Banks.am-ի հարցազրույցը Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի հետ- Օրերս Idram-ը հայտարարեց նոր թվային հարթակի՝ մոտ ապագայում գործարկման մասին։ Խնդրում եմ առավել մանրամասն ներկայացնել այս նախագիծը։ - Այս նախագծի մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ սա երկարատեւ ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, սակայն ես կփորձեմ բացատրել դրա էությունը։ Idram-ը բավականին երկար ժամանակ է՝ հանդիսանում է էլեկտրոնային փողերի եւ առցանց վճարումների ոլորտի առաջատար ընկերություն, մենք վայելում ենք լոյալ, բայց միաժամանակ բավականին պահանջկոտ ու ակտիվ հաճախորդների վստահությունը. նրանք գնահատում են մեր մոբայլ հավելվածի միջոցով առցանց աշխատանքի հարմարավետությունը։ Այս տարիների ընթացքում հենց մեր հաճախորդների պահանջկոտությունն ու ընկերության՝ հնարավորինս հարմարավետ ծառայություններ առաջարկելու ձգտումն են նպաստել են Idram-ի զարգացմանը: Հաճախորդը մեզ համար գլխավոր արժեքն է: Եվ այժմ եկել է նոր, որակյալ, թռիչքային զարգացման ժամանակը. այդ թռիչքը եւս միտված է ամենապահանջկոտ եւ տեխնոլոգիական զարգացումը գնահատող հաճախորդների ցանկությունների բավարարմանը, միաժամանակ՝ մենք ձգտում ենք լինել հասանելի եւ հարմար օգտատերերի ամենալայն շրջանակների համար: Այսօր հնարավոր չէ հաշվի չառնել այն փաստերը, որ սմարթֆոնները լայնորեն ներդրվել են մեր ամենօրյա կյանք, հնարավոր է կատարել վայրկյանական վճարումներ ու փոխանցումներ հեռահար ուղիներով՝ չայցելելով ծառայությունների մատակարար ընկերությունների գրասենյակներ, ի վերջո, հնարավոր է ժամանակ տնտեսել՝ խուսափելով հերթերից, ճկուն կերպով կառավարել սեփական միջոցները. այս ամենը ֆինանսական հավելվածների օգտատերերի հիմնական պահանջմունքներից են՝ գումարած հանգստի եւ ժամանցի ոչ կոմպլեմենտար ծառայությունների նկատմամբ պահանջները. ահա այսպիսին է ներկայիս օգտատերերի նկարագիրը: Իհարկե, Idram-ը կարող է ինքնուրույն մատուցել մեծաթիվ ծառայություններ, բայց՝ ոչ բոլորը: Մնացած անհրաժեշտ ու պահանջված ծառայությունները կլրացվեն գործընկեր կազմակերպությունների կողմից: Բայց օգտատերերին հարմար է օգտագործել մեկ ընդհանուր եւ հարմար առցանց ինտերֆեյս՝ թվային հարթակ: Հենց դա էր պատճառը, որ մենք որոշեցինք ստեղծել նման հարթակ՝ Marketplace: Այն թույլ կտա օգտատերերին մոբայլ հավելվածի եւ վեբ ինտերֆեյսի միջոցով հեռահար տարբերակով հաշիվ բացել համակարգում, կցել ցանկացած տեսակի միջազգային վճարային քարտեր, իրականացնել վճարումներ եւ փոխանցումներ, ճկուն կերպով կառավարել սեփական միջոցները, վճարել ավելի քան 200 ծառայության դիմաց, Idram-ի գործընկերներից ստանալ առցանց վարկեր, կատարել վարկային պարտավորությունները եւ դրամական միջոցներ փոխանցել բանկային հաշիվներին, անկոնտակտ եղանակով վճարել գնումների դիմաց գործընկեր խանութներում եւ ռեստորաններում՝ ստանալով cash back եւ շատ այլ առավելություններ:- Որքանով մեզ հայտնի է, Idram-ն էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարներից է, իսկ դա նշանակում է, որ այն բավական հաջողակ կազմակերպություն է: Դուք դժգո՞հ եք ներկայիս բիզնես մոդելից: Ինչպե՞ս եք գնահատում զարգացման հեռանկարները:- Դուք իրավացի եք: Եթե խոսենք էլեկտրոնային փողերի շրջանառության ծավալի մասին, ապա Idram ընկերությունն էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարն է: Մենք մշտապես համալրում ենք վճարային համակարգերի փաթեթը՝ լրացնելով դրանք հաճախորդների կողմից առավել պահանջված ծառայություններով, աճում է հաճախորդների քանակը, քանի որ նրանց դուր են գալիս մեր որոշումներն ու ծառայությունները: Բիզնեսի եւ ցուցանիշների տեսանկյունից մեզ մոտ ամեն ինչ կարգին է:Միաժամանակ, սակայն, մենք հաճախորդակենտրոն կազմակերպություն ենք, որի համար գլխավոր արժեքը լոյալ հաճախորդն է. նրանց շուրջ է կառուցվում մեր աշխատանքի փիլիսոփայությունը: Այդ է պատճառը, որ մենք առաջնորդվում ենք ոչ թե ներկայով, այլ կառուցում ենք մեր ընկերության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը՝ հիմնվելով այն մոդելի վրա, որ օգտատերերին անհրաժեշտ է առաջարկել ավելի ու ավելի շատ ծառայություններ մեկ ընդհանուր առցանց գործիքի միջոցով՝ բավարարելով առավել լայն շրջանակի պահանջմունքներ, քան կարող է առաջարկել մեր վճարային համակարգը: Ընդ որում, վերլուծելով օգտատերերի պահանջմունքներն ու նրանց վարքը շուկայում, մենք պարզեցինք ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունների նախընտրելի ցանկը, որն աստիճանաբար կներդրվի մեր հարթակում: Այսպիսով, մենք որոշեցինք գնալ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության եւ նրանց հետ ինտեգրման ճանապարհով, երբ ծառայությունների մի մասը մատուցվում է նրանց կողմից, բայց ամեն ինչ կատարվում է մեկ միասնական հարթակում (մոբայլ հավելվածի կամ վեբ ինտերֆեյսի տեսքով): Մենք գիտակցում ենք, որ բավականին բարդ նախագիծ ենք նախաձեռնել, եւ սա լուրջ մարտահրավեր է, սակայն վստահ ենք, որ կկարողանանք հաղթահարել դժվարություններն ու իրագործել նախագիծը: Idram-ը մշտապես եղել է շուկայի պիոները, օրինակ, 2016-ին մենք առաջինը ներդրեցինք մի շարք սրճարաններում եւ ռեստորաններում, իսկ այսօր արդեն նաեւ սուպերմարկետներում՝ QR-կոդով վճարային համակարգը: Մենք հնարավոր դարձրինք նաեւ վճարային քարտերի (Arca, Visa, Mastercard) կցումը համակարգին. լուծումներ, որոնց մասին ընդամենը վերջերս են հայտարարել այլ ընկերությունները: Վստահորեն կարող եմ ասել, որ այսուհետ եւս մեր հարթակում կկիրառվեն առաջադեմ տեխնոլոգիաները, եւ Idram-ը կպահպանի նորարար ընկերության համբավը:- Թվային հարթակի՝ մոտ ապագայում գործարկման մասին դուք հայտարարեցիք IDBank-ի հետ համատեղ: Ինչո՞ւ ձեր հարթակի գործընկերը դարձավ հենց այդ բանկը:- Իրականում Idram-ն արդեն բավականին երկար ժամանակ գործակցում է հայաստանյան մի շարք բանկերի հետ՝ հնարավորություն տալով օգտատերերին կատարել իրենց վարկային պարտավորությունները եւ համալրել այդ բանկերում իրենց հաշիվները: Չէի ասի, որ այդ բանկերի հետ գործակցությունը հեշտ եւ արագ է ստացվել. բանկերը բազմաթիվ հարցեր էին ունենում, ինտեգրման եւ համաձայնեցման գործընթացը բավականին երկարատեւ էր եւ այլն: Բանկերը հիմնականում պահպանողական կազմակերպություններ են, որոնք զգուշորեն են ընդունում նոր նախաձեռնություններ դրսից: Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ համագործակցությունը մեծ առավելություններ է տվել ե՛ւ բանկերին, ե՛ւ հաճախորդներին, որոնք կարողացել են կիրառել Idram-ի առաջարկած ճկուն լուծումներն իրենց ամենօրյա ֆինանսական կարիքները հոգալու համար: Այսօր մեզ հետ համագործակցում է հայաստանյան բանկերի մեծ մասը. դա հիմնականում վերաբերում է վարկային պարտավորությունների կատարման եւ հաշիվների համալրման հնարավորություններին, ինչը խնայում է բանկերի՝ դրամարկղային եւ հավաքագրման ծառայություններն իրականացնելու վրա վատնվող ժամանակը եւ միջոցները. այդ է պատճառը, որ գործընկերային ցանցն աճում է: Սակայն, երբ հարցը վերաբերում է առավել խոր ինտեգրմանը, բնավ ոչ բոլոր բանկերն են պատրաստ դրան մի շարք պատճառներով՝ տեխնոլոգիական, մենթալ, ռազմավարական: Այդ իմաստով IDBank-ը մեզ համար հաճելի բացառություն էր. ռազմավարական մի շարք հարցերում մենք բավականին արագ ընդհանուր լեզու գտանք: Պետք է խոստովանել, որ Idram-ն այս կամ այն ֆորմատով գործընկերային առաջարկ արել է շուկայի այլ խաղացողներին եւս, սակայն կիրառական քայլերի գործը չի հասել: Իսկ IDBank-ի հետ սկսեցինք համագործակցել, երբ ինքը՝ բանկը, մեզ ներկայացրեց մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ: Դրանց իրագործման ընթացքում մենք հասկացանք, որ տվյալ նախագիծը հնարավոր է իրականացնել այս բանկի թիմի հետ: Բանկը, ինչպես եւ Idram-ը, նորարարական տեխնոլոգիական լուծումները հաճախորդների կարիքներին ծառայեցնելու կողմնակից է: Գիտակցելով, որ մենք այլ բանկերի համեմատությամբ առավել ճկուն եւ արագ ենք որոշումներ ընդունելիս եւ նորարար գործիքներ ներդնելիս, ինչպես նաեւ արդեն իսկ իրականացրել ենք հսկայական ծավալի աշխատանք գործընկերների հետ ինտեգրման, վճարային ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, IDBank-ի մեր գործընկերները համաձայնեցին գործակցության այն ձեւաչափին, երբ յուրաքանչյուր կողմ մեկ միասնական թվային հարթակի միջոցով ներկայացնում է իր լուծումներն ու ծառայությունները: Արդյունքում Idram-ի օգտատերերը հնարավորություն կունենան ստանալ լրացուցիչ բանկային ծառայություններ, որոնք կներկայացնի IDBank-ը, իսկ բանկի հաճախորդները հնարավորություն կունենան արագ կիրառել Idram-ի հնարավորությունները: Ուզում եմ շեշտել, որ թվային հարթակը բաց է, եւ դա մեր սկզբունքային մոտեցումն է: Մենք հրավիրում ենք համագործակցության հայաստանյան այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական եւ այլ ֆինանսական ընկերությունների, ծառայությունների մատակարար այն ընկերությունների, որոնք կառաջարկեն իրենց ծառայությունները մեկ ընդհանուր պատուհանի միջոցով. ավելին՝ մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ: Մի խոսքով, Idram-ի ներկա եւ ապագա օգտատերերի համար կան եւ կլինեն շատ լավ նորություններ: - Ե՞րբ է գործարկվելու նոր հարթակը:- Որոշ ժամանակ անց մենք կսկսենք հարթակի գործարկման հետհաշվարկ: Այնպես որ, կարելի է խոսել ընդամենը մի քանի ամսվա մասին: Այս պահին մենք թեստավորում ենք համակարգը եւ մի շարք գործընկերների հետ ավարտին ենք հասցնում ինտեգրման աշխատանքները: Հետեւեք նորություններին: Tweet Դիտում՝ 84158