Գործարկվել է «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը

03.02.2017 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Վիզա» միջազգային կազմակերպությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, գործարկել է «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը:

«Ֆինանսական ֆուտբոլ»-ը աշակերտների, ուսանողների եւ ավելի բարձր տարիքի անձանց համար նախատեսված ինտերակտիվ առցանց խաղ է, որն օգնում է ոլորտին առնչվող հարցերի օգնությամբ զարգացնել ֆինանսական գիտելիքները:

Խաղի հայկական տարբերակի շնորհանդեսի շրջանակում «Վիզա» ընկերության` Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում ներկայացուցիչ Դմիտրո Կրեպակն այսօր նշել է, որ «Ֆինանսական ֆուտբոլ»-ը մշակվել է «Վիզա»-ի եւ «ՖԻՖԱ»-ի համատեղ ջանքերով: Այն ներառում է ֆինանսներին առնչվող հարցերի լայն սպեկտր, այդ թվում` վճարային գործարքներ, բյուջեի կառավարում, ֆինանսների պաշտպանություն, խնայողություններ:

Խաղն ունի երկու տարբերակ` անհատական խաղացողի եւ երկկողմանի օնլայն խաղի համար, ինչպես նաեւ բարդության երեք աստիճան: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մեծացնում է մասնակցի համար գոլ խփելու հավանականությունը:

«Սոցիալական պատասխանատվության տեսանկյունից այս խաղի գործարկումը կարեւոր ստրատեգիական քայլ է «Վիզա»-ի համար: Ուրախ ենք, որ ԿԲ-ի եւ  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերով խաղը թարգմանվել է հայերեն եւ ադապտացվել հայաստանյան շուկայի համար: Հուսով եմ, այն կհետաքրքրի երիտասարդներին, ուսանողներին, ինչու չէ՞ նաեւ մեծահասակներին: Այն պարունակում է գեմիֆիկացիայի (gamification) տարրեր, ինչը տեղեկատվության ընկալումը դարձնում է ավելի դյուրին: Բոլորն էլ հետաքրքրված են հաղթելով եւ գոլ խփելով»,- նշել է Դմիտրո Կրեպակը:

ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, կարեւորելով խաղի հայկական տարբերակի գործարկումը, նշել է, որ ֆինանսական կրթումը մարդկանց բարեկեցության անհրաժեշտ գործոններից է:

«Ֆինանսական գրագիտության բարձրացման միջոցառումներ իրականացնելիս շատ կարեւոր է կիրառել այնպիսի մեթոդներ, գործիքներ գտնել, որոնք կմիավորեն ստեղծագործական եւ նորարարական մոտեցումները կրթման հետ: Ֆինանսական ֆուտբոլն այդպիսի գործիք է, որը թույլ է տալիս միաժամանակ ե՛ւ ուսանել, ե՛ւ զվարճանալ. երիտասարդները կարող են ֆինանսական ֆուտբոլ խաղալու միջոցով ստանալ իրենց անձնական ֆինանսների վերաբերյալ բազմաթիվ գիտելիքներ` միաժամանակ հաճույք ստանալով խաղից»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը:

Արմենուհի Մկրտչյանը տեղեկացրել է, որ խաղը գործում է ավելի քան 41 երկրներում, իսկ Հայաստանում այն հասանելի է abcfinance.am եւ financialfootball.am կայքերում:

Դիտում՝ 16844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai