Visa ընկերության` Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում տարածաշրջանային մենեջեր Դմիտրի Կրեպակի հարցազրույցը Banks.am-ին: - Պրն Կրեպակ, ինչպե՞ս կգնահատեք Visa-ի բիզնեսի զարգացման դինամիկան Հայաստանում՝ քարտերի քանակի, շրջանառության ծավալի, ինչպես նաեւ ՀՀ բանկերի հետ համագործակցության որակի առումով: - Հայաստանում Visa քարտերով անկանխիկ վճարումների դինամիկան բավական դրական է. մասնավորապես, 2016 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ (3-րդ եռամսյակը ավարտվել է 2016թ. հունիսի 30-ին)՝ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Visa քարտերով վճարումների ծավալն աճել է 27%-ով, ընդ որում, վճարային գործարքների քանակն աճել է 41%-ով: Սա շատ լավ դինամիկա է, այն մեզ ուրախացնում է եւ վկայում այն մասին, որ բանկերը ջանքեր են գործադրում անկանխիկ վճարումների զարգացման ուղղությամբ, ինչը տալիս է իր արդյունքները:Հաճույքով պետք է նշեմ, որ հայաստանյան բանկերը գերազանց գործընկերներ են, որոնց հետ ամենօրյա արդյունավետ աշխատանք ենք տանում՝ անկանխիկ վճարումների մասսայականացման, սպառողների համար նոր վճարային գործիքների եւ ծառայությունների մշակման ու գործարկման ուղղությամբ: Անկասկած, մեր ուշադրության կենտրոնում են վճարային նորամուծությունները: Այսպես, 2,5 տարի առաջ մենք Հայաստանում գործարկեցինք առաջին ոչ կոնտակտային քարտը եւ այսօր արձանագրում ենք ոչ կոնտակտային վճարումների աստիճանական աճ. մեկ տարվա ընթացքում ոչ կոնտակտային Visa քարտերի քանակն ավելացել է շուրջ 7 անգամ, այն դեպքում, երբ գործընթացը սկսել էինք համեստ ցուցանիշներից: - Խոսքը Visa payWave-ի մասի՞ն է, Դուք այդ նախագիծը հաջողվա՞ծ եք համարում:- Կարող եմ ասել՝ այո: Visa payWave-ի միջոցով ոչ կոնտակտային վճարումը հեռանկարային նորարարական ուղղություն է, որն անհրաժեշտ է զարգացնել բանկերի հետ համատեղ: Մենք արձանագրում ենք ոչ կոնտակտային վճարումների կայուն աճ տարածաշրջանում, ինչը բնական միտում է. մարդիկ ձգտում են հարմարավետության, ցանկանում են քիչ ժամանակ ծախսել վճարումներ կատարելու վրա: Իսկ ոչ կոնտակտային քարտը հենց այն է, ինչ պետք է: Ավելին, սա կամուրջ է դեպի հեռախոսների միջոցով NFC (Near-Field Communication) տեխնոլոգիայով ոչ կոնտակտային վճարումներ, երբ վճարային քարտն արդեն «ապրում է» հեռախոսի մեջ, եւ սպառողը կարող է վճարել հեռախոսով: Սա, բնականաբար, եւս մեկ քայլ է դեպի հաճախորդի հարմարավետության ապահովումը: - Իրականացնո՞ւմ եք անկանխիկ վճարումների շուկայի մոնիթորինգ Visa-ի ներկայության երկրներում: Եթե այո, ապա ինչպե՞ս են ընթանում գործերը Հայաստանում, ի՞նչ մասնաբաժին են կազմում Visa քարտերը: - Ներկայացնեմ այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է PV/TV (Payment volume vs Total volume) հարաբերակցությունը՝ վճարային գործարքների ծավալը քարտերի ընդհանուր ծավալի նկատմամբ: Այսօր այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 15%, այսինքն, եթե քարտով պայմանականորեն «անցել» է 100 դրամ, ապա դրանից 15-ը բաժին է հասնում POS-տերմինալներով վճարումներին, իսկ 85-ը՝ կանխիկացմանը: Բայց եւ այնպես, նկատվում է դրական միտում. անցած տարվա ընթացքում այս ցուցանիշն ավելացել է 3%-ով, ինչը նշանակում է, որ անկանխիկ վճարումների մասնաբաժինն աստիճանաբար աճում է: Իհարկե, ցանկալի կլիներ ապահովել աճի ավելի արագ տեմպեր: Եթե համեմատենք «անկանխիկ տնտեսությունը» Հայաստանում Visa-ի ներկայության այն երկրների հետ, որոնց համար ես պատասխանատու եմ (Վրաստան, Ուկրաինա), ապա այն մոտավորապես նույն մակարդակի վրա է` +/-2%: Այս երեք երկրներում դեռեւս աշխատելու տեղ կա: Օրինակ, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի որոշ երկրներում ցուցանիշը կազմում է 25-30%, ինչը կրկնակի ավելին է, քան այսօր Հայաստանում է: Թե որքան ժամանակ կպահանջվի Հայաստանին հասնելու այդ երկրների ցուցանիշին, կախված է երկրում անկանխիկ վճարումների աճի տեմպից: Իհարկե, տարեկան 3% աճի դեպքում դժվար է բեկումնային փոփոխություններ ակնկալել, ուստի մեզ անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել առեւտրային բանկերի եւ ՀՀ Կենտրոնական բանկի հետ միասին, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք հասցնել այդ ցուցանիշը գոնե 20-25%-ի:Վերջերս Կենտրոնական բանկի ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ գործարկեցինք «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը, ինչը հենց այդ ջանքերի մի մասն է՝ ուղղված ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: -Ի՞նչ խնդիրների են առավել հաճախ հանդիպում հայաստանցի հաճախորդները՝ Visa քարտերն օգտագործելիս, եւ ի՞նչ ծրագրեր ունեք մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:- Այն խնդիրները, որոնց հետ հայաստանցի քարտատերերը բախվում են, շատ չեն տարբերվում տարածաշրջանի մյուս երկրներից: Առավել տարածված հարցը, որն առաջանում է քարտատերերի մոտ, հետեւյալն է՝ կարո՞ղ են արդյոք վճարում կատարել, եւ որքանո՞վ է դա անվտանգ:Ոչ մեծ քաղաքներում, փոքր առեւտրի կետերում միշտ չէ, որ կա հնարավորություն քարտով վճարելու: Խոսքը կոնկրետ Հայաստանի մասին չէ. մարդը, մեկնելով արտերկիր, մտածում է. կա՞ն արդյոք այնտեղ վճարային տերմինալներ, որտեղ կարող կիրառել իր քարտը: Եվրոպական երկրներում այս խնդիրը մեծամասամբ լուծված է: Ի դեպ, որոշ երկրներում, հիմնականում արեւմտյան Եվրոպայի, «անկանխիկ տնտեսությունը» կազմում է 60-80%, ուստի ամենուրեք ընդունվում են տարբեր վճարային քարտեր: Իսկ ահա ԱՊՀ որոշ երկրների ոչ մեծ քաղաքներում կամ առանձին վաճառակետերում դեռ կարելի է հանդիպել այն իրավիճակի, երբ բացակայում է վճարային տերմինալը, եւ չկա քարտով վճարելու հնարավորություն`կարեւոր չէ, թե այդ քարտը հայաստանյան բանկինն է, թե ոչ:Երկրորդ հարցը, որը հետաքրքրում է հաճախորդներին՝ անվտանգությունն է: Հաճախ մարդկանց թվում է, որ ավելի անվտանգ է գումար հանել բանկոմատից, քան քարտով էլեկտրոնային գործարք կատարել: Իրականում, ինչպես վկայում է վիճակագրությունը, գործ ունենք հակառակ պատկերի հետ: Ավելին, էլեկտրոնային առեւտրի ոլորտում Visa-ն ներդրել է մի շարք գործիքներ, որոնք թույլ են տալիս պաշտպանվել խարդախությունից ինչպես բանկին, այնպես էլ առանձին հաճախորդին: Օրինակ, 3D Secure տեխնոլոգիան կամ Verified by Visa-ն թույլ են տալիս հաճախորդին վճարումն իրականացնելիս ստանալ SMS-ծանուցում մեկանգամյա գաղտնաբառով`կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել՝ համացանցում գործարք կատարելու եւ դրանով իսկ գործարքը հաստատելու համար: - Ի՞նչ պրոդուկտների ուղղությամբ եք այսօր աշխատում: - Մենք ունենք վճարային պրոդուկտների եւ ծառայությունների ամբողջական սպեկտր՝սկսած ամենապարզից, որտեղ ներկայացված է վճարումների հիմնական ֆունկցիոնալը, մինչեւ պրեմիում ուղղվածությամբ ծառայությունները: Օրինակ, Visa Infinite քարտը տրամադրում է ծառայությունների եւ առաջարկների շատ ավելի լայն սպեկտր Visa-ի կողմից, որոնց գործընկեր բանկերը հավելում են իրենց ծառայությունները (օրինակ` կոնսիերժ եւ այլն): Այստեղ միանշանակ աշխատում է Visa-բանկ գործակցությունը. որոշ բաներ տրամադրում ենք մենք, որոշները՝ բանկերը, այդ ամենը փաթեթավորվում եւ առաջարկվում է հաճախորդին:Ինչպես արդեն նշել էի, մենք աշխատում ենք նորարարությունների ուղղությամբ: Ամենակարեւորը մեզ համար անցումն է թվային դարաշրջանի, ոչ կոնտակտային վճարումների, էլեկտրոնային դրամապանակների զարգացմանը: Մեր հիմնական ձգտումը նույնն է` հարմարավետություն, անվտանգություն եւ վճարումների արագություն՝ միշտ եւ ամենուր: - Նկատելի՞ է արդյոք Visa քարտերով ինտերնետ էքվայրինգի ծառայության նկատմամբ պահանջարկի աճ մեր երկրում: - Էլեկտրոնային առեւտրում վճարումները մեզ մոտ աճում են ավելի արագ, քան վճարումների ընդհանուր ծավալը: Այսպես, 2016 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում ցուցանիշի աճը կազմել է մոտ 40%, ինչը շատ լավ միտում է: Հայաստանում մեր հիմնական սեգմենտն օնլայն սուպերմարկետներն են: Ինչ վերաբերում է գնորդների կողմից ինտերնետ էքվայրինգի նկատմամբ պահանջարկին, ապա այս տվյալներն ավելի ճիշտ կտրամադրեն հայկական բանկերը: Սակայն, դատելով վճարումների ծավալներից, էլեկտրոնային առեւտրի պահանջարկ, անշուշտ, առկա է, մարդիկ հետաքրքրված են դրանով: 40% աճը լուրջ ցուցանիշ է:- Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերում է նոր ռիսկեր, այդ թվում` քարտային զեղծարարությունների տեսքով: Որքանո՞վ է սուր այս հարցը Հայաստանում, ի՞նչ քայլեր եք իրականացնում այս ուղղությամբ:- Ներկայացնեմ տարածաշրջանի ընդհանուր ցուցանիշը. Հայաստանը դրանից այնքան էլ չի տարբերվում: Մեզ մոտ քարտային զեղծարարությունից բանկերի վնասը կազմում է 1 ցենտ` VisaNet-ում շրջանառված յուրաքանչյուր $100-ի հաշվով, այսինքն` տոկոսի մեկ հարյուրերորդական մասը: Եւ սա շնորհիվ նրա, որ տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի բանկերն ակտիվորեն կիրառում են անվտանգության տարատեսակ գործիքներ: Չէի ասի, թե քարտային զեղծարարությունը լուրջ խնդիր է Հայաստանում:- Բլոկչեյն նորագույն տեխնոլոգիաները Ձեզ համար մարտահրավե՞ր են, թե՞ համագործակցության հնարավորություն: - Մենք դեռեւս հետեւում ենք դրա զարգացումներին: Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես է այն կարգավորվելու: Ներկայում նույնիսկ երկրների կենտրոնական բանկերը չգիտեն, թե ինչ են անելու այս ուղղությամբ, ինչպես են այն ներառելու ընդհանուր ֆինանսական համակարգում: Դեռեւս մեզ համար վաղ է եզրակացություններ անել եւ որոշել` այն մեզ գործընկե՞ր է, թե՞ մարտահրավեր: Մենք դեռեւս հետեւում ենք եւ սպասում:- Նախատեսո՞ւմ եք գրասենյակ բացել Հայաստանում:- Դեռեւս նման ծրագիր չունենք: Մենք թիմ ունենք Թբիլիսիում, որը լիարժեք զբաղվում է Կովկասյան տարածաշրջանով, ունենք նաեւ թիմ Կիեւում, որի ռեսուրսները եւս օգտագործվում են Կովկասում Visa-ի զարգացման համար: Ես էլ կանոնավոր այցելում եմ Հայաստան: Դմիտրի Կրեպակի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 117147