Վերջերս ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում սփյուռքի ներդրումներով եւ գերմանացի մասնագետների օժանդակությամբ շուտով կմեկնարկի սեւ խավիարի արտադրություն, որից նախատեսվում է նաեւ արտահանում:Արցախի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին այցելել է սահմանամերձ Մատաղիս համայնք, որտեղ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է սեւ խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը:Կառուցվող ձկնաբուծարանի շուրջ 350 ջրավազաններում նախատեսվում է, որ շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող: Բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից, Արցախի վարչապետը կարեւորել է ծրագրի` սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը:Նշենք, որ վարչապետի նախապես կատարած հայտարարության համաձայն, սեւ խավիարի առաջին խմբաքանակն Արցախից կարտահանվի մոտ չորս տարի հետ, իսկ յոթ տարի անց տարեկան կարտադրվի երեսուն տոննա սեւ խավիար` Արցախը դարձնելով այդ շուկայի խոշոր արտահանողներից մեկը:Մեդիամաքս-ի թղթակիցը եւս օրեր առաջ եղել է Մատաղիսի սեւ խավիարի արտադրամասի շինհրապարակում եւ ծրագրի մասին զրուցել համայնքի ղեկավարի հետ:Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի փոխանցմամբ, սպասվում է բավական լուրջ արտադրություն, որն իր հետ նոր աշխատատեղեր կբացի` նպաստելով սահմանամերձ համայնքի զարգացմանը:«Նախնական տվյալներով ձկնաբուծարանում կլինի 50-60 աշխատատեղ, որից 30-40-ը նախատեսված են երիտասարդ կանանց համար: Մատաղիսում հիմնականում կանայք ունեն գործազրկության խնդիր: Աշխատավարձի ակնկալիքը եւս մեծ է»,-ասել է համայնքի ղեկավարը եւ նշել, որ վարչապետի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, համայնքի շատ բնակիչներ անհրաժեշտության դեպքում վերապատրաստման փուլ կանցնեն` արտադրամասում աշխատելու համար:«Ներդրողը վստահեցնում է, որ այստեղ Կասպից ծովի արտադրանքից ավելին է լինելու: Ներդրումային ծրագրի արժեքը $ 30 մլն է»,-ասել է Զավեն Ավանեսյանը:Նա նշել է, որ արտադրամասի տարածքի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 10 օր առաջ, որի ընթացքում արվել է մեծաքանակ հողաշինարարական աշխատանքներ, տարածքի հարթեցում: Նախատեսվում է մինչ նոյեմբերի 20-նն ավարտին հասցնել առաջին փուլը, որի արդյունքում պատրաստ կլինի 1250 քմ տարածքով շենքը, ավատված կլինեն նաեւ բետոնային հարթեցման աշխատանքները:Արտադրամասը կառուցվում է Մատաղիսի ջրամբարին կից տարածքում, որտեղից վայրկյանում 80 խմ արագությամբ ջուր կմատակարարվի արտադրության համար: Հարցին, թե ի՞նչ տեխնոլոգիա կկիրառվի արտադրության ժամանակ` մեր զրուցակիցը դժվարացել է պատասխանել, փոխարենը նշել է, որ լաբորատոր հետազոտության արդյունքում, անգամ ամենակեղտոտ ժամանակաշրջանում, ջուրը համապատասխանում է նախատեսվող արտադրության համար:Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի Tweet Դիտում՝ 5292