Կաթի մթերման գներն արդեն մեկ շաբաթ է՝ իջեցվել են, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Վարազդատ Կարապետյանը Banks.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Գեղարքունիքի մարզում կաթը մթերում են 120 դրամով, ինչը շատ մոտ է կաթի արտադրության ինքնարժեքին:«Գեղարքունիքի մարզում միշտ կաթի մթերման ամենացածր գինն է եղել: Եթե համեմատենք երկու ամենամեծ կաթ արտադրող մարզերի տվյալները, ապա Շիրակի մարզում 160 դրամ էր, Գեղարքունիքում՝ 140: Այն տնտեսությունները, որոնք փոքր են, մինչեւ 5 գլուխ խոշոր եղջերավոր ունեն, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ պիտի սկսեն կաթը չհանձնել եւ ինքնուրույն պանիր արտադրել եւ դա ինչ-որ կերպ իրացնել, կա՛մ ընդհանուր մորթի տարբերակին դիմել: Այս վերջինն ավելի հավանական է: Մեծ արտադրողները, որոնք մոտ 25 գլուխ կով ունեն, իրենք են արտադրություն կազմակերպում, կարողանում են անձնական ցանցերի միջոցով իրացնել»,- ասել է Վարազդատ Կարապետյանը: Տարածքային զարգացման հիմնադրամի ուսումնասիրությունների համաձայն՝ միջազգային շուկայում կրկնակի նվազել են կաթի փոշու գները: Հայաստանը ներկրել է այդ կաթի փոշին, եւ այժմ մեծ արտադրողներն իրենց կաթնամթերքը հիմնականում դրանով են արտադրում: «Ընդհանուր առմամբ նաեւ կաթի պահանջարկն է նվազել: Եթե այս իրավիճակը պահպանվի, հնարավոր է, որ Հայաստանում անասունների մասսայական սպանդ լինի: Կա նաեւ սեզոնային գործոնը՝ կաթն ավելացել է, ինչով եւս պայմանավորված է գների անկումը: Ես կասկածում եմ, որ մեծ մթերողները ներքին համաձայնություն ունեն, քանի որ միանգամից բոլորն են իջեցրել: Պետք է հարցը շատ օպերատիվ լուծվի: Գյուղատնտեսության նախարարությունը պետք է մթերող այդ երեք-չորս մեծ ընկերություններին պարտադրի գները պահել140-150 դրամի սահմանում»,- ասել է Վարազդատ Կարապետյանը: «Անի» կաթնամթերք արտադրող ընկերության արտադրության պետ Տիգրան Շալչյանը Banks.am-ին ասել է, որ շարունակում են կաթը մթերել 140 դրամով:«Մենք միանգամից գյուղացիներից չենք գնում կաթը, ընդունում ենք գործարանում: Մարզերից հավաքում են անհատները կամ ֆերմերները եւ վաճառում մեզ: Թե մարզերում ինչ են անում, մենք չգիտենք: Մեզ հայտնի չէ՝ ինչ գնով են իրենք կաթը գնում գյուղացիներից»,- նշել է «Անի»-ի ներկայացուցիչը: Գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն էլ ասել է, որ մինչեւ կաթի ծավալների մեծացումը գյուղնախարարի մոտ կաթ վերամշակող ընկերությունների տնօրենների մասնակցությամբ երկու անգամ խորհրդակցություն է հրավիրվել: Այս հանդիպումների նպատակը եղել է այն, որ մինչեւ հունիսի 1-ը ընկերությունները գնային փոփոխություն չկատարեն: Փոխնախարարի խոսքով՝ գների հնարավոր նվազումը կապված է երկու գործոնի հետ: Առաջինը սեզոնայնության խնդիրն է. կաթի ծավալներն են ավելանում, ինչը ենթադրում է գների նվազում: Երկրորդ գործոնն այն է, որ ռուսական ռուբլու արժեզրկմամբ եւ Ռուսաստան ներմուծվող կաթի ու կաթի փոշու գների նվազեցմամբ պայմանավորված հայ արտադրողները մրցակցային խնդիրներ են ունենում: Հայկական ընկերությունների արտադրանքը ինքնարժեքի բարձր գին է ունենում, եւ մրցակցային գին չեն կարողանում ստանալ: «Շահարկում են, որ կաթի փոշու ներկրումը մեր հանրապետությունում ավելացել է, բայց այդ թիվը նախորդ տարվա թվից էականորեն չի տարբերվում»,- հավելել է Ռոբերտ Մակարյանը: Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ընկերությունները չեն պահել գները չփոփոխելու վերաբերյալ գյուղնախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, նախարարի տեղակալը պատասխանել է, որ խոշոր մթերողները հիմնականում պահել են պայմանավորվածությունը: Ըստ նրա՝ համայնքներում կան փոքր ընկերություններ, որոնք իջեցրել են գները 10-20 դրամով, որպեսզի շահույթի ավելացում ունենան:«Ահազանգերի դեպքում բոլորի հետ բանակցում ենք, գները վերականգնում են: Որպեսզի այս խոսակցությունները դադարեն, կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների, արտադրողների հետ փոքր եւ խոշոր արտադրողների համար ինքնարժեքի խնդիրն ենք լուծում: Բանակցությունների արդյունքում պետք է խելամիտ գին ընտրվի, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին»,- ասել է փոխգյուղնախարարը:Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահն էլ կարծում է, որ այս հարցը պետք է հիմնական լուծում ստանա, ինչի համար հարկավոր է կաթի խորհուրդ ստեղծել:«Անհրաժեշտ է կաթ մթերող, արտադրող եւ փորձագիտական ընկերությունների ու կառավարության ներկայացուցիչներից բաղկացած խորհուրդ ստեղծել, որը վերլուծությունների հիման վրա տարվա համար կաթի գին է սահմանում, եւ խաղի կանոններին հետեւում են բոլորը: Պետությունը պետք է անցնի նաեւ արդյունքների ֆինանսավորմանը. կաթ արտադրող գյուղացիներին որոշակի հավելյալ գումար վճարի, օրինակ, եթե ընկերությունը մթերում է 120 դրամով, եւս 20 դրամ պետությունը վճարի: Այս խնդրի հիմնաքարային լուծումը հենց այդ երկու տարբերակներով կարող է լինել»,- ասել է Վարազդատ Կարապետյանը:Մարի Թարյան Tweet Դիտում՝ 6069