«Տաշիրը» չի կասկածում, որ «ՌԻՈ»-ն հաջողություն կունենա Հայաստանում

10.12.2014 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

«Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աջեմյանի հարցազրույցը Մեդիամաքսին

- «Տաշիր» ընկերությունների խումբն հայտարարել է Հայաստանում մոտ ապագայում «ՌԻՈ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի բացման մասին, որը տեղի կունենա սպառողական պահանջարկի կրճատմամբ ուղեկցվող տնտեսական աճի դանդաղեցման ֆոնին: Ե՞րբ է ընդունվել «ՌԻՈ»-ն հայաստանյան շուկա բերելու մասին որոշումը եւ որքանո՞վ է այն ճշգրտվել ընթացիկ տնտեսական իրավիճակի հետ կապված:

- Մենք երկար ժամանակ ուսումնասիրում էինք հայաստանյան շուկան, սպառողական կարողությունները, հասարակության նախապատվությունները եւ առեւտրի ձեւաչափի ու մոտեցման հանդեպ բացառապես նոր մոտեցումների հետ կապված պահանջարկը:

2012 թ-ին «ՌԻՈ» բրենդը Հայաստան բերելու մասին ընդունված որոշումը պատահական չէր: Այդ նույն թվին «Տաշիրը» բացեց առաջին ժամանակակից մոլը (Dalma Garden Mall – խմբ.) Երեւանում` հնարավոր դարձնելով մի շարք աշխարհահռչակ բրենդերի մուտքը հայաստանյան շուկա: Մանրածախ առեւտրի բազմաթիվ մասնագետներ առեւտրի կենտրոնի երկամյա աշխատանքի արդյունքները գնահատելով՝ նշում են Հայաստանում մանրածախ առեւտրի մշակույթի փոփոխությունը եւ որակական նոր մակարդակին անցումը:

Առեւտրի եւ զվարճանքի նոր կենտրոնների մեկնարկի նպատակահարմարության հետ կապված կասկածներ չենք ունեցել ոչ Dalma Garden Mall-ի բացման ժամանակ, ոչ էլ հիմա, երբ իրականացվում է ապագայի նախագիծը՝ «ՌԻՈ»-ն: Հայկական շուկան դեռ հեռու է հայեցակարգային մոլերով հագեցած լինելուց: «ՌԻՈ»-ն Ռուսաստանում առեւտրի եւ զվարճանքի կենտրոնների շարքում ամենաճանաչված բրենդերից է, ու «Տաշիրը» կասկածներ չունի, որ այն հաջողությամբ կզարգանա նաեւ Հայաստանում:

Եթե խոսենք ընթացիկ տնտեսական վիճակից, ապա մենք կրիտիկական ռիսկեր չենք տեսնում, ավելի շուտ՝ հակառակը: «Տաշիրը» վերապրեց 1998 եւ 2008 թվականների ճգնաժամերը եւ երկու անգամն էլ կարողացավ իր համար նոր հնարավորություններ գտնել: Խոսքը առաջին հերթին դիվերսիֆիկացիայի մասին է, որը թույլ տվեց ճգնաժամի ընթացքում զգալիորեն ավելացնել մեր բիզնեսի ծավալները: Այդպիսի ռազմավարության շնորհիվ հետճգնաժամային տարիներին «Տաշիրին» հաջողվեց ռուսաստանյան դեվելոփերական շուկայում առաջատարի դիրք զբաղեցնել: Կարող եմ վստահորեն հայտարարել, որ մենք հավակնում ենք նմանատիպ առաջատար դիրք զբաղեցնել նաեւ Հայաստանում եւ առաջընթաց քայլեր ենք անում այդ ուղղությամբ:

- Լուրեր կան, որ երեւանյան «ՌԻՈ»-ում լինելու են մոտ 100 վարձակալներ՝ ռուսաստանյան եւ միջազգային բրենդեր, ինչպես նաեւ տեղական օպերատորներ: Կարո՞ղ եք թվարկել որոշ անվանումներ: Նրանց մեջ կլինե՞ն այնպիսիք, որ առաջին անգամ կհայտնվեն Հայաստանում: 

 - Ներկա պահին խարիսխային վարձակալների հետ պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է: Նրանք են նպաստելու առեւտրային սրահի վարձակալների որակական չափանիշների ձեւավորմանը: Հաստատված «խարիսխներից» է զվարճանքային հատվածում «Սինեմա Սթար» կինոթատրոնը, որն արդեն ներկայացված է Dalma Garden Mall-ում: Ի դեպ, մի տարվա գործունեության ընթացքում այն գրանցել է հաճախելիության ռեկորդային մակարդակ: Երեւանյան «ՌԻՈ»-ն նույնպես կձգտի զարմացնել Հայաստանի մայրաքաղաքին նոր հետաքրքիր հայեցակարգերով:

- Վարձակալության վճարները ունիֆիկացվա՞ծ են լինելու հայկական ու արտասահմանյան բրենդերի համար, թե՞ տեղական արտադրողները կարող են որոշ առավելությունների հույս ունենալ:

- Վարձակալության վճարների չափերը ընդհանուր են լինելու բոլոր վարձակալների համար: Մենք միշտ էլ լոյալ ենք մեր գործընկերների նկատմամբ նրանց նախագծին միանալու մասին քննարկումների փուլում եւ ձգտում ենք գտնել առեւտրային հարթակների վարձակալության երկու կողմերի համար էլ լավագույն պայմանները:

- Հնարավո՞ր է, որ ժամանակի ընթացքում Dalma Garden Mall-ը դառնա «ՌԻՈ», թե՞ երկու առեւտրային կենտրոնների հայեցակարգերում լուրջ տարբերություններ կան:

- Առեւտրային կենտրոնները հաճախ ռեբրենդինգի են ենթարկվում իմիջը թարմացնելու նպատակով, եւ դա նորմալ երեւույթ է: Սակայն դեռ վաղ է խոսել Dalma Garden Mall-ի ռեբրենդինգի մասին, առավել եւս, որ այն շատ հաջող զարգանում է ներկա հայեցակարգի ներքո: Բացման օրվանից ի վեր երկու տարվա ընթացքում առեւտրային կենտրոնի հաճախելիությունն աճել է 25%-ով, եւ այսօրվա դրությամբ այն հայեցակարգային բազմաֆունկցիոնալ զվարճանքի կենտրոնի խոշորագույն նախագիծն է Հայաստանում:

Բացի հաջող ֆինանսական ցուցանիշների ապահովումից, առեւտրային կենտրոնը դարձել է ոչ միայն սպառողական, այլեւ սոցիալական ակտիվության գրավչության կենտրոն, եւ մենք պատրաստվում ենք շարունակել կատարելագործել այն՝ պահպանելով նույն անվանումը:

- Թեպետ «ՌԻՈ»-ի բացման մասին լուրերը Երեւանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին, սակայն կարծիքներ էլ հնչեցին, որ «արտադրության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն ահռելի գումարներ են ներդնում առեւտրի ու զվարճանքների շուկա»: Ի՞նչ կպատասխանեք քննադատողներին:

- Առաջին հերթին ես խորհուրդ կտայի քննադատներին ուսումնասիրել հարցը: «Տաշիրը» մշտապես ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ստեղծելով նոր աշխատատեղեր ու օժանդակելով երկրի ընդհանուր աճին ու բարեկեցությանը: Խումբն ունի իր սեփական արտադրական ակտիվները Հայաստանի տարբեր մարզերում: Դրանց թվում են երկար տարիներ հաջողությամբ շահագործվող կաթի վերամշակման գործարանը եւ կարի արտադրամասը Տաշիրում, որոնք աշխատանքով են ապահովում քաղաքի բնակչության 10%-ը: Դրանք լավ ցուցանիշներ են եւ հպարտանալու առիթ են տալիս մեզ:

Բացի այդ, «Տաշիրը» ամեն տարի $20 մլն է ուղղում սոցիալական նախագծերին եւ տարբեր բարեգործական ծրագրերին, որոնց մեծ մասն իրականացվում է Հայաստանում եւ Արցախում: Օրինակ, անցյալ տարի մենք կառուցեցինք ու Արցախի ժողովրդին հանձնեցինք նոր հանրապետական բուժկենտրոնը, որին ուղղված ընդհանուր ներդրումները կազմեցին $22 մլն:

Ուղիղ ներդրումներից զատ, ամեն մի նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի երկարատեւ սոցիալ-տնտեսական զարգացման համար ու հարյուրավոր նոր աշխատատեղեր է բացում ամբողջ երկրով մեկ:

Դիտում՝ 2880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW