ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը Banks.am-ին է տրամադրել իր հոդվածը՝ զինվորներին ու նրանց ընտանիքներին ապահովագրելու նախաձեռնության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Վարուժան ԱվետիքյանՎերջին օրերին սոցիալական ցանցերից, մամուլից եւ անձնական նամակներից ծանոթացել եմ մեր զինվորներին ու նրանց ընտանիքներին ապահովագրելու նախաձեռնության վերաբերյալ հակափաստարկներին ու առաջարկներին: Ուզում եմ որպես քաղաքացի արձագանքել դրանցից ոմանց` փորձելով բերել փաստարկներ ու հիմնավորումներ: Դա կանեմ ըստ հարցերի:- Ինչու՞ է դրոշմանիշային վճարը սահմանված 1000 դրամ բոլորի աշխատողների համար հավասարապես անկախ նրանց ստացած եկամտի չափից: Ինչո՞ւ տոկոսային հարաբերակցություն՝ ըստ աշխատավարձի, սահմանված չէ:Հիմնավորումներն են.1. Համակարգը պետք է լինի պարզ, որպեսզի երաշխավորի նաեւ համակարգի թափանցիկությունն ու վերահսկելիությունը: Տոկոսային հարաբերակցությունը բարդացնում է համակարգը, ստեղծում է խուսափումների հնարավորություն, ինչը պահանջում է վարչարարություն, որը երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ ֆինանսական բեռ (ծախս) է հանրության համար:2. Եթե ելնենք ապրիլյան պատերազմի կանխավարկածից, ապա յուրաքանչյուր զոհված զինվորին կամ վիրավորված զինվորի ընտանիքին հատուցում կատարելու համար 1000 դրամից կպահանջվի մոտ 920 դրամ: Տարբերություն կազմող 80 դրամն անհրաժեշտ է ռեզերվներ ունենալու համար:3. Հայաստանում, ցավոք, աշխատավարձերի սանդղակը շեղված է դեպի ցածր աշխատավարձեր, իսկ շատ բարձր աշխատավարձ ստացողները համարյա աննշան մաս են կազմում այդ զանգվածում: Պաշտոնական աշխատավարձերը (գոնե մասնավոր հատվածում՝ բացառությամբ մի քանի ոլորտների) ցածր են ոչ թե այն պատճառով, որ դա այդպես է (իհարկե, ունենք բազմաթիվ նման դեպքեր), այլ որովհետեւ դրանք հիմնականում գտնվում են ստվերում ու վճարվում «սեղանի տակից»: Ինչ վերաբերում է «հարուստներին», ապա հարց եմ տալիս. քանի՞ հայտնի հարուստ գիտեք, որը բարձր աշխատավարձ է հայտարարագրում: Մատների վրա կհաշվեք: Միգուցե՝ մի փոքր ավելի: Ու սա այն պատճառով, որ բազմաթիվ «հարուստներ» կա՛մ աշխատավարձ չեն ստանում, կա՛մ հայտարարագրում են ոչ իրական թվերը: Սա նշանակում է, որ աշխատավարձային հարաբերակցություն սահմանելու դեպքում իրական վճար չեն վճարելու բազմաթիվ ցածր աշխատավարձ ցույց տվողներն ու բարձր աշխատավարձ ստացողները: Արդյունքում ո՞վ է տուժելու: Միջին խավ կազմող եւ թափանցիկ մի քանի ոլորտներում աշխատող պրոֆեսիոնալ զանգվածը (հեռահաղորդակցություն, ֆինանսական, ՏՏ ոլորտ եւ այլն): Այսինքն, ասվածը տեսականորեն ճիշտ է, սակայն չի բխում Հայաստանի արդի իրականությունից (ցավոք):4. Տնտեսագիտության մեջ կա մի պարզ հասկացություն՝ հանրային բարիք (public good). այդպիսին է պաշտպանությունը: Յուրաքանչյուր անձ՝ անկախ հարուստ կամ աղքատ լինելուց, շատ կամ քիչ հարկեր վճարելուց, բանակին օգնելուց կամ չօգնելուց, ստանում է նույն պաշտպանությունը: Հարուստը ավելի լավ պաշտպանված չէ կան աղքատը: Սահմանին կանգնած զինվորը մեկին մյուսի նկատմամբ առավելություն չի տալիս: Մեր բոլորի պաշտպանության համար մենք պետք է հավասարապես վճարենք: - Ինչո՞ւ պետությունը չի տալիս այդ գումարները: Այդ ծախսը պետությանն է ու ոչ ժողովրդինը: Դա բյուջեն պիտի ֆինանսավորի:- Պետությունը ո՞վ է: Բյուջեի ծախսերը ո՞ւմ ծախսերն են: Պետությունը մենք ենք, բյուջեն էլ է մերը: Այսօրվա բյուջեից ո՞ր ծախսը պիտի կտրենք, որ այս ծախսը անենք: Բյուջեն կարողանում է վճարել ինչ կարողանում է՝ 30-90 հազ. դրամ հիմնականում: Սրա հույսի՞ն պիտի թողենք մեր բանակը: Կարեւոր չէ, թե որ գրպանից ենք տալիս գումարը: Գումարը միշտ դուրս է գալիս մեր գրպանից: Նույնիսկ եթե այդ ծախսը դնենք բիզնեսների վրա (իսկ բիզնեսավարողը ժողովրդի մասնիկը չէ՞), ապա դրա համար նույնպես ես ու դու ենք վճարելու, քանի որ այդ ծախսը արտացոլվելու է մեր գնած ապրանքների ու ծառայությունների գնի մեջ:- Ինչո՞ւ այդ գումարը թալանչիներից չի հավաքվում: Իրենք կերել են, իրենք էլ թող տան:- Ո՞վ է «թալանչին»: Ունե՞նք իրավական սահմանում: Կարո՞ղ ենք այդպիսին տալ: Նույնիսկ, եթե կարող ենք տալ թալանչու սահմանումը, պե՞տք է ապացուցենք թալանչու մեղքը (բողոքողներից շատերը օրինականությունն են որպես հակափաստարկ բերում): Քանի՞ տարի կպահանջվի «թալանչիներին» դատելու, պատժելու ու նրանցից «թալանը» հետ բերելու համար: Միգուցե պարզվի նաեւ, որ բողոքողների մեջ կան նաեւ մանր ու մեծ «թալանչիներ»: Որպես ազգ մեզ անհրաժեշտ է համախմբվել ու համեմատական փոքր ներդրումով մեծ արդյունք ու արժեք ստեղծել: Այնքան մեծ, որ մենք էլ զարմանանք մեր արածի հզորությունից:- Ինչու՞ դանդաղ, կամավորությամբ չստեղծենք հիմնադրամը, վստահություն ձեռք բերենք, ապա նոր միայն պարտադիր դարձնենք:-Կա՞րճ պատասխանը՝ Ժամանակ չկա: Թշնամին դռան տակ է: Երկա՞ր պատասխանը. 1. Կարելի է անել նման բան 3-5 տարում:2. Ըստ ԼՂՀ ֆինանսների նախարարության հրապարակած թվերի՝ ապրիլյան պատերազմից մինչեւ նոյեմբերի 3-ը հատուկ այդ նպատակով բացված հաշվին Հայաստանից ու արտերկրից մոտ 11 միլիոն դոլար է փոխանցվել նվիրատվությունների տեսքով: Սա այն դեպքում, երբ ահռելի մեծ ռեսուրս է մոբիլիզացվել այդ դրամահավաքի համար: Ապահովագրական համակարգը ներդնելու դեպքում յուրաքանչյուր տարի մենք կկարողանանք 1000-ական դրամներով ձեւավորել ավելի քան 12 միլիոն դոլար:3. Կամավորության պարագայում կտրուկ, զգալի եւ երկարաժամկետ ծրագիր չես կարող ներդնել, այնպես ինչպես առաջարկվում է այս նախագծով (մեծ հատուցումներ` երկարաժամկետ վճարումներ): Եթե կա որեւէ անձ, որը կկատարի ակտուարական հաշվարկներ ու թվերով կապացուցի, որ միայն կամավորությամբ կարող է կայուն վճարումներ ապահովել, ապա անպայման պետք է անցնել կամավորության մեխանիզմին:- Ինչո՞ւ է ստեղծվում առանձին հիմնադրամ:Առանձին հիմնադրամ ստեղծելու նպատակները մի քանիսն են. 1. Առանձին հիմնադրամը հնարավորություն է տալիս հավաքագրված միջոցները կառավարել, այսինքն՝ դրանցով ներդրումներ կատարել ու ապահովել լրացուցիչ եկամուտներ ֆոնդի համար: Լրացուցիչ եկամուտները թույլ կտան հատուցումները կատարել այն մեծ գումարներով, որոնք ներկայացված են օրենքի նախագծում: Լրացուցիչ եկամուտները նաեւ հնարավորություն կտան համակարգը պահել կայուն, երկարաժամկետ ու հուսալի:2. Առանձին հիմնադրամը հնարավորություն է տալիս ապահովել այդքան խոսված թափանցիկությունը: Մուտքերն ու ելքերը չեն խառնվում բյուջեի այլ եկամուտների ու ծախսերի հետ, այլ դառնում բաց` հասարակության վերահսկողության համար:- Ինչո՞ւ է հենց Կենտրոնական բանկը ստեղծում հիմնադրամը:- Հիմնադրամն առաջարկվում է ստեղծել Կենտրոնական բանկի կողմից, քանի որ.1. Կենտրոնական բանկը հանդիսանում են ակտիվների կառավարման հարցում միակ մասնագիտացված պետական կառույցը Հայաստանում:2. Կենտրոնական բանկի անկախությունը այլ պետական մարմիններից երաշխավորված է Սահմանադրությամբ, օրենքներով ու փաստացի:3. Կենտրոնական բանկն անվճար կառավարելու է հիմնադրամը, իսկ դա անելու համար այն ունի մարդկային, գիտելիքային, տեղեկատվական բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: Սա նաեւ նշանակում է, որ հավաքագրված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են հատուցումներին, եւ դրանցով աշխատավարձային կամ այլ ադմինիստրատիվ ծախսեր չեն կատարվելու:- Ինչո՞ւ է հիմնադրամի խորհուրդը ձեւավորվում կառավարությունից ու Կենտրոնական բանկից:- Դա այդպես չէ: Կառավարությունն ու Կենտրոնական բանկն ընդամենը նշանակում են Խորհրդի անդամներին (ինչ-որ մեկը պետք է նշանակի չէ՞): Հիմնադրամի խորհուրդը պետք է կազմված լինի գիտակ, պրոֆեսիոնալ, հասարակության վստահությունը վայելող, շահագրգիռ մարդկանցից: Խորհրդում ներկայացվածությունը պետք է լինի բազմազան` հասարակության տարբեր ոլորտներից (քաղաքացիական հասարակություն, հասարակական գործիչներ, մամուլ, ֆինանսական հատված, զինծառայողների խնդիրներով զբաղվող կազմակերպություններ): Եթե դա այդպես չլինի, ապա հասարակությունը իրավացիորեն չի վստահի հիմնադրամին: Այսօր մեր խնդիրն է մտածել ու առաջադրել հենց այդպիսի մարդկանց: Դա հենց հիմնադրամի թափանցիկության երաշխիքներից մեկն է: - Ինչպե՞ս է ապահովվելու հիմնադրամի թափանցիկությունն ու հասարակական վստահությունը:- Այժմ պատրաստվում է էլեկտրոնային-տեղեկատվական համակարգը (վեբ կայք, բջջային հավելված, եւ այլն), որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պահի տեսնել, թե որքան գումար հավաքվեց, ինչ աղբյուրներից, որքան եկամուտ ստացվեց, որ զոհված զինվորի ընտանիքը փոխհատուցվեց եւ այլն: Ընդ որում, եթե մեր ՏՏ ոլորտից կան մասնագետներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատել ու անվճար պատրաստել էլեկտրոնային-տեղեկատվական համակարգերը՝ ապահովելով նաեւ հասարակության վստահությունը, ապա մենք շնորհակալ կլինենք նրանցից ու կհամագործակցենք:- Հնարավոր լինելո՞ւ է արդյոք Սփյուռքից փոխանցումների կատարումը: - Միանշանակ՝ այո: Յուրաքանչյուր ոք կարողանալու է՝ անկախ նա Հայաստանում է, Արցախում, թե սփյուռքում: Tweet Դիտում՝ 12529