Արսեն Նազարյան. ՀՀ-ում պետք է խթանել բարձր ավելացված արժեքով ներդրումները

01.11.2016 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ը զրուցել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանի հետ:

- Պրն Նազարյան, ներդրումների ներգրավման հարցը ՀՀ տնտեսական առաջնահերթություններից է: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի ոլորտի քաղաքականությունը` դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:

- Ամուր ինստիտուցիոնալ կառույցների վրա հիմնվող թափանցիկ եւ արդյունավետ ներդրումային քաղաքականությունն էական նշանակություն ունի ներդրումների, արտադրողականության եւ տնտեսական աճի խթանման համար:    

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է խթանի բարձր ավելացված արժեքով օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը: Մասնավորապես, այնպիսի ներդրումներ, որոնք կարող են արդիականացնել տեղական տնտեսությունը, ստեղծել բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր եւ, վերջին հաշվով, բարելավել Հայաստանի գրավիչ համեմատական առավելությունները:

Համաշխարհային տնտեսության հետ Հայաստանի մասնավոր հատվածի ինտեգրման աստիճանը վճռորոշ դեր է կատարում գիտելիքների արդիականացման եւ տեղական արտադրության հզորության ամրապնդման գործում: Ուստի, ազգային քաղաքականություն մշակողները պետք է իրենց հարց տան, թե ինչպես կարող են տեղական ընկերությունները լավագույն ձեւով դիրքավորվել համաշխարհային արտադրության արժեշղթաներում (որը ենթադրում է արտադրության գործընթացի առանձին փուլերի կատարում տարբեր երկրներում) եւ այդ նպատակով դեպի Հայաստան ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ:

- Ի՞նչ քայլեր է իրականացնում Համաշխարհային բանկի խումբը, մասնավորապես` IFC-ն դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանն աջակցելու ուղղությամբ:

- Համաշխարհային բանկի խմբի Առեւտրի եւ մրցունակություն դեպարտամենտը` IFC-ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի միջոցով 2014թ.-ից տրամադրում է խորհրդատվություն ՀՀ կառավարությանը` աջակցելով ներդրողների համար առավել գրավիչ քաղաքականություն մշակելու վերջինիս ջանքերին:

Համաշխարհային բանկի խումբը 2015թ. աջակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը (նախկինում՝ էկոնոմիկայի նախարարություն) ու Հայաստանի զարգացման հիմնադրամին Ներդրումային բարեփոխումների քարտեզի մշակման գործում: Այն ուղղորդեց կառավարության քննարկումները` ներդրումային տեսլականի շուրջ, ինչպես նաեւ օգնեց բացահայտել ներդրումային քաղաքականության բարելավման ենթակա ոլորտները, կանոնակարգերն ու այն հաստատությունները, որոնք պետք է իրականացնեն այդ բարեփոխումները: Խորհրդակցությունների գործընթացը ներառեց վերլուծական աշխատանքներ` ներառյալ համաժողովի անցկացում պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ:  

Բարեփոխումների իր հանձնառությունն ամրագրելու համար 2015թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որտեղ սահմանվում են երկրի ներդրումային խնդիրներն ու նպատակները: Հայեցակարգում ներկայացված են պատշաճ ներդրումային քաղաքականության սկզբունքները, բարեփոխումների գերակայությունները եւ հիմնական ոլորտները բարելավելու համար միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներառյալ` ներդրողների ներգրավում, ներդրումների պաշտպանություն եւ պահպանում, ներդրողների հետ կապերի զարգացում, ինչպես նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումների նպատակաուղղում տեղական տնտեսության զարգացմանը:  

- Որքանո՞վ է ՀՀ օրենսդրությունը բարենպաստ ներդրումներ ներգրավելու առումով: Ձեր կարծիքով` ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ ներդրումները կարգավորող օրենսդրությունը բարելավելու համար:

- Գիտակցելով համապարփակ եւ թափանցիկ ներդրումային օրենսդրության կարեւորությունը` կառավարությունն այժմ բարեփոխում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է ավելի քան 20 տարի առաջ: Օրենքի փոփոխման նպատակն է նպաստել ներդրողների վստահության մակարդակի բարձրացմանը եւ ապահովել ներդրողների պաշտպանության եւ պարտավորությունների կայուն ու արդի իրավական դաշտ, որը համահունչ է միջազգային ներդրումային համաձայնագրերի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորություններին:  

Միջազգային լավագույն փորձին նոր օրինագծի համապատասխանությունը խթանելու նպատակով՝ IFC-ի ծրագիրը խորհրդատվական աջակցություն է տրամադրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ձեւավորված աշխատանքնային խմբին: Սա ներառում է խորհրդակցությունների եւ մեկնաբանությունների բազմաթիվ փուլեր, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի նմանօրինակ անցում կատարած երկրների փորձի ներկայացում: Ծրագիրը կարեւորել է նաեւ պետական-մասնավոր հատվածների միջեւ խորհրդակցությունների պատշաճ գործընթացի անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվի նոր օրինագծի համապատասխանությունը ներդրողների կարիքներին:

Նշեմ, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մոտ ժամանակներս կառավարության քննարկմանը կներկայացնի ներդրումների մասին նոր օրինագիծը:

Համաշխարհային բանկի խմբի թիմն ամբողջությամբ հասանելի է ՀՀ կառավարությանը՝ խորհրդատվական աջակցություն տրամադրելու, ոլորտների ուսումնասիրությունը շարունակելու, «Օտարերկյա ներդրումների մասին» օրենքի նախագծի վերանայման աշխատանքներին աջակցելու եւ ներդրումային միջավայրի բարելավմանն առնչվող այլ հարցերի շուրջ աշխատելու նպատակով:   

Արսեն Նազարյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 64054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW