Միջազգային պրակտիկայում ֆիզիկական անձինք արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներն են: ՀՀ բնակչության շրջանում, սակայն, «արժեթուղթ» հասկացությունը դեռեւս դուրս է իրական պատկերացումների շրջանակից եւ շարունակում է մնալ գրեթե չբացահայտված:Որքանո՞վ են ՀՀ ֆիզիկական անձինք ներգրավված արժեթղթերի շուկայում, ո՞րն է արժեթղթի գրավչությունը, որտե՞ղ եւ ինչպե՞ս ձեռք բերել բաժնետոմս կամ պարտատոմս. այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները Banks.am-ը փորձել է պարզել «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի օգնությամբ:Արժեթուղթ. գնե՞լ, թե՞ չգնելԱրժեթուղթ գնել-չգնելու հարցը կախված է մի շարք հանգամանքներից: Նախ, պոտենցիալ ներդրողը պետք է դիտարկի ֆինանսական գործիքի ռիսկայնությունն ու դրանից ակնկալվող եկամտի մակարդակը եւ ըստ դրա էլ կայացնի իր որոշումը`գնել բաժնետո՞մս, պարտատո՞մս, ա՞յլ ֆինանսական գործիք, թե՞ գումարը ներդնել բանկում` ավանդի տեսքով: Հենց այստեղ էլ թերեւս կարելի է նկատել ՀՀ ֆինանսական շուկայի բացը. Հայաստանում չափազանց դժվար է մրցակցել ավանդների հետ: Մի կողմից, մարդկանց խնայողություններն այնքան էլ մեծ չեն, իսկ եղածն էլ ուղղվում է ավանդներին, որտեղ տոկոսադրույքները բավականին բարձր են, ռիսկը՝ համեմատաբար ցածր: Եթե խնայողությունների եւ ներդրվող ավանդների ծավալը լիներ զգալիորեն ավելի մեծ եւ գերազանցեր բանկերի առաջնային պահանջները, վերջիններս կիջեցնեին դրանց տոկոսադրույքները, եւ դրամական միջոցները կհոսեին նաեւ արժեթղթերի շուկա:Խնայողությունների ներկայիս մակարդակի պայմաներում հայաստանյան բանկերը պատրաստ են կլանել մարդկանց գրեթե ամբողջ ավելցուկային գումարը, ինչն էլ խոչընդոտում է տոկոսադրույքների էական նվազեցմանը. դրամային ավանդների տոկոսադրույքը շատ բանկերում կազմում է 13-14%, հետեւաբար՝ այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են միջոցներ ներգրավել ֆինանսական շուկաներից, օրինակ` կորպորատիվ պարտատոմսեր թողարկելու միջոցով, ստիպված են առաջարկել ավելի բարձր տոկոսադրույք, ինչը որեւէ կերպ նպատակահարմար չէ իրենց գործունեության արդյունավետության տեսանկյունից:Ինչ վերաբերում է բաժնետոմսերի գնմանը, ապա այս դեպքում եկամուտ կարելի է ստանալ երկու ճանապարհով` շահաբաժնի տեսքով կամ դրա շուկայական արժեքի աճի հաշվին (կապիտալի հավելաճ` capital gain): Տվյալ դեպքում, բաժնետոմսերի գնային փոփոխությունների կանխատեսումը բավական բարդ գործ է, իսկ շահաբաժինները հիմնականում ավանդի տոկոսից ցածր են լինում: Այդուհանդերձ, ՀՀ բնակչության շրջանում այսօր առկա է որոշակի հետաքրքրություն արժեթղթերի նկատմամբ: Սա առավել նկատելի է դառնում այն ժամանակ, երբ շուկայում ի հայտ են գալիս ֆինանսական նոր գործիքներ. վառ օրինակը վերջին շրջանում հայաստանյան բանկերի կողմից բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումներն են: Ի դեպ, ուսումնասիրությունները վկայում են, որ արժեթղթերի ոլորտում ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը բավական ցածր է: Այս իրավիճակը հիմնականում օբյեկտիվ պատճառներ ունի եւ պայմանավորված է արժեթղթերի առուվաճառքի՝ քիչ տարածված լինելով եւ համապատասխան գործիքների սակավությամբ կամ բացակայությամբ:Ինչպե՞ս գնել արժեթուղթԴիցուք, որոշել եք գնել արժեթուղթ. ո՞ւմ դիմել եւ որտեղի՞ց սկսել:Առաջին քայլը, որ պետք է անել, բրոքերային կազմակերպության ընտրությունն է: Որպես բրոքեր կարող են հանդես գալ ՀՀ ներդրումային ընկերություններն ու բանկերի մեծամասնությունը, որոնք որոշակի միջնորդավճարի դիմաց Ձեր հանձնարարականով կիրականացնեն արժեթղթի հետ կապված գործարքները: Նախ, պետք է լրացնել բրոքերային հայտ, կնքել համապատասխան պայմանագիր, որից հետո միջնորդը Ձեզ համար կբացի բրոքերային եւ արժեթղթերի դեպո հաշիվ: Արժեթղթային հաշիվն իր ձեւով շատ պարզ է եւ նման է դրամային հաշվին, որտեղ դրամի փոխարեն լինելու են Ձեր արժեթղթերը (օրինակ` 10 հատ x ընկերության բաժնետոմս, 5 հատ y ընկերության պարտատոմս):Այս քայլերն իրականացնելուց հետո կարելի է սկսել գործարքների իրականացումն արժեթղթերի շուկայում: Դրա համար անհրաժեշտ է բրոքերին ներկայացնել գնման կամ վաճառքի հայտ, որից հետո միջնորդը Ձեզ համար բորսայից կամ արտաբորսայից ձեռք կբերի արժեթղթերը եւ «կնստեցնի» Ձեր հաշվին կամ կվաճառի այն եւ գումարը կդեպոնացնի: Ֆիզիկական անձը ՀՀ միակ ֆոնդային բորսայում՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում գործարք կատարելիս ստիպված է գործարքի հայտը ներկայացնել բրոքերին թղթային տարբերակով կամ հեռախոսով, քանի որ այս պահին հաճախորդների համար դեռեւս չի գործում էլեկտրոնային հարթակ: Բորսայական առեւտրին թույլատրված ֆինանսական գործիքների ցանկը կարելի է գտնել այստեղ:Միեւնույն ժամանակ, արտասահմանյան արժեթղթերի առուվաճառքը շատ ավելի պարզ է: Այս դեպքում թղթային տարբերակով հայտ ներկայացնելու կարիք այլեւս չկա: Միջնորդ ընկերությունը տրամադրում է Ձեզ համապատասխան էլեկտրոնային հարթակի նկատմամբ հասանելիություն, որտեղ էլ Դուք իրականացնում եք գործարքներ, ծանոթանում աշխարհի տարբեր շուկաներում ցուցակված արժեթղթերին եւ դրանց գներին: Առուվաճառքի գործարքը կատարվում է գնել/վաճառել կոճակի օգնությամբ: Եթե դեռեւս չունեք բրոքերային հաշիվ եւ, հետեւաբար, միացած չեք վերոնշյալ հարթակին, գոյություն ունեն մի շարք կայքեր, որոնք րոպեների տարբերությամբ ներկայացնում են տարբեր շուկաներում իրականացված արժեթղթերի առուվաճառքի գործարքները` իրենց մանրամասներով:Սովորաբար միջազգային պրակտիկայում ընդունված է, որ ներդրումային ընկերությունը, տվյալ պահին իր հաշվին չունենալով անհրաժեշտ ամբողջ գումարը, կարող է գնել արժեթուղթ` T+1,2,3 համակարգով, այսինքն` 1,2,3 օրվա հետաձգված վճարումով: Ցավոք, Հայաստանում դեռեւս գործում է միայն T+0 համակարգ, որը ենթադրում է արժեթղթի գնում` բացառապես ամբողջ գումարի առկայության դեպքում:Արժեթուղթ գնել կամ վաճառել կարելի է` սկսած մեկ միավորից (օրինակ` Google-ի մեկ բաժնետոմսն արժե մոտ $700), սակայն պետք է հաշվի առնել, որ գործարքը դառնում է ձեռնտու միայն որոշակի գումարից սկսած, քանի որ այն պահանջում է ֆիքսված ծախսերի իրականացում եւ միջնորդավճարներ: Ի՞նչ է տալիս արժեթուղթը ներդրողինԳոյություն ունի արժեթղթերի երկու տեսակ`պարտքային (պարտատոմսեր, մուրհակներ եւ այլն) եւ բաժնային (բաժնետոմսեր): Դրանցից ամեն մեկը ենթադրում է ռիսկի եւ եկամուտների տարբեր հարաբերակցություն: Պարտատոմս գնելու դեպքում թողարկողը պարտավորվում է որոշ ժամանակ անց վերադարձնել ներդրողին իր ներդրած գումարը` որոշակի տոկոսներով: Հենց այդ տոկոսն էլ (կուպոն) համարվում է պարտատոմսի բերած եկամուտը: Պարտատոմսի դեպքում ռիսկի մակարդակը համեմատաբար ցածր է, այն շատ նման է «տոկոսով փող» տալուն: Բաժնետոմսի դեպքում ամեն ինչ այլ է: Գնելով բաժնետոմս` ներդրողը ձեռք է բերում ընկերության մի մասը` դրանից բխող իրավունքներով: Բաժնետոմսից ստացվող եկամուտը շահաբաժինն է, որն ընկերությունները կարող են վճարել որոշակի պարբերականությամբ: Սակայն կան ընկերություններ, որոնք դիվիդենդներ չեն վճարում: Տվյալ դեպքում, բաժնետոմսերից եկամուտն ակնկալվում է ստանալ այլ ճանապարհով` նրա շուկայական արժեքի ավելացման հաշվին: Երբ բաժնետոմսը վաճառվում է ավելի բարձր գնով, քան ձեռք էր բերվել, հենց այդ տարբերությունն էլ համարվում է ներդրողի եկամուտը, որը կոչվում է կապիտալի հավելաճ:Ինչ վերաբերում է եկամուտների հարկմանը, ապա Հայաստանի օրենսդրական դաշտը բավական «լոյալ» է ինչպես տեղի, այնպես էլ դրսի ներդրողների նկատմամբ: Բաժնետոմսերում ներդրումներ կատարելով` անհատներն ազատված են հարկերից, ինչը յուրահատուկ եւ միջազգային պրակտիկայում հազվադեպ հանդիպող արտոնություն է:Պետական պարտատոմսերի դեպքում եւս հարկեր չեն կիրառվում, իսկ կորպորատիվ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկվում է 10% եկամտային հարկով` ճիշտ այնքան, որքան ավանդի դեպքում է: Այսպիսով, Հայաստանում առկա են բոլոր նախադրյալները`արժեթղթերի շուկայի զարգացման եւ առողջ ֆինանսական համակարգի կառուցման համար: Զարգացման հեռանկարներՊետք է փաստել, որ ՀՀ-ում ենթակառուցվածքները պատշաճ մակարդակի վրա են` սկսած տեխնիկական հագեցվածությունից, ծրագրային ապահովումից մինչեւ անվտանգություն: Բացի այդ, ՀՀ Կենտրոնական բանկը, որի մոտ կենտրոնացած է ոլորտի վերահսկողությունը, ինչպես նաեւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն եւ Կենտրոնական դեպոզիտարիան, բավական պրոֆեսիոնալ են իրականացնում իրենց գործառույթները: Նույնը կարելի է ասել նաեւ շուկայի մասնակիցների` ներդրումային ընկերությունների, բանկերի, կենսաթոշակային եւ ներդրումային հիմնադրամների մասին: Չնայած Հայաստանում ֆիզիկական անձանց ներգրավվածությունն արժեթղթերի շուկայում դեռեւս չի հասել պատշաճ մակարդակի, այդուհանդերձ, շուկայի զարգացման հեռանկարներն իրատեսական են: Ոլորտի զարգացման անհրաժեշտ պայմաններն են` խնայողությունների ծավալի աճ, ԿԲ-ի կողմից դրամավարկային քաղաքականության մեղմում (ինչը կհանգեցնի շուկայում տոկոսադրույքների նվազեցմանը` այդպիսով նպաստելով դեպի արժեթղթերի շուկա խնայողությունների հոսքի ավելացմանը), մարդկանց ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացում, ինչպես նաեւ նոր թողարկողների եւ նոր գործիքների առկայություն ֆինանսական շուկայում:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 21584