Երեք ամիս է, ինչ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ղեկավարում է Արմինե Մելքոնյանը, որը համոզված է, որ չի կարելի տարբերություն դնել կնոջ եւ տղամարդու հաջողության պատմությունների միջեւ։Մարտի 8-ին ընդառաջ Banks.am-ը զրուցել է «Սիլ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ՝ փորձելով բացահայտել նրա հաջողության պատմությունը՝ աշխատանքում եւ գործնական առօրյայից դուրս։- Արմինե, նախ կխնդրեի ներկայացնեք այն ճանապարհը, որը հնարավորություն ընձեռեց Ձեզ ստանձնել ապահովագրական ընկերության կառավարման ղեկը։ - Ապահովագրական ոլորտում հայտնվել եմ շատ պատահական։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու հայտ ներկայացնելիս հեղինակավոր դասախոսներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ եմ առաջին հայտով լրացրել։ Երբ պատասխանեցի՝ «Համաշխարհային էկոնոմիկա», ասաց, որ եթե լավ ապագա եմ ուզում ունենալ, ապա ճիշտ կլինի «Ապահովագրական գործ» կամ «Արժեթղթերի շուկա» մասնագիտացումներն ընտրեմ։ Այդ պահին, չգիտեմ ինչու, մտափոխվեցի՝ հետեւելով նրա խորհրդին, եւ մինչ օրս հաստատակամ եմ մնալ ապահովագրական ոլորտում։ Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության վարչության աշխատակից։ Այնուհետեւ տեղափոխվեցի «Սիլ Ինշուրանս», եւ արդեն 3 ամիս է, ինչ ստանձնել եմ գործադիր տնօրենի պաշտոնը: Արմինե Մելքոնյանը աշխատավայրում Լուսանկարը՝ Անձնական արխիվից - Նշանակումից հետո կտրուկ փոփոխություններ եղա՞ն Ձեր աշխատելաոճում, եղե՞լ է մի պահ, որ զղջացել եք առաջարկն ընդունելու համար։- Առօրյաս, մտահորիզոնս ամբողջովին փոխվեցին։ Ներկայումս կառավարման տարբեր ձեւեր եմ ուսումնասիրում, փորձում եմ ընտրել ինձ համար առավել հոգեհարազատը: Բնականաբար, այդ փոփոխությունները երբեք հեշտ չեն տրվում։ Սակայն, միանշանակ, չեմ զղջացել: - Իսկ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, աշխատակիցների հետ փոխըմբռնման եզրեր գտնելու հարցում խնդիրներ առաջացե՞լ են։- Սկզբունքները շատ են, բայց արդարության սկզբունքը, իմ կարծիքով, ամենակարեւորն է, քանի որ առաջացած խնդիրների դեպքում դա օգնում է ճիշտ լուծում գտնել։ Ցանկացած հարցում փորձում եմ լսել աշխատակիցների բոլոր կարծիքներն ու դիրքորոշումները։ Այստեղ պատասխանատվությունն անչափելի է։ Կատարած ցանկացած աշխատանքի համար կոնկրետ ցուցանիշներով պատասխանատու ես։ Թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն, ապագան ցույց կտա։Իսկ աշխատակիցների հետ փոխըմբռնման հարցում իմ բախտը շատ է բերել։ Մի փոքր գաղտնիք բացեմ. ժառանգել եմ ջերմ ու համերաշխ կոլեկտիվ, իսկ աշխատանքային մթնոլորտն այնքան լավն է, որ չկան նեղացած կամ հեռացած աշխատողներ։ Այս պարագայում շատ եմ կարեւորում այդ մթնոլորտի պահպանումը։- Հասցրե՞լ եք բացահայտել՝ որո՞նք են ապահովագրական ոլորտում աշխատանքի առանձնահատկությունները։- Այս ոլորտը շատ առանձնահատկություններ ունի եւ բոլոր գործիքներին լիարժեք տիրապետելու համար շատ մեծ աշխատանք է պահանջվում։ Բացի այդ, Հայաստանում ապահովագրական ոլորտը լուրջ մարտահրավերների առջեւ է, քանի որ առողջության ապահովագրությունը շուտով պարտադիր պետք է դառնա, ԱՊՊԱ ոլորտում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Մեր գործի ծավալն է մեծանում։ Արմինե Մելքոնյանը աշխատավայրում Լուսանկարը՝ Անձնական արխիվից Մյուս կողմից, կարծում եմ, մեր հասարակության շրջանում ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության ձեւավորման գործում շատ անելիքներ դեռ կան։ Իհարկե, ձեւավորված վստահություն կա, եւ ԱՊՊԱ-ի ներդրման ցուցանիշները վկայում են դրա մասին, բայց քաղաքացիները պետք է լիարժեք տիրապետեն իրենց իրավունքներին, եւ ոչ պակաս կարեւոր՝ պարտականություններին։ Ապահովագրությունը մշակույթ է, որը պետք է սերմանել եւ զարգացնել հասարակության լայն շերտերում:- Դուք անձամբ ապահովագրական ի՞նչ տեսակներից եք օգտվում։ - Ներկայումս չորս՝ մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ԱՊՊԱ, առողջության ապահովագրություն եւ դժբախտ դեպքերից ապահովագրություն։ Առաջիկայում պատրաստվում եմ գույքի ապահովագրություն էլ ձեռք բերել։ Դրանց պարբերաբար ավելանում է նաեւ աջակցության` ճանապարհորդային ապահովագրությունը, որը ձեռք եմ բերում եթե անգամ այլ երկրի տարածք մուտք գործելու համար ապահովագրության պահանջ չկա: Ապահովագրությունը, իսկապես, ապահով զգալու եւ լրացուցիչ ֆինանսական ծախսեր բացառելու նպատակ ունի: - Ինչպիսի՞ն է Արմինե Մելքոնյանը աշխատանքից դուրս։ Մի փոքր կխոսե՞ք Ձեր նախասիրությունների մասին:- Նախասիրություններիս շրջանակում իր ուրույն տեղն է զբաղեցնում խոհանոցը: Շատ եմ սիրում տարբեր երկրների խոհանոցներն ուսումնասիրել, քանի որ մի ազգի պատմություն է ամփոփված ուտեստների տեսքով: Փորձում եմ նաեւ գործնականում կիրառել գիտելիքներս, եւ վատ ելքով դեպքեր դեռեւս չեն արձանագրվել (ծիծաղում է – հեղ.)։ Հատուկ նշանակություն ունի ինձ համար տորթերի պատրաստումը եւ հատկապես ձեւավորումը: Կարծում եմ՝ այդ աշխատանքը ներառում է արվեստի լուրջ տարրեր, քանի որ խոհանոցը վաղուց ի վեր դադարել է լինել միայն սովը հագեցնելու միջոց: Այդ ընթացքում կարծում եմ մի պահ ապրում եմ այն, ինչ օրինակ նկարիչները կտավի հետ աշխատելիս: Վերջին փորձը վերջերս էր եւ, չնայած շատ զբաղված էի, բայց կարողացա եղբորս 30-ամյակի կապակցությամբ տորթ պատրաստել։ Աշխարհի խոհանոցներից նախընտրում եմ իտալականը։ Իտալիան, առհասարակ, շատ եմ սիրում։ Դա այն երկրին է, որտեղ մշտապես կարող եմ այցելել, քանի որ այն ինձ համար անդադար բացահայտվող երկիր է։ Արմինե Մելքոնյանը Վիլնյուսում Լուսանկարը՝ Անձնական արխիվից - Ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը:- Օրս սկսվում է արագ աշխատանքի հասնելով, որտեղ ընկնում եմ սրընթաց տեմպի մեջ։ Աշխատանքային ժամերը հիմնականում հագեցած են լինում տարբեր քննարկումներով եւ հանդիպումներով, իսկ աշխատանքային ժամերից հետո արդեն կարողանում եմ հանգիստ եւ մանրամասն ուսումնասիրել կատարվածը։ Դա լինում է, երբ գրասենյակում գրեթե միայնակ եմ լինում՝ մոտավորապես մեկ-երկու ժամ է տեւում։- Ի՞նչն եք համարում կնոջ հաջողության գրավականը կարիերայում:- Կարծում եմ՝ չի կարելի, առհասարակ, տարբերություն դնել կնոջ եւ տղամարդու հաջողության պատմությունների միջեւ: Ճիշտ է, յուրաքանչյուր մարդու հաջողության պատմությունը ուրույն է, սակայն հաջողության բանալին, ըստ իս, միակն է՝ աշխատանքին նվիրվելը, պատասխանատվությունից եւ փոփոխություններից չխուսափելը: Կարծում եմ՝ գենդերային անհավասարությունը սկսվում է հենց այն պահից, երբ այդ հարցն առաջանում է եւ սկսած վաղ տարիքից՝ աղջիկների ուսմանը պատշաճ ուշադրություն չի դարձվում:Անհաջողությունները սկսում են, երբ մարդը կարծում է, որ իր կամքից անկախ պատճառներով բավարար մրցունակ չէ, արդյունքում՝ իր գործը թեկուզ մի փոքր անվստահ է կատարում։ Ինձ հաճախ են հարցնում, որ եթե մինչեւ ուշ երեկո աշխատում եմ, ընտանիք ունենալու դեպքում ինչպե՞ս եմ անելու։ Բայց ես կարծում եմ, որ միշտ էլ հնարավոր է լուծումներ գտնել։ Բոլոր աղջիկները պետք է վստահ լինեն, որ աշխատանքով եւ գիտելիքով հնարավոր է քայլել հակառակ սեռին հավասար։ Ես միշտ այդ մտքով եմ առաջնորդվել եւ շատ ուրախ եմ, որ, փաստորեն, չեմ սխալվել: Արմինե Մելքոնյանը՝ մայրիկի հետ Լուսանկարը՝ Անձնական արխիվից - Ինչպես նշեցիք, սեփական ընտանիք դեռեւս չունեք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործնական առօրյան է խլում Ձեր հիմնական ժամանակը եւ անձնական կյանքին քիչ ժամանակ եք տրամադրում։ - Կարծում եմ՝ միշտ հնարավոր է գտնել անձնական եւ գործնական կյանքի համատեղման ընդհանուր եզրեր։ Եթե ընտանիքում կա հարգանք, մեկը մյուսին սատարելու եւ աջակցելու ցանկություն, ապա շատ հեշտ կլինի համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը։ Արմինե Մելքոնյանը՝ ընկերուհու հետ Լուսանկարը՝ Անձնական արխիվից - Վաղը Մարտի 8-ն է, ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել: Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ այդ օրը։ - Ինձ կարող է ուրախացնել շատ փոքր նվերը, որն այդ պահին շատ եմ ցանկացել, սակայն չեմ բարձրաձայնել։ Եղել են դեպքեր, երբ ընկերներս կարողացել են ճիշտ գուշակել, թե ինչից կարող եմ հուզվել ու շատ ուրախանալ։ Այդ պահերը, իրոք, անմոռանալի են։ Շատ եմ սիրում գույնզգույն ծաղիկներ եւ օծանելիքներ, ինչը բնորոշ է գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչին:Բոլոր կանանց մաղթում եմ, որ իրենց շրջապատող մարդիկ միշտ կարողանան ճիշտ գուշակել եւ ի կատար ածել նրանց հոգում պահված ցանկությունները ՝ պարգեւելով իրական երջանկություն:Արմինե Մելքոնյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը Tweet Դիտում՝ 27759