Դավիթ Անանյան. Պարտադիր աուդիտը խոշորներին «կստիպի» թափանցիկ գործել

13.03.2017 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի ոլորտները կարգավորող իրավական նոր ակտեր է մշակում: Ընդ որում, նախատեսվում է նաեւ վերականգնել որոշ  ընկերությունների (խոշոր եւ միջին) նկատմամբ պարտադիր աուդիտ անցնելու պահանջը, որը նախկինում մեկ անգամ ներդրվել եւ վերացվել էր:

Ի՞նչ պատճառներ եւ հիմնավորումներ են ընկած պարտադիր աուդիտի պահանջը վերականգնելու որոշման հիմքում, պատրա՞ստ են արդյոք հայաստանյան ընկերությունները թափանցիկ գործունեության, ի՞նչ փոփոխություններ են սպասվում ոլորտում: Այս եւ այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի հետ:

- Պրն Անանյան, որո՞նք էին 2011թ. պարտադիր աուդիտի պահանջը ներդնելու եւ 3 տարի անց չեղարկելու հիմնական պատճառները:

- Խոշոր ընկերությունների` պարտադիր աուդիտ անցնելու իրավական պահանջը Հայաստանում ներդրվեց 2011թ., որի գլխավոր նպատակը հստակ էր՝ համապատասխանեցնել մեր օրենսդրությունը Եվրամիությունում գործող լավագույն մասնագիտական փորձին: Ներմուծելով այս գաղափարը՝ փորձում էինք հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության նկատմամբ վստահության ավելի բարձր մթնոլորտ ձեւավորել:

Այն ժամանակ խոշոր կազմակերպությունների բնորոշումն անմիջականորեն կապված էր հասույթի եւ համախառն ակտիվների մեծության հետ. այս երկու ցուցանիշներից մեկի`1 մլրդ դրամը գերազանցելը բավարար պայման էր պարտադիր աուդիտ անցնելու համար:

Պարտադիր աուդիտի դաշտում հայտնվեցին շուրջ 1000 կազմակերպություններ: Նրանցից որոշները, ունենալով 1 մլրդ դրամից ավելի ակտիվներ, անգամ գործունեություն չծավալելով` հայտնվեցին այդ դաշտում, հետեւաբար նրանց մոտ օբյեկտիվ դժգոհություն առաջացավ:

Սակայն պարտադիր աուդիտի նորմը վերացնելու իրական դրդապատճառներն այլ էին: Այդ նույն ժամանակաշրջանում նախատեսվում էր այլ իրավական ակտերի ընդունում (այդ թվում` այլընտրանքային ստուգումների) եւ այդ շրջանակում առաջարկվում էր նաեւ պարտադիր աուդիտի վերացում:

Տեղի ունեցավ հետեւյալը՝ նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին, իսկ պարտադիր աուդիտի նորմը վերացվեց: Որպես մասնագետ` այն ժամանակ էլ մենք մեր դժգոհությունն ու անհամաձայնությունը բարձրաձայնեցինք տարբեր հարթակներում, ինչը, սակայն, արդյունք չտվեց:  

Մենք առաջարկում էինք պարտադիր աուդիտը վերացնելու փոխարեն նեղացնել դրա  շրջանակը, որպեսզի դաշտում հայտնվեին այն կազմակերպությունները, որոնք հանրային հաշվետվողականության առումով իսկապես հետաքրքիր էին:

Ներկայում հանրության մոտ պարտադիր աուդիտի նկատմամբ պահանջը շարունակում է արդիական լինել, եւ մենք փորձում ենք վերականգնել այն` արդեն վերանայված, ավելի հավասարակշիռ պայմաններով:

- Իսկ որո՞նք են լինելու նոր ներդրվող աուդիտի պարտադիր նորմի առանձնահատկությունները` ի տարբերություն նախորդի:

- Նախատեսում ենք ներմուծել կազմակերպությունների տարանջատման ավելի ճկուն մեխանիզմ. առանձնացվելու են կազմակերպությունների 5 խմբեր. հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություններ, որոնց արժեթղթերը շրջանառվում են շուկայում կամ որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ (բանկեր, ապահովագրական ընկերություններ եւ այլն), խոշոր, միջին, փոքր, միկրո կազմակերպություններ: Դրանց չափորոշիչները դեռեւս քննարկման փուլում են:

Հստակ կարող ենք ասել, որ պարտադիր աուդիտի դաշտում հայտնվելու են խոշոր, միջին եւ հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունները:

Նախնական քննարկումների համաձայն՝ պարտադիր աուդիտ անցնելու եւ դրանից հետո ֆինանսական հաշվետվությունները պարտադիր հրապարակելու են այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն հետեւյալ 3 պայմաններից առնվազն 2-ին՝ 1. Նախորդ տարվա հասույթը գերազանցում է 2 մլրդ դրամը, 2. Համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 2 մլրդ դրամը, 3. Աշխատակիցների միջին ցուցակային թիվը գերազանցում է 50-ը: Այս սահմանաչափերը նույնպես վերջնական չեն եւ դեռեւս քննարկման փուլում են:

Այս պարագայում պարտադիր աուդիտի դաշտում կհայտնվեն ոչ թե 1000, այլ արդեն 300-350 կազմակերպություն:

- Ինչպես հայտնի է` աուդիտը ծախս է ընկերության համար: Իսկ ի՞նչ է վերջինս ստանալու դրա դիմաց:

- Եթե ընկերությունը հստակ պատկերացնում է իր սոցիալ-տնտեսական նշանակությունն ու գիտակցում իր պարտավորությունը հանրության առջեւ` տեղեկատվության հասանելիության եւ թափանցիկության առումով, չի կարող աուդիտը գնահատել որպես հավելյալ ծախս:

Կորպորատիվ կառավարման մշակույթ ունեցող ընկերությունը պետք է ապահովի ֆինանսական հաշվետվությունների պարբերական հրապարակում, իսկ առավել արժանահավատ է անկախ մասնագետների` աուդիտորների կողմից հավաստված տեղեկատվությունը:

Այլ բան է, երբ ընկերությունը չի գիտակցում հանրության առջեւ իր պատասխանատվությունը, եւ տվյալ դեպքում, եթե առկա է սոցիալական եւ քաղաքացիական հետաքրքրություն, պետությունը պետք է միջամտի եւ «պարտադրի» նրան թափանցիկ գործել:

Իսկ ի՞նչ է ստանում ընկերությունը` աուդիտի դիմաց:

Ենթադրենք` X ընկերության բաժնետոմսերը հրապարակված եւ ցուցակված են բորսայում: Քաղաքացին, ցանկանալով ներդրում կատարել այդ կազմակերպության բաժնետոմսերում, պետք է ուսումնասիրի նրա ֆինանսական վիճակը, հիմնական ցուցանիշները, զարգացման ուղղությունը, որպեսզի համապատասխան որոշում կայացնի: Աուդիտով հավաստված տեղեկատվությունն ամենաարժանահավատն է եւ ներկայացնում է ընկերության օբյեկտիվ պատկերը: Հետեւաբար, աուդիտն անհրաժեշտ է ընկերությանը՝ ներդրողներ ներգրավելու տեսանկյունից:

Մյուս կողմից, կազմակերպության առեւտրային գործընկերներն ու բանկերը, որոնք որոշակի գործարքների մեջ են մտնում այդ կազմակերպության հետ, պետք է ունենան հասանելի եւ արժանահավատ տեղեկատվություն` գնահատելու տվյալ կազմակերպության վճարունակությունը, նրա գործունեության անընդհատությունը, եւ ըստ դրա որոշումներ կայացնեն՝ այդ կազմակերպությունը վստահելի գործընկե՞ր է, թե՞ ոչ:

Ցանկացած դեպքում ունենում ենք տեղեկատվության օգտագործողների մոտավորապես 8-9 խումբ, որոնք ներկայացնում են ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ պահանջ: Դրանց թվում են կազմակերպության ներկա եւ պոտենցիալ բաժնետերերը, որոնք կատարում են ոլորտային վերլուծություններ, աշխատակիցները, ուսանողները, որոնք գնահատում են տվյալ կազմակերպությունում իրենց աշխատանքային գործունեության հնարավորություններն ու ապագան, պետությունը` ի դեմս հարկային մարմինների: Վերջինները, բացի հարկային մեխանիզմների իրագործումից, ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կատարում են ուսումնասիրություն` հարկման առումով կասկածելի վարքագիծ դրսեւորող կազմակերպությունների բացահայտման համար: Այսինքն` ի թիվս այլ գործիքների, աուդիտի հաստատած ֆինանսական հաշվետվությունները վերլուծություն կատարելու գործիքակազմի այլընտրանքային աղբյուր են:

Ի վերջո, աուդիտն անհրաժեշտ է հանրությանը: Մարդիկ ուզում են տեղյակ լինել հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ջուր, էլեկտրաէներգիա, գազ մատակարարող) գործունեությունից եւ, արդյունքում, ստանալ իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ:

- Նախատեսվո՞ւմ է արդյոք պարտադիր աուդիտը դարձնել պետական գնումներին մասնակցելու համար նախապայման:

- Այդ հարցը եւս քննարկվում է: Բարեփոխումների այս շրջանակում ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ դեռեւս չի նախատեսվում նման պահանջ, սակայն նախագծերում ցանկանում ենք ներառել մի դրույթ, ըստ որի` այլ օրենքներով աուդիտի պահանջ ունեցող կազմակերպությունները եւս պետք է անցնեն պարտադիր աուդիտ: Սա նշանակում է, որ գնումները կարգավորող նոր օրենսդրությամբ նման իրավական պահանջի առկայության դեպքում պարտադիր աուդիտի նորմը կտարածվի նաեւ տվյալ կազմակերպությունների նկատմամբ:

- Նախկինում առաջարկվում էր աուդիտ անցած ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները հավաքել մեկ բազայում: Ներկայում քննարկվո՞ւմ է այս հարցը:

- Այո, նոր բարեփոխումների համակարգով առաջարկել ենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վարած ձեռնարկությունների ռեգիստրում հրապարակվի այդ տեղեկատվությունը: Այսինքն՝ այս ընկերությունների հաշվետվությունները կարելի է գտնել ոչ միայն առանձին թերթում կամ նրա կայքում, այլ ԱՎԾ-ի կողմից վարվող միասնական ռեգիստրում:

- Քանի՞ աուդիտորական ընկերություն է այսօր գործում շուկայում: Պարտադիր աուդիտի ներդրման դեպքում որքանո՞վ հավասար կլինեն մրցակցային պայմանները տեղական եւ միջազգային աուդիտորական ընկերությունների համար:

- Այսօր աուդիտորական շուկայում գործում է 33 ընկերություն, որոնք, մեր գնահատմամբ, ի վիճակի կլինեն պարտադիր աուդիտի նորմի ներդրումից հետո սպասարկել հաճախորդների նախատեսվող ծավալը (300-350 ընկերություն): Այդուհանդերձ, չի բացառվում նաեւ նոր կազմակերպությունների մուտքը շուկա, հատկապես, որ աուդիտորական կազմակերպություններում որակավորված աուդիտորների պարտադիր պահանջը մեղմվելու է` 5-ից իջեցվելով 2-ի: Նույնիսկ եթե կազմակերպությունների թիվն աճի, ժամանակի ընթացքում դաշտում կմնան միայն որակյալ ծառայություններ մատուցող ընկերություններ: Չեմ կարծում, թե դրանք սնկի պես աճեն:

Ինչ վերաբերում է փոքր եւ մեծ աուդիտորական կազմակերպությունների միջեւ մրցակցությանը, ապա փորձելու ենք այնպիսի միջավայր ստեղծել, որ «խտրականություն» լինի միայն որակի առումով:

- Կա՞ արդյոք խոշոր ընկերությունների հետ փոխկապակցված աուդիտորական ընկերություններ հիմնելու վտանգ:

- Նման փորձերն անխուսափելի են: Նախկինում եւս լսել էինք նման դեպքերի մասին, որոնք ժամանակի ընթացքում բացահայտվում են: Մենք չպետք է սվիններով ընդունենք այս փաստը: Կարեւորը որակի վերահսկման հստակ մեխանիզմներ ունենալն է, որի պարագայում նման կազմակերպություններն աստիճանաբար կվերանան, եւ դաշտը ժամանակի ընթացքում կմաքրվի:

Նախաձեռնված բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ստեղծել Հաշվապահների եւ աուդիտորների պալատ, որը եւ կզբաղվի աուդիտի որակի հսկողությամբ:  

- Իսկ կոնկրետ ի՞նչ գործառույթներ է իրականացնելու նորաստեղծ պալատը, ի՞նչ ակնկալիքներ կան դրանից:

- Աուդիտորական գործունեություն իրականացնելու համար ընկերություններն այսօր համապատասխան լիցենզիա են ստանում ֆինանսների նախարարությունից: Այս գործառույթը պատվիրակվելու է պալատին, որը նաեւ իրականացնելու է աուդիտորական ընկերությունների ռեեստրի վարումը: Որակի հսկողությունը պալատն իրականացնելու է սեփական եւ հրավիրված օտարերկրյա մասնագետների միջոցով, որոնք պետք է հավաստեն, որ աուդիտորական բոլոր պրոցեսներն իրականացվել են միջազգային ստանդարտներին համահունչ: Հակառակ դեպքում, երբ որեւէ ընկերություն չի հետեւել այդ պայմաններին, պալատին կներկայացվի տվյալ  ընկերությանը ռեեստրից ժամանակավորապես հանելու (ըստ էության`գործունեության կասեցում) առաջարկ, եւ ժամանակ կտրվի թերությունները շտկելու համար:

Պալատը նաեւ իրականացնելու է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների թարգմանություն, խմբագրում, գործող ստանդարտների անընդհատ թարմացում, ոլորտի դասընթացների, կրթական ծրագրերի իրականացում, հաշվապահի եւ աուդիտորի որակավորման տրամադրում եւ այլն:

Ստացվում է` ոլորտի կարգավորման պատասխանատվությունը ստանձնելու է պալատը, իսկ վերահսկողությունը՝ ֆինանսների նախարարությունը:

Պալատը ստեղծվելու է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի հիմքի վրա, որը գործում է արդեն 17-18 տարի: Նրան անդամակցելու են ինչպես աուդիտորական կազմակերպությունները, այնպես էլ հաշվապահի եւ աուդիտորի որակավորում (ասոցիացիայի, ACCA կամ այլ) ունեցող ֆիզիկական անձիք:

Ներկայում աուդիտորական ընկերությունները լիցենզիա ստանալու համար վճարում են 250 հազ. դրամ պետական տուրք, որը հետագայում անդամավճարի տեսքով կուղղվի պալատի բյուջե: Նախատեսվում է նաեւ անդամավճարի փոփոխուն բաղադրիչ, որը կորոշվի` կախված կոնկրետ տարում պալատի բյուջեի հաստատումից:

Հաշվապահական եւ աուդիտորական ոլորտի կարգավորմանն առնչվող այս նախագիծն առաջիկա 10 օրում կամբողջականացվի, իսկ մասնագիտական քննարկումներն ավարտելուց 10 օր հետո հանրային լայն քննարկումներ կանցկացվեն: Ծրագրում ենք, որ ապրիլի կեսից մայիսի սկիզբ նախագիծը կներկայացվի կառավարության հավանությանը, որին արժանանալուց հետո` կքննարկվի Ազգային ժողովում:

Դավիթ Անանյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 28739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW