«Կապիտալ Լոկուս» ընկերությունը վերջերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է աջակցել հայաստանյան ընկերություններին օտարերկրյա ֆինանսական միջոցների ներգրավման հարցում:Այս առիթով Banks.am-ը զրուցել է «Կապիտալ Լոկուս» ընկերության հիմնադիր նախագահ Ավթանդիլ Գոգոլիի հետ:- Պրն Գոգոլի, ի՞նչ ծառայությունների շուրջ եք համաձայնություն ձեռք բերել նախարարության հետ, ի՞նչ եղանակներով եք նպաստելու Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:- ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ հուշագրի ստորագրումն ուղղակիորեն կապված է մեր հիմնական գործունեության հետ: «Կապիտալ Լոկուս»-ը ֆինանսական խորհրդատվական ընկերություն է, որը զբաղվում է միջազգային եւ արտասահմանյան կազմակերպություններից (ներդրումային ընկերություններ, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, մասնավոր ներդրողներ, ակտիվների կառավարիչներ) հայաստանյան մասնավոր ձեռնարկությունների համար ֆինանսների ներգրավմամբ: Ընդ որում, միջոցների ներգրավում կատարվում է ինչպես վարկերի, այնպես էլ կապիտալի եւ համակցված տեսակի ֆինանսների տեսքով: Դասական սխեմայով այս կազմակերպությունները ֆինանսական միջոցները տրամադրում են բանկերին, որոնք էլ միջոցներն ուղղում են ձեռնարկությունների վարկավորմանը: Մենք օգնում ենք բիզնեսին ուղղակի ներգրավել այդ միջոցները սկզբնաղբյուրներից:Մինչ վերջերս ղեկավարել եմ ՊրոԿրեդիտ Բանկը, որը մասնագիտացած էր Հայաստանում կորպորատիվ վարկավորմամբ: Ձգտելով պահպանել բանկից մնացած երկարաժամկետ կապերը` այժմ իրականացնում ենք ֆինանսական միջոցների ներգրավում նաեւ այն միջազգային կազմակերպություններից, որոնք նախկինում բանկի վարկատուներն ու բաժնետերերն էին: Աշխատում ենք նաեւ նոր կազմակերպությունների հետ, որոնք ունեն որոշակի ռեսուրսներ եւ հետաքրքրություն` ներդրում անելու Հայաստանում եւ Վրաստանում:Ֆինանսավորում ներգրավում ենք միջազգային եւ օտարերկրյա (հիմնականում` եվրոպական) 11 կազմակերպություններից, որոնք ներկայացված չեն Երեւանում եւ Թբիլիսիում: Ինչ վերաբերում է նախարարության հետաքրքրությանը, ապա ներկայում կառավարության կարեւորագույն խնդիրներից է տնտեսությունում ներդրումների ներգրավումը: Հետեւաբար, անհրաժեշտ է անել ամենը` միջազգային ներդրողներին վստահություն ներշնչելու եւ ներդրումային գործընթացը խթանելու համար:Այսպիսով, «Կապիտալ Լոկուս»-ի եւ նախարարության շահերն այս խնդրի շուրջ համընկել են, եւ որոշել ենք կնքել համաձայնագիր: Հետաքրքիր նախագծերի առկայության դեպքում մենք պատրաստ ենք աջակցել նախարարությանը՝ ներգրավելու ներդրումներ, մյուս կողմից՝ միջազգային տարբեր կազմակերպությունների համար ուղիղ կապ կարող ենք հաստատել կառավարության հետ: - Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է գրավիչ Հայաստանի տնտեսությունն օտարերկրյա ներդրողների համար:- Սովորաբար այս հարցը տալիս են որոշակի կասկածամտությամբ: Իրականում մեր տարածաշրջանի երկրները, այդ թվում` Հայաստանն ու Վրաստանը, շատ ճգնաժամերով են անցել, եւ ներկայիս իրավիճակը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Հայաստանում առկա են մրցունակ ընկերություններ, որոնցում միջազգային կազմակերպությունները ցանկանում են ներդրում կատարել եւ նպաստել դրանց զարգացմանը: - «Կապիտալ Լոկուս»-ը նորաստեղծ ընկերություն է: Ինչո՞ւ եք ընտրել Հայաստանը եւ ինչո՞ւ՝ հենց ՓՄՁ ոլորտը:- Ինչո՞ւ Հայաստան՝ ընտանիքիս հետ այստեղ եմ բնակվում արդեն 6 տարի: ՊրոԿրեդիտ Բանկում նախկին աշխատանքս օգնել է ինձ ծանոթանալ երկրին, նրա տնտեսությանը, ֆինանսական հատվածին եւ մասնավոր բիզնեսին: Այն ինձ տվել է արժեքավոր կապեր շատ գործարարների հետ:Բանկում աշխատելու տարիներին շատ հաճախ նկատում էինք, որ վարկը ոչ միշտ է լավագույն լուծումը կոնկրետ ընկերության պահանջների համար, սակայն այլ տարբերակ չունեինք առաջարկելու: Ստացվում էր՝ մի կողմից՝ ունեինք կապեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ տեղի ընկերությունների հետ, մյուս կողմից՝ առկա էր նոր ֆինանսական գործիքի կարիք, ուստի որոշեցինք հիմնել «Կապիտալ Լոկուս»-ը:Ի դեպ, առաջիկայում ծրագրում ենք գրասենյակ բացել նաեւ Վրաստանում` Թբիլիսիում:Մեր թիրախը ոչ ֆինանսական հատվածն է: Ոլորտային նախապատվություններն են էներգետիկան, գյուղատնտեսությունը, արտադրությունը, զբոսաշրջությունն ու հյուրանոցային բիզնեսը: Ներկայում իրականացնում ենք նաեւ նախագծեր անշարժ գույքի, շինարարության եւ բանկային ոլորտներում: Այսօր ունենք 8 նախագիծ՝ ընդհանուր առմամբ $38 մլն արժողությամբ, որոնք ծրագրում ենք ավարտին հասցնել տարվա առաջին կեսին: Ակնկալում ենք, որ նախարարության հետ համագործակցության շնորհիվ նոր ծրագրեր կունենանք:- Մրցակիցներ, կարծես թե, չունեք հայաստանյան շուկայում: - Ասել, թե մրցակիցներ չունենք, մի փոքր վտանգավոր է (ժպտում է - խմբ.):Ինչպես նշեցի, մենք կապիտալից բացի, ներգրավում ենք վարկային միջոցներ, եւ այս ուղղությամբ ամբողջ բանկային համակարգն է մեզ մրցակից:Ինչ վերաբերում է կապիտալի ներգրավմանը, ապա այստեղ, որպես այդպիսին, մրցակիցներ չունենք: Կան ընկերություններ, որոնք զբաղվում ենք «ամեն ինչով մի քիչ»՝ հաշվապահության, աուդիտի, հարկային եւ այլ խորհրդատվությանը զուգահեռ իրականացնում են ֆոնդերի ներգրավում (fundraising), իսկ մենք մասնագիտացած ենք հենց ֆոնդերի ներգրավման գործում: Կան նաեւ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություններ, որոնք, սակայն, հիմնականում զբաղվում են բրոքերային գործունեությամբ` առեւտրային բանկի համար իրականացնելով արժեթղթերի թողարկում եւ տեղաբաշխում տեղական շուկայում: - Որքանո՞վ է փողի գինը խելամիտ Հայաստանում, եւ ինչպիսի՞ն են տոկոսադրույքները Ձեր ներգրաված միջոցների համար:- Տոկոսադրույքները խիստ անհատական են եւ կախված կոնկրետ իրավիճակից: Հիմնականում մեր ներգրաված միջոցները բանկերի վարկերից ավելի ցածր տոկոսադրույքով են, իսկ, օրինակ, նոր ծրագրերի եւ կապիտալի ֆինանսավորման դեպքում համանման առաջարկներ շուկայում ընդհանրապես չկան, հետեւաբար՝ տոկոսադրույքն այստեղ էական չէ: Մեր աշխատանքի սխեման հետեւյալն է. հաճախորդները մեզ վարձում են իրենց համար ֆինանսներ ներգրավելու նպատակով, որի դիմաց վճարում են միջնորդավճար: Մեզ կարող է դիմել ցանկացած ընկերություն, սակայն ներգրավելիք ֆինանսական միջոցների ծավալը պետք է նվազագույնը $1,5-2 մլն կազմի, այլապես իմաստ չունի դիմել միջազգային կազմակերպության: Ինչ վերաբերում է փողի գնի խելամիտ լինելուն, եթե ընկերությունը հույսը դրել է միայն առեւտրային բանկերի վրա, ապա ստիպված կլինի վճարել հարաբերականորեն ավելի բարձր գին վարկի համար: Ավելի խելամիտ է դիվերսիֆիկացնել ֆինանսների ստացման աղբյուրները եւ կախում չունենալ միայն առեւտրային բանկերից: - Դուք ծանոթ եք նաեւ Վրաստանի ֆինանսական շուկային: Ինչպիսի՞ն են երկու երկրների կապիտալի շուկաները` համեմատության մեջ: - Կարծում եմ` Հայաստանում եւ Վրաստանում կապիտալի շուկան զարգացվածության միեւնույն մակարդակն ունի: Պարզապես մասշտաբների հարց է. Վրաստանում դրանք ավելի մեծ են` կապված օտարերկրյա ներդրումների մեծ ծավալների հետ: Բրոքերային ընկերությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, զբաղված են նույն գործով. թողարկում եւ տեղաբաշխում են արժեթղթեր առեւտրային բանկերի համար, եւ շատ դեպքերում այդ բանկերն ու բրոքերային ընկերություններն ունեն ընդհանուր բաժնետերեր։Բացի այդ, կապիտալի շուկան երկու երկրներում էլ մասսայականություն չի վայելում:Այդուհանդերձ, ՀՀ ԿԲ-ի` նորմատիվային կապիտալի նոր պահանջին բավարարելու համար հայաստանյան բանկերից մի քանիսը վերջերս հաջողությամբ միջոցներ հավաքագրեցին հենց ներքին շուկայից` բաժնետոմսերի թողարկման միջոցով: Սա շատ լավ նախադեպ է: - Դուք խոսեցիք ԿԲ-ի կողմից բանկային կապիտալի նոր պահանջի մասին: Ըստ Ձեզ` ի՞նչ փոփոխությունների այն կհանգեցնի շուկայում:- ԿԲ-ի նպատակը տվյալ դեպքում բանկային համակարգի կոնսոլիդացիան էր. նրանք կարծում էին, որ 21 բանկը չափազանց շատ է Հայաստանի համար: Արդյունքում ունենք 17 առեւտրային բանկ: Կապիտալը համարվում է ֆինանսավորման ամենաթանկ տեսակը, հետեւաբար՝ այն կունենա հավելյալ ազդեցություն բանկերի եկամտաբերության վրա։ Միեւնույն ժամանակ, բանկերում վարկային պորտֆելի որակը լավագույններից չէ։Բանկային համակարգի գերկապիտալիզացիան եւ չաշխատող վարկերի բարձր ցուցանիշը (NPL) ինձ առիթ են տալիս մտածել, որ բանկային ոլորտի եկամտաբերությունը կարող է նվազել։ Նմանատիպ պայմաններում ես չեմ կարծում, որ բանկային վարկերի տոկոսադրույքները կնվազեն։ 2015 եւ 2016 թվականների ընթացքում բանկերը նախընտրեցին բավականին զգուշավոր լինել իրական հատվածը ֆինանսավորելիս։ Բարձր լիկվիդայնությունը եւ գերկապիտալիզացիան կդրդեն բանկերին ավելի ագրեսիվ լինել 2017թ.։Հարկ է նշել, որ բանկերի կողմից ֆինանսավորման պայմանները միմյանցից էականորեն չեն տարբերվում։ Բոլորն անխտիր պահանջում են գրավային ապահովություն եւ այդ պահանջները շատ համանման են, այն պարագայում, երբ միջազգային ֆինանսական կազմակերպություններին գրավը հետաքրքիր չէ. եթե նրանք հավանում են ընկերությունը, կառավարման համակարգը, սեփականատերերին, ընկերության նախագիծը կամ բիզնես պլանը, աշխատելաոճը, ապա գրավային ապահովությունը նրանց համար ունի միայն սիմվոլիկ նշանակություն։- Առաջիկայի ի՞նչ ծրագրեր ունի «Կապիտալ Լոկուս»-ը:- Մեր ընկերությունը նոր է շուկայում, հետեւաբար՝ ստիպված ենք առաջարկներով անհատապես դիմել յուրաքանչյուր ընկերությանը: Արդեն ունենք լավ նախագծեր, սակայն դեռեւս բավարարված չենք արդյունքներով եւ շարժվելու ենք առաջ: Մեր կարճաժամկետ ծրագիրն է` ավարտին հասցնել ներկայում իրականացվող $38 մլն-ի նախագծերը, միջնաժամկետը` հասցնել այս գործարքների ծավալը $100 մլն-ի: Իսկ ապագայում արդեն ծրագրում ենք դառնալ ներդրումային ընկերություն Հայաստանում եւ Վրաստանում, որը կգործի երկու ուղղությունով` ձեռնարկությունների համար մասնավոր կապիտալի ներգրավում (private equity) եւ ակտիվների կառավարում (asset management): Մեր երկարաժամկետ պլաններին հասնելու համար մեզ մի քանի տարվա փորձ եւ հաջողված նախագծեր են հարկավոր: Ավթանդիլ Գոգոլիի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 199812