Արժեթղթերի շուկան սկսում է աշխուժանալ
“Վալլետտա” ընկերությունը հանդես եկավ պարտատոմսերի թողարկմամբ

03.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Կապիտալ" (Երեւան), 03.07.07.

Հայաստանի տնտեսությունում ամիսների պատմություն ունեցող արժեթղթերի շուկայի ակտիվացման գործընթացը օր օրի լայն թափ է առնում: Նոր սկսված գործընթացներն այս ոլորտում կարծեք թե շեշտակի զարգացում ստացան ՀՀ ֆոնդային բորսայի նոր սեփականատիրոջ` շվեդական OMX-ի մուտքով, թեեւ առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ տնտեսությունն իր բնականոն ընթացքով զարգացել եւ հիմա արդեն հասունացման նշաններ է հանդես բերում: Ընդամենը վերջին մի քանի ամիսների ընթացքում միանգամից մի քանի հայկական ընկերություններ հանդես եկան արժեթղթերի թողարկմամբ: Այս ընկերությունների շարքը լրացնելու է գալիս “Վալլետտա” ընկերությունը, որը հանդես է գալիս արժեկտրոնային եւ ոչ փաստաթղթային պարտատոմսերի թողարկմամբ:

Հունիսի 30-ին “Արմսվիսբանկում” տեղի ունեցավ պարտատատոմսերի երաշխավորված տեղաբաշխում կազմակերպելու վերաբերյալ պայմանագրի ստորագրում: Հայաստանում պարտատոմսերի թողարկման այս ձեռնարկը աննախադեպ է մի քանի առումներով: Նախ, տեղաբաշխումն իրականացվում է տեղաբաշխող խմբի միջոցով: Խմբի կազմում մտնում են Գլխավոր տեղաբաշխողը` “Արմսվիսբանկը”` 175 մլն դրամ արժողությամբ պարտատոմսերի տեղաբաշխման իրավունքով եւ տեղաբաշխման խմբի եւս երեք անդամներ` “Կոնվերս Բանկը»` 75 մլն դրամ, “Զարգացման հայկական բանկը” (ADB) եւ “Ֆյուչեր Քափիթալ Մարքետ” ներդրումային ընկերությունը` 50-ական մլն դրամ: Թողարկումը աննախադեպ է նաեւ իր ծավալներով եւ շուկայում առկա պարտատոմսերի եկամտաբերության հանդեպ ունեցած եկամտաբերության էական տարբերություններով: Թողարկման ծավալը կկազմի 350 մլն դրամ` 7000 արժեթուղթ` յուրաքանչյուրը 50000 դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 18 ամիս է, տարեկան եկամտաբերությունը` 10.5%: Արժեկտրոնային պարտատոմսերի վճարումները կիրականացվեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Պարտատոմսերը երաշխավորված են “Վալլետտա” ընկերության գույքով եւ այլ ակտիվներով, ինչպես նաեւ սեփականատերերի կողմից լրացուցիչ երաշխավորությամբ: Ընդ որում, “Վալլետտան” նախատեսում է մինչեւ տարեվերջ թողարկման ընդհանուր արժեքը մի քանի փուլով հասցնել 7.7 մլն դոլարի: Պարտատոմսերի նոր խմբաքանակի թողարկումը իրականացվելու է օգոստոսին:

Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանի փոխանցմամբ` արդեն այս շաբաթվա սկզբին գործարքին վերաբերող փաստաթղթերը կներկայացվեն ԿԲ-ի հաստատմանը: “Հուլիսի վերջին նախատեսվում է արժեթղթերի լիսթինգի ընթացակարգ անցնել ArmEx բորսայում եւ դուրս գալ ՌԵՊՕ- համաձայնագրերի շուկա: Ի սկզբանե մենք երկրորդային շուկա պարտատոմսերի ակտիվ մուտքի նպատակ էինք հետապնդում, եւ հենց այդ պատճառով “Արմսվիսբանկին” տրամադրվել է բրոքերային-դիլերային եւ ավանդատվական գործունեության լիցենզիա՚,- նշեց Գ. Մաչանյանը: Ըստ “Արմսվիսբանկի” գործադիր տնօրենի` ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախապայմանները երկրորդային շուկայում պարտատոմսերի ակտիվ շրջանառության համար, քանի որ վերջիններս գրավիչ են ոչ միայն որպես ուղղակի ներդրումային, այլ նաեւ որպես իրացվելիության կառավարման գործիք, եւ գրագետ կառավարման դեպքում դրանց եկամտաբերությունը կարելի է հասցնել 15-20%-ի: Թողարկող ընկերության համար այս գործարքը կարող է հիմք դառնալ հետագայում այս ոլորտում լայն հնարավորությունների ստեղծման առումով: Մասնավորապես, ինչպես նշեց Գ. Մաչանյանը, սա հնարավորություններ է տալիս որոշակի պայմաններ կատարելու դեպքում հետագայում երկարացնել պարտատոմսերի թողարկման միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը, դիվերսիֆիկացնել թողարկումները եւ, փաստորեն, այդ կերպ կարողանալ ռեալ պլանավորել ֆինանսական հոսքերը: Կայուն վարք հանդես բերելու դեպքում պարտատոմսերի հետագա թողարկումը կարող է վերաֆինանսավորման հնարավորություն տալ: Փաստորեն այդ կերպ թողարկող ընկերությունը հարաբերական անկախություն է ձեռք բերում: Ավելի ուշ ընկերությունները կարող են դուրս գալ արտաքին շուկաներ եւ այստեղից ներգրավել ֆինանսական ռեսուրսներ:

“Վալլետտա” ընկերության ֆինանսական ծրագրերի ղեկավար Աննա Գեւորգյանը նշեց, որ պարտատոմսերի թողարկմամբ ընկերությունը հնարավորություն է ստանում լուծել ռազմավարական նշանակության մի քանի խնդիրներ: Ընդհանուր առմամբ ֆինանսական ռեսուրսները կուղղորդվեն ֆինանասական աղբյուրների վերակառուցմանը, փոխառու միջոցների գնի նվազեցմանը եւ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ըստ նրա` դրանց մի մասը կհատկացվի շրջանառու միջոցների համալրմանը: Կապիտալ ներդրումների մասին խոսելիս մասնավորապես նշվեց Հայաստանում իտալական Segafredo Zanetti սրճարանային ցանցի ֆրանչայզինգի մասին: Արդեն 2007թ. նախատեսվում է Երեւանի կենտրոնում բացել նմանատիպ երկու սրճարան, որոնցից մեկը կլինի Հյուսիսային պողոտայում: Ա. Գեւորգյանը նշեց, որ շրջանառու միջոցներն անհրաժեշտ են ընկերության գործունեության ներմուծման բաղադրիչի ավելացման եւ մանրածախ շուկայի հետագա զարգացման համար բավարար ապրանքային պաշարների ձեւավորման համար` ի դեմս “Վալլետտա”-ի հետ փոխկապակցված ՙՍթար՚ խոշորագույն սուպերմարկետների ցանցի:

“Վալլետտա” ընկերությունը հայկական առաջատար ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1990թ., եւ ներկայումս իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ ընկերություն` իր մեջ ներառելով մի քանի տեսակի հիմնական գործունեություններ, որոնք են մանրածախ եւ մեծածախ առեւտուրը, Ariston եւ Ardo կենցաղային տեխնիկայի վաճառքը, Biella մսամթերքի արտադրությունը, Genex թեյի փաթեթավորումը, Premier սուրճի արտադրությունը, SFC արագ սննդի ցանցը, Պլենեռ ռեստորանը, “Կոմֆորտ” եւ “Կոմֆորտ պլյուս” խանութների ցանցը: Մինչեւ 2006թ. ընկերության կազմի մեջ էր մտնում նաեւ “Սթար” սուպերմարկետների ցանցը, որը նրա կազմից դուրս գալով` այժմ հանդես է գալիս որպես առանձին տնտեսական միավոր: “Վալլետտան”, ըստ 2006թ. ֆինանսական հաշվետվության, անցած տարի ունեցել է 4.132 մլն դրամի հասույթ եւ 385 մլն դրամ մաքուր շահույթ: Հարկերի մեծությամբ ընկերությունը 2006թ. արդյունքներով զբաղեցնում է 40-րդ տեղը` 1.110 մլն դրամ ընդհանուր ցուցանիշով:

Դիտում՝ 7421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai