Արարատբանկ. Միջազգային առեւտրի ֆինանսավորման մեր գործիքները մրցունակ են

17.05.2016 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Արարատբանկն արդեն հինգերորդ անգամ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ճանաչվում է «Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Այս առնչությամբ Banks.am-ը զրուցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանի հետ:

- Տկն Մելքոնյան, ի՞նչ չափորոշիչներ են ընկած ՎԶԵԲ-ի այս մրցանակի հիմքում: Ինչպե՞ս է հաջողվել Արարատբանկին գրանցել նման արդյունք:

-ՎԶԵԲ-ի «Ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակաբաշխությունն իրականացվում է միջազգային առեւտրի խթանման ծրագրի շրջանակում: Դրա հիմքում ընկած են արտաքին առեւտրի ֆինասնավորման գործիքների քանակային եւ ծավալային ցուցանիշները: Մասնավորապես, խոսքը փաստաթղթային ակրեդիտիվների, բանկային երաշխիքների, ինկասոների եւ կարճաժամկետ վերականգնվող վարկերի մասին է: ՎԶԵԲ-ի ամենամյա այս ծրագրին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 28 երկրների բանկեր, այդ թվում՝  հայաստանյան, եւ  յուրաքանչյուր երկրից ընտրվում է մեկական բանկ, որին էլ շնորհվում է տվյալ մրցանակը:

Արարատբանկն այս մրցանակին կարողացել է արժանանալ՝ շնորհիվ իր թիմային աշխատանքի, որակյալ կադրերի եւ ծառայությունների մատուցման ճկուն պայմանների:

- Արտաքին առեւտրի ֆինանսավորման ի՞նչ ցուցանիշներ է գրանցել բանկը 2015թ.:

- Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ցուցանիշներն այս ոլորտում տարեցտարի բարելավվում են: Այսպես, նախորդ տարվա համեմատ 2015թ. գրանցել ենք արտաքին առեւտրի ֆինանսավորման ծավալային 10% եւ քանակական 15% աճ` իրականացնելով 153 գործարք:

Մենք առաջարկում ենք առեւտրի ֆինանսավորում թե՛ ներմուծողների եւ թե՛ արտահանողների համար: Արտաքին առեւտրի ֆինանսավորման այս փաստաթղթային գործիքները նախատեսված են առեւտրային ամբողջ ցիկլը ֆինանսավորելու համար: Ընդ որում, բանկի մատուցած ծառայություններն այդքանով չեն սահմանափակվում: Մենք իրականացնում ենք նաեւ հետֆինանսավորման գործառույթներ, տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն, հարկ եղած դեպքում բանակցում  նաեւ մեր հաճախորդների գործընկերների հետ՝ առավելագույնս արդյունավետ կազմակերպելու առեւտրի ֆինանսավորման գործընթացը:

- Իսկ որքանո՞վ են Արարատբանկի առաջարկած առեւտրի ֆինանսավորման գործիքները մրցունակ հայաստանյան շուկայում:

- Ինչպես հայտնի է, հայաստանյան բանկային հատվածը բավական մրցակցային է: Այնուամենայնիվ, Արարատբանկին հաջողվում է պահպանել իր դիրքերը շուկայում՝ սահմանելով հարմարավետ եւ ճկուն պայմաններ հաճախորդների համար: Մենք մշտապես ուսումնասիրում ենք ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան շուկաները, որպեսզի կարողանանք առավելագույնս համապատասխանել մեր հաճախորդների պահանջներին: Մեր գնահատականներով՝ Արարատբանկի առեւտրի ֆինանսավորման գործիքները մրցունակ են ինչպես գնային, այնպես էլ որակական առումով:

- Ինչպե՞ս կգնահատեք Արարատբանկի համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, որքանո՞վ է այն արդյունավետ իրականացվում:

- Արարատբանկը սկսել է համագործակցել ՎԶԵԲ-ի հետ դեռեւս 2007թ., երբ այս կազմակերպության հետ կնքվեցին առեւտրի ֆինանսավորման եւ ՓՄՁ-ների վարկավորման պայմանագրերը: Որպես գործընկեր՝ ՎԶԵԲ-ի դերը մեծ է բանկի զարգացման գործում: Բացի ֆինանսավորող կառույց լինելուց՝ այն իրականացնում է ոլորտի զարգացման գործառույթ՝ միաժամանակ տրամադրելով տեխնիկական, խորհրդատվական եւ կրթական աջակցություն:

Ընդգծեմ, որ ՎԶԵԲ-ն Արարատբանկի բաժնետեր է 2008-ից, այս կառույցի հետ բանկն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ՓՄՁ-ների եւ խոշոր կազմակերպությունների վարկավորմանը, առեւտրի ֆինանսավորմանը եւ այլն:

- Բանկի զարգացման ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016-ից:

- Ներկայում բանկն ունի հաճախորդների մեծ շրջանակ եւ ծառայությունների լայն բազա: Ակնկալում ենք 2016թ. ավելացնել բանկի մասնաբաժինը առեւտրի ֆինանսավորման հայաստանյան շուկայում:

Զարուհի Մելքոնյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը



Դիտում՝ 8577
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW