EY. Տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ տեղեկացվածության պակաս կա

19.10.2017 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#EY #Եվգենիա Վետեր #տրանսֆերային գներ
Հայաստանում Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում է 2018թ. հունվարի 1-ից  տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ նոր մոտեցումներ կիրառել: Մասնավորապես, նոր օրենսդրությամբ հարկային մարմիններն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեն փոխկապակցված անձանց միջեւ (այդ թվում՝ ընկերությունների խմբի անդամներ) գործարքներում գների համապատասխանությանը շուկայականին:

Այս առնչությամբ EY (Ernst & Young) ընկերությունը հոկտեմբերի 13-ին Երեւանում սեմինար էր անցկացրել՝ «Տրանսֆերային գնագոյացում. հիմնական մարտահրավերները եւ հաջորդող քայլերը» թեմայով:

Սեմինարի շրջանակում Banks.am-ը զրուցել է EY ընկերության գործընկեր, ԱՊՀ երկրների Տրանսֆերային գնագոյացման ծառայությունների ղեկավար Եվգենիա Վետերի հետ:

- Տրանսֆերային գնագոյացման հետ կապված ի՞նչ հարցեր եք քննարկել սեմինարի ընթացքում: Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում ՀՀ հարկատուներին:

- Սեմինարի ընթացքում անդրադարձել ենք ՀՀ Հարկային նոր օրենսգրքում տրանսֆերային գնագոյացման կանոններին, հարեւան երկրներում դրանց կիրառման գործնական օրինակներին, հարկատուների հետ քննարկել ենք այդ նոր կանոններին համապատասխանելու համար անհրաժեշտ նախապատրաստական քայլերը:

Նոր օրենսգրքի համաձայն՝ փոխկապակցված անձանց միջեւ գործարքները պետք է իրականացվեն շուկայական սկզբունքներով, այսինքն՝ գները չպետք է տարբերվեն շուկայականից: Հարկային մարմնին տրվում է լիազորություն՝ վերահսկելու այս գործարքները, իսկ հարկատուները պարտավորվելու են ներկայացնել նման գործարքներում գների ձեւավորման հիմնավորումը: Վերահսկողության դաշտ են ընկնում նաեւ օֆշորներում գործող ընկերությունների հետ կատարված գործարքները:

Հայաստանում, ինչպես եւ մյուս երկրներում, տրանսֆերային գնագոյացման կանոնների ներդրման այս փուլում ընկերություններին անհանգստացնող առաջնային խնդիրը տեղեկատվության պակասն է: Հարկատուների մոտ բացակայում է գների հիմնավորման հմտություններն ու փորձը, որը բնական է եւ պետք է ձեւավորվի ժամանակի ընթացքում: Այս հարցում շատ կարեւոր է, որպեսզի հարկային մարմինն ընդառաջ գնա եւ բաց երկխոսություն վարի հարկատուների հետ: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն իսկապես մտահոգված է եւ աշխատում է այս ուղղությամբ. առաջիկայում այն նախատեսում է տրանսֆերային գնագոյացման որոշ տեխնիկական մանրամասների վերաբերյալ պարզաբանում հրապարակել, որը թույլ կտա հստակեցնել թեման եւ նվազագույնի հասցնել կողմերի միջեւ հնարավոր վեճերը:

Հարկատուների մյուս անհանգստությունը կապված է հարկային գաղտնիք համարվող տեղեկատվության օգտագործման հետ: Չնայած օրենքն արգելում է նման տեղեկատվության օգտագործումը հարկային ստուգումների ժամանակ, այդուհանդերձ, ընկերությունները շարունակում են մտահոգված լինել, որ հարկային մարմինը կարող է օգտագործել այս տեղեկատվությունը, որը հասանելի չէ անձամբ հարկատուին:

Հետեւաբար՝ շատ ավելի կարեւոր է, թե ինչպես են կանոնները կիրառվելու կոնկրետ իրավիճակներում: Ցավոք սրտի, մյուս երկրներում երբեմն հանդիպում ենք նման տեղեկատվության ոչ նպատակային օգտագործման դեպքերի: Ամեն դեպքում, հայաստանյան հարկատուները կառավարությունից արդարացի մոտեցում են ակնկալում:

- Նոր կանոններին համապատասխանելն ընկերությունների համար որոշակի գումար «կարժենա»: Որքանո՞վ են պատրաստ ՀՀ ընկերությունները նոր օրենսդրությանը, եւ որքանո՞վ են այս կարգավորումներն արդիական Հայաստանի համար:

- Օրենքի ներդրումը սկզբնական շրջանում, իսկապես, ընկերությունների համար որոշակի ծախս կառաջացնի: Կազմակերպությունը պետք է պատրաստի գների հիմնավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ ամեն տարի թարմացնի դրանք: Սկզբնական շրջանում, երբ դեռեւս բացակայում են անհրաժեշտ հմտություններն ու փորձը, ընկերությունը սովորաբար ներգրավում է խորհրդատուների, որոնք արդեն մասնագիտացած են այս ոլորտում՝ գործելով այլ երկրներում: Իսկ հետագայում այս ծախսերը պետք է նվազեն: Չեմ կարծում, թե դրանք զգալի կլինեն ընկերության համար:

Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կանոնակարգումն արդիական է նաեւ այն առումով, որ վերահսկողության դաշտ են մտնելու ինչպես միջսահմանային խոշոր գործարքները, այնպես էլ երկրի ներսում կատարվող գործարքների մի մասը: Ինչ վերաբերում է այս գործարքների ընդհանուր ծավալներին, ապա դեռեւս կոնկրետ գնահատական չունեմ, սակայն դրանք կարելի է հավաքել արտաքին առեւտրի վիճակագրությունից՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարկատուի գծով վերահսկվող բոլոր գործարքների ընդհանուր գումարը պետք է գերազանցի տարեկան 200 մլն դրամը:

- Ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ նոր օրենսդրության ներդրումը գործարար միջավայրի եւ ներդրումային գրավչության վրա:

- Չնայած այն բանին, որ օրենքը հարկատուների համար լրացուցիչ պարտավորություններ է նախատեսում, սովորաբար նման կանոնների ներդրումն օտարերկրյա ներդրողների կողմից դրականորեն է ընկալվում: Արտասահմանցի գործարարները ցանկանում են վստահ լինել, որ գործարքի երկու կողմերում էլ հարկային մարմինների կողմից գործում են միատեսակ մոտեցումներ, իսկ գործարքում կիրառվող գները շուկայական են եւ արդարացի: Եվ եթե երկիրը ներդնում է միջազգային սկզբունքներին համապատասխանող կանոններ, ապա դա, միանշանակ, պետք է ողջունվի գործարար հանրության կողմից:

ՀՀ հարկատուների հետ մեր շփման արդյունքում կարող եմ ասել, որ նրանք բավական լուրջ են տրամադրված այս փոփոխությունների նկատմամբ եւ արդեն սկսել են պատրաստվել:

- Խնդրում եմ ներկայացնել մյուս երկրներում տրանսֆերային գնագոյացման ոլորտի փորձը: Որքանո՞վ է Հայաստանի օրենսդրությունը նման մյուս երկրներին եւ ի՞նչ առանձնահատկություններ այն ունի:

- Տրանսֆերային գնագոյացման ոլորտում մենք աշխատում ենք Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Բոլոր այս երկրներում օրենսդրությունները բավական նման են: Բնական է, որ կան որոշակի տարբերություններ՝ կապված տվյալ երկրի առանձնահատկությունների հետ, եւ հիմնականում վերաբերում են նրան, թե երկիրը կոնկրետ որ գործարքների վրա է կենտրոնանում առաջին հերթին: Այսինքն՝ կան տարբերություններ դետալներում, սակայն, ընդհանուր առմամբ, մոտեցումները շատ թե քիչ միատեսակ են:

Հանգամանորեն մշակված օրենսդրության ընդունումը, անշուշտ, կարեւոր է, սակայն շատ ավելի կարեւոր է դրա պատշաճ կիրառությունը: Հենց այս հարցում են տարբերություններ առաջանում երկրների միջեւ:

Չեմ կարող ասել, թե Հայաստանում օրենսդրությունն էապես տարբերվում է մյուս երկրներից. դրա մշակման ժամանակ օգտագործվել է այլ երկրների փորձը: Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ գների վերահսկողության դաշտում են գործարքները ոչ միայն օտարերկրյա խմբի անդամների, այլեւ անկախ կոնտրագենտների միջեւ, եթե առկա է տնտեսական կախվածություն: Վերջինս հստակ ներկայացված է օրենքում: Սա, ինչ-որ առումով, առանձնահատուկ պահ է, որը նաեւ պարունակում է որոշակի անորոշություն եւ հարկատուների մոտ առաջացնում հարցադրումներ առ այն, թե ինչպես են իրենք ապացուցելու գների շուկայական լինելու փաստն անկախ ընկերությունների հետ գործարքներում:

Եվգենիա Վետերի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 76358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW