Պարտատոմս եւ ավանդ՝ ընդհանրություններ եւ տարբերություններ

30.10.2018 | 09:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Արկադի Փինաչյան #պարտատոմս #ավանդ
Հաճախ ենք լսում, որ հայաստանյան այս կամ այն առեւտրային բանկը հրապարակայնորեն վաճառքի է հանել իր թողարկած պարտատոմսերի նոր մասնաբաժինը՝ ներդրումային պահուստների ավելացման, պարտավորությունների օպտիմալ կառավարման կամ այլ նպատակներով:

Banks.am-ը, Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ, անդրադառնում է պարտատոմսերում ներդրումների առանձնահատկություններին, ներդրումների հետ կապված ռիսկերին եւ այլ մանրամասնություններին՝ նպաստելով խնայողությունների ներդրման համար հիմնավորված որոշումների կայացմանը:
 
Արմսվիսբանկի տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ-բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանի օգնությամբ փորձել ենք հասկանալ պարտատոմսերի եւ բանկային ավանդի նմանություններն ու տարբերությունները:

Ընդհանուր բնութագրեր

Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է եւ իրավունք է տալիս այն ձեռք բերողին սահմանված ժամկետում պարտատոմս թողարկողից, տվյալ դեպքում՝ բանկից, հետ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը եւ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս։ Պար¬տատոմսը ներդրումային արժեթուղթ է, այսինքն՝ հիմնական առաքելությունը ներդրումների հավաքագրումն է:

Բանկային ավանդն ավանդային պայմանագրով բանկի կողմից ավանդատուից կամ վերջինիս համար ստացված դրամական գումարն է: Բանկը պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը եւ վճարել դրանից տոկոսներ՝ պայմանագրով սահմանված պայմաններով ու չափով:

Հասկացությունների ուսումնասիրությունից հարց է առաջանում՝ ՀՀ բանկերի թողարկած պարտատոմսերը նույնացվո՞ւմ են արդյոք բանկային ավանդների հետ:

Կարելի է փաստել, որ պարտատոմսերը եւ բանկային ավանդներն ունեն բավականին շատ ընդհանրություններ եւ, միաժամանակ՝ տարբերություններ:

Կոնկրետ օրինակներ

Ինչպես վարվել խնայողությունների պարագայում. այն ավանդադնել որեւէ բանկո՞ւմ, թե՞ ներդնել նույն բանկի կողմից թողարկված պարտատոմսերում:

Այս պարագայում անհրաժեշտ է պարզել որոշ հարցեր. օրինակ՝ ինչպիսի՞ն է այդ խնայողությունների ներդրման ժամկետը, արդյոք կա՞ ներդրման ընթացքում խնայողության հետվերադարձի անհրաժեշտություն, առկա՞ է ներդրման ժամանակահատվածում խնայողությունների արժեզրկման ռիսկ կրելու պատրաստակամություն եւ այլն:

Այս հարցադրումների ժամանակ պարտատոմսերում եւ բանկային ավանդներում ներդրումները կարող են ապահովել տարբեր լուծումներ, մասնավորապես՝ եթե խնայված գումարները ներդրվել են բանկային ավանդում 1 տարի ժամկետով եւ ձեզ 3 ամիս հետո գումար պետք լինելու պարագայում ստիպված եք լինելու խզել ավանդային պայմանագիրը եւ ստանալ, որպես կանոն, միայն ավանդի մայր գումարը կամ լավագույն դեպքում՝ գուցե նաեւ կուտակած տոկոսների մի փոքր մասը:

Պարտատոմսերի պարագայում դուք կվաճառեք պարտատոմսերը եւ կստանաք ձեր ներդրած գումարն ու կուտակած տոկոսները: Գործնականում պարտատոմսերի վաճառքի արդյունքում դուք կարող եք ստանալ նաեւ լրացուցիչ եկամուտներ կամ կրել վնասներ:

Կարող ենք քննարկել մեկ այլ իրավիճակ. օրինակ՝ եթե խնայված գումարը ձեզ անհրաժեշտ է ներդնել 4 ամսով, որից հետո այն պետք է ծախսեք այլ նպատակով, ինչպե՞ս վարվել. գումարն ավանդադնել բանկում համեմատաբար ցածր տոկոսադրույքո՞վ, թե՞ գնել համեմատաբար երկարաժամկետ պարտատոմսեր եւ 4 ամիս հետո վաճառել ու ստանալ հնարավոր ավելի մեծ եկամուտ: Ավելին, հաճախ լինում են դեպքեր, երբ չենք տիրապետում հստակ ժամկետներին:

Կարելի է քննարկել բազում օրինակներ, սակայն պետք է արձանագրել, որ պարտատոմսերում եւ բանկային ավանդում ներդրումներ կատարելու ժամանակ անհրաժեշտ է հստակ ճշգրտել ներդրման նպատակներն ու ժամկետները, այնուհետեւ՝ հաշվի առնել ռիսկայնությունը եւ այլ գործոններ ու նոր կայացնել ճիշտ որոշումներ:

Համեմատական տարբերակներից բացի, կարելի է կառուցել խնայողությունների համակցված ռազմավարություններ: Օրինակ՝ ձեր խնայողությունների մի մասը ներդնելով պարտատոմսերում, իսկ մյուս մասը՝ բանկային ավանդում՝ դուք կարող եք ապահովել ձեր ֆինանսական պլաններին համահունչ հոսքեր:

Թվերով

30.09.2018թ. դրությամբ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տեղաբաշխվել են պարտատոմսերի 49 թողարկումներ, որոնցից 13-ը եղել են դրամով, 3-ը՝ եվրոյով եւ 33-ը՝ դոլարով՝ համապատասխանաբար 14.7 մլրդ դրամ, 18 մլն եվրո եւ 197.3 մլն դոլար ծավալով: Ընդհանուր առմամբ, տեղաբաշխվել են շուրջ 120 մլրդ դրամի պարտատոմսեր: Մինչդեռ, 30.06.2018թ. դրությամբ բանկերի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալները կազմել են շուրջ 1,752 մլրդ դրամ, որից 1,291 մլրդ դրամի ավանդները ներգրավված են ֆիզիկական անձանցից: Այսինքն, պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է ժամկետային ավանդների ծավալի 7%-ը:

30.09.2018թ. դրությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում առեւտրային բանկերի կողմից թողարկված պարտատոմսերով կատարվել է 1,029 գործարք՝ շուրջ 13,215 մլն դրամ ծավալով: Նշված ժամանակահատվածում պարտատոմսերի շրջանառելիությունը կազմել է ավելի քան 11%:

Հիմնական ընդհանրություններ եւ առանձնահատկություններ

Որպես ընդհանրություններ կարելի է առանձնացնել հետեւյալները.

- Պարտատոմսը եւ բանկային ավանդը ֆինանսական շուկայում պարտքային հարաբերություններ են կամ, այլ կերպ ասած, պարտատոմսերում կամ բանկային ավանդներում ներդրումները բանկին փոխառու միջոցներ տրամադրելն է՝ չստանձնելով դրանց հետագա օգտագործման ռիսկը:

- Առեւտրային բանկի պարտատոմս ձեռք բերելու կամ տվյալ բանկում ավանդ դնելու դեպքում պարտատոմսի սեփականատերը կամ ավանդատուն կրում է միեւնույն վարկային ռիսկը, այլ կերպ ասած՝ գումարի վերադարձի հավանականությունը նույնն է, եթե բացակայում են ժամկետային էական տարբերությունները: Ավելին, գործող օրենսդրության համաձայն, պարտատոմսերում կամ բանկային ավանդներում ներդրված գումարներն ապահովագրված են ավանդների հատուցման միեւնույն պայմաններով:

- Բանկային ավանդից եւ պարտատոմսերից ստացված տոկոսային եկամուտները հարկվում են միեւնույն 10% հարկային դրույքաչափով: Սակայն պարտատոմսի դեպքում կա մեկ առանձնահատկություն, որը կապված է շուկայում տոկոսադրույքների բարենպաստ փոփոխության արդյունքում ստացված լրացուցիչ եկամուտների հետ: Այդ եկամուտներն առաջանում են որպես վաճառքի ու ձեռքբերման գների տարբերություն: Պարտատոմսերի վաճառքից ստացված եկամուտները ՀՀ հարկային օրենսդրությամբ չեն հարկվում:

Առանձնահատկություններից կարելի է նշել հետեւյալները.

- Պարտատոմսն առավել ունիվերսալ ֆինանսական գործիք է, քանի որ բացի բանկերից, այն կարող է թողարկվել առեւտրային ընկերությունների, միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների եւ պետական մարմինների կողմից՝ ինչպես բյուջետային, այնպես էլ համայնքային ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

- Տարբերվում է պարտատոմսերով եւ բանկային ավանդների միջոցով դրամական ռեսուրսների ներգրավման կազմակերպումը: Պարտատոմսերի թողարկումը նախաձեռնվում է միայն բանկի կողմից եւ այն պարունակում է որոշակի հատուկ ընթացակարգեր, որոնք սահմանված են արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրությամբ: Մասնավորապես՝ կայացվում է պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման մասին բանկի իրավասու մարմնի համապատասխան որոշում, կազմվում եւ ՀՀ Կենտրոնական բանկում գրանցվում է պարտատոմսերի ազդագիրը, այնուհետեւ՝ կազմակերպվում է տեղաբաշխման գործընթացը որոշակի ժամանակահատվածում՝ աճուրդային կամ բաժանորդագրման եղանակներով: Նույն թողարկման բոլոր պարտատոմսերը ստանդարտացված են՝ ունեն միեւնույն անվանական արժեքը, իրավունքների միեւնույն ծավալները, շրջանառության միեւնույն ժամկետները եւ այլն: Այլ կերպ ասած, պարտատոմսերի հետ կապված հարաբերությունները կրում են հրապարակային բնույթ:

Բանկային ավանդի ներգրավումն իրականացվում է բանկային ավանդի պայմանագիր կնքելու միջոցով: Բանկային ավանդի ներգրավման ընթացակարգերը հիմնվում են բանկի եւ ավանդատուի մասնավոր հարաբերությունների վրա ու կարող են պարունակել որոշակի ոչ ստանդարտ պայմաններ. ժամկետներ, ծավալներ եւ երբեմն կարող են տարբերվել իրավունքների ծավալներով՝ չանտեսելով այն փաստը, որ քաղաքացու հետ կնքված բանկային ավանդի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է: Բացի այդ, առկա են պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաեւ բանկային ավանդի ներգրավման ենթակառուցվածքային հիմնարար տարբերություններ:

- Պարտատոմսը, ի տարբերություն բանկային ավանդի, իր գոյության ընթացքում կարող է առուվաճառքի առարկա դառնալ, այլ կերպ ասած՝ շրջանառելի է: Շատ հաճախ թողարկողները ջանքեր են գործադրում երկրորդային շուկայում պարտատոմսերի շրջանառելիության ակտիվության ապահովման համար՝ օգտվելով մարքեթ-մեյքերների ծառայությունից: Այսինքն՝ ֆոնդային բորսայում առեւտրային նստաշրջանի ընթացքում մարքեթ-մեյքերների կողմից կազմակերպվում են պարտատոմսերի առքի եւ վաճառքի գնանշումներ, որոնք հնարավորություն են տալիս պարտատոմսեր վաճառողներին ու գնորդներին վաճառել եւ գնել այդ պարտատոմսերը՝ շուկայում ձեւավորված գներով: Այս պրակտիկան գործում է նաեւ ՀՀ բանկերի թողարկած պարտատոմսերի դեպքում: Համաձայն ֆոնդային բորսայի պահանջներին՝ մարքեթ-մեյքերները յուրաքանչյուր օրվա առեւտրային նստաշրջանում պարտավոր են ապահովել տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալի 0,5%-ի չափով գնման եւ վաճառքի գնանշումներ:

- Պարտատոմսերի շրջանառելիությունից բխում է եւս մեկ առանձնահատկություն՝ գների փոփոխություն: Դրա հիմնական դրդապատճառը շուկայում տոկոսադրույքների փոփոխություններ են, որոնց արդյունքում կարող են առաջանալ եկամուտներ: Կամ կարող է առաջանալ վնաս, այսինքն՝ պարտատոմսերի վաճառքն իրականացվի ավելի ցածր գնով, քան դրա ձեռքբերման գինն է եղել: Հետեւաբար, պարտատոմսերում ներդրումները պարունակում են գնային ռիսկ, ինչը բանկային ավանդի դեպքում բացակայում է: Բանկային ավանդի վաղաժամկետ մարման ժամանակ մայր գումարի վերադարձը երաշխավորված է, սակայն այս դեպքում, որպես կանոն, չեն վերադարձվում կուտակված տոկոսները:

Ամփոփվելով, կարելի է արձանագրել, որ պարտատոմսերի ծավալների մեծացումը կնպաստի խնայողությունների ներդրման տարբերակների ավելացմանը, ինչը, մի կողմից, կբերի քաղաքացիների ակտիվ ներգրավվածությանը եւ ներդրումներում իրենց նպատակներին համահունչ ֆինանսական որոշումների կայացմանը, իսկ մյուս կողմից, ֆինանսական համակարգի զարգացման համար նոր հնարավորությունների ավելացմանը:
Դիտում՝ 13379
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai