Ուգուր Դելիքանլի. Սեւծովյան բանկը մտադիր է մեծացնել ՀՀ իրական հատվածի ֆինանսավորումը

09.11.2016 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ը զրուցել է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Իհսան Ուգուր Դելիքանլիի հետ:  

- Պրն Դելիքանլի, ինչպե՞ս կգնահատեք ԱԶՍԲ-ի գործունեությունն ու վարկային պորտֆելը Հայաստանում: Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել այնտեղ:

- ԱԶՍԲ-ի` Հայաստանում իրականացրած գործունեությունը բավական գոհացուցիչ է:  2011-2014 թթ. մեր քառամյա ռազմավարության ժամանակահատվածում կարողացել ենք ընդլայնել Հայաստանում ունեցած վարկային պորտֆելը` գրանցելով մեծ առաջընթաց: Ավելին, ԱԶՍԲ-ին հաջողվել է գերազանցել Խորհրդի կողմից հաստատված թիրախային ցուցանիշի կրկնապատիկը, իսկ ֆինանսավորման նոր հանձնառությունները կազմել են շուրջ €63 մլն` ավելին, քան նախապես ակնկալվում էր:

Այս միտումը շարունակվում է ներկայացված լինել մեր ընթացիկ՝ 2015-2018 թթ. ռազմավարական ծրագրում: Մեկ ու կես տարուց պակաս ժամանակահատվածում մեզ հաջողվել է հասնել նպատակային ցուցանիշի կեսին` Խորհրդի կողմից հաստատված €42 մլն-ի ֆինանսավորմամբ եւ €32 մլն նոր հանձնառություններով:

Չնայած արդեն ձեռք բերված հաջողություններին՝ կցանկանայինք ներգրավվել այնպիսի ծրագրերում, որոնք տարածաշրջանային համագործակցության ավելի շատ տարրեր կպարունակեն:

Բացի այդ, մտադիր ենք ավելացնել տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումը, քանի որ մեր ազդեցությունը ֆինանսական ոլորտում արդեն իսկ բավական մեծ է: Եւ սա նորմալ է. հայաստանյան ընկերությունների փոքր չափերը դժվարացնում են նրանց հետ ուղիղ աշխատանքը եւ մենք ստիպված ենք լինում ՓՄՁ-ների ֆինանսավորումն իրականացնել միջնորդավորված:

Որոշել ենք անմիջական համագործակցություն սկսել վերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաեւ էներգետիկայի, հեռահաղորդակցության եւ տրանսպորտի ոլորտների ընկերությունների հետ` օգնելով նրանց լավացնել ենթակառուցվածքների որակն ու հնարավորությունները, ինչպես նաեւ բարելավել կապն այլ երկրների հետ:

- Իսկ որո՞նք են բանկի` Հայաստանում ունեցած ռազմավարական եւ գործարար առաջնայնությունները:

- 2015-2018 թթ. նախատեսում ենք իրականացնել €51-76 մլն-ի ֆինանսավորում: Մենք հաջողությամբ հասնում ենք մեր սահմանած նպատակակետերին, իսկ հնարավորության դեպքում ուրախությամբ կգերակատարենք այն, հատկապես` իրական հատվածում, որտեղ պատրաստ ենք իրականացնել համաֆինանսավորում նաեւ այլ արտաքին աղբյուրների հետ` նպաստելով հայաստանյան ընկերությունների եւ, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսության զարգացմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած մեր առաջնայնություններին եւ ԱԶՍԲ-ի գործունեության ուղղվածությանը, ապա մեր նպատակն է աջակցել Հայաստանում գործող բանկերին եւ մյուս ընկերություններին, որոնք փնտրում են ներդրումներ եւ ցանկանում ընդլայնել իրենց գործունեությունը:

Մասնավորապես, մենք շահագրգռված ենք ֆինանսավորել այն գործարքները, որոնք կօգնեն ամրացնել միջտարածաշրջանային համագործակցությունը: Այս համատեքստում հետաքրքրված ենք փոքր եւ միջին մասշտաբների նախագծերով, որոնք կխթանեն Սեւծովյան տարածաշրջանի մյուս երկրների հետ ենթակառուցվածքային կապերը:
 
Հաշվի առնելով մեր աճի եւ դիվերսիֆիկացման ձգտումը`պատրաստ ենք դիտարկել ցանկացած ծրագիր` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես նրանք, որոնք կնպաստեն արտահանման հնարավորությունների ավելացմանն ու նոր աշխատատեղերի բացմանը:

- Ներկայացրե՛ք խնդրում եմ ԱԶՍԲ-ի վերջին շրջանի կարեւորագույն ձեռքբերումները: Ապագայի ի՞նչ ծրագրեր ու հեռանկարներ ունեք:

-  Չնայած ԱԶՍԲ-ին անդամակցող երկրների միջեւ ժամանակ առ ժամանակ ծագող քաղաքական լարվածություններին, բանկին հաջողվել է ոչ միայն հանդիսանալ նրանց միջեւ տնտեսական եւ ֆինանսական երկխոսության հարթակ, այլեւ հեռու պահել բանկի խորհուրդը քաղաքական քննարկումներից եւ տարաձայնություններից:

Բանկը ֆինանսական լուրջ դրություն ունի եւ ապահովում է կայուն շահութաբերություն: Զգալիորեն բարելավել ենք վարկային պորտֆելի որակը` ունենալով միայն երկու չաշխատող վարկ կամ 2015թ. տվյալներով՝ ընդհանուր պորտֆելի 1,2%-ը:

Հպարտությամբ կարող եմ փաստել, որ ԱԶՍԲ-ն շարունակում է մնալ Սեւծովյան տարածաշրջանի, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենաբարձր վարկանիշով կազմակերպություններից:

Վերջին երկու տարիներին ներդրված ջանքերի արդյունքում կարողացել ենք բարելավել մեր ֆինանսավորման ճյուղային բաշխվածությունը: Այժմ իրական հատվածի նախագծերում մեր ներգրավվածությունն ավելին է, քան ֆինանսական ոլորտում: Միաժամանակ, ԱԶՍԲ-ին հաջողվել է ապահովել պորտֆելի կայուն աճ (15%` 2015թ. տվյալներով)` գերազանցելով նախկին կանխատեսումները:  

Մեր գործունեությունն ուղղված է անդամ երկրներում ՓՄՁ-ների զարգացմանը: 2015-2018 թթ. ռազմավարությունը կենտրոնացած է ավելի շատ իրական հատվածի աջակցմանը, այդ թվում` վերամշակող, էներգետիկայի, կոմունալ եւ այլ ոչ ֆինանսական ծառայությունների, որոնք ներկայում կազմում են ընդհանուր պորտֆելի 50%-ը: Նպատակ ունենք ավելացնել ներգրավվածությունը նաեւ պետական հատվածի գործառնություններում, այդ թվում` պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով:

Ուգուր Դելիքանլիի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 1103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW