Մարտի 8-ին ընդառաջ՝ Banks.am զրուցել է շատ հետաքրքիր կնոջ՝ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Խորենացի» մասնաճյուղի տնօրեն, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Նինա Մանյանի հետ։ - Տիկի´ն Մանյան, արդեն 12 տարի է՝ ղեկավարում եք «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի առաջին՝ «Խորենացի» մասնաճյուղը: Կպատմե՞ք Ձեր անցած ուղու եւ «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմում Ձեր աշխատանքի մասին: - Կարելի է ասել ամենասկզբից` «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության հիմնադրումից էլ առաջ եմ եղել այստեղ: Մինչ այդ շուրջ 10 տարի աշխատել եմ «Կանազ» գործարանի լաբորատորիայում՝ որպես լաբորանտ: 90-ականների «մութ ու ցուրտ տարիներին», երբ մեկը մյուսի հետեւից փակվեցին արտադրամասերն ու գործարանները, շատերը, այդ թվում՝ ես, անգործ մնացինք: Ստիպված էի նոր աշխատանք փնտրել: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 2002թ. հայտնվեցի «Ռոսիա» կինոթատրոնի գետնանցման տարածքում գտնվող փոքր կրպակում։ Դավիթ Երեմյանի («Երեմյանի Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրենի) հետ միասին այնտեղ խորոված էինք պատրաստում: Նախկինում ծանոթներ չէինք եղել, կարծում եմ` ճակատագիր էր: 27.11.2017 | 09:26 Դավիթ Երեմյան՝ մեկ կրպակից մինչեւ հայտնի ռեստորանային ցանց Սկզբում փոխարինող էի, ապա որպես հիմնական աշխատող ընդգրկվեցի թիմում: Կարճ ժամանակ անց «Ռոսիա» կինոթատրոնի մոտ բացվեց «Երեւանի Խաչապուրին», իսկ 2006թ. Խորենացի փողոցում իր աշխատանքը սկսեց ամենաառաջին «Պանդոկ Երեւանը»՝ հայկական խոհանոցի իրական համն ու հոտը, մոռացված կամ մոռացման եզրին գտնվող ուտեստները ներկայացնող, սեփական ձեռագիր ունեցող հայկական ռեստորանը: Այդ տարիներին ինձ հաճախ էին հարցնում. «Երեմյանը քո եղբա՞յրն է»: Մենք ազգակիցներ չենք, բայց հոգեպես կապված ենք միմյանց հետ, բնավորության ընդհանուր շատ գծեր ունենք. երկուսս էլ համառ ենք, իսկ գործի մեջ՝ համախոհ. իրար շատ լավ ենք հասկանում: - Դուք աշխատում եք մի ոլորտում, որտեղ տղամարդիկ մեծամասնություն են կազմում: Դեռ 20 տարի առաջ Հայաստանում կին ղեկավարները քիչ էին եւ դժվարությամբ էին ընկալվում հասարակության կողմից։ Որո՞նք են եղել Ձեր ձեռքբերումներն ու դժվարություններն այս ընթացքում: - Ես գործի մեջ չեմ առանձնացնում կանանց ու տղամարդկանց. այստեղ բոլորը հավասար են: Կրպակում մյուսների հետ հավասար աշխատում էի գիշեր ու ցերեկ, ամառ ու ձմեռ` չնայած շոգին, ցրտին ու քամուն: Տաք վերարկուների մեջ կուչ եկած, կարմրած այտերով եւ սառած ձեռքերով պատրաստում էի զանազան ուտեստներ: Երբ հանկարծ նեղսրտում էի, Դավիթն ասում էր, որ սա միայն սկիզբն է, խոստանում էր, որ շուտով «սիրուն շորերով ու կտկտան կոշիկներով» եմ գործի գալու (ժպտում է-հեղ.): Այդպես էլ եղավ։ Նինա Մանյանը եւ Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Տարիների ընթացքում համոզվել եմ, որ մեծ գործերը երբեք առանց դժվարությունների չեն լինում: Անկախ գործի բնույթից՝ ցանկացած աշխատանքում ամենադժվարը սկիզբն է։ Յուրաքանչյուր նախաձեռնություն երկաթի պես է կռվում՝ մինչեւ ստանում է պատկերացրածդ ու երազածդ տեսքը։ Պարզապես պետք է զինվել համբերությամբ եւ ուժեղ լինել: Իմ «ուժեղությունը» երեւի մի քիչ շատ է եղել: Ես հոգի ու սիրտ եմ ներդրել իմ աշխատանքում եւ երբեք չեմ հիասթափվել:Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, դրանք շատ են եւ տեսանելի: Ինձ համար ամենամեծ նվաճումն այն է, որ զբաղվում եմ այն աշխատանքով, որին հավատում եմ։ Իհարկե, հպարտանում եմ, որ աշխատանքիս արդյունքում կա առաջընթաց ու դրական փոփոխություններ: Ամեն անգամ «Պանդոկ Երեւան»-ի ռեստորանների ցանցի նոր մասնաճյուղ գործարկելիս իմ ուրախությունը կրկնապատկվում, եռապատկվում, քառապատկվում է: Դավիթ Երեմյանին ոգեւորում է իմ լավատեսությունը. յուրաքանչյուր ռեստորանի բացումից առաջ, երբ միասին գնում ենք տարածքը տեսնելու, նա դիմում է ինձ. «Ի՞նչ ես կարծում, ինչպես կստացվի: Ասա՛, որ ամեն ինչ լավ է լինելու, երբ դու ես դա ասում, այդպես էլ լինում է»:Ինձ համար հաջողության նշաձողը «Պանդոկ Երեւան»-իհամբավն է, այն հաճելի փաստը, որ մեր ռեստորանները դարձել են մեր համաքաղաքացիների սիրած վայրը: Ունենք հաճախորդներ, որոնք գրեթե ամեն օր այցելում են մեզ: Թերեւս, սա մեր կարեւորագույն ձեռքբերումներից է: Մեր հաջողության մասին են խոսում հին ու նոր հաճախորդների գոհ հայացքները, շնորհակալական խոսքերը։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ իրեն զգում է ինչպես տանը՝ անկաշկանդ եւ ուշադրությամբ պարուրված: Հաճախորդի գոհ եւ շնորհակալ վերաբերմունքը մեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է:- Հավատարիմ հաճախորդների հետ կապված հետաքրքիր պատմություններ երեւի շատ ունեք:- Իսկապես շատ են, բայց այս մեկն առավել հաճախ ենք հիշում: Մի անգամ հաճախորդներից մեկը զանգահարեց եւ հարցրեց.- Ձեր խա՞շն էլ է համեղ:Այդ ժամանակ խաշը մեզ մոտ էր պատրաստվում եւ բաժանվում մեր մյուս ռեստորաններին: Մեր աշխատակիցն էլ հումորով պատասխանեց.- Խաշի մայր գործարանը մենք ենք:Այս պատմությունը մեզ համար անեկդոտ է դարձել:- 2017թ. վերջում «Երեմյան Փրոջեքթս»-ի ամենամյա ամփոփիչ ժողովին Դավիթ Երեմյանը ոսկե շքանշանով պարգեւատրեց «Երեմյան Փրոջեքթս»-ի ամենահին թիմակիցներին, այդ թվում՝ Ձեզ: Ո՞րն է այդ մրցանակի նշանակությունը Ձեզ համար:- Ավանդույթի համաձայն, Դավիթ Երեմյանը սկսում է ամենամյա տարեվերջյան ժողովները՝ հիշատակելով իմ անունը: Այս անգամն էլ բացառություն չէր: Բայց ինձ համար իսկապես անսպասելի էր այդ պարգեւին արժանանալը: Պարտավորեցնող մրցանակ է, որն ինձ ոգեւորում է ավելի ու ավելի շատ աշխատել: «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմի անդամները Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Միշտ ասում եմ, որ մինչեւ 80 տարեկանն եմ աշխատելու «Պանդոկ Երեւան»-ի Խորենացի մասնաճյուղում, հետո կցանկանամ տեղափոխվել «Երեմյան Փրոջեքթս»-ի գրասենյակ, քանի որ արդեն ծեր կլինեմ, ֆիզիկապես ի վիճակի չեմ լինի օրվա ընթացքում 3 հարկ վեր ու վար անել…(ծիծաղում է – խմբ.):- Ձեզ շատ են սիրում եւ հարգում աշխատավայրում: Սիրելի եւ հմայիչ կին, հոգատար մայր, հաջողակ ղեկավար: Ո՞րն է աշխատանքում եւ կյանքում Ձեր հաջողության գաղտնիքը: - Առաջին հերթին, լավատես լինել յուրաքանչյուր հարցում: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակում կարելի է ելք գտնել: Բնույթով պոզիտիվ մարդ եմ, միշտ ջանում եմ հասկանալ մարդկանց: - Հաջողակ մարդիկ ասում են, որ միայնակ հնարավոր չէ հասնել հաջողության, այն գրանցվում է թիմային աշխատանքի շնորհիվ: - Միանշանակ այդպես է: Միայնակ հնարավոր չէ ոչինչ անել: Մեր մասնաճյուղը մեծ ընտանիք է, որտեղ հաշվի ենք առնում յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը, միասին քննարկում, վերլուծություններ ենք անում: Մեկի աշխատանքը մյուսի աշխատանքով է պայմանավորված, hաջողությունը բոլորինս է: - Իսկ ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ հատկապես ռեստորանային ոլորտում հաջողելու համար: - Ցանկացած աշխատանքի մեջ առաջնային են կարգ ու կանոնը, պարտաճանաչությունն ու պատասխանատվության բարձր զգացումը: Ռեստորանային բիզնեսը բավական զգայուն է: Հաճախորդին գոհացնելու համար պետք է հստակ եւ գերազանց աշխատեն բոլոր օղակները: Բարյացակամություն, հանդուրժողականություն, ներողամտություն. այս հատկանիշներով պետք է օժտված լինի ամբողջ աշխատակազմը՝ պահակից մինչեւ տնօրեն: Մանուկ հասակում մի քիչ եսասեր երեխա եմ եղել՝ չորս քույր էինք, ես երրորդն էի, ընտանիքում ինձ միշտ «երես էին տալիս»: Եթե ինչ-որ մեկին չեմ սիրել, դա ակնհայտ ցույց եմ տվել: Աշխատանքիս շնորհիվ բնավորությանս այդ գիծը փոխվել է: Այստեղ եմ սովորել մարդկանց հետ ճիշտ շփվել, հարաբերություններ ստեղծել եւ արդյունավետ աշխատել: Որպես ղեկավար՝ ռեստորանային ոլորտում հաջողության հասնելու համար պետք է լինել ճշտապահ եւ օժտված կամային հատկանիշներով: Պետք է լինել բարի, դրա հետ մեկտեղ՝ մի փոքր խիստ, որպեսզի բարությունդ երբեք չչարաշահեն: - Ձեր օրվա մեծ մասն անցկացնում եք «Պանդոկ Երեւան»-ում: Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը եւ աշխատանքը:- Միշտ ձգտել եմ, որ իմ աշխատավայրը լինի տան նման ջերմ, որովհետեւ տունն այն վայրն է, որտեղ մարդ միշտ ձգտում է վերադառնալ: «Պանդոկ Երեւան»-ը մի մեծ ընտանիք է, մենք արդեն 12 տարի միասին ենք: Նինա Մանյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Կար ժամանակ, որ աշխատում էի առանց հանգստի, իսկ հիմա, երբ արդեն տատիկ եմ դարձել, հանգստյան օրերն անպայման թոռնիկներիս եմ տրամադրում. միասին գնում ենք թատրոն, ֆիլմ դիտելու, զբոսնելու:- Հաճա՞խ եք պատրաստում: Ո՞րն է Ձեր ամենասիրած ճաշատեսակը։ - Տաք ուտեստներից սիրում եմ պանրի խորոված, իշլի քյուֆթա: Նախկինում հաճախ էի պատրաստում՝ հատկապես թխվածք: Հիմա խոհանոցը ամբողջովին տղայիս կնոջը՝ հարսիս եմ վստահել: Որոշ բաներ սովորեցրել եմ, շատ ընդունակ է: Նա սիրում է պատրաստել եւ համեղ է պատրաստում:- Կինն իրեն երջանիկ է զգում այն ժամանակ, երբ… - Երբ ընտանիքդ համերաշխ է, երբ քեզ տանը սպասում են սիրով, ընտանիքիդ անդամները դիմավորում են ժպիտով, իսկ թոռնիկդ բացականչում է՝ «տատիկս եկա՜վ»:- Ձեր բարեմաղթանքը կանանց մեկամսյակի կապակցությամբ:- Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ մաղթելով երջանկություն, ներդաշնակություն, խաղաղություն: Թող որ բոլորի տանը միայն խինդ եւ ուրախություն տիրի: Ազգի միավորն ընտանիքն է, թող որ ընտանիքի բոլոր անդամները թեւութիկունք լինեն միմյանց: Tweet Դիտում՝ 19677