Օրերս ՀՀ Ազգային ժողովում առաջարկներ հնչեցին՝ սահմանափակելու թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Այս առնչությամբ Banks.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի հետ:- Պրն Եգանյան, որքանո՞վ եք իրատեսական համարում թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին կոչերը, դրանք համապատասխանո՞ւմ են ՀՀ տնտեսական քաղաքականության ուղղվածությանը: - Տնտեսական հարցերի շուրջ խոսելիս անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր էմոցիաները եւ փորձել գնահատել իրավիճակը բոլոր կողմերից՝ վեր հանելով դրա թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, որից հետո էլ որոշում կայացնել`արգելել կամ չարգելել ապրանքների ներկրումը որեւէ երկրից: Այս կամ այն ապրանքի ներմուծման նկատմամբ սահմանափակման կամ արգելիքի կիրառումը, եթե այն վերջնական սպառման է, կարող է հանգեցնել շուկայում մրցակցության խաթարմանը, սպառողների շահերի խախտման ու ապրանքների թանկացումների: Մյուս կողմից, եթե խոսքը գնում է միջանկյալ սպառման ապրանքների կամ հումքատեսակների մասին, ապա այս դեպքում խնդիրներ կունենան մեր տեղական արտադրողները, որոնք օգտագործում են ներկրված հումքն իրենց արտադրությունում:Ըստ իս՝ այս իրավիճակի ճիշտ լուծումը կլինի ոչ թե արգելքի տեսքով կոշտ մեխանիզմների կիրառումը, այլ այն հաջորդական տնտեսական քայլերի իրականացումը, որոնք կհանգեցնեն ներմուծվող ապրանքների` հայրենական արտադրությունով առավելագույնս փոխարինմանը: Խոսքը չի գնում այն տեղական արտադրության մասին, որը մրցունակ չէ, այսինքն՝ այդ փոխարինումը պետք է իրականացվի բացառապես շուկայական մեխանիզմների կիրառմամբ: Մենք պետք է նպաստենք տեղական արտադրության ապրանքների մրցունակության բարձրացմանն ու որակական հատկանիշների աճին, որոնք միաժամանակ կունենան առաջարկվող որակին համապատասխան գներ: Այս դեպքում մեր արտադրողները կկարողանան մրցել ներմուծող ապրանքների հետ եւ դուրս մղել դրանք շուկայից: Սպառողներին ոչ մի դեպքում չի կարելի պարտադրել գնել ապրանքը միայն նրա համար, որ այն տեղական է, այն դեպքում, երբ դրա որակական եւ գնային հատկանիշները կարող են մի քանի անգամ զիջել արտասահմանյանին: Պետք է հասնել նրան, որ մեր սպառողն ինքը շահագրգռված լինի ձեռք բերել հայկականը:- Վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ կառավարությունը խնդիր չի դրել`արգելելու թուրքական ապրանքների ներմուծումը, այլ հետեւողական է լինելու դրանց որակի վերահսկողության նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:- Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ թուրքական բոլոր ապրանքներն անորակ են. կա թուրքական ե՛ւ որակյալ, ե՛ւ անորակ ապրանք: Վարչապետը հայտարարել էր ապրանքների որակի նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման մասին, որը կկիրառվի ոչ միայն թուրքական, այլեւ բոլոր ներկրվող եւ արտադրվող ապրանքների նկատմամբ: Մենք ներկայում էլ ունենք կառույցներ, որոնք զբաղվում են որակի վերահսկմամբ, ունենք համապատասխան տեսչություններ, սերտիֆիկացման համակարգ, իրականացվում են լաբորատոր փորձարկումներ: Այնուամենայնիվ, դեռեւս առկա է այդ մեխանիզմների արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, որի մասին էլ խոսել է վարչապետը:- Իսկ ի՞նչ կասեք թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու տնտեսական արդյունքի մասին, կա՞ն արդյոք հաշվարկներ այս առնչությամբ:- Մենք Թուրքիայից ներմուծում ենք շուրջ 700 անուն ապրանք՝ ըստ տնտեսական գործունեության քառանիշ դասակարգման, որը, ներկայացնելով 10 նիշով, հասնում է մի քանի հարյուրի: 2015թ. տվյալներով` Թուրքիայից ներմուծումը Հայաստան մաքսային արժեքով կազմել է շուրջ $136 մլն` 2014թ. $232 մլն-ի դիմաց: Այսինքն` մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներմուծումն այս երկրից կրճատվել է 40-50%-ով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր ներմուծումը կրճատվել է 26-27%-ով: Ստացվում է, որ թուրքական ապրանքների որոշակի փոխարինում շուկայում արդեն իսկ տեղի է ունեցել:Եթե նկատել եք, վերջին շրջանում, նույն թեթեւ արդյունաբերության մասով, Հայաստանում կրճատվել է թուրքական հագուստը, փոխարենը շատացել է եվրոպական բրենդայինը: Միաժամանակ, շուկայում բավականին տարածում են գտել հայկական գուլպաները, որոնք նախկինում գրեթե չէին նկատվում: Այսինքն՝ այդ փոխարինումը շուկան ինքն է իրականացրել՝ պահանջարկի կրճատման հաշվին:Մյուս կողմից, պետք է փաստել, որ Թուրքիայի տեսանկյունից մեր $136-միլիոնանոց ներմուծումն էական դերակատարում չունի: Այսինքն, «պատժել» այս երկրին՝ արգելելով թուրքական ապրանքների ներմուծումը, իրատեսական չէ: Մենք պետք է հարցը դիտարկենք բացառապես մեր տնտեսության տեսանկյունից: - Այսինքն, թուրքական ապրանքների ներմուծման արգելումը Հայաստան համարում եք ոչ խելամի՞տ:- Ըստ իս՝ շուկայական տնտեսության պայմաններում նման կոշտ քայլերի կիրառումն արդարացված չէ: Ի վերջո, ազատ շուկան ապահովում է մրցակցություն, որն անհրաժեշտ է առողջ տնտեսություն ունենալու համար: Եթե հաշվարկները ցույց տային, որ թուրքական ապրանքների արգելմամբ կարելի էր հասնել տնտեսական աճի, այդ դեպքում միտք ուներ փակել ոչ միայն Թուրքիան, այլ ամբողջ աշխարհը (ծիծաղում է - խմբ.): Բայց փորձը ցույց է տալիս, որ փակ տնտեսությամբ երկրները գրեթե միշտ ունենում են զարգացման ցածր մակարդակ:Ինչ վերաբերում է ազգային արժանապատվության վերաբերյալ բարձր կոչերին, այն կարելի է իրագործել լրիվ այլ հարթությունում: Ազգային արժանապատվության պահպանման լավագույն լուծումը կլինի, եթե մենք կառուցենք հզոր տնտեսություն` հասցնելով մեր հարցերն այլ մակարդակի:Արմեն Եգանյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 8642