IDBank-ի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի հարցազրույցը Banks.am-ին- IDBank-ը 3 ամիս առաջ հայտարարեց ռեբրենդինգի մասին. իհարկե, դա բավական կարճ ժամկետ է արդյունքներն ամփոփելու համար, բայց կարծում եմ՝ կարելի է նախնական գնահատական տալ։ Ո՞րն է վերափոխման գլխավոր արդյունքը։- Ռեբրենդինգից իսկապես անցել է երեք ամիս, բայց բանկի վերափոխման գործընթացը մեկնարկել էր շատ ավելի վաղ՝ խոսքը բանկի որդեգրած նոր քաղաքականության մասին է։ Այս առումով ռեբրենդինգը եկավ ամբողջացնելու բանկի զարգացման նոր ռազմավարության տեսլականը։ Կատարված աշխատանքի արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են. բանկի գործունեության վերջին 1,5 տարվա ցուցանիշները ռեկորդային են եղել: 2018թ. առաջին կիսամյակում IDBank-ն ունեցել է ավելի քան 2,5 մլրդ դրամի զուտ շահույթ, եւ, ընթացիկ ցուցանիշներից ելնելով, վստահորեն կարելի է ասել, որ այս միտումը կպահպանվի առաջիկայում եւս։ Մեր նոր քաղաքականությունը, որի համաձայն՝ յուրաքանչյուր հաճախորդ արժանանում է անհատական մոտեցման, ստանում նոր եւ արդիական լուծումներ ու պրոդուկտներ, արդեն տալիս է իր պտուղները՝ միաժամանակ պահպանելով մեր վաղեմի հաճախորդների լոյալությունը։ 22.06.2018 | 09:42 Կարեն Նալբանդյան. Կարեւոր է վերափոխել հնացած մտածելակերպը Ժամանակակից հաճախորդը գնահատում է հարմարավետությունը, արագությունն ու անհատական մոտեցումը։ Ամփոփելով, կարող եմ ասել, որ բանկի վերափոխման գլխավոր արդյունքը հաճախորդների՝ բանկի նկատմամբ վստահության աճն է։ - Հաճախորդի հարմարավետությունը բանկային նոր պրոդուկտներում է՞լ է կարեւորվում։ Ի՞նչ նորություններ եք առաջարկում կամ առաջարկելու հաճախորդներին մոտ ապագայում։- Հարմարավետության սկզբունքը հաշվի է առնվում IDBank-ի յուրաքանչյուր պրոդուկտ ներկայացնելիս. մենք առաջարկում ենք հարմարավետ նոր քարտային պրոդուկտներ, գրավիչ պայմաններով վարկեր, բարձրացնում ենք հաճախորդների սպասարկման որակը մասնաճյուղերում՝ վերափոխելով նաեւ միջավայրը՝ այն դարձնելով առավել հաճելի թե՛ ինտերիերի, թե՛ մասնագետների հետ շփման տեսանկյունից։Ամենահարմար գործիքներից, որ պատրաստվում ենք մեր հաճախորդներին առաջարկել մինչեւ տարեվերջ, ուզում եմ հիշատակել նորաոճ, բազմաֆունկցիոնալ «Մոբայլ» եւ «Ինտերնետ» բանկինգի ծառայությունները, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին բազմաթիվ հարցեր լուծել հեռակա տարբերակով՝ տանից, գրասենյակից կամ հաճախորդին հարմար այլ վայրից։Հարմարավետությունից խոսելիս պետք է նշել, որ այս տարի IDBank-ն արդեն գործարկել է Privilege Banking ծառայությունը, երբ բանկի՝ $50 000 եւ ավելի ավանդ ունեցող հաճախորդներին լիովին անվճար հնարավորություն է տրվում սպասարկվել անհատական մենեջերների մոտ՝ հատուկ հարմարավետ սրահում, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն եւ օգտվել անհատական առաջարկներից։Սա IDBank-ի նախաձեռնությունների բնավ ոչ լրիվ ցանկն է. մենք հետեւում ենք հաճախորդների պահանջներին եւ թե՛ կորպորատիվ, թե՛ անհատ հաճախորդներին պատրաստ ենք ներկայացնել ճկուն առաջարկներ եւ հանդես գալ նորանոր պրոդուկտներով։- IDBank-ը հանդես է եկել ֆիզիկական անձանց վարկային տույժ-տուգանքներն ամբողջ ծավալով զիջման մասին հայտարարությամբ։ Ի՞նչ է արվել այս ուղղությամբ, ո՞ր փուլում է գործընթացը։- Բանկը նման հայտարարությամբ հանդես էր եկել 2018թ. հուլիսի 3-ին։ Մինչեւ օրս բանկն արդեն իսկ բավարարել է տույժերի զիջման ավելի քան 650 հայտ՝ վարկերի ամբողջական մարման կամ բանկի հետ հաշտություն կնքելու պայմանով, որի արդյունքում զիջվող տույժերի ընդհանուր գումարը գերազանցում է 500 մլն դրամը։ IDBank-ն այս քայլին գնացել է գիտակցաբար՝ գիտակցելով, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության բանկային պատմության այս նոր փուլում անհրաժեշտ է մեր հաճախորդներին եւս մեկ հնարավորություն ընձեռել՝ վերաշարադրելու իրենց վարկային պատմությունը։ Ի վերջո, բանկը միջնորդ է հանդիսանում հասարակության եւ տնտեսության միջեւ, նպաստում տնտեսության զարգացմանը։ Բացի այդ, IDBank-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է սոցիալական պատասխանատվության հստակ գիտակցմամբ, ուստի մեր որոշումը՝ երկրորդ շանս տալ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով իրենց վճարումները բանկին ուշացրած մարդկանց, առավել քան տրամաբանական է։ Չնայած բանկն արդեն զիջել է բազմաթիվ հաճախորդների, մինչեւ տարեվերջ մենք պատրաստ ենք տույժ-տուգանքների զիջման հարցում ընդառաջել բոլոր այն ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին, որոնք հաշտություն կկնքեն բանկի հետ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ համանման նախաձեռնությամբ հանդես է եկել հայաստանյան բանկերի գերակշիռ մասը, ինչը, հուսով ենք, կնպաստի, որպեսզի քաղաքացին ընկալի բանկն իբրեւ հուսալի ֆինանսական գործընկեր։ - Դատելով վերջերս լույս տեսած մի շարք հրապարակումներից՝ բանկն ակտիվ դատական գործընթացի մեջ է գործարար Գեւորգ Աֆանդյանի եւ նրա հետ փոխկապակցված կազմակերպությունների հետ: Ո՞ր փուլում է գործընթացն այս պահին:- Թվում է, թե Գեւորգ Աֆանդյանի հետ դատական գործընթացի մեջ լինելը վաղուց դարձել է սովորական առօրյայի մաս ոչ միայն IDBank-ի, այլեւ այլ բանկերի համար։ Ուղղակի այդ ամենի մեջ մեր բանկին բաժին է հասել 5 դատական գործ, որոնք գտնվում են տարբեր փուլերում եւ որոնց խնդրո առարկան ի վերջո նույնն է: Գործերից ամենահայտնին, այն է՝ Աֆանդյանների հետ գործարքի արդյունքում բանկից 22 մլն դոլարի պահանջը, որը, ի դեպ, բավարարվել էր Առաջին ատյանի դատարանի կողմից, բավականին հանգամանալից արծարծվել է մամուլում։ Վերջին զարգացումներով՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի՝ մեր դեմ կայացրած վճիռը եւ որոշել գործն ուղարկել նոր քննության։Եվ, չնայած դատարանի կայացրած վճիռը հօգուտ IDBank-ի էր, այն բանկին չի գոհացնում, քանի որ մեր փաստաբանները համոզված են՝ դատարանի տրամադրության տակ եղած փաստերը բավարար հիմքեր են պարունակում, որպեսզի հայցն առհասարակ մերժվեր, եւ գործը նոր քննության չուղարկվեր: Դա է բանկի՝ Վճռաբեկ դատարան դիմելու դրդապատճառը։ Ինչպես այդ, այնպես էլ մեր դեմ նախաձեռնված մյուս դատական գործերի հիմքերն ամբողջությամբ մտացածին են եւ արհեստական, թեեւ երեւակայության պակաս այստեղ չի զգացվում: Որպես օրինակ նշեմ, որ պարոն Աֆանդյանը նույնիսկ իր երկու ընկերությունների միջեւ է դատական վեճ սկսել եւ մեզ ներքաշել եւս մեկ արհեստական պրոցեսի մեջ: Այստեղ առկա են նաեւ մի շարք հետաքրքիր «նրբություններ». գործերից 3-ը քննում է միեւնույն դատավորը՝ Տիգրան Փոլադյանը, դրանցից 2-ի դեպքում նա վերստին գործի է դրել նույն արհեստական մեխանիզմը, երբ որպես հայցվոր եւ պատասխանող հանդես է գալիս միեւնույն ընկերությունը: Այս հնարքի շնորհիվ գործի քննությունը չի փոխանցվում Կենտրոն համայնքի դատարանին, որը, ըստ օրենսդրության, ի սկզբանե պետք է քններ գործերը, քանի որ IDBank-ը գտնվում է ք. Երեւան, Վարդանանց 13 հասցեում։ Այսինքն, ըստ էության, Առաջին ատյանի դատարանի դատավորն ընդհանրապես չպետք է վարույթ ընդուներ այս գործը, ինչը եւ մատնանշվել է Վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանած որոշմամբ։ Բանկը, հետեւելով Վերաքննիչ դատարանի որոշման տրամաբանությանը, միջնորդություն է ներկայացրել իրեն առնչվող գործերն այլ դատարան հանձնելու մասին, սակայն միջնորդությունը մերժվել է:Ասեմ ավելին՝ նույն խնդրով բանկը դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով, սակայն դիմումը մերժվել է։ Բանկերի միության միջոցով բացասական դիրքորոշում ենք հայտնել նաեւ նրա՝ Սնանկության գործերով դատավոր լինելու առնչությամբ, սակայն՝ նույնպես ապարդյուն։Եվ, այս անհիմն եւ արհեստական մեխանիզմներով ստեղծված գործերից մեկով դատաքննությունն արդեն սկսվել է։ «Աբսուրդ». այսպես կարելի է բնորոշել այս գործը, որովհետեւ հայցն ինքնին մեծ վտանգ է ներկայացնում գրավի գնահատման ինստիտուտին առհասարակ, ինչը, իմ խորին համոզմամբ, արդեն համակարգային խնդիր է։ Այս պահին կասեմ միայն, որ ակնհայտ փորձեր են արվում գրավադրված անշարժ գույքի գինը հետին թվով ուռճացնել՝ «հավասարեցնելով» կոնկրետ բիզնեսին, իսկ մեր դեպքում՝ նույնիսկ մի քանի բիզնեսների համախառն արժեքին: Որպես հիմք են բերվում մոգոնված ինչ-որ «փորձագիտական եզրակացություններ», որոնցում անտեսվում է ելակետային այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած բանկի համար գրավի առարկա անշարժ գույքը հանդիսանում է բացառապես պարտավորության ապահովման միջոց եւ բիզնեսի աղբյուր լինել չի կարող ի սկզբանե: Եվ դա էլ այն դեպքում, երբ հայտնի գործարարը շարունակել է շահագործել գործարանը՝ նույնիսկ գույքը՝ բանկի սեփականությունը դառնալուց հետո։ Վստահ եմ, որ դատական գործի ավարտից հետո հրապարակելու շատ բան կունենանք: Սակայն մեզ հրամցվող «փորձագիտական եզրակացության»՝ առողջ բանականությանը, տնտեսության օրենքներին եւ գնահատման չափանիշներին ակնհայտորեն հակասելու հարցը մեր տեսադաշտում ենք պահելու՝ անկախ այս դատական գործի ելքից: - Ուսումնասիրելով Գեւորգ Աֆանդյանի վարկային պատմությունը, պարզ է դառնում, որ IDBank-ը միակը չէ, որ խնդիրներ ունի այդ գործարարի հետ: Այսինքն, ինչպես նշեցիք, խնդիրը համակարգային է: Այս առումով ի՞նչ բացեր եք տեսնում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում եւ դատաիրավական համակարգում:- Վարկային այդ «հարուստ» պատմությունն ուշադիր ուսումնասիրողը, կարծում եմ, բազմաթիվ հետաքրքիր դրվագներ կբացահայտի՝ սկսած վարկերի ոչ նպատակային օգտագործումից մինչեւ «անհասկանալի» սնանկություններ: Նշեմ, որ պարոն Աֆանդյանն իսկապես վարկային խոշոր պարտավորություններ ունի ոչ միայն IDBank-ի, այլեւ մի շարք այլ բանկերի նկատմամբ եւ ոչ միայն. նրա գործունեությունից մեծապես տուժել են նաեւ փոքր եւ միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Օրինակ, «Սթար» սուպերմարկետների ցանցի խնդրահարույց սնանկության պատճառով նրանցից շատերը, եթե չասենք գերակշռող մասը, չեն ստացել իրենց հասանելիք գումարները, ոմանք էլ անգամ, հնարավոր է, սնանկացել են։Արդյոք սա չի՞ խոսում օրենսդրական բացերի մասին, որոնք թույլ են տալիս, օրինակ, խնդրահարույց մեխանիզմներ գործի դնել նույնիսկ դատաիրավական ոլորտում։ Ուստի, կարծում եմ, որ Աֆանդյանի եւ իր գործելաոճը որդեգրած այլ անձանց համար օրենքը պետք է սահմանի խիստ եւ արդար պատասխան՝ բիզնես վարքագծի՝ նման անթույլատրելի դրսեւորումները նախ կանխելու եւ ապա պատժելու համար: Թե՛ բանկերը, թե՛ Հայաստանի բանկերի միությունը եւ թե՛, առավել եւս, կարգավորողը պետք է համակողմանիորեն ուսումնասիրեն եւ վերլուծեն բոլոր նման դեպքերը: Դա թույլ կտա բացահայտել գործող իրավական դաշտի խոցելի կետերն ու անհրաժեշտ նորմատիվային փոփոխությունների միջոցով շտկել այդ բացերը, իսկ առերեւույթ հանցագործության տարրերի առկայության դեպքում՝ նաեւ դիմել պատկան մարմինների միջամտությանը:Ըստ իս՝ օրենսդրական բացերը բազմաթիվ են՝ սկսած գրավի դատական եւ արտադատական կարգով իրացման կարգավորումից, վարկերի ոչ նպատակային լինելու դեպքում առաջացող խնդիրներից, արհեստական սնանկությունների դեպքերից, սնանկության կառավարիչների օգնությամբ կամ առանց դրա գործընթացների ձգձգումից մինչեւ պարտքը միտումնավոր չվերադարձնելը եւ տարբեր պատրվակներով ու ճանապարհներով դատական գործընթացների երկարաձգումները: Առանձին խնդիր է դատարան դիմելու համար պետական տուրքից սնանկ կազմակերպությունների ազատված լինելու հանգամանքը, որի դեպքում անհիմն հայցապահանջների գումարների հաշվարկի մասին չեն էլ մտածում, իսկ մյուս կողմը ստիպված է լինում բողոքարկումների դեպքում վճարել պետական տուրքը, ինչն անհավասարություն է ստեղծում դատավարության կողմերի համար, մեր դեպքում այս հարցով եւս դիմել ենք Վճռաբեկ դատարան օրենքի կիրառման հստակ մոտեցում ունենալու համար:Բացերն առավել ցայտուն են դառնում այն դեպքերում, երբ քաղաքացին, ունենալով մի շարք սնանկ ճանաչված բիզնեսներ եւ բազմաթիվ անձանց հանդեպ չկատարված պարտավորություններ, շարունակում է համարվել «հաջողակ բիզնեսմեն» եւ նորանոր ծրագրեր նախաձեռնել՝ որեւէ պատասխանատվություն չկրելով իր արարքների համար: Նման դեպքերում զուտ ֆորմալիստական մոտեցումն անթույլատրելի է, քանի որ նման «հաջողակ բիզնեսմեններին» թույլ է տալիս ոչ միայն խուսափել պատասխանատվությունից, այլեւ սկսել հերթական՝ սնանկության դատապարտված ձեռնարկումն այն դեպքում, երբ բոլորը գիտեն՝ ո՞վ է սնանկների իրական շահառուն: Կարծում եմ, պետք է զարգացնել եւ ամրապնդել իրական շահառուներին բացահայտելու եւ վերջնական պատասխանատվությունը նրանց վրա թողնելու պրակտիկան: Tweet Դիտում՝ 23144