«Լույսը»-ը բացվում է. մաս I

22.07.2015 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Banks.am-ը որոշել է մի քանի հոդվածով անդրադառնալ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրին:

Շարքի առաջին հրապարակման հեղինակը «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն է:

«Լույս» հիմնադրամի հզոր համայնքն այս տարի կունենա արդեն 400-ից ավելի անդամ: 2009 թվականից ի վեր մենք մեծ ջանքեր ենք ներդրել` կառուցելու տաղանդաշատ երիտասարդների համայնք, ովքեր բարձր արժեքներ են դավանում եւ մեծ ձեռքբերումներ ունեն գիտության ոլորտում: «Լույսը» Հայաստանի համար փայլուն հեղինակություն է ստեղծել աշխարհի լավագույն կրթական կենտրոններում: Մենք ապագայի հանդեպ վստահություն ենք ներշնչել: «Լույս» հիմնադրամը կրթության ու երիտասարդների մեջ է տեսնում աշխարհասփյուռ հայերին միավորող հիմնական արժեքները եւ ուժը:

«Լույս» հիմնադրամի գործունեության արդյունքները տեսանելի են հայ հասարակության բոլոր ոլորտներում: Հարվարդ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), Օքսֆորդ, Քեմբրիջ եւ այլ բարձրակարգ համալսարաններ ավարտած մեր կրթաթոշակառուները նոր շունչ են հաղորդում գործունեության ամեն ոլորտի եւ մեր հասարակության բոլոր շերտերին: Այսօր Հայաստանում գոյություն չունի առաջատար որեւէ ընկերություն կամ հետազոտական կենտրոն, որտեղ չլինի «Լույսի» շրջանավարտ:

«Լույս» հիմնադրամը ոչ միայն ֆինանսավորում է ամբողջ աշխարհի հայ երիտասարդներին` սովորելու լավագույն համալսարաններում, այլեւ ներդնում է նրանց գիտելիքը Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում, սփյուռքի երիտասարդներին թույլ է տալիս բացահայտել հնարավորությունների այս երկիրը, որտեղ նրանք կարող են հետաքրքիր ու խոստումնալից կարիերա կառուցել եւ հիմնել համաշխարհային մակարդակի ձեռնարկություններ:


Ժաքլին Կարաասլանյանը
Lուսանկարը՝ «Լույս» հիմնադրամ

«Լույսն» այժմ իրականացնում է կրթական ֆոնդի դրամահավաքի եռամյա արշավ: Նպատակն է ստեղծել 300 միլիոն ԱՄՆ դոլար դրամագլխով ֆոնդ, որը կշարունակի հիմնադրամի գլխավոր առաքելությունը` ամեն տարի ֆինանսավորելով 250 հայ ուսանողների հաջորդ հարյուր տարիների ընթացքում: Ֆոնդային միջոցների օգտագործման այս եղանակի շնորհիվ վերջին 30 տարիների ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի ներկա իրավիճակում գտնվող այլ երկրներ:

«Լույսը» հզոր ուղի է կառուցում Հայկական աշխարհի համար, ուղի, որ միավորում է բոլորին` Հայաստանը դարձնելու ամենանորարար ու առաջատար երկրներից մեկը:

Երիտասարդներն այժմ հասկանում են, որ կարող են հիմնվել գիտական կարողությունների եւ անհատական եռանդի վրա` մեծ ձեռքբերումներ ունենալու համար, ինչպես «Լույսի» շուրջ 400 կրթաթոշակառուները: Նրանց այլեւս ետ չեն պահում ֆինանսական միջոցների սակավությունն ու կենցաղային վատ պայմանները:

«Լույսը» նշանակալիորեն փոխել է ամբողջ աշխարհի հայ ուսանողների վերաբերմունքն ու մոտեցումները: Նրանք ինքնամոտիվացված են, լավ են սովորում դպրոցում, գրքեր են կարդում եւ օգտվում են համացանցից ինքնազարգացման նպատակով: Մեր ուսանողներն այժմ գիտեն, որ կարող են հայտնվել այն նույն լսարաններում, որտեղ սովորել են Facebook-ն ստեղծող Մարկ Ցուկերբերգը կամ փայլուն գյուտարար, միլիարդատեր Իլան Մասքը:

«Լույսի» կրթաթոշակառուները տեսնում են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ չեն վախենում դժվարություններից. ճիշտ հակառակը, նրանք գործելու եւ դրական ազդեցություն ունենալու հնարավորություն են տեսնում:

Հայ ուսանողների ուսումը ֆինանսավորելով` «Լույսը» վարձում է ՄՏԻ-ի, Հարվարդի, Սթենֆորդի եւ այլ համալսարանների դասախոսներին, որպեսզի նրանք լավագույն գիտելիքն ու ամենանորարար հմտությունները փոխանցեն հայ երիտասարդներին` կառուցելու համար համաշխարհային տնտեսությունը:

Մենք ցանկանում ենք, որ Հայկական աշխարհն իմանա մեր առաքելության եւ այն դրական ազդեցության մասին, որ վերջինս արդեն իսկ ունեցել է մեր երկրում: Ցանկանում ենք նաեւ աշխարհի լավագույն կրթական կենտրոններում Հայաստանը ներկայացնել որպես տաղանդաշատ ու ստեղծարար երկիր, որը մեծ առաջընթացի ճանապարհին է:


Ժաքլին Կարաասլանյանը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Lուսանկարը՝ Ֆոտոլուր

Երիտասարդների եւ ապագայի հանդեպ հավատը «Լույսի» առաքելության հիմնական արժեքն է: Մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք, որոնցով հպարտանում ենք ու ցանկանում շատերին ներկայացնել, ուստի բոլորին հրավիրում ենք «Լույսի» կրթաթոշակառուների եւ նրանց նվաճումների մասին կարդալու հիմնադրամի կայքում (www.luys.am) կամ ուղղակի այցելելու մեզ:

Մեր գրասենյակն այժմ տեղակայված է ՀԲԸՄ-ի` Երեւանի կենտրոնում` Մելիք-Ադամյան փողոցում գտնվող նորակառույց շենքում, որտեղ գործում են նաեւ այլ նորարար կազմակերպություններ: Միասին մենք կրթական ու ձեռներեցային համայնք ենք ստեղծում հետաքրքրասեր, ստեղծարար եւ համարձակ մարդկանց համար: «Լույսը» կիսում է իր կրթաթոշակառուների գիտելիքը, փորձառությունն ու հզոր ցանցի հնարավորությունները երկրի եւ ողջ Հայկական աշխարհի հետ:

«Լույսը» նաեւ մեր յուրաքանչյուրի իրատեսական ձայնն է, որ հավատում է Հայաստանի անգամ ամենափոքր գյուղերում ամեն օր հանդիպած ամեն մի պատանու: Մենք գիտենք, որ նրանք կարող են ու կմիանան գերազանցության այս շրջանին: Մենք պարտավոր ենք հավատալ մեր երեխաների ներուժին` խրախուսելով նրանց թեկուզ միայն դրական մտածելակերպով ու ոգեւորիչ պատմությամբ: Մոռացեք վախերն ու անցյալում թողեք մռայլ պատկերները: Մենք բոլորս պարտավոր ենք խթանել կրթական գերազանցությունը եւ դավանել մարդկային բարձր արժեքներ: Ամեն օր մեր երիտասարդներն ապացուցում են, որ հնարավոր է մտածել ու գործել միասին:

Դիտում՝ 28924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW