Էդվարդ Նասբաում. «Գրանթ Թորնթոն»-ը շահել է իր հայաստանյան անձնակազմի հարցում

20.04.2017 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#«Գրանթ Թորնթոն» #Էդվարդ Նասբաում #աուդիտ
Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի հետ, որը Երեւան է ժամանել «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

- Լինելով աուդիտի եւ խորհրդատվության ոլորտում աշխարհի առաջատար ցանցերից մեկի ղեկավարը՝ ի՞նչ պատկերացումներ ունեք ոլորտի գլոբալ միտումների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղղությամբ կզարգանա այս բնագավառը առաջիկա 10 տարիներին:

- Կարծում եմ՝ առաջիկա տարիներին հիանալի հնարավորություններ կձեւավորվեն ոլորտում, որոնք կնպաստեն ինչպես աուդիտի, այնպես էլ խորհրդատվության զարգացմանը: Նախորդ տասնամյակում մենք բավական մեծ առաջընթաց ենք գրանցել, եւ առջեւում մեզ սպասվում են ավելի մեծ հնարավորություններ:

Շուկայում արդիականությունը պահպանելու հարցում մեզ համար կարեւոր նշանակություն ունի նորարարությունը: Տեխնոլոգիաների կիրառումը ռազմավարական առաջնահերթություն է ընկերության համար՝ ծառայությունների սպեկտրի ընդլայնման, Հայաստանում եւ աշխարհում կապիտալի շուկաների զարգացման տեսանկյունից: Բացի այդ, նորարարությունն անհրաժեշտ է բիզնեսի, կառավարության եւ այլ կազմակերպությունների զարգացմանն օժանդակելու հարցում: Կարծում եմ՝ առաջիկայում ականատես կլինենք տեխնոլոգիական մեծաթիվ նորամուծությունների:
 
Այդուհանդերձ, առաջընթացի կարեւորագույն գործոնը ոլորտում լավագույն կադրերի ներգրավումն է: Վերջին տարիներին մենք բավական արդյունավետ աշխատել ենք այս ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է շարունակել խելացի մարդկանց ներգրավումը ընկերության անձնակազմում:

Շատերն են փորձում հասկանալ՝ որն է աուդիտորական կազմակերպությունների առաքելությունը: Պատասխանը հետեւյալն է՝ մեր նպատակն է օգնել երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, բարելավել տնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր եւ հնարավորություններ, ինչպես նաեւ ձեւավորել կապիտալի կայուն շուկա:

Երկարաժամկետ հեռանկարում աուդիտի եւ խորհրդատվության զարգացման բազմաթիվ հնարավորություններ կան: Ես լավատես եմ եւ հուսով եմ, որ մեր մասնագիտության կարեւորությունն առաջիկա 10 տարիներին միայն կաճի:

- Ի՞նչ նոր ծառայություններ եք նախատեսում ներդրել «Գրանթ Թորնթոն»-ում առաջիկա տասնամյակում:

- Նոր ծառայությունների մասին խոսելիս պետք է առաջին հերթին հարցնել՝ ինչպես են ինովացիոն տեխնոլոգիաներն անդրադառնալու մեր գործունեության վրա: Կարճաժամկետ հեռանկարում մենք ականատես կլինենք կիբերանվտանգության եւ բլոկչեյն տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառմանը, որը կնպաստի ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների մատակարարման որակը բարելավելմանը:

«Գրանթ Թորնթոն»-ն արդեն իսկ բավական աշխատանքներ է տանում կիբերանվտանգության ուղղությամբ՝ օգնելով բանկերին, խոշոր ընկերություններին եւ կառավարությանը՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավելու իրենց կառավարման եւ վերահսկողության համակարգերը:

Ըստ իս՝ տեխնոլոգիաների դերը գնալով աճելու է: Դժվար է գուշակել՝ կոնկրետ ինչ կբերի ժամանակն իր հետ՝ արհեստական ինտելեկտ, տվյալների վերլուծության նորագույն համակարգեր, թե այլ նորամուծություններ, այդուհանդերձ, դրանք վստահաբար կանդրադառնան մեր՝ արդեն ունեցած ծառայությունների վրա, ինչպես նաեւ հնարավորություն կտան՝ ստեղծելու նոր պրոդուկտներ:

Ընդհանուր առմամբ, մենք հաճախորդներին դիտարկում ենք երկու տեսանկյունից. նախ՝ որպես գլոբալ կազմակերպություններ՝ օգնելով նրանց ձեռք բերել միջազգային պայմանավորվածություններ եւ օգտվել ավելի լայն հնարավորություններից, եւ երկրորդ՝ սեփականատիրոջ կողմից կառավարվող, միջին չափի մասնավոր ընկերություններ՝  օգնելով նրանց սկսել գործունեությունը, բարգավաճել եւ դառնալ ավելի մրցունակ շուկայում: Այդուհանդերձ, այս երկու ուղղությունները կարող են հատվել, քանի որ այսօրվա շատ ստարտափներ ձգտում են գլոբալ դառնալ: Մեր խնդիրներից է նպաստել ինչպես գլոբալ կազմակերպությունների, այնպես էլ ամենափոքր ընկերության զարգացմանը:

- Որո՞նք են «Գրանթ Թորնթոն»-ի ռազմավարական առաջնահերթություններն առաջիկա 5 տարիների համար:

- Մենք մոտ մեկ տարի առաջ որդեգրեցինք «Համատեղ աճ 2020» ռազմավարությունը, որտեղ հիմնարար են մեր գլոբալ արժեքները՝ համագործակցություն, առաջնորդություն, գերազանցություն, արագություն, հարգանք եւ պատասխանատվություն: Մեր թիրախն է՝ համագործակցություն ամբողջ աշխարհով մեկ. ներկայում աշխարհի 130 երկրում ընկերություններ ունենք, որոնցում ներգրավված է շուրջ 47 հազ. աշխատակից:

Մեր «Համատեղ աճ 2020» ռազմավարությունը հիմնված է երկու գաղափարի վրա՝ ունենալ լավագույն աշխատակիցները, ստեղծել աշխատանքային այնպիսի պայմաններ, որոնք կգրավեն տաղանդավոր մասնագետների եւ փորձագետների, վերջիններն էլ  իրենց եռանդն ու ոգեւորվածությունը կփոխանցեն հաճախորդներին: Մյուս գաղափարն է՝ աշխատել այնպես, որ հաճախորդը սիրով համագործակցի «Գրանթ Թորնթոն»-ի հետ:  Թեեւ երբեմն ստիպված ենք լինում հաճախորդներին կոշտ խորհուրդներ տալ՝ նրանց փոփոխությունների դրդելու համար, այդուհանդերձ, մեր նպատակն է լինել վստահված հաճախորդների կողմից:

Մեր ռազմավարության առաջնահերթություններից է նորարարությունն ու տեխնոլոգիաների կիրառումը, որոնց արդեն անդրադարձել ենք. ինչպես դառնալ ավելի նորարար, ստեղծել վերլուծական կենտրոններ, անցկացնել կոնֆերանսներ եւ քննարկումներ՝ տեխնոլոգիական նորարարությունները դարձնելով առավելություն:

- Աուդիտն ու խորհրդատվությունը համեմատաբար «երիտասարդ» ուղղություն են հայաստանյան շուկայի համար, մինչդեռ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն արդեն նշում է իր հիմնադրման 20-ամյակը: Ո՞րն է եղել Հայաստանում ընկերության դերը՝ առանձին ոլորտի եւ ընդհանուր տնտեսության զարգացման տեսանկյունից:

- Մեզ հաջողվել է ընկերությունում ներգրավել Հայաստանում առկա լավագույն կադրերին եւ մարդկանց: Բերեմ օրինակ` «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետերը նաեւ «Գրանթ Թորնթոն»-ի Գլոբալ խորհրդի անդամ է. վերջինում ներկայացված է միայն 12 երկիր, այդ թվում` Հայաստանը, եւ սա շատ տպավորիչ է:

Բացի այդ, Հայաստանը մեր տարածաշրջանային գլխամասերից է, որտեղից մեր գլոբալ թիմի հայաստանյան մասը սպասարկում է տարածաշրջանը: Երկար տարիներ «Գրանթ Թորնթոն»-ը ներդրումներ է կատարել Հայաստանում եւ շարունակում է կատարել` կառուցելով հիանալի թիմ: Միաժամանակ, մենք հասցրել ենք «հետ գնել» այդ ներդրումները, քանի որ հայաստանյան ընկերությունն էլ իր հերթին ներդրումներ է կատարել տարածաշրջանի այլ երկրներում՝ օգնելով կյանքի կոչել մեր գլոբալ նախաձեռնությունները, ինչը փոխշահավետ է բոլոր կողմերի համար: Վստահ կարող եմ ասել՝ «Գրանթ Թորնթոն»-ի տեսանկյունից Հայաստանում ընկերություն ունենալը լավ հնարավորություն է:

«Գրանթ Թորնթոն»-ը Հայաստանում աուդիտորական առաջին ընկերություններից է, եւ, մեր համոզմամբ, նաեւ առաջատարը. ընկերությունը տնօրինում է աուդիտի եւ խորհրդատվության շուկայի բավական մեծ մասնաբաժին: 2016-ին արձանագրել ենք 18% աճ, ինչը տպավորիչ ցուցանիշ է:

Ինչպես նշեցիք, ոլորտը դեռեւս «երիտասարդ» է Հայաստանում, սակայն աուդիտն ու խորհրդատվությունը հետաքրքիր առանձնահատկություն ունեն. դրանք նպաստում են տնտեսության զարգացմանը, բարելավում կապիտալի շուկան, օժանդակում մասնավոր ընկերություններին աճին եւ օգնում կառավարությանը՝ դիմակայելու իր մարտահրավերներին: Հայաստանում մեր գործունեությունը հաջողության պատմություն է, եւ մենք ակնկալում ենք առաջընթաց նաեւ տեսանելի ապագայում:

- Այսպիսով, ո՞րն է Հայաստանում «Գրանթ Թորնթոն»-ի հաջողության բանալին:

- Բանալին, առաջին հերթին, լավագույն առաջնորդներն ու տաղանդավոր աշխատակիցներն են, այնուհետ՝ լավ համբավի կերտումը, բարենպաստ համակարգն ու միջավայրը: Սակայն ամեն ինչ սկսում է մշակույթից: Մենք շատ ժամանակ ենք տրամադրում մեր արժեքների արմատավորմանը, ցանկանում ենք ստեղծել տարբերվող մշակույթ, որտեղ մարդիկ ցանկանում են աշխատել, իսկ հաճախորդները վստահ են` հաջողության են հասնելու մեր օգնությամբ:

- Սա Ձեր առաջին այցն է Հայաստան, ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանից:

- Այստեղ ինձ մի քանի բան է գրավում: Նախ, Հայաստանը գեղեցիկ երկիր է, ունի հարուստ պատմություն: Մյուս կողմից՝ հետաքրքրություն կա բիզնես տեսանկյունից. մենք բազմաթիվ ուսումնասիրություններն ենք իրականացնում տնտեսության վերաբերյալ, եւ մեր վերջին հարցումը ցույց է տվել, որ Հայաստանում վերջին եռամսյակում աճել է բիզնես լավատեսությունը՝ պայմանավորված եկամուտների եւ շահույթի ավելացման սպասելիքներով: Ես ցանկանում եմ հանդիպել Հայաստանի բիզնես հասարակության եւ կառավարության հետ, որպեսզի տեղեկանամ նրանց անելիքներից: Ի դեպ, Հայաստանն այս տարվա համար կանխատեսում է տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ, ինչը, կարծում եմ, լավ հնարավորություն է նաեւ «Գրանթ Թորնթոն»-ի համար:

Ուշագրավ է, որ Հայաստանում բավական բարձր է բիզնեսում կանանց ներգրավվածության աստիճանը. այն 37 երկրների շարքում չորրորդն է՝ շատ մոտ առաջատարներին: Հայաստանյան ընկերությունների միայն 10%-ում է, որ կառավարման բարձր օղակներում բացակայում են կանայք. սա զգալիորեն ցածր է միջին համաշխարհային ցուցանիշից: Առաջնորդության մեջ բազմազանությունը նպաստում է ավելի լավ բիզնես որոշումների կայացմանը, հետեւաբար՝ այն դրական գործոն է Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է այցի անձնական կողմին, ապա այստեղ եմ ժամանել կնոջս եւ դուստրերիցս մեկի հետ: Նախկինում չեմ եղել Հայաստանում, տեսարժան վայրերն այստեղ շատ գեղեցիկ են, եւ մեծ ցանկություն ունենք ուսումնասիրել երկիրն այս ընթացքում: Կարծում եմ`Հայաստանում մի քանի օր անցկացնելը հիանալի հնարավորություն է:

Էդվարդ Նասբաումի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 125974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW