Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հարցազրույցը Banks.am-ին:- Պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ինչպե՞ս են Ձեզ տանը դիմավորում աշխատանքից հետո:- Իմ ընտանիքը 6 հոգուց է բաղկացած՝ ունեմ կին, երկու զավակ, հարս եւ թոռ: Այս պահին դուստրս մեզ հետ չի ապրում, սովորում է Իտալիայում: Աշխատանքից հետո ամենաուրախը թոռնիկս է դիմավորում: Միշտ այնպիսի ժամերի եմ տուն գնում, երբ ինքը մանկապարտեզից արդեն վերադարձած է լինում: Երբ հասնում եմ, պատշգամբում թոռնիկս ժպիտով սպասում է ինձ: Դա վերացնում է իմ ամբողջ հոգնածությունը: Ամբողջ աշխատանքային բեռը մոռանում եմ՝ տեսնելով փոքրիկ թոռնիկիս ժպիտը, ուրախությունը, որ պապիկը եկավ ու իրեն որեւէ քաղցրավենիք է բերել: Եթե թոռնիկս տանը չի լինում, կինս է ինձ դիմավորում: Միշտ սպասում է, որ միասին ճաշենք: Աշխատանքի բերումով հաճախ է լինում, որ ուշ եմ վերադառնում, սակայն կինս սովորել է, սպասում է: Ես էլ աշխատում եմ ավանդույթը չխախտել, հատկապես, որ սիրում եմ, երբ երեկոյան ընտանիքը միասին նստում է ճաշի: Մենք ընտանեկան ավանդույթ ունենք՝ կիրակի կեսօրին ամբողջ ընտանիքով ենք ճաշում: Այս ավանդույթը խստորեն պահպանում ենք: Ես սիրում եմ ընտանիքիս հետ լինել, ավելի շատ ապրում եմ ընտանեկան, քան սոցիալական կյանքով: Իհարկե, սոցիալական շփումներն էլ եմ կարեւորում:Ներսես Կարամանուկյանը՝ ընտանիքի հետԼուսանկարները՝ Ներսես Կարամանուկյանի անձնական արխիվից- Ինչպե՞ս հանդիպեցինք Ձեր կնոջը: Նա Ձեր առաջի՞ն սերն է:- Առաջին սերը, երեւի, մանկապարտեզում է եղել, անունը չեմ հիշում: Դպրոցական տարիներին էլ են եղել տարբեր սերեր, որոնք լուրջ չէին: Իմ առաջին, վերջին եւ միակ սերը կինս է, որին պատահական հանդիպել եմ 18 տարեկանում: Մեր հարաբերությունները ստեղծվել են այդ օրից, երկար տարիներ ընկերություն ենք արել: Այդ ընթացքում բանակում ծառայեցի, նա ինձ սպասեց, բանակից վերադարձա, եւ մեկ տարի անց ամուսնացանք: Տարեկիցներ ենք, միասին ենք մեր կյանքը կերտել, իմ կնոջ ներկայությունը կյանքումս շատ մեծ դեր է խաղացել: Կարծում եմ, որ տղամարդկանց մեծ մասի հաջողությունների հիմքում կանգնած է նրանց ամուր եւ վստահելի թիկունքը՝ կինը: Կնոջս վստահությունը, աջակցությունն ու քաջալերանքը շատ մեծ դեր են խաղացել իմ հաջողություններում: Նա մանկավարժ է, բայց դստերս ծնվելուց հետո ժամանակը չէր բավարարում երկու երեխաներին խնամելուն զուգահեռ աշխատելու համար, նա իրեն նվիրեց ընտանիքին ու զավակների դաստիարակմանը:- Ինչպե՞ս եք պլանավորում ազատ ժամանակը:- Ազատ ժամանակ քիչ եմ ունենում: Հիմնականում ամենամյա արձակուրդներն են, որոնցից, մի շարք դեպքերում, անգամ ամբողջությամբ չեմ օգտվում, բայց Նոր տարվա արձակուրդի օերին աշխատում եմ ամբողջությամբ հանգստանալ ընտանիքիս հետ: Ազատ ժամանակը մեծ մասամբ սիրում եմ նվիրել ընթերցանությանը, քայլել ընկերներիս հետ: Առնվազն շաբաթը մեկ անգամ ընտանիքներով հավաքվում ենք: Սպորտով ակտիվ չեմ զբաղվում, սակայն սիրում եմ լողալ: Ամիսը մեկ կամ երկու անգամ փորձում եմ դուրս գալ քաղաքի հեղձուցիչ օդից, լինել Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, Արցախում: Տարեկան հանգստի ժամանակ կնախընտրեի ծով եւ պասիվ հանգիստ, բայց կինս եւ աղջիկս դրան կողմնակից չեն, հաճախ ստիպված եմ լինում ակտիվ բաներ կազմակերպել:Լուսանկարները՝ Ներսես Կարամանուկյանի անձնական արխիվից- Ովքե՞ր են Ձեր ընկերները, եւ ո՞րն է ընկերության Ձեր բանաձեւումը: - Ընկերությունը շատ բարձր եմ գնահատում, ունեմ ընկերական մեծ շրջապատ, մանկության մոտ ընկերներ: Մեծերից մեկը մի անգամ ասել է՝ մանկության ընկերներին չես ընտրում, դա, երեւի, այդպես է: Իմ համադասարանցիների եւ համակուրսեցիների հետ մինչ օրս անդավաճան ընկերություն ենք անում: Տարին մեկ-երկու անգամ դասարանի, կուրսի ընկերներով հանդիպում ենք: Ռուսական հայտնի ասացվածք կա՝ «Մի ունեցիր 100 ռուբլի, ունեցիր 100 ընկեր», կարծում եմ` շատ ճիշտ է ասված: Մարդ միայն իր ստեղծած նյութական բարիքներով չէ, որ հարուստ է: Ավելի կարեւոր հարստություն են լավ ընկերները: - Ինչպե՞ս կողմնորոշվեցիք մասնագիտության ընտրության հարցում, այլ նախասիրություններ կայի՞ն:- Հենց սկզբից որոշել էի լինել տնտեսագետ, պրոֆեսիոնալ կառավարիչ: Փոքր տարիքից լավ անգլերեն գիտեի, հայրս բազմաթիվ լեզուների էր տիրապետում, իսկ մայրս անգլերենի եւ ֆրանսերենի ուսուցչուհի էր: Բարեբախտաբար, մանկուց կարողանում էի օտարալեզու գրականություն կարդալ: Դրայզեր, Հեմինգուեյ, հատկապես Արթուր Հեյլի ազդեցության տակ կառավարման եւ կառավարչի դերն ինձ համար սկսեց մեծ նշանակություն ունենալ: Փորձեցի այնպիսի մասնագիտություն ընտրել, որն ինձ կօգներ դառնալ պրոֆեսիոնալ կառավարիչ: Այդ ժամանակ ամենահարմարը Ժողտնտեսության ինստիտուտի Աշխատանքի կազմակերպում եւ կառավարում մասնագիտությունն էր: Գոհ եմ, որ այդ մասնագիտությունն ընտրեցի: Հետագայում տարբեր տեղեր աշխատեցի՝ ամեն տեղ փորձելով ներդնել հաճախորդին լավ ծառայություններ մատուցող եւ շահութաբեր ձեռնարկությունների փորձը: - Ինչպիսի՞ ղեկավար է Ներսես Կարամանուկյանը, եւ, ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա լավ ղեկավարը:- Եթե խստությանը նայենք սովետական ժամանակներից ներարկված մենթալիտետով, որ ղեկավարը չպետք է ժպտա, երբեմն-երբեմն չկատակի, միշտ թթված դեմքով գոռա իր աշխատողների վրա, ապա ես այդպիսին չեմ: Բայց ասել, որ ես խիստ չեմ, ճիշտ չի լինի: Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարությունը ոչ խիստ լինելու հետ: Իմ աշխատակիցներից էլ կարող եք հարցնել, իրենք եւս կարծում են, որ մեղմ եմ, բայց, մեղմ լինելով հանդերձ, կարող եմ շատ կոնկրետ ու պարզ ասել, որ անբան եւ ոչ արդյունավետ աշխատողը գործ չունի իմ ղեկավարած հաստատությունում: Լուսանկարները՝ Ներսես Կարամանուկյանի անձնական արխիվիցԼավ ղեկավարը պետք է ունենա ապագայի լավ տեսլական, կարողանա ճիշտ հասկանալ գործը եւ ճիշտ կազմակերպել իր, ինչպես նաեւ իր ենթակաների աշխատանքը, հասնել լավագույն արդյունքների: - Փողկապ կրելը հաճելի՞ պարտականություն է:- Ամռանը՝ ոչ: Բայց մյուս դեպքերում՝այո, սիրում եմ հագնվել պատշաճ այն աշխատավայրին, որտեղ աշխատում եմ: Աշխատել եմ նաեւ հանքարդյունաբերության ոլորտում, այնտեղ փողկապ կրում էինք միայն պաշտոնական հանդիպումների ժամանակ: Ազատ ոճը նույնպես հետաքրքիր է, բայց բանկիրի կամ ֆինանսիստի պարտականությունն է լինել փողկապով եւ պատշաճ հագնված:- Ասացիք, որ շատ գրքեր եք կարդացել: Ո՞րն է այն գիրքը, որ մարդ պետք է պարտադիր կարդա:- Աստվածաշունչը եւ Նոր կտակարանը:- Ի՞նչը կարող է Ձեզ բարկացնել եւ ափերից հանել:- Որոշ դեպքերում կարող է անգամ մանրուքն ինձ բարկացնել, բայց ափերից չհանել: Ես ափերից շատ քիչ եմ դուրս գալիս: Դա տարիների ընթացքում ձեռք բերած բան է: Երբեմն, պատահում է, բայց մեծամասամբ կարողանում եմ զսպել էմոցիաներս: Հնարավոր է՝ դա անում եմ արյան ճնշման բարձրացման հաշվին: Չնայած, բժիշկներն ասում են, որ, երբեմն պետք է գոռալ, որպեսզի այդ վիճակին չհասնեմ: Մանավանդ իմ տարիքում դա կարեւոր է, թերեւս ես էլ սկսեմ ձայն բարձրացնել, որ առողջությանս շատ վնաս չպատճառեմ:- Ի՞նչը չեք ների:- Դավաճանությունը: Ներողամիտ եմ, բացի դավաճանությունից՝ ամեն բան կարող եմ ներել:- Վախեր ունե՞ք:- Աստվածավախ եմ, բայց չեմ վախենում: - Սխալներ հաճա՞խ եք գործում: - Անսխալ մարդ գոյություն չունի: Ես էլ եմ սխալներ գործում, աշխատում եմ խուսափել դրանցից: Մարդը բանական էակ է, պետք է բանականությամբ փորձի խուսափել դրանցից:- Մարդիկ կատարյալ չեն լինում, Դուք եւս փաստեցիք: Ո՞րն է Ձեր թերությունը: - Մեղմությունը, որոշ դեպքերում մի քիչ ավելի մեղմ եմ, քան պետք է տվյալ իրավիճակում: Պետք է երբեմն էլ խիստ լինել: Ես կարծում եմ, որ այդ թերությունը եւս հաղթահարելի է, բայց պետք չէ դառնալ պարզապես անարդյունավետ բղավող:- Աշխատավայրում եւ տանը երջանիկ լինելու Ձեր բանաձեւը…- Աշխատավայրում լինել աշխատասեր եւ ազնիվ, գործին նվիրված: Տանը՝ դարձյալ լինել ազնիվ, սիրել ընտանիքը, ճիշտ ղեկավարել ընտանիքը, տեր լինել: Ամուսնանալիս էլ ամուսինը տեր լինելու երդում է տալիս, տեր լինել… Ներսես Կարամանուկյանը՝ կնոջ եւ դստեր հետ, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված պատարագին:Լուսանկարները՝ Ներսես Կարամանուկյանի անձնական արխիվից- Ձեր կյանքի վերջին տարիների ամենահիշարժան օրը…- Ապրիլի 13-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի պատարագն էր Վատիկանում, Սուրբ Պետրոս տաճարում, որը մատուցեց Հռոմի պապը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շատ հանգամանալից եւ լավ քարոզով հանդես եկավ: Էկումենիկ աղոթք էր, որին մասնակցում էին տարբեր եկեղեցիների հոգեւորականներ: Նրանք իրենց աղոթքով մեր նահատակներին հոգու հանգստություն մաղթեցին: Դա իմ համար ամենախորհրդավոր եւ ամենահիշարժան օրերից էր: Մեծ հպարտություն եմ զգում, որ կնոջս եւ դստերս հետ ներկա եմ եղել այդտեղ եւ այդ արարողության մի մասը կազմել: Ես ամենահուզիչ պահերն եմ ապրել այդ օրը:- Եթե ժամանակի մեքենա ունենայիք, ո՞ր ժամանակաշրջանում կուզեիք հայտնվել:- Հետաքրքիր է: Ես կուզեի ինձ երիտասարդացնել: Կուզեի հայտնվել 1987-88 թթ., բայց շրջանցել երկրաշարժը: Չնայած դա մեծ փորձառություն էր ինձ համար: Կուզեի նորից տեսնել 1991-93 թթ-ը՝ շրջանցելով էներգետիկ ճգնաժամի տարիները: Կուզեի Հայաստանի տնտեսությունը զարգանար այն տեմպերով, ինչպիսին 2002- 2007 թթ. ընթացքում էր՝ դարձյալ շրջանցելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով 2008թ. վերջից սկսված եւ մինչ օրս էլ, կարծես, չհաղթահարված իրավիճակները: Եվ կուզեի լինել 3 տարի անց Հայաստանում, որը կլինի ծաղկուն, արագ եւ դինամիկ զարգացող երկիր՝ տարածաշրջանի կոնֆլիկտները հաղթահարած, սահմանները բաց: Մենք լիաթոք կշնչենք: Նույնիսկ վաղվանից կուզեի տեսնել, բայց գիտեմ, որ այդքան արագ չի լինում:Լուսանկարները՝ Ներսես Կարամանուկյանի անձնական արխիվից- Պարոն Կարամանուկյան, ես մի փոքրիկ առիթ ստեղծեցի երազելու, Դուք անձամբ Ձեզ համար ոչինչ չուզեցիք: Ինչո՞ւ: - Ազնվությամբ ասեմ, կյանքում ինչի ձգտել եմ, արդեն հասել եմ: Ես հիմա կուզեի պահպանել եւ ավելացնել այդ ամենը: Երբեք չեմ ուզել դառնալ բարձր պաշտոնյա կամ անձնական շատ մեծ բիզնես ունենալ: Ես ինձ լավ կառավարիչ եմ համարում, կուզեմ այդպիսին էլ մնալ ու զարգացնել իմ ղեկավարած կառույցը: Կյանքում շատ բաների եմ հասել եւ հասել եմ ինքս: Եթե շարունակեմ այսպես աշխատել, ինձ ավելին պետք չէ: Հայրս լավ խոսք ուներ, եւ դա քրիստոնեավայել է, ընդունում եմ այդ փիլիսոփայությունը. «Մարդու երջանկությունը ոչ միայն իր պահանջմունքների բավարարման, այլեւ, որոշ դեպքերում, դրանք զսպելու մեջ է»:Ներսես Կարամանուկյանի հետ զրուցել է Մարի ԹարյանըԼուսանկարները՝ Ներսես Կարամանուկյանի անձնական արխիվից Tweet Դիտում՝ 13664