«Փոքրիկ Էյնշտեյն»՝ բիզնես, գիտություն եւ հաճելի ժամանց

30.11.2015 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում ի հայտ են գալիս փոքր բիզնեսներ, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր մտահղացմամբ: Banks.am-ը հանդիպել է այդպիսի մի քանի բիզնեսների հիմնադիրների հետ եւ զրուցել այն մասին, թե ինչպես ծագեց այս կամ այն գաղափարը եւ ինչպես այն կյանքի կոչվեց:

Վերջին ժամանակաշրջանում երեխայի տոնը կարելի է անմոռանալի դարձնել ոչ միայն ավանդական ծաղրածուների եւ մուլտֆիլմների հերոսներով, այլ՝ տպավորիչ եւ անսովոր միջոցառումներով, որոնք նախաձեռնում է «Փոքրիկ Էյնշտեյն» կազմակերպությունը:  

Banks.am -ը զրուցեց Հայաստանում առաջին գիտական շոուների հեղինակ, «Փոքրիկ Էյնշտեյն»-ի հիմնադիր Մարինա Գրիգորյանի հետ:

Գիտության կախարդական աշխարհում

Մասնագիտությամբ բժիշկ եմ: Բիզնես ստեղծելու մտադրություն չեմ ունեցել, ամեն ինչ սկսվեց, երբ մեկ տարի առաջ որոշեցի զարմուհուս ծննդյան օրվա առիթով նվեր մատուցել՝ գիտական շոուի տեսքով: Մինչ այդ դիտել էի արտասահմանյան եւ ռուսական նման շոուներ, սակայն դրանք բոլորը բացառապես զվարճացնող բնույթի էին: Ներդրեցի նաեւ ուսուցողական մասը, որ երեխաները ոչ միայն զվարճանան եւ զարմանան, այլեւ նրանց մոտ հետաքրքրություն առաջանա՝ քիմիայի, ֆիզիկայի եւ այլ գիտությունների նկատմամբ:    

Շոուն հաջողվեց եւ սկսեցի համագործակցության առաջարկներով դիմել մանկական ժամանցային կենտրոններին:

Մի բարեգործական միջոցառումից հետո, որտեղ սեփական նախաձեռնությամբ անվճար շոու անցկացրեցի, ստացա առաջին անհատական պատվերս, որից հետո շղթայական ռեակցիայով շարունակվեց «Փոքրիկ Էյնշտեյնի» ակտիվ գործունեությունը:


Լուսանկարը՝ Անրի Ներսիսյան

Յուրաքանչյուր շոուի սկզբում երեխաները սպիտակ խալաթներ եւ ակնոցներ են հագնում եւ դառնում իսկական փոքրիկ գիտնականներ:

Մեր գիտափորձերը, գիտական ֆոկուսներն ու վիկտորինաները մշտապես նորացվում են: Շոուն կարող է տեւել 20 րոպեից մինչեւ երկու ժամ՝ ըստ պատվիրատուի ցանկության: Սակայն փորձը ցույց է տալիս որ ամենահարմար տարբերակը, որի դեպքում երեխան չի հոգնում եւ պահպանում է հետաքրքրությունը՝ 45-60 րոպեն է:

Վերջերս մեկնարկել է մեր նոր ծրագիրը՝ «Փոքրիկ Էյնշտեյնը խոհանոցում», որի ընթացքում երեխաները պաղպաղակ են պատրաստում եւ բացահայտում, որ նույնիսկ այդ գործընթացի հիմքում ընկած է գիտությունը:  

Սովորել՝զվարճանալով

Շոուների ընթացքում տեսնելով երեխաների ոգեւորությունը, մտածեցի, որ առօրյայում նույնպես կարելի է ուսումնասիրել բնագիտական առարկաները՝ մատուցելով դրանք գրավիչ եւ զվարճալի կերպով: Այդպես, մարտից սկսեց նաեւ գործել «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական ակումբը, որի դասընթացները հիմնականում անց են կացվում շաբաթ եւ կիրակի օրերին:


Լուսանկարը՝ Անրի Ներսիսյան

Մեր առավելությունն այն է, որ ոչինչ համացանցից չենք վերցնում՝ բոլոր թեմաները ինքս եմ մշակում: Բացառությամբ հիթային դարձած թեմաների՝ ամեն ագամ նոր թեմա է շոշափվում: Դասընթացի տեւողությունը կազմում է մեկ ժամ, որի առաջին մասում մատչելի կերպով ներկայացվում է թեման, իսկ երկրորդ մասում՝ միասին անց ենք կացնում այդ թեմային վերաբերող գիտափորձեր: Երեխաները տեսնում են, որքան փոխկապակցված են գիտությունները եւ սկսում են տարբերել դրանք իրական կյանքում:


Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյան (Մեդիամաքս)

Ակումբը նախատեսված է 5-13 տարեկան երեխաների համար: «Փոքրիկ Էյնշտեյնը» սեփական տարածք չունի, համագործակցում ենք մանկական սրճարանների եւ զարգացման կենտրոնների հետ: Քննարկվելիք թեմաների մասին տեղեկությունը տարածում ենք յուրաքանչյուր շաբաթվա սկզբին: Կարելի է վճարել ինչպես մեկ դասի, այնպես էլ՝ ձեռք բերել աբոնոմենտ 4 դասի համար, որը պետք է սպառվի մեկ ամսվա ընթացքում:

Այժմ մշակում  եմ «Փոքրիկ Էյնշտեյն»-ի ամանորյա շոու-ծրագիրը, որի մանրամասները կներկայացնենք ամենամոտ ապագայում:  

Մարինա Գրիգորյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ Անրի Ներսիսյանի

Դիտում՝ 11764
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW