Ռոբերտ Հարությունյան. Մեզ մեծ տնտեսական նախագծեր են պետք

27.06.2016 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ի հարցազրույցը տնտեսական հարցերով ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանի հետ:

- Ձեր՝ փոխարտգործնախարար նշանակվելուց անցել է ավելի քան 3 ամիս: Տնտեսական հարցերով փոխարտգործնախարարի հաստիքի ստեղծումը դրական ընկալվեց տնտեսական դիվանագիտության ակտիվացման տեսանկյունից: Արդեն կա՞ մշակված ռազմավարություն, թե կոնկրետ ի՞նչ ուղղություններով եք Դուք կառուցելու ձեր աշխատանքը:

- Վերջին ժամանակաշրջանում բավական ակտիվ զարգանում է տնտեսական դիվանագիտության գաղափարը: Այդ դիվանագիտությունը կարելի է բաժանել մի քանի մակարդակի կամ բլոկների:

Առաջինը երկկողմ տնտեսական հարաբերությունների բլոկն է, որի շրջանակում ձեւավորվում են տնտեսական հարաբերություններ այս կամ այն երկրի հետ:

Երկրորդը ինտեգրացիոն ձեւաչափերն են, որոնց շրջանակում որոշ երկրներ համախմբվում են տվյալ տարածաշրջանի ներքին տնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ շահերը պաշտպանելու նպատակով: Եվ երրորդը միջազգային կառույցների հետ համագործակցությունն է, որի շրջանակում երկրները փորձում են ձեւավորել իրենց տնտեսության համար բարենպաստ պայմաններ: Այս երեք բլոկներով աշխատանքը նպատակ ունի բարձրացնել երկրի՝ նոր շուկաներ մուտք գործելու մրցունակությունը եւ տնտեսական իրավիճակը, հետեւաբար, բարելավել մարդկանց կյանքի որակը:

ԱԳՆ համակարգում տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրվել են, բայց դրանք համակարգված չեն եղել: Արտերկրում ՀՀ դեսպանատների օրակարգում, անշուշտ, դրված է տնտեսական հարցերով զբաղվելու անհրաժեշտությունը, բայց դա եւս համակարգված, դասակարգված չի եղել: Մենք հիմա մի փուլ ենք անցնում, որտեղ փորձում ենք ձեւավորել նոր համակարգ՝ ինչպես այստեղ՝ ԱԳՆ-ում, այնպես էլ արտերկրի մեր դեսպանատներում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում:

Տնտեսական դիվանագիտությունն իրականացվում է հենց դիվանագիտական կորպուսի միջոցով: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ մենք մեր բոլոր դեսպանատներում ունենայինք առեւտրատնտեսական հարցերով ներկայացուցիչ, որոնց միջոցով հնարավոր կլիներ կոնկրետ հարցեր լուծել: Ցավոք, մեր պետությունն այսօր չունի նման ֆինանսական հնարավորություններ, եւ մենք փորձում ենք տնտեսական բաղադրիչին առնչվող հարցերը լուծել մեր՝ արդեն իսկ գործող դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Սա ունի իր որոշակի դժվարությունները, ինչը պայմանավորված է ռեսուրսների, նախեւառաջ, մարդկային ռեսուրսի ոչ բավարար լինելով:


Ռոբերտ Հարությունյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գիտեք, որ մենք ունենք դեսպանատներ, որտեղ աշխատում են երկու հոգի՝ դեսպանը եւ մեկ դիվանագետ: Ակնկալել, որ այդ դեսպանությունն առեւտրատնտեսական հարցերով լուրջ ձեռքբերումներ կգրանցի, իրականում մի փոքր բարդ է: Թեեւ, ունենում ենք նաեւ դեպքեր, երբ փոքրաթիվ ուժերով մեր դեսպանատները հաջողություններ են արձանագրում այս ոլորտում եւս:  

Պետք է նկատի ունենալ, որ մեր ոչ բոլոր դեսպաններն ունեն տնտեսագիտության ոլորտի փորձ, եւ այս տեսանկյունից մեր գործառույթն է մշտական կապ ապահովել դեսպանությունների հետ, նրանց ներկայացնել, ուղղորդել, թե կոնկրետ երկրում ինչ ուղղությամբ աշխատանք պետք է տարվի:

Մեր նպատակը հետեւյալն է՝ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ներկայացնել եւ պաշտպանել Հայաստանի տնտեսական շահերը, զարգացնել արտահանումը եւ ներդրումներ ներգրավել:

Մեր ռազմավարությունն է՝ վեր հանել եւ ուսումնասիրել այն խնդիրները, որոնք ունենք երկկողմ հարաբերությունների մակարդակում: Տնտեսական դիվանագիտությունն ուղղակիորեն կապված է ընդհանուր դիվանագիտության հետ: Կան երկրներ, որոնց հետ մենք պետք է սերտ քաղաքական համագործակցություն եւ տնտեսական հարցերի հստակ ձեւավորված լայն օրակարգ ունենանք: Այսինքն, մշակենք տնտեսական դիվանագիտության օրակարգը՝ ելնելով մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:

Այդ երկրների ցանկից եւ նախանշված ուղղություններից ելնելով՝ պետք է հասկանալ երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում մեր անելիքները մակրո եւ միկրո մակարդակում: Մակրոմակարդակ ասելով՝ մենք հասկանում ենք տվյալ երկրում կամ ինտեգրացիոն ձեւաչափում իրավապայմանագրային, նորմատիվ եւ այլ կարգավորման  դաշտի ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյոք ունենք խնդիրներ այս դաշտում, ինչ խնդիրների են հանդիպում հայկական ընկերությունները մուտք գործելիս համապատասխան շուկա եւ այլն:

Միկրոմակարդակի տակ հասկանում ենք համապատասխան գործողություններ՝ այս կամ այն երկրի նմանատիպ ընկերությունների հետ համագործակցության ձեւավորման, ներդրողների բացահայտման ուղղությամբ աշխատանքների իրականացման շուրջ այդ երկրներում գտնվող մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, տնտեսական ներկայացուցչի, հասարակական, Սփյուռքի կազմակերպությունների միջոցով եւ ներուժով, ինչպես նաեւ մեր ներքին ուժերով: Մեր ռազմավարությունը սա պետք է լինի:    

- Դուք նկարագրեցիք հսկայական աշխատանք: Ակնհայտ է, որ մեկ անձն այս ծավալի աշխատանքը չի կարող իրականացնել: Ինչպես նշեցիք, արտերկրում ՀՀ դեսպանությունների մեծ մասը չունի առեւտրատնտեսական հարցերով ներկայացուցիչ: Այդ դեպքում ինչպե՞ս եք Դուք համակարգելու, կառուցելու Ձեր  աշխատանքը դեսպանությունների հետ:
 
- Դուք միանշանակ ճիշտ եք: Միայնակ, առանց համապատասխան ռեսուրսների եւ գործիքակազմի, շատ դժվար է կազմակերպել այս աշխատանքը: ԱԳՆ-ում կա երկկողմ եւ բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչություն:

Վարչությունը նոր ղեկավար ունի, եւ հուսով եմ, որ գալիք ամիս այն կհամալրվի տնտեսագիտական կրթություն ունեցող աշխատակիցներով: Այս վարչությունը մեզ օգնելու է մեր աշխատանքում: Իհարկե, մենք համագործակցում ենք մեր բոլոր նախարարությունների, գերատեսչությունների հետ: Ինչ վերաբերում է դեսպանատներին, ընդունում եմ, որ խնդիր ունենք դրանք մեծացնելու եւ այնտեղ տնտեսական բաղադրիչն ընդլայնելու առումով:

Այս պահին ՀՀ-ն ունի տնտեսական հարցերով ներկայացուցիչ երեք երկրներում՝  Բելգիայում, որը զբաղվում է ԵՄ-ի հետ մեր տնտեսական դիվանագիտությամբ, Շվեյցարիայում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում, եւ ՌԴ-ում: Եթե չեմ սխալվում, անցյալ տարվանից ունենք նաեւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, որը փորձում է ներկայացնել մեր ընկերությունները եւ ներդրումներ ներգրավել: Ներկայում փորձում ենք պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում որոշ երկրներում ձեւավորել ոլորտային ներկայացուցիչների ինստիտուտը: Հուսով եմ, որ առաջիկայում կհաջողվենք այս գործընթացում եւ հանրությանը կներկայացնենք վերոնշյալ համագործակցության արդյունքները:

- Դա եղել է Ձե՞ր առաջարկությունը:
 
-  Ես այդ առաջարկությունն արել եմ դեռեւս 2008թ., երբ ղեկավարում էի Հայաստանի զարգացման գործակալությունը: Մեր դեսպանատները պետք է մեծ ռազմավարության մաս կազմեն:

- Նախքան ապրիլյան դեպքերը ՀՀ նախագահը հանդիպումների շարք անցկացրեց արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ արտաքին տնտեսական կապերը: Ի՞նչ տեսանելի արդյունքներ կան արդեն:

-  Նախագահը հանդիպեց Իրանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Արգենտինայում  հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ: Հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահին ներկայացվեցին տնտեսական ուղղությամբ դեսպանատների իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները: Դեսպանները ներկայացրին նաեւ իրենց պատկերացումները՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Արդյունքում եղան երկրի ղեկավարի հստակ հանձնարարականներ համապատասխան գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Վերոնշյալ երկրները մեծ նշանակություն ունեն մեր երկրի տնտեսական զարգացման համար:

Մասնավորապես, մենք պետք է ընդլայնենք տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Ինչպես գիտեք, որոշակի քննարկումներ են ընթանում Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունների շրջանակը եւս ուշադրության կենտրոնում է: Դեսպանության միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանում այս տարվա հոկտեմբերին Made in Armenia էքսպո կազմակերպելու վերաբերյալ: 1000 քմ տաղավարի տարածքում կներկայացվեն հայկական ընկերությունները եւ դրանց արտադրանքը:
Համապատասխան համաձայնագիրն արդեն կքնված է:

Խնդիր ունենք աշխատելու հայ-իրանական իրավապայմանագրային դաշտի ուղղությամբ: Մեր կողմից բարձրացվել է որոշ հայկական ապրանքների նկատմամբ  Իրանի կողմից արտոնյալ առեւտրային ռեժիմ սահմանելու հարցը:

Վերջերս Հայաստան էր այցելել Չինաստանի փոխվարչապետը: Այցը շատ հաջող էր, եւ մեզ հաջողվեց ձեւավորել տնտեսական հարաբերությունների լայն օրակարգ: Այցի ընթացքում մշակվել է տնտեսական համագործակցության մոտ 20 նախագիծ: Ակնկալվում է ստեղծել հայ-չինական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այդ գաղափարների իրագործմամբ:

- Ինչպե՞ս եք կառուցում Ձեր աշխատանքը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ: Որտե՞ղ են տարանջատվում ձեր գործառույթները, եւ որտեղ կարող են միավորվել ջանքերը:

- Ջանքերը կարող ենք միավորել բոլոր ուղղություններում: Մենք պետք է աշխատենք որպես մեկ թիմ՝ յուրաքանչյուրս կատարելով մեր գործառույթները: Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ: Դա հատուկ արվեց, որպեսզի մենք կարողանանք այնտեղ ներկայացնել եւ համատեղ քննարկել մեր խնդիրները: Սա համագործակցության ձեւաչափ է, տարանջատումն այստեղ կարող է լինել զուտ ֆունկցիոնալ:   

- Ի՞նչ աշխատանք եք տանում Սփյուռքի նախարարության հետ՝ սփյուռքահայ գործարարների ներուժն օգտագործելու համար:

- Որոշ հանդիպումներ այս ուղղությամբ արդեն անցկացրել ենք: Անշուշտ, Սփյուռքի հայ գործարարների հետ համագործակցությունը մեր առաջնային ուղղություններից պետք է լինի:

Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա տեսնում ենք, որ բացառությամբ ենթակառուցվածքային ծրագրերի, այլ ներդրումների հետեւում հիմնականում կանգնած են սփյուռքահայերը: Որքան շատ սփյուռքահայերն այստեղ ներդրումներ կատարեն, այնքան շատ նրանք կգովազդեն Հայաստանն արտերկրում: Բոլոր ներդրողների համար ամենակարեւոր հարցը նախեւառաջ իրենց ներդրումների պաշտպանվածությունն է: Պետք է ապահովել դա եւ աշխատանքն անհամեմատ կհեշտանա:

- Ի՞նչ կասեք արտերկրում գործող անկախ կազմակերպությունների, միությունների, առեւտրային պալատների հետ համագործակցության մասին: Դրանք ինչպե՞ս կարող են նպաստել մեր տնտեսական դիվանագիտությանը:

- Ընդհանրապես տնտեսական դիվանագիտության սուբյեկտներ են հանդիսանում թե՛  դեսպանությունները, թե՛ արտերկրում գործող հանրային, մասնավոր, հասարակական կառույցները, որոնց գործողություններն ուղղված են երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեզ համար առաջնային տեղում են որոշ երկրների հետ արդեն ձեւավորված առեւտրային պալատները, որոնց հետ առնվազն մեր դեսպանությունների մակարդակով համագործակցություն է ծավալվում: Ավելին, հենց այդ համագործակցության, շփումների արդյունքում են ձեւավորվում մեր դեսպանատների տնտեսական օրակարգը եւ առաջարկությունները:

Եթե մենք կարողանանք օգտագործել այս կամ այն երկրում գործող երկկողմ առեւտրային պալատները եւ ներգրավվել այդ երկրի ներսում ազդեցիկ գործարարների, ապա մեզ կհաջողվի հետաքրքիր ծրագրեր իրականացնել:  Մենք պետք է օգտվենք այդ կառույցների հնարավորություններից: Մեր դեսպանությունները պետք է ընդլայնեն գործարար շրջանակների հետ իրենց շփումները, ցանցեր ստեղծեն նոր ներդրումների խրախուսման համար, իսկ մենք՝ ԱԳՆ-ն, էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս կառույցները, կօգնենք մեր դիվանագետներին այս հարցում:

- ԵԱՏՄ-ից դուրս ո՞ր երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է առաջնահերթություն դիտվում:

- Մեզ համար միանշանակ շատ հետաքրքիր ուղղություն է Եվրամիությունը: Քաղաքական տեսանկյունից այստեղ խնդիրներ չկան, եւ մենք պետք է օգտվենք քաղաքական լավ համագործակցությունից: Պարզապես Եվրոպան հեշտ հարթակ չէ: Մեզ անհրաժեշտ է համապատասխանել նրանց չափանիշներին եւ եվրոպական սպառողին ներկայանալ որակյալ արտադրանքով:

Առաջնահերթ ենք համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: ԱՄՆ-ում առկա սփյուռքահայությունը լրջագույն ներուժ է ինչպես ներդրումների ներգրավման, այնպես էլ հայկական ապրանքների արտահանման տեսանկյունից:

Միանշանակ կարեւոր են Չինաստանի հետ հարաբերությունները: Չինաստանը հսկայական շուկա ունի, եւ մենք կարող ենք այնտեղ պահանջարկ գտնել հայկական ապրանքների համար: Վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տարվում է: Չինաստանում մեր նոր դեսպանը բավական ակտիվ է աշխատում: Կարծում եմ՝ առաջիկայում կփորձենք եւ՛ ներդրումային, եւ՛ արտահանման տեսանկյունից Չինաստանի հետ հաջողություն արձանագրել:

Մեզ հետաքրքիր է նաեւ Հնդկաստանը, որը մեզ համար դեռեւս չբացահայտված ուղղություն է: Ապրիլին Երեւանում տեղի է ունեցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հիմա մեր գործընկերների հետ քննարկում ենք հնդկական ապրանքներն Իրանով, Հայաստանով դեպի Եվրոպա արտահանելու հնարավորությունը: Կա նախնական պայմանավորվածություն առ այն, որ մենք կփորձարկենք ապրանքների տեղափոխումը ՝ Հնդկաստան - Բանդարաբազ- Մեղրի- Բաթումի երթուղիով: Ուզում ենք հասկանալ փոխադրման ծախսը, ժամանակը, հնարավոր խնդիրները, որպեսզի հնդիկ գործարարներին ներկայացնենք այդ ուսումնասիրության արդյունքները:   


Ռոբերտ Հարությունյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գերակա ուղղություններ են Իրանը եւ Վրաստանը: Մենք իրավունք չունենք այդ երկու հարեւան երկրների հետ չունենալ լուրջ, բովանդակային տնտեսական հարաբերություններ:

Վրաստանի մասով մենք մի փոքր պասիվ ենք: Հստակ է, որ Վրաստանում թուրքական եւ ադրբեջանական կապիտալ կա, եւ դա իր ազդեցությունն է թողնում: Մենք պետք է փորձենք տնտեսապես այնպես զարգացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ, որ փոխհատուցենք այդ բացը: Իմ կարծիքով` Վրաստանի հետ մենք կարող ենք տարածաշրջանային ծրագրեր իրականացնել, օրինակ՝ համատեղ արտադրություն մշակել: Եթե մենք ունենք լավ հարաբերություններ ԵԱՏՄ երկրների, Իրանի, Չինաստանի հետ, ապա դա կարող է հետաքրքրել վրացիներին՝ համատեղ արտադրանքն այդ երկրներ արտահանելու համար: Որոշ քննարկումներ այս մասով արդեն ունեցել ենք: Ուզում ենք գտնել եզրեր այդ ծրագրերի համար:

- Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ օտարերկրյա ներդրումների ծավալը 2016թ. հունվար-մարտ ամիսներին գրանցել է լուրջ անկում: Ի՞նչ անելիք այստեղ ունի տնտեսական դիվանագիտությունը:

- Սա մեզ համար մարտահրավեր է ստեղծում: Ըստ վիճակագրության՝ մեզ մոտ ներդրումների անկում է նկատվում, եւ դա մեզ համար խնդիր է ստեղծում, որի պատճառները պետք է հասկանալ եւ զբաղվել լուծմամբ:

Սա պետք է խթանի մեր ակտիվ աշխատանքը, ավելի լուրջ ջանքեր են պահանջվում: Մենք որոշ առումով պետք է փոխենք մեր մտածելակերպը:  Չպետք է վախենանք խոշոր ծրագրերից, պետք է խոսենք առնվազն 300-500 մլն արժողությամբ ծրագրերի իրականացումից: Դա պետք է լինի մեր թիրախը:

Մեր տնտեսական դիվանագիտությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք Հայաստանում ստեղծել այնպիսի ձեռնարկություններ, որոնք կաշխատեն ոչ միայն հայկական,այլեւ համաշխարհային շուկայի ուղղությամբ: Պետք է ակտիվ ուսումնասիրենք եւ համագործակցենք ԵԱՏՄ-ի հետ: Խոշոր կենտրոններում, որտեղ ունենք նաեւ Սփյուռք, դեսպանությունները հսկայական աշխատանք ունեն անելու: Փոքր տնտեսական նախագծերով առաջ ընթանալ չենք կարող: Մեծ ծրագրեր պետք է նախագծել եւ իրականացնել:   

Ռոբերտ Հարությունյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Դիտում՝ 7148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW