Րաֆֆի Սեմերջյան. Մենք նոր փիլիսոփայություն ենք բերում ներդրումների ոլորտ
22.12.2014 | 09:55
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Վերջերս «Մենեջմենթ Միքս» (Management Mix) խորհրդատվական ընկերության եւ Արմսվիսբանկի միջեւ կնքվել էր մտադրությունների մասին հուշագիր` ներդրումների կառավարման ընկերություն հիմնադրելու վերաբերյալ:
Ըստ նախնական տեղեկատվության` ընկերության հիմնական առաքելությունը ներդրողներին Հայաստանում եւ երկրի տարածքից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առեւտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու եւ հետագայում դրանց օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումն է:
«Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը Banks.am-ին պատմել է հիմնադրվող ընկերության հեռանկարային ծրագրերի մասին:
- Պրն Սեմերջյան, ինչո՞վ է պայմանավորված խորհրդատվական ընկերության եւ բանկի միավորումը մեկ կառույցի շրջանակում, եւ ի՞նչ գործառույթ է իրականացնելու յուրաքանչյուր կողմը:
- «Մենեջմենթ Միքս»-ը համաշխարհային փորձ ունի ավելի քան 20 երկրների կորպորատիվ կառավարման եւ խորհրդատվական ոլորտներում: Աշխատելով տարբեր ընկերությունների հետ՝ փորձել ենք բարելավել իրենց կառավարման համակարգերը` հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձն ու չափանիշները եւ հարմարեցնելով դրանք տվյալ ընկերության պահանջներին: Մենք աջակցում ենք ընկերություններին թե՛ նրանց ռազմավարական զարգացման եւ թե՛ ռազմավարական ներդրումների մեջ:
Ինչ վերաբերում է Արմսվիսբանկին, ապա պետք է նկատի ունենալ, որ այն կորպորատիվ եւ ներդրումային բանկ է, որի բիզնեսի փիլիսոփայությունը ներդրողներ ներգրավելն է:
Մեր երկրում բանկային համակարգը շատ լավ է կայացած՝ շնորհիվ Կենտրոնական բանկի, սակայն պետք է հաշվի առնել, որ կապիտալի ներդրումների ինստիտուտը դեռեւս բացակայում է հայաստանյան տնտեսության մեջ: Ուստի «Մենեջմենթ Միքս»-ը եւ Արմսվիսբանկը որոշեցին հիմնել կառավարման ընկերություն, որը կներգրավի եւ կկառավարի ներդրումային ֆոնդերը:
Պարզ ասած, մենք ընդամենը ստեղծում ենք մի նոր սուբյեկտ՝ մասնավոր ներդրումները կառավարելու նպատակով: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հաջող աշխատանքային փորձ ենք ունեցել Արմսվիսբանկի հետ՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Այս նոր մտահաղացմամբ որոշեցինք պաշտոնապես ձեւակերպել մեր համագործակցությունը, համակարգել ներդրումային ֆոնդի ներգրավման գործընթացը, ընդգրկել ներգրավված կապիտալը թիրախային ընկերություններում եւ ներդնել դրանցում կառավարման հմտություններ: Ընդ որում, այդ գործընթացը կներառի կառավարումը, ռազմավարական զարգացումը, ֆինանսական կառավարումը, մարքեթինգը եւ այլն:
- Ընկերության ծառայություններն ուղղված են լինելու առավելապես սփյուռքահա՞յ գործարարներին: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը՝ ի՞նչ տրամադրություններ են տիրում հայազգի կայացած գործարարների շրջանում՝ կապված պատմական հայրենիքում ներդրումներ կատարելու հետ:
- Կառավարման ծառայությունները, մասնավորապես, ուղղված կլինեն Հայաստանում արդեն գոյություն ունեցող ընկերություններին, որոնք ուզում են ընդլայնել իրենց բիզնեսը` նախընտրելով ունենալ ներդրող գործընկերներ, քան զուտ կապիտալի մեծացում, օրինակ, վարկավորման միջոցով: Մենք բերում ենք նոր փիլիսոփայություն ներդրումների, համակառավարման եւ, ի վերջո, բիզնեսի զարգացման եւ հմտությունների ոլորտներ՝ ֆոնդի գործընկերների միջոցով:
Ստեղծվող մասնավոր կապիտալի ֆոնդերը, որպես կայուն բանկային համակարգի լրացում, կխրախուսեն ֆոնդերի սեփականատերերին եւ նրանց արտերկրյա գործընկերներին՝ Հայաստանում ներդրում կատարել:
Այսպիսով, անդրադառնալով ձեր հարցին, պետք է նշեմ, որ ծառայություններ կառաջարկվեն բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ունեն բիզնեսներ, հայտնի են իրենց ծագմամբ եւ համապատասխանում են սահմանված բոլոր պահանջներին:
Հիմնական թիրախային ներդրողները հաջողակ գործարարներ են Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Ամերիկայից: Մեր նպատակն է բիզնես մոդելի միջոցով ներգրավել նրանց, ինչը վերջիններիս հնարավորություն կտա իրենց կապիտալը, փորձն ու գիտելիքները ներդնել հայաստանյան կազմակերպություններում: Հազվադեպ է պատահում, երբ սփյուռքահայ ներդրողները իրենց ներդրումները կատարում են Հայաստանում: Պատճառն այն է, որ ներդրված չէ համակարգը, որը կնպաստի ներդրումների ներգրավմանը, մոնիթորինգի իրականացմանը եւ կապիտալի վերադարձելիության ապահովմանը: Մեր նախագիծը ֆինանսաբանկային ոլորտում, որպես մասնավոր ներդրումային հիմնադրամ, կլինի այլընտրանքային:
- Իսկ ինչպիսի՞ն է հակառակ պատկերը, մասնավորապես, որքանո՞վ են մեծաքանակ այն տեղացի գործարարները, որոնք ձգտում են Հայաստանից դուրս ներդրումներ կատարել:
- Բոլորս էլ գիտենք, որ այսօր աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում գլոբալիզացիայի շրջանակում եւ ընկերությունների ռազմավարական կողմնորոշումներից մեկը համաշխարհային լինելն է: Միեւնույն ժամանակ, ռազմավարական որոշում կայացնողները պետք է կենտրոնանան իրենց շուկաների վրա, ձեռք բերեն մրցակցային առավելություն եւ նոր դրանից հետո ձգտեն այլ երկրներում ընդլայնման:
Հայաստանի համար օրինակ կարող են ծառայել մի շարք եվրոպական, նույնիսկ լիբանանյան բանկեր, որոնք համաշխարհային են դարձել եւ այսօր մասնաճյուղեր ունեն Ավստրալիայում, Կիպրոսում, ՌԴ-ում կամ Հայաստանում: Նույնը կատարվում է բիզնեսի այլ բնագավառներում:
Հիմնվելով համաշխարհային եւ տարածաշրջանային փորձի վրա, կարծում եմ, Հայաստանում շատ հնարավորություններ կան ներդրումների համար: Ուստի, ես քաջալերում եմ ներդրումներ կատարել Հայաստանում, առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողի հարկը եւ աշխատուժն այստեղ դեռ ավելի ցածր են, քան շատ ուրիշ երկրներում:
Բնականաբար, կան հայ գործարարներ, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանից դուրս: Մասնավորապես, տեղյակ եմ խոշոր ներդրման մասին, որը ծրագրված է Եվրոպայում, սակայն Հայաստանը կարող է մոտեցնել եվրոպական շուկաներին:
Ամեն դեպքում, այս փուլում մենք առաջնահերթություն ենք տալիս Հայաստանում կատարվող ներդրումներին, որպեսզի զգալի դարձնենք ընկերությունների հավելյալ արժեքը Հայաստանի տնտեսության մեջ եւ արագացնենք տնտեսական ցիկլը:
- Հայտարարվել էր, որ նորաստեղծ ընկերության ջանքերն ուղղված են լինելու աճի ներուժ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց գնահատմանը եւ իրականացմանը: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Դուք ուղղորդելու եք Ձեր հաճախորդներին ներդրումներ կատարել նաեւ ստարտափներում:
- Նախ ասեմ, որ Հայաստանում Կենտրոնական բանկի կողմից գրանցված մասնավոր կապիտալի ֆոնդ դեռեւս գոյություն չունի, մինչդեռ տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ ֆոնդերն ավելի քիչ ռիսկային են եւ ավելի շատ թափանցիկ՝ հատկապես տարածաշրջանային եւ համաշխարհային բիզնեսի համար: Աստիճանաբար մենք կներգրավենք մի քանի ֆոնդ: Կսկսենք 2 փոքր ֆոնդից, այնուհետ կներգրավենք մեծ ֆոնդ:
Պատասխանելով ձեր հարցին՝ նշեմ, որ փոքր ֆոնդերից մեկի գործունեությունն ուղղված կլինի սկսնակներին, հիմնականում՝ ՏՏ, բարձր տեխնոլոգիաների եւ ռոբոտաշինության ոլորտներին:
Իսկ երկրորդը կաշխատի գյուղատնտեսության ոլորտում: Եվրասիական շուկան նոր հնարավորություն է բացում Հայաստանի ագրոարդյունաբերության համար, միաժամանակ այն պահանջում է արտադրանքի մեծ քանակ, որը տեղական արտադրողն ի վիճակի չէ տրամադրել, քանի որ կա գյուղատնտեսական ապրանքի պակաս: Մեր ագրոֆոնդը կմասնակցի գյուղատնտեսական ձեռնարկությունների կապիտալում՝ վերջիններիս կարողություններն ընդլայնելու նպատակով:
Ինչ վերաբերում է մեծ ֆոնդին, ապա այն ուղղված կլինի ընկերություններին, որոնք կունենան նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ եւ հետաքրքրված կլինեն զարգացնել իրենց բիզնեսը տարածաշրջանային եւ միջազգային մասշտաբով:
- Ընկերության հիմնադրման ուղղությամբ նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մինչ օրս, եւ ձեւավորվե՞լ է արդյոք հաճախորդների մեկնարկային թիմ:
- Այժմ աշխատում ենք 3 տարբեր մակարդակներում:
Քննարկվում են կառավարող ընկերության եւ ֆոնդերի իրավական ասպեկտները, ինչպես նաեւ նրանց փոխհարաբերությունը միմյանց եւ թիրախային ընկերությունների միջեւ:
Դիտարկվում են գործընթացային հիմնահարցեր: Որպես օրինակ, վերցրել ենք 5 ընկերություն եւ զարգացնում ենք նրանց ընթացակարգերը՝ վերջիններս հարմարեցնելով հայաստանյան օրենսդրությանը:
Աշխատակազմի ասպեկտները նույնպես դիտարկվում եւ կարևորվում են: Մենք պետք է ներգրավենք համանման փորձ ունեցող մեր միջազգային թիմի ղեկավարներին եւ սկսենք հայաստանյան ընկերությունների ղեկավարների ուսուցումը՝ մեր տեղական հնարավորությունները զարգացնելու նպատակով:
Րաֆֆի Սեմերջյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: