Կարեն Մկրտիչեան. Զարգացման հիմնադրամում իմ փորձն օգտակար կլինի

19.07.2016 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ը զրուցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանի հետ:

- Պրն Մկրտիչեան, հիմնադրամի ղեկավարի պաշտոնում վերջերս եք նշանակվել: Մասնագիտական ի՞նչ ճանապարհ եք անցել, եւ ինչպե՞ս ստացվեց, որ ստանձնեցիք այս պաշտոնը: 

- Ծնվել եմ Գերմանիայում եւ մեծացել Լիբանանում: Այնուհետ տեղափոխվել եմ Կանադա՝ ուսանելու նպատակով, որտեղ էլ բնակվում էի մինչեւ վերջերս:

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ, սովորել եմ նաեւ բիզնեսի կառավարման մագիստրատուրայում (MBA), որից հետո մասնագիտացել եմ ներդրումային եւ ֆինանսական ոլորտում՝ աշխատելով Կանադայի խոշոր ներդրումային բանկերից մեկի Mergers & Acquisitions խմբում:

Աշխատել եմ ներդրումային ֆոնդի փոխտնօրենի պաշտոնում, այնուհետ՝ ղեկավարել բորսայում ցուցակված օդատիեզերական ընկերություն: Վերջինս ամերիկյան ընկերությանը վաճառելուց եւ ինտեգրացիոն գործընթացն ավարտելուց հետո որոշեցի վերադառնալ Հայաստան, չնայած որ այդ պահին աշխատանքի հստակ առաջարկներ չկային:

Մոտ մեկ տարի է, ինչ ընտանիքով բնակվում եմ հայրենիքում: Մինչ հիմնադրամի տնօրեն դառնալս աշխատել եմ Ինեկոբանկում՝ որպես ֆինանսական տնօրեն: Շատ լավ թիմ էր՝ հետաքրքիր տեսլականով եւ ծրագրերով:

Մի քանի ամիս առաջ ստացա առաջարկ՝ ստանձնելու Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարի պաշտոնը: Ինձ համար հեշտ չէր կայացնել այս որոշումը, Ինեկոբանկին դեռ նոր էի միացել, հետաքրքիր պաշտոն էի զբաղեցնում բանկային համակարգում, այդուհանդերձ, որոշեցի ստանձնել հիմնադրամի ղեկավարի պաշտոնը, որովհետեւ տեսա հնարավորություն՝ օգտագործելու իմ փորձառությունը՝ ի նպաստ երկրի զարգացման:

Մասնագիտացած լինելով ներդրումային միջավայրում, կարծում եմ՝ հաջողությամբ կիրականացնեմ հիմնադրամում իմ գործը, իսկ կառավարման ոլորտում ունեցած իմ փորձն օգտակար կլինի անձնակազմին արդյունավետ ուղղորդելու հարցում:

- Մինչ Հայաստանի զարգացման հիմնադրամի ձեւավորումը գործում էր Զարգացման հայկական գործակալությունը: Ի՞նչ նոր տեսլականով է առաջնորդվում hիմնադրամը, որով այն տարբերվում է նախորդից:

- Հայաստանի զարգացման հիմնադրամը ձեւավորվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի, Զարգացման հայկական գործակալության եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի վերակազմավորումից:

Կառույցի տեսլականն է խթանել տնտեսության զարգացումը երեք ուղղություններով՝ ներդրումների, արտահանման եւ զբոսաշրջության:

Կազմակերպությունների միավորման նպատակը նրանց գործառույթներն առավել արդյունավետ օգտագործելն է: Ըստ իս՝ ճիշտ որոշում էր ստեղծել մեկ միասնական կառույց, որը կներկայացնի մեր պետությունն արտաքին աշխարհին եւ հենց մեր հասարակությանը՝ որպես ոլորտի համապարփակ պատասխանատու:

- Որո՞նք են Ձեր գլխավորած կառույցի հիմնական գործառույթները: Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել դրանց իրականացման ուղղությամբ:

- Մեր գործունեության նպատակն է խթանել ՀՀ տնտեսության զարգացումը՝ ներդրումային հոսքերի ավելացման, արտահանման դիվերսիֆիկացման եւ ծավալային աճի, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի զարգացման միջոցով:  

Հիմնադրամն աշխատանքներ է տանում ՀՀ ներդրումային դաշտի գրավչության բարձրացման ուղղությամբ՝ տեղադրելով տարատեսակ գովազդային նյութեր, մասնակցելով տարբեր միջազգային ֆորումների, խորհրդատվություն տրամադրելով ներդրողներին եւ նրանց ներկայացնելով Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները:

Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցում է նաեւ ՀՀ արտահանողներին՝ նրանց արտադրանքը ներկայացնելով միջազգային հանրությանը՝ առեւտրային տարբեր միջոցառումներում նրանց մասնակցությունն ապահովելու եւ հայկական տաղավարները կազմակերպելու միջոցով:

Անցկացնում ենք միջոցառումներ նաեւ Հայաստանում՝ հասարակությանը ծանոթացնելու հայրենական արտադրողների պրոդուկտներին: Այս տարվա սեպտեմբերի 19-21-ը նախատեսվում է նման մի խոշոր միջոցառում՝ Made in Armenia էքսպոն, որին կմասնակցի 300-ից ավելի արտադրող եւ որի շրջանակում սեպտեմբերի 20-ին կանցկացվի տնտեսական համաժողով:

Հիմնադրամն աջակցում է արտահանողներին իր ֆինանսական բազմազան գործիքակազմով՝ սուբսիդավորելով սերտիֆիկացման գործընթացը, հիմնական միջոցների ձեռքբերման վարկերը, ինչպես նաեւ մասամբ ծածկելով ցուցահանդեսներին մասնակցելու ծախսերը:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի զարգացման հիմնադրամը ՀՀ զբոսաշրջային պետական գործակալությունն է եւ մյուս պետական գերատեսչությունների հետ համատեղ պատասխանատու է ոլորտի զարգացման համար:

Հիմնադրամի նպատակներից է զարգացնել Հայաստանի՝ որպես զբոսաշրջային վայրի իմիջը՝ ներկայացնելով այն միջազգային զբոսաշրջային միջոցառումներում, սուբսիդավորելով տուրօպերատորների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, կազմակերպելով օտարերկրյա լրագրողների, տուրօպերատորների, ինչպես նաեւ գինու փորձագետների ու բլոգերների այցերը Հայաստան:

Միաժամանակ, մենք աջակցում ենք հատուկ փառատոնների անցկացմանը հենց Հայաստանում, որոնցից են գինու, «Օձունի գանձեր», ավանդական ուտեստների փառատոնները եւ այլն:

Հայաստանի զարգացման հիմնադրամն իր օտարերկրյա գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ կազմակերպում է նաեւ ներդրումային համաժողովներ՝ թիրախային երկրներում անցկացնելով համաժողովներ, որոնց ընթացքում մեկ հարթակում է հավաքում հայաստանցի եւ օտարերկրյա գործարարներին՝ նրանց ծանոթացնելով միմյանց ներուժին, տալով նոր գործարար կապեր ստեղծելու հնարավորություն եւ միաժամանակ օտարերկրյա գործարարներին ներկայացնելով մեր երկրի ներդրումային հնարավորությունները:

- Որպես այս կառույցի ղեկավար՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունն օտարերկրյա ներդրողների տեսանկյունից:

- Հայաստանի աշխարհագրական դիրքն ինքնին նպաստում է նրա ներդրումային գրավչությանը: ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու Իրանի հետ հարեւանությունը Հայաստանը դարձնում են յուրահատուկ հարթակ արեւմտյան ընկերությունների համար՝ այս շուկաներ մտնելու համար: Բարենպաստ են նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ առեւտրային հարաբերությունները:

Միաժամանակ, Հայաստանը տարածաշրջանում աչքի է ընկնում գործարար միջավայրի ազատությամբ եւ բիզնես սկսելու հեշտությամբ, ինչի մասին է վկայում Համաշխարհային բանկի Doing business ցուցանիշում մեր երկրի զբաղեցրած դիրքը:

Բացի իմ նշած աշխարհագրական նպաստավոր դիրքից եւ տնտեսական կապերի բազմազանությունից, Հայաստանն ունի հստակ մրցակցային առավելություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ գործող ընկերություններին հաջողվում է համեստ միջոցներով եւ որակյալ աշխատուժով հասնել մեծ արդյունքների, այդ թվում՝ միջազգային շուկայում:

Առավելություններ ունենք նաեւ ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության եւ կոնյակագործության ոլորտներում:

Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, ապա այն եւս նպաստավոր է ներդրողների համար: Հայաստանում գործում են ազատ առեւտրի գոտիներ, որտեղ աշխատող ձեռնարկություններն ազատվում են բոլոր տեսակի հարկերից՝ բացի եկամտային հարկից:  

Հայաստանը Եվրամիության հետ ունի GSP+ արտոնյալ առեւտրի ռեժիմ, որից կարող են օգտվել նաեւ մեր երկրի օտարերկրյա ներդրողները:  

Այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Նյու Յորքում նախատեսում ենք անցկացնել միջազգային ներդրումային համաժողով, որի շրջանակում օտարերկրյա գործարար հանրությանը կներկայացվեն Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները:

- Զբոսաշրջության զարգացումը հիմնադրամի խնդիրներից մեկն է: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ, եւ դեռ ի՞նչ անելիքներ կան:

- Չնայած ոլորտում դեռեւս առկա բազմաթիվ խնդիրներին՝ վերջին հինգ տարիներին զբոսաշրջային հոսքերի աճը նկատելի է անգամ «անզեն» աչքով:

Հայաստանը զբոսաշրջային կենտրոն դառնալու զգալի ներուժ ունի: Մենք ունենք հրաշալի մշակութային արժեքներ, որոնք պատշաճ ներկայացված չեն միջազգային հանրությանը: Հայաստանը գրավիչ վայր է նաեւ էկո, արկածային եւ ձմեռային զբոսաշրջության զարգացման համար:

Զբոսաշրջության ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան: Պետք է անել այնպես, որպեսզի դրսում ճանաչեն Հայաստանը, իսկ արդեն այցելած զբոսաշրջիկներն ավելի երկար մնան այստեղ: Դրա համար անհրաժեշտ է բարձրացնել սպասարկման ոլորտի մակարդակը, իրականացնել ճիշտ մարքեթինգային եւ գովազդային արշավներ:

ՀՀ կառավարությունն ունի Զբոսաշրջության զարգացման ծրագիր, որի շրջանակում իրականացվում են երկրի զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներ: Մենք համագործակցում ենք նաեւ միջազգային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, USAID-ի, Սմիթսոնյան ինստիտուտի, GIZ-ի եւ այլ կազմակերպությունների հետ:

- Վերջին շրջանում Հայաստանում իրականացվում են քայլեր՝ ուղղված տնտեսական դիվանագիտության ակտիվացմանը: Ի՞նչ դերակատարություն ունի այս առումով Հայաստանի զարգացման հիմնադրամը:

- Տնտեսական դիվանագիտությունը երկրի ընդհանուր տնտեսական քաղաքականության կարեւոր բաղադրիչներից է: Այնուամենայնիվ, այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, սկսել են աշխատել այս ուղղությամբ միայն վերջին տասնամյակում, սակայն արդեն հասել են մեծ արդյունքների:

Հայաստանում եւս նկատվում է տնտեսական դիվանագիտության ակտիվացում: Այս գործով, մասնավորապես, զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը՝ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ, որը համակարգում է ոլորտում իրականացվող աշխատանքները:

Հայաստանի զարգացման հիմնադրամն այս ուղղությամբ համագործակցում է նախարարության հետ՝ աջակցելով միջկառավարական հանդիպումների կայացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը: Այս քաղաքականության շրջանակում կազմակերպում ենք գործարար համաժողովներ, իրազեկում, քաջալերում եւ ապահովում ՀՀ ընկերությունների մասնակցություն արտասահման մեկնող պատվիրակությունների կազմում:

- Այսօրվա մեր հասարակությունը դարձել է ավելի պահանջատեր եւ տեղեկացված: Նախատեսո՞ւմ եք որակական նոր մակարդակի բարձրացնել հիմնադրամի գործունեության PR-ը, երբ տեսանելի կլինեն ոչ միայն ընթացիկ քայլերը, այլեւ ստացված արդյունքները:

- Իսկապես, մեր հասարակությունն այսօր անհամեմատ ավելի տեղեկացված է, ինչը ողջունելի է։ Առաջիկայում նախատեսում ենք հստակ քայլեր կատարել հիմնադրամի գործունեության եւ մեր աշխատանքի արդյունավետության մասին հասարակությանն իրազեկելու ուղղությամբ:

Որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել մեր արդյունավետությունը՝պետք է նախ որոշենք մեր հստակ թիրախները եւ կանոնավոր կերպով չափենք մեր հասած արդյունքները: Առնվազն եռամսյակային կտրվածքով նախատեսում ենք ներքին քննարկումներ անցկացնել առ այն, թե որոնք էին մեր թիրախները եւ ուր ենք մենք հասել:

Հասարակության հետ փոխհարաբերությունների արդյունավետ իրացման հարցում դեռեւս շատ անելիքներ կան: Առաջիկայում պատրաստ կլինի մեր պաշտոնական ինտերնետային կայքը, որի միջոցով կիրազեկենք հանրությանը մեր գործունեության վերաբերյալ:

Հիմնադրամն ունի ֆեյսբուքյան էջ, որը պարբերաբար թարմացվում է: Մենք մշակել ենք հասարակության հետ հաղորդակցվելու համապարփակ ծրագիր, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա ամիսներին:

- Հիմնադրամի շահառուների շարքում, տարբեր կազմակերպություններից եւ բիզնես կառույցներից բացի, ներառված են քաղաքացիները: Ի՞նչ միջոցներով է հիմնադրամի գործունեությունը նպաստում հասարակ մարդկանց բարեկեցությանը:

- Պետական բոլոր կառույցները, այդ թվում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը, կոչված են ծառայելու մեր հայրենակիցների բարօրությանը:

Մեր գործունեության շրջանակում խթանելով ներդրումային հոսքերի ավելացումը, արտահանման աճն ու զբոսաշրջության զարգացումը, մենք նպաստում ենք նաեւ երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու եկամուտների ավելացմանը, ինչը, վերջին հաշվով, կբերի կայուն տնտեսական վերելքի:

Հիմնադրամն այս առնչությամբ ունի հստակ դիրքորոշում. հասարակությունը մեր ամենամեծ շահառուն է:

Կարեն Մկրտիչեանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 12221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW