«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության եւ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) միջեւ վերջերս կնքվել էր ռազմավարական համագործակցության հուշագիր: Այս առիթով Banks.am-ը զրուցել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի եւ BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հետ:- Ի՞նչ գործառույթների շուրջ է նախատեսվում կառուցել «ԱԳԲԱ Լիզինգ»-ի եւ BSC-ի գործակցությունը, եւ ի՞նչ ակնկալիքներ կան դրանից:Սամվել Գեւորգյան - Երկու ընկերությունների միջեւ սկիզբ առած համագործակցությունն իր ձեւաչափով եզակի է հայաստանյան շուկայում: Այս փոխգործակցությունից շահելու են ոչ միայն հուշագիրը ստորագրած կողմերը, այլեւ խորհրդատվական եւ լիզինգային ամբողջ շուկան, ներառյալ` մասնավոր ընկերությունները, անհատ սպառողները, լիզինգով զբաղվող կազմակերպությունները, խորհրդատվական ընկերություններն ու անհատ խորհրդատուները:Արսեն Բազիկյան - Համագործակցության շրջանակում նախատեսում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ «լիզինգ» ֆինանսական գործիքին ծանոթացումը կիրականացվի ինչպես մասնագիտացված խորհրդատուների, այնպես էլ անմիջականորեն լիզինգով զբաղվող աշխատակիցների միջոցով, ինչը կնպաստի այս գործիքի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ու նոր շուկաների բացահայտմանը:- Ինչպե՞ս կգնահատեք իրազեկվածության մակարդակը լիզինգի հայաստանյան շուկայում: Ի՞նչ քայլերով եք նպաստելու դրա բարձրացմանը` B2B (իրավաբանական անձանց) եւ B2C (ֆիզանձանց) հատվածներում:Սամվել Գեւորգյան - BSC-ի եւ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի համագործակցությունը հետապնդում է երկարաժամկետ եւ ամբիցիոզ նպատակներ: Մասնավորապես, ծրագրում ենք մի քանի մակարդակով բարձրացնել շուկայի իրազեկվածության մակարդակը լիզինգային առաջարկների վերաբերյալ`գործընթացում ներգրավելով խորհրդատվական ընկերությունների եւ անհատ խորհրդատուների: Բավական շատ անելիքներ կան հատկապես B2C շուկայում. այս հատվածն ամենաքիչն է ծանոթ լիզինգին եւ նրա առավելություններին: Օրինակ, Հայաստանում ֆիզանձիք հիմնականում մեքենա են ձեռք բերում ավտովարկերի միջոցով, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այս գործարքների գերակշիռ մասը կատարվում է լիզինգով` հաշվի առնելով դրա բոլոր առավելությունները:Արսեն Բազիկյան - Իհարկե, իրազեկվածությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է, եւ այստեղ անելիք ունեն ոչ միայն «ԱԳԲԱ Լիզինգ»-ն ու BSC-ն, այլեւ պետությունը, հասարակական կազմակերպություններն ու ֆինանսական տարբեր կառույցները: Բնակչության իրազեկվածության մակարդակը միայն գովազդի միջոցով բարձրացնելը ժամանակատար է եւ քիչ արդյունավետ: Դրանում կարելի է համոզվել`ուսումնասիրելով Հայաստանում լիզինգի պորտֆելը, որը կազմում է շուրջ 13 մլրդ դրամ, մինչդեռ, մեր գնահատականներով, պետք է կազմեր շուրջ 70 մլրդ դրամ:Համագործակցության շրջանակում մշակած մոդելների միջոցով նախատեսում ենք հասնել իրազեկման, այսպես կոչված, «բազմապատկիչի էֆեկտ»-ի: Եթե գործընթացն իրականացվի առանձին ոլորտների ընկերությունների, մատակարար կազմակերպությունների, տարբեր թիրախային խմբերի միջոցով, կարծում եմ` կհասնենք ցանկալի արդյունքների: Շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը շահագրգռված լինեն այս գործընթացի հաջողությամբ:- Կիրառվո՞ւմ է արդյոք լիզինգի խորհրդատվությունը Հայաստանում: Ի՞նչ եղանակով է նպաստելու «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հետ համագործակցությունը խորհրդատվության այս տեսակի առաջխաղացմանը: Արսեն Բազիկյան - Լիզինգային խորհրդատվությունը մինչ օրս իրականացվել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գրասենյակում կամ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մասնաճյուղերում: Որքանով մեզ հայտնի է, «լիզինգը»` որպես ֆինանսավորման այլընտրանք, առհասարակ չի շրջանառվում խորհրդատվական ծառայությունների առաջարկներում, եւ այս ուղղությամբ աշխատանքների իրականացումը համագործակցության գլխավոր նպատակներից է: Համագործակցության անհրաժեշտությունը թերեւս առաջացավ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում իրականացվող նախագծերի, մասնավորապես, էներգախնայող սարքավորումների եւ համակարգերի, արեւային ֆոտովոլտայիկ կայանների լիզինգի ներդրման ժամանակ, ինչն առանց մասնագիտական խորհրդատվության եւ վերլուծության չի կարող պատշաճ իրականացվել: Արդյունավետ խորհրդատվություն մատուցելու ամենակարեւոր նախադրյալներից է շուկայում գործող մեխանիզմների մասին տեղեկատվության լիակատար տիրապետումը, որն իր հերթին հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվել` առաջարկելով հաճախորդին ամենահարմար տարբերակը:«ԱԳԲԱ Լիզինգ»-ը, լինելով Հայաստանում գրանցված առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունն ու ներկայիս լիզինգի հայաստանյան շուկայի բացարձակ առաջատարը, BSC-ի համար կդառնա վստահելի գործընկեր՝ ֆինանսական գործիքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովման եւ խորհրդատվական ծառայության բարձր մակարդակով մատուցման հարցում` մեծապես նպաստելով համապատասխան փորձի կիրառմանն ու զարգացմանը: Սամվել Գեւորգյան - Համագործակցության շրջանակում BSC-ն իր հաճախորդներին կներկայացնի լիզինգային տարբեր առաջարկներ, որոնք հաջողությամբ կփոխարինեն վարկավորմանն ու ֆինանսավորման այլ միջոցներին: Ըստ իս` լիզինգը հաջողությամբ կարող է կիրառվել մեր աջակցությամբ մշակվող գործարար եւ ներդումային ծրագրերում` դարձնելով դրանք ավելի գրավիչ ներդրողների համար` շնորհիվ հարկային առավելությունների, ճկունության, խնդիրների արագ եւ հօգուտ հաճախորդի լուծում եւ այլն:Մենք գործունեություն ենք ծավալում շատ ոլորտներում` սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, սպասարկում եւ այլն, որտեղ լիզինգի նկատմամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջանալ:Բացի այդ, լիզինգը շատ հարմար է նորաստեղծ ընկերություններին. սկսնակ ձեռներեցները մեր հիմնական թիրախային խմբերից են: Մենք պատրաստվում ենք «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գրքի 4-րդ հրատարակության մեջ առանձին բաժին հատկացնել «լիզինգ» թեմային:- Ստացվում է, որ BSC-ն «ԱԳԲԱ Լիզինգ»-ին մատուցելու է բիզնեսի զարգացման (business development) ծառայություններ: Իսկ ո՞րն է համագործակցության մեջ BSC-ի օգուտը:Սամվել Գեւորգյան- BSC-ն իր հաճախորդների միջոցով մեծացնելու է լիզինգից օգտվողների ցանցը: Յուրաքանչյուր հաճախորդի հետ իրականացվելու են առանձին աշխատանքներ, իսկ գործարքը կնքվելուց հետո BSC-ն ստանալու է հաջողության վճար «ԱԳԲԱ Լիզինգ»-ից: Պատրաստվում ենք մեր բոլոր հաճախորդներին առաջարկել լիզինգային պրոդուկտներ: «ԱԳԲԱ Լիզինգ»-ի առաջարկած լուծումները հարմար են բոլոր ոլորտներին:Արսեն Բազիկյան - Համագործակցության առեւտրային կողմը չի նախատեսում միայն հաճախորդների եւ լիզինգային պայմանագրերի ներգրավման դիմաց պարգեւավճարներ, այլ նաեւ որոշակի գործընկերային հարաբերություններ մատակարար կազմակերպությունների եւ առանձին ֆոնդերի կամ հիմնադրամների հետ:«ԱԳԲԱ Լիզինգ»-ը դեպի BSC կուղղորդի այն հաճախորդներին, որոնք ունեն բիզնեսի կառավարման, կատարելագործման, շուկայում առաջխաղացման խնդիրներ, առանձին բիզնես գործընթացների կազմակերպման գծով խորհրդատվության անհրաժեշտություն:- Ի՞նչ համատեղ ծրագրեր եք նախատեսում իրականացնել առաջիկայում: Դիտարկո՞ւմ եք հետագայում համագործակցության նոր ձեւաչափեր:Սամվել Գեւորգյան - Կիրառելով մի շարք ձեւաչափեր (մասթեր-քլասներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ եւ այլն)` ներկայացվելու են համատեղ առաջարկներ, որոնց մասին առավել մանրամասն կխոսենք հետագայում: Ծրագրում ենք համատեղ մարքեթինգային, իրազեկման միջոցառումներ` ներառյալ սոցիալական ցանցերում:Համագործակցության կարեւոր մաս է նաեւ լիզինգային մասնագետների պատրաստումը: BSC-ն իր նախաձեռնած Quick Start ծրագրի շրջանակում ծրագրում է կազմակերպել լիզինգի ոլորտի մասնագետների պատրաստում` ներգրավելով «ԱԳԲԱ Լիզինգ»-ի փորձագետներին: Այս նախաձեռնությունը ենթադրում է ապահովել արագ անցում բուհից դեպի աշխատաշուկա: ՀՀ շուկան ունի լիզինգի մասնագետների պահանջարկ, իսկ բուհերը դեռեւս չունեն հատուկ մասնագիտացում այս ուղղությամբ: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել Հայաստանի շուկայով, այլ նպատակադրվել ենք մեր փորձն ու ունակությունները ներկայացնել նաեւ ԱՊՀ երկրներում, որոնցից որոշները լիզինգի զարգացման մակարդակով էականորեն զիջում են Հայաստանին:Երկու ընկերությունների միջեւ կնքված համաձայնագիրը բեկումնային դեր կարող է ունենալ հայկական շուկայի գրեթե բոլոր ոլորտների առողջացման գործում: Զրուցեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 19875