Գագիկ Գյուլբուդաղյան. Պատրաստվում ենք «Գրանթ Թորնթոն» հիմնել Լիբանանում

26.12.2017 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Գագիկ Գյուլբուդաղյան #Գրանթ Թորնթոն
Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:

- Պրն Գյուլբուդաղյան, վերջերս վերընտրվել եք «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի խորհրդի անդամ: Ինչպե՞ս է «փոքրիկ» Հայաստանի «Գրանթ Թորնթոն»-ին հաջողվում նման լուրջ դերակատարում ունենալ գլոբալ ընկերությունում:

- Մեզ համար մեծ պատիվ է ներկայացված լինել «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի խորհրդում, որտեղ 144 երկրներից ընդգրկված են միայն 12-ը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան եւ Չինաստանը: Խորհրդի անդամ վերընտրվել եմ երեք տարի ժամկետով, աշխատում եմ ռիսկերի կառավարման եւ ցանցի կառավարման կոմիտեներում:

Տնօրենների խորհուրդը կոչված է նախանշելու կազմակերպության ռազմավարական զարգացման ուղիները, քննարկելու տարատեսակ ընթացիկ ծրագրեր՝ ուղղված, օրինակ, կիբերանվտանգության ապահովմանը կամ աուդիտի ծրագրի վերազինմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է Հայաստանի նման փոքր երկրին հաջողվում ընդգրկված լինել «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» գլոբալ ընկերության խորհրդում, նշեմ, որ մեր ընկերությունը բավական ակտիվ դեր ունի տարածաշրջանում:

Բացի ՀՀ շուկայում աշխատելուց՝ մենք հաճախորդներ ունենք ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Դանիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Բելառուսում եւ այլն: Մենք նաեւ հիմնադրել ենք «Գրանթ Թորնթոն» ցանցի անդամ-ընկերություններ մի քանի երկրներում եւ դրանով չենք սահմանափակվելու. նախատեսում ենք ընդլայնել մեր տարածաշրջանային գործունեությունն ու աշխատել նոր շուկաներում:

- Տարածաշրջանային ընդլայնման եւ նոր շուկաներ գրավելու հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը:

- «Գրանթ Թորնթոն»-ի երեւանյան գրասենյակն այսօր մեր տարածաշրջանում հանդես է գալիս որպես «լավագույն փորձ»: Մեր մասնագիտական գիտելիքներն օգտագործվում են տարբեր երկրների նշանակալի նախագծերում:

Ինչպես արդեն նշեցի, մենք հիմնադրել ենք «Գրանթ Թորնթոն» ընկերություններ Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ այս տարի սկսել ենք աշխատել նաեւ Մոնղոլիայում: Այս երկրներում «Գրանթ Թորնթոն»-ի ընդհանուր ռազմավարությունն ու կարեւոր ծրագրերը մշակվում են ինչպես տեղի ղեկավարության, այնպես էլ երեւանյան գրասենյակի կողմից: Ամեն կերպ օժանդակում ենք այդ ծրագրերի իրագործմանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ ստացանք լավ լուր, որով կուզենայի կիսվել: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կողմից թույլտվություն ենք ստացել «Գրանթ Թորնթոն» ցանցի անդամ-ընկերություն հիմնադրելու համար նաեւ Լիբանանում: Լիբանանը տարածաշրջանի կարեւոր ֆինանսական եւ բիզնես կենտրոնն է. մեծ հետաքրքրություն կա այս շուկայի հանդեպ աշխարհի տարբեր կողմերից՝ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ, իհարկե, արաբական երկրների կողմից: Մեզ համար Լիբանանն առանձնահատուկ կարեւորություն ունի նաեւ, քանի որ հանդիսանում է հայկական Սփյուռքի ամենամեծ օջախներից մեկը: Մեծ ակնկալիքներ ունենք այս նախաձեռնությունից:

- Հայաստանը Եվրամիության հետ վերջերս կնքել է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Ի՞նչ հնարավորություններ է այն բացում հայաստանյան ընկերությունների, այդ թվում՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի համար:

- Ըստ իս՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումը շատ ճիշտ որոշում էր, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի տնտեսության համար: Ակնկալում ենք մեծ քանակի նոր նախագծեր, որոնք կլինեն շատ ավելի խորացված եւ հետաքրքիր: Մեր ընկերությունը Եվրամիության ծրագրերի հետ աշխատանքի մեծ փորձ ունի, հետեւաբար՝ պատրաստ ենք մեր ծառայություններն ուղղել այդ նախագծերի իրագործմանը:

Հայաստանն այսօր տարածաշրջանի այն ունիկալ երկրներից է, որը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, համագործակցում է նաեւ ԵՄ-ի հետ. այս ամենից մենք, միանշանակ, օգուտ ենք քաղելու:  

- Տեխնոլոգիաները մտել են կյանքի բոլոր ոլորտները՝ գրավելով նաեւ ֆինանսական աշխարհը: Սրանից անմասն չեն մնում նաեւ աուդիտորական ընկերությունները: Ի՞նչ մոտեցում ունի Ձեր ընկերությունը նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ:

- Նորագույն տեխնոլոգիաներն այսօր փոխում են ոչ միայն տարբեր երկրների շուկաների զարգացումը, այլեւ ուղղակիորեն ազդում են մեր մասնագիտության վրա: Մենք փորձում ենք կանխատեսել հնարավոր փոփոխություններն ու շարժվել դրանց համընթաց՝ մեր ոլորտում ներդնելով տեխնոլոգիական նորամուծություններ եւ առաջադեմ լուծումներ:

Այսօր մենք մշակել եւ առաջարկում ենք ոլորտի ամենաթարմ ծառայությունները. բանկերին առաջարկում ենք ISO 27001 սերտիֆիկացում, որը կիբերանվտանգության ցուցանիշ է, առաջարկում ենք վարկային քարտերի քարտապանների ինֆորմացիոն անվտանգության աուդիտ, SWIFT համակարգի աուդիտ, որը համակարգի կողմից 2018-ից պարտադիր է դառնալու բանկերի համար, իրականացնում, այսպես կոչված penetration tests, որի համար ունենք հատուկ թույլտվություն:

Ի դեպ, «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը թերեւս միակ կազմակերպությունն է այս տարածաշրջանում, որն ունի կիբերանվտանգության հետ կապված բոլոր որակավորումները, սերտիֆիկացումներն ու թույլատվությունները՝ մատուցելու տարատեսակ ծառայություններ ՏՏ եւ կիբերանվտանգության ոլորտում:

- 2017թ. մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ն էր տարին «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի համար՝ ընդհանուր գործունեության եւ ֆինանսական արդյունքների տեսանկյունից: Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2018-ից:

- 2017-ը նշանակալի տարի էր մեզ համար. այս տարի նշեցինք մեր ընկերության՝ «Գրանթ Թորնթոն» բրենդի ներքո գործունեության 20-ամյակը: Լինելով ոլորտի առաջատարը Հայաստանում՝ շարունակաբար գրանցում ենք ֆինանսական կայուն աճ (2016թ. տվյալներով՝ 18%): 2017թ. ֆինանսական արդյունքները կամփոփենք 2018թ. սկզբին, սակայն այսօր արդեն զգալի աճ ենք կանխատեսում նախորդ տարվա համեմատ: Մեր ծառայությունների զգալի հատված արտահանվում է այլ երկրներ:

Այս տարի կարողացանք կյանքի կոչել տարեսկզբին նախատեսված բոլոր ծրագրերը: Հնարավորություն ունեցանք ընդլայնելու մեր գործունեությունն այլ երկրներում՝ բացելով «Գրանթ Թորնթոն» Մոնղոլիայում եւ դնելով Լիբանանում գործունեություն սկսելու հիմքերը:

2018-ի համար ռազմավարական հետաքրքիր ծրագրեր ենք նախատեսել, շարունակելու ենք ակտիվ գործունեություն ծավալել եւ առաջ շարժվել:

Գագիկ Գյուլբուդաղյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 19451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW