Finely. Հաճախորդների սպասարկման ավտոմատացում՝ չատ-բոտի միջոցով

28.11.2016 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մասնագիտությամբ ծրագրավորող 23-ամյա Դավիթ Ղարիբյանը, չնայած երիտասարդ տարիքին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ չէ: Այնուամենայնիվ, դեռ մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ իր ուսումնական կենտրոնում աշխատանքի ընդունված 15-ամյա Արամ Եղիազարյանի հետ գործընկերներ կդառնան:

Մեկ տարվա ընթացքում համատեղ մի քանի պրոյեկտներից հետո Դավիթն ու Արամը ի վերջո որոշեցին ձեռնարկել մի բան, որում իրենք նորություն կառաջարկեն. որպես գլխավոր ուղղություն ընտրվեց աշխարհում արագ զարգացող չատ-բոտերի ոլորտը: Հենց նրանց Finely չատ-բոտն էլ օրերս կայացած Smarter Armenia հաքաթոնում մրցանակ ստացավ ֆինանսական ոլորտում լավագույն լուծում առաջարկելու համար:

Չատ-բոտ

Չատ-բոտը յուրօրինակ ծրագիր-զրուցակից է, որը մարդու հետ շփվում է նրա լեզվով եւ կատարում տարաբնույթ հրահանգներ: Ի տարբերություն հավելվածների՝ չատ-բոտերը «կցված են» մեսինջերին, այսինքն, ներբեռնելու համար ժամանակ չեն խլում, սմարթֆոնի հիշողությունը չեն ծանրաբեռնում:

«Մեր թիմը չատ-բոտեր է պատրաստում Facebook Messanger-ի տիրույթում»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Դավիթ Ղարիբյանը՝ պարզաբանելով, որ ընտրվել է ամենամասսայական մեսինջերը:

Նա նշում է, որ աշխարհում մեսինջեր-բոտերի տարածումը շատ արագ է զարգանում. այսօր շուրջ 4 մլրդ մարդ օգտվում է մեսինջերներից, եւ ոչ հեռու ապագայում՝ 2-3 տարի հետո, նրա կանխատեսմամբ, բոտերի օգտագործումը զանգվածային բնույթ կկրի:



«Առաջին ուղղությունը, որով ուզում ենք զբաղվել, լինելու է բանկային եւ, ընդհանուր առմամբ, հաճախորդների սպասարկման ավտոմատացումը,- պատմում է Դավիթը: -Այսինքն, եթե դուք ինչ-որ կազմակերպություն եք, ձեր ֆեյսբուքյան էջին նամակ եք ստանում, եւ այսօր այդ նամակին պատասխանում է ձեր աշխատակիցը, մենք առաջարկում ենք ավտոմատացնել այդ գործընթացը, եթե մեզ տրամադրեք համապատասխան կոնտենտ: Այսինքն ձեր աշխատակցի փոխարեն նամակներին կպատասխանի բոտը»:

Finely եւ Fitly

Նախքան բիզնես ուղղվածությամբ մտածելը՝ Դավիթն ու Արամը չատ-բոտեր են մշակել են ժամանցային թեմաներով: Թիմի առաջին չատ-բոտը եղել է Talk with Kirk-ը («Խոսիր Քըրքի հետ»): Դրանով օգտատերերին հնարավորություն էր տրվում «զրուցել» Քըրք Քըրքորյանի հետ նրա անձնական կյանքից կամ կարիերայից, ընդ որում, պատասխանների համար անհրաժեշտ կոնտենտը ծրագրավորողները վերցրել էին իրական հարցազրույցից:

«Դա ուղարկեցինք մեր ընկերներին, բոլորը նայեցին, հավանեցին: Մենք հասկացանք, որ կարող ենք նույն բանն անել բիզնեսում, որպեսզի այն լինի ոչ միայն ինֆորմատիվ կամ զվարճալի, այլեւ բիզնեսների համար օգտակար: Մենք էլ, մեր հերթին, դրանից եկամուտ կարող ենք ստանալ»,- պատմում է Դավիթը:

Միտքը զարգացավ Smarter Armenia հաքաթոնի ժամանակ. արդյունքում 2 օրում մշակվեցին ֆիտնես ուղղվածության Fitly եւ ֆինանսական ուղղվածության Finely բոտերը, որոնց դեմո տարբերակները հասանելի են Facebook Messanger-ում:

«Մեր բոտերը գոռոզ չեն»

Այս պահին մեսինջերում առավել խելացի է Fitly-ն, որն իրենից ներկայացնում է ֆիթնես-խորհրդատու եւ առաջարկում է վարժություններ մարմնի տարբեր հատվածների համար:

Աշխատելու սկզբունքը երկու բոտերի դեպքում էլ նույնն է. նամակի պատուհանը բացելիս բոտն անմիջապես ողջունում է օգտատիրոջը եւ առաջարկում իր օգնությունը:  Ընդ որում, օգտատիրոջը հնարավորություն է տրվում հարցը շարադրել ինքնուրույն կամ ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը: Ծրագիրն այնպես է մշակված, որ կարող է հասկանալ ամենաանհեթեթ ձեւով շարադրված հարցումները՝ ցանկացած լեզվով, եթե անգամ այն գրված է լատինատառ հայերենով:

«Մեր բոտը գոռոզ չէ, ցանկացած հարցման պատասխանում է»,- կատակում է Դավիթը:

Համագործակցություն

Չատ-բոտեր մշակելու առաջարկով երիտասարդ ծրագրավորողները նախատեսում են առաջիկայում դիմել ոչ միայն բանկերին, այլեւ բոլոր այն կազմակերպություններին կամ բիզնես-հաստատություններին, որոնք ունեն հաճախորդների սպասարկման խնդիր:

Հենց նրանց մշակած բոտով այսօր արդեն գործում է «Չոր մարքեթինգի» ֆեյսբուքյան էջը: Բոտերով հետաքրքրված են արդեն մի շարք մեծ ու փոքր կազմակերպություններ, որոնց հետ բանակցություններ են ընթանում:

Բանկերից համագործակցության առաջին փորձը կլինի Արդշինբանկի հետ, որն էլ հենց հաքաթոնում հավանություն է արժանացրել ծրագիրը:

«Մենք մեր առաջարկն ուղարկելու ենք բանկերին եւ համաձայնության դեպքում յուրաքանչյուրի համար կստեղծենք իր անունով բոտ՝ յուրաքանչյուրին իրեն հարմար տարբերակով, հաճախորդների սպասարկման իր մոդելով, իր հարցուպատասխանով»,- պարզաբանում է Դավիթը՝ հավելելով, որ ամենապարզ տարբերակը կարող է լինել հաճախ տրվող հարցերի ավտոմատացումը:




Նրա խոսքով՝ Finely-ն խիստ նախնական տարբերակ է, եւ դեռ աշխատանքներ են տարվում. այն որպես նմուշ կներկայացվի պոտենցիալ գործընկերներին, մյուս կողմից էլ՝ սովորական օգտատերերին թույլ կտա ծանոթանալ բոտերի հետ շփման ձեւին: Այսօրվա դրությամբ, ծրագիրը, օրինակ, կարող է տեղեկացնել վարկերի մարման ժամկետների մասին: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր գործընկեր-կազմակերպություն ինքը պետք է սահմանի այն հարցերի շրջանակը, որոնց կարող է պատասխանել բոտը:

Բոտերին պետք է կրթել

Դավիթը հույս ունի, որ ապագայում կկարողանան բոտերին հասցնել մի մակարդակի, որ նրանք կտան այնպիսի պատասխան, ինչպիսին կտար ընկերության տնօրենը:

Նախնական փուլում, եթե բոտը չկարողանա ինչ-որ հարցի պատասխանել, հարցը կուղարկվի ընկերության տնօրենին կամ համապատասխան աշխատակցին: Վերջինս հարցին կպատասխանի միայն մեկ անգամ, որից հետո բոտը «կսովորի» հարցի պատասխանը եւ հաջորդ անգամ դրան ինքնուրույն կպատասխանի:

«Արհեստական ինտելեկտը պահանջում է, որպեսզի իրեն անընդհատ վարժեցնեն, որպեսզի ինքը կարողանա մարդու նման աշխատել: Ամեն ինչ մենք ենք իրեն սովորեցնում, ինչպես ասենք, այնպես էլ անելու է, որքան կիրթ եղավ, այնքան լավ կպատասխանի հարցերին»,- եզրափակում է Դավիթ Ղարիբյանը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 11975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai