Մատեյ Միխալկո. ՀՀ-ն բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ ունի

07.12.2016 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Հոկտեմբերին բլոկչեյն ստարտափ DECENT Հիմնադրամը Հայաստանում բացեց «Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոն»-ը:  

Banks.am-ը զրուցել է անցած ամիս Հայաստան այցելած DECENT-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մատեյ Միխալկոյի հետ:

- Վերջերս Երեւանում բացվեց «Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոն»-ը: Ո՞րն է դրա առաքելությունը:

- Նորաբաց կենտրոնի նպատակն է ստեղծել պրոդուկտներ եւ լուծումներ, որոնք նպաստում են թվային կոնտենտի հարմարավետ, ուղիղ եւ անվտանգ գլոբալ փոխանակությանը: Մենք պատրաստվում ենք օգտագործել Հայաստանի ունեցած ինտելեկտուալ ներուժը, ռեսուրսները եւ փորձը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար:

Ցանկանում ենք բլոկչեյն տեխնոլոգիաները դուրս բերել զանգվածային շուկաներ՝ մշտական նորարարությունների եւ ուղղահայաց ինտեգրացիայի միջոցով դրանք  ուղղորդելով դեպի արդյունաբերություն: Մենք ցանկանում ենք ստեղծել թիմ, որը բլոկչեյն տեխնոլոգիաները կդարձնի գերիշխող ուղղություն (մեյնսթրիմ): Քրաուդֆանդինգի արդյունքում 4300 մասնակից հովանավորներից ներգրավված $4,2 մլն-ը մենք ներդնում ենք Հայաստանում՝ այս կենտրոնը հիմնելու համար:

- Ինչո՞ւ հենց Հայաստանում:

- Ինձ Հայաստան էր հրավիրել կենտրոնի համահիմնադիր եւ տնօրեն Գագիկ Եղիազարյանը: Այցելեցինք մի քանի տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ VMware եւ Wovenmedia: Այդ ընթացքում ես տեսա, որ Հայաստանը ՏՏ ոլորտի հզոր ներուժով երկիր է, որտեղ հնարավոր է ստեղծել ցանկացած պրոդուկտ, այդ թվում՝ բլոկչեյն տեխնոլոգիաներ:

Ներկայում Հայաստանում փնտրում ենք ծրագրավորողների: Թափուր աշխատատեղերի մասին ինֆորմացիան հասանելի է այստեղ: Հենց թիմը ձեւավորվի, կսկսենք: Փնտրում ենք 10-15 մասնագետի, սակայն այս թիվը կարող է շատ արագ ավելանալ: Սովորաբար ժամանակ է պահանջվում ճիշտ մարդկանց գտնելու համար:   

Ցանկանում եմ ընդգծել, որ հզոր ներկայություն ունենք Չինաստանում, սակայն կազմակերպությունը տեղակայված է Ժնեւում (Շվեյցարիա): Մեկ այլ գրասենյակ էլ ունենք Սլովակիայում: Ուստի ստացվում է, որ մենք այսօր անմիջական ներկայություն ունենք 4 երկրում՝ Շվեյցարիա, Սլովակիա, Չինաստան եւ Հայաստան:

Մեզ հիմա հարկավոր է Հայաստանում ծրագրավորման թիմ ստեղծել: Չինաստանն այն երկիրն է, որտեղից գալիս է մեր հաճախորդների մեծամասնությունը: Մենք նաեւ գործընկերներ ունենք ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Օգոստոսին ես մասնակցում էի էներգետիկային նվիրված խոշոր կոնֆերանսի՝ կազմակերպված Չինաստանի կառավարության կողմից: Այնտեղ կոնտենտի 80%-ը վերաբերում էր բլոկչեյն տեխնոլոգիաներին, 10 խոսնակներից 8-ը խոսում էր բլոկչեյն լուծումների մասին, այնպես որ այս տեխնոլոգիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից:

- Բլոկչեյնը նոր տեխնոլոգիա է: Ինչպե՞ս կբացատրեք մեր ընթերցողին դրա հիմնական գործառույթները:

- Բլոկչեյնը նախկինում կատարված գործարքների ցանկ է: Գործարքի օրինակ կարող է դիտարկվել, երբ դու, օրինակ, էլնամակ կամ դրամական փոխանցում ես ուղարկում որեւէ մեկի: Այն պահին, երբ ինչ-որ գործարք բլոկչեյնի մաս է դառնում, այն չի կարող փոփոխվել: Բլոկչեյնը պատմության ստույգ արձանագրումն է, պատմություն, որը չի կարող փոփոխության ենթարկվել:

Ցանկանում եմ շեշտել, որ բլոկչեյնը վերաբերում է ոչ միայն ֆինթեքին (fintech): Մենք առաջիններից ենք, որ բլոկչեյնը հանում ենք ֆինթեքից եւ տեղափոխում թվային բովանդակության եւ տվյալների բաշխման (data distribution) ոլորտ (մեդիա, անշարժ գույք, էներգետիկա եւ այլն):  

Հաշվի առնելով այն, որ բլոկչեյնի դեպքում ամեն ինչ նախապես գրանցված է, արդեն պարզ է, թե ինչ է տեղի ունենալու եւ կարելի է վստահ լինել, որ գործընթացն ընթանալու է գաղտնագրության եւ մաթեմատիկայի օրենքներին համապատասխան՝ վստահված երրորդ կողմ ունենալու փոխարեն: Բլոկչեյնը կարող է վստահություն բերել տարբեր ոլորտներ, դրա միջոցով հնարավոր է ապացուցել, թե իրականում ինչ է կատարվել: Այն ընկերությունները, որոնք կորոշեն օգտագործել բլոկչեյն տեխնոլոգիաներ, կտնտեսեն գումար: Բացի այդ, նրանք իրենց համակարգերն ավելի անվտանգ կդարձնեն, իսկ գործունեությունը՝ ավելի թափանցիկ:

Այսօր բլոկչեյնը նույն դիրքում է, ինչ ինտերնետը 90-ականներին: Այն նոր էր, եւ մարդկանց մեծամասնությունը չէր հասկանում դրա կարեւորությունը: Ժամանակ պահանջվեց, որպեսզի հասարակության լայն շերտերը հասկանային դա: Նույնն այսօր վերաբերում է բլոկչեյն տեխնոլոգիաներին: Մենք դրա առաջին օգտագործողներն ենք, եւ դեռեւս 3-5 տարի է հարկավոր, որպեսզի այն գերիշխող տեխնոլոգիա դառնա: Մենք ցանկանում ենք լինել այն առաջատար տեխնոլոգիա դարձնողները:  

Հայաստանը նորարարությունների ասպարեզում ունի վիթխարի պատմություն, եւ ես վստահ եմ, որ այն կարող է լավ հիմք դառնալ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար:  

Մատեյ Միխալկոյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 2214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW