկ ի՞նչ ժամկետով է կնքվում ապահովագրության պայմանագիրը: - Ապահովագրության պայմանագիրը կնքվում է «Սիլ Ինշուրանս»-ի հետ յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապահովագրված կանխավճարի չափով վարկի մայր գումարի մարումը:- Ինչպես հայտնի է, կանխավճարի համար բավարար գումար չունենալու դեպքում մարդիկ հաճախ դիմում են սպառողական վարկերի օգնությանը կամ գրավադրում այլ գույք: Այս տեսանկյունից՝ ի՞նչ առավելություններ է տալիս կանխավճարի ապահովագրությունը վարկառուներին: Որքանո՞վ է այն ձեռնտու, օրինակ, սպառողական վարկի համեմատ: - Այս պրոդուկտի միտքը ծագել է նաեւ Ձեր մատնանշած հանգամանքը հաշվի առնելով: Այն քաղաքացիները, որոնք չունեն անհրաժեշտ խնայողություններ, սակայն սեփական բնակարան ձեռք բերելը կենցաղային անհրաժեշտություն է, դիմում են սպառողական վարկերի, այլ աղբյուրներից պարտքով գումարներ հայթայթելու օգնությանը: Այս քայլերն ավելացնում են քաղաքացու վարկային բեռը, քանի որ այլ վարկատեսակներով տոկոսագումարներն անհամեմատ բարձր են, նաեւ չկա վճարված տոկոսագումարների՝ եկամտահարկից հետվերադարձի հնարավորություն: Իսկ երկրորդ գրավի առկայությունը հասու չէ բոլորին, ինչու չէ՝ նաեւ ծախսատար է: Այս նախագծի շրջանակում վարկառուն վճարում է տարեկան մեկ անգամ ապահովագրավճար, որը մի քանի անգամ ավելի մատչելի է, քան սպառողական վարկերի տոկոսագումարները: 07.03.2018 | 09:46 Արմինե Մելքոնյան. Ցանկացած հարցում առաջնորդվում եմ արդարության սկզբունքով - Դուք նշում եք նաեւ, որ ավելի շահավետ է ձեռք բերել կանխավճարի ապահովագրություն, եթե անգամ առկա է անհրաժեշտ կանխավճարի չափը: Կպարզաբանե՞ք այս պնդումը: - «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կողմից ընձեռնված է հնարավորություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտահարկի գումարների վերադարձը, ուստի, միանշանակ, քաղաքացուն տնտեսապես շահավետ է վարկ վերցնել՝ վճարելով քիչ կանխավճար, իսկ կուտակված գումարի մյուս մասը ներդնել որեւէ ֆինանսական գործիքում: Հիփոթեքային վարկի տոկոսները վերադարձվում են Ձեզ եւ Ձեր խնդիրն է մարել միայն մայր գումարը, այսինքն՝ կանխավճարի չափով ավելի ձեւավորված վարկի մարումը փաստացի ծախսեր չի առաջացնում, իսկ կուտակված դրամական միջոցների, օրինակ, որեւէ առեւտրային բանկում ավանդի տեսքով ներդրումը կապահովի լրացուցիչ եկամուտ՝ ավանդից ստացված տոկոսների տեսքով: - Կխնդրեի հստակեցնել՝ առաջարկը գործում է միայն «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկե՞րի համար, թե՞ նախատեսվում է այն տարածել նաեւ ոչ ծրագրային մասնակիցների շրջանում: - Կանխավճարի ապահովագրությունը ներկայում իրականացվում է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» եւ «Ազգային հիփոթեքային» ծրագրերի շրջանակում մեզ հետ համագործակցող առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով: Ընկերությունը, սակայն, նախատեսում է ընդլայնել համագործակցության շրջանակը եւ նախատեսել կանխավճարի ապահովագրություն նաեւ սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկեր տրամադրող ֆինանսական կազմակերպությունների հետ:Արմինե Մելքոնյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 26916