Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները: *** Աստղիկ Դավթյանը 2013 թվականին հիմնել է BelleAnge բրենդը, որը ներկայացնում է տոնական զգեստներ 0-ից 12 տարեկան աղջիկների համար: 37-ամյա Աստղիկը մանկուց երազել է հագուստի դիզայներ-մոդելավորող դառնալ, սակայն երազանքը հաջողվել է իրականացնել միայն մայրության խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ: Զգեստները սկսել է վաճառել օնլայն, իսկ 2018 թվականից Մամիկոնյանց փողոցում բացել է խանութ-սրահ:Կարը՝ մտքերն արտահայտելու միջոցԿարելն ինձ համար միշտ հոբբի է եղել, ու ես ոչ թե հենց կարելու գործընթացն եմ սիրում, այլ իմ մտքերը կարի միջոցով արտահայտելը: Իմ պատկերացրած զգեստը որեւէ դերձակ երբեւէ չի կարողացել ստանալ, ու ես ստիպված ինքս եմ կարել՝ դպրոցական տարիքից սկսած: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինքնուս եմ, փոքրուց տանը տեսել եմ, թե ինչպես են կարում, ու սովորել եմ: Կարի մեքենա տանը միշտ է եղել՝ ինչպես ցանկացած կենցաղային իր:Երբ մտածում էի դիզայներ-մոդելավորող դառնալու մասին, ընտանիքս թերահավատորեն էր վերաբերվում: Հայրս կարծում էր, որ դա առանցքային մասնագիտություն չէ, ու ցանկանում էր, որ ես բժիշկ դառնամ: Արդյունքում, ժամանակավորապես մոռացա մոդելավորող դառնալու երազանքիս մասին եւ ընդունվեցի Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Երկրագիտություն» բաժինը (ֆրանսերենով):Հոբբիից դեպի բիզնես2006 թվականին համալսարանն ավարտելուց հետո հիմնականում թարգմանչական գործով եմ զբաղվել: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընթացքում միշտ կարել եմ ինձ համար, այն, ինչ չեմ գտել խանութում, ինքս փորձել եմ ստանալ: Նաեւ քույրիկիս ու ընկերուհիներիս համար եմ կարել. նրանք նույնիսկ հերթ էին կանգնում, թե այդ շաբաթ ում համար եմ կարելու (ծիծաղում է - խմբ.): Սակայն այդ ամենն իմ հաճույքի համար էի անում ու երբեւէ չէի մտածում, որ ապագայում այս գործը կշարունակեմ: Երբ ամուսնացա ու աղջիկս ծնվեց, ժամանակս արդեն սահմանափակվեց, ու ես այլեւս չէի կարող որեւէ լուրջ հաստատությունում մասնագիտությամբ աշխատել: Այդ ժամանակ էլ հենց ծագեց հոբբին բիզնեսի վերածելու գաղափարը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Առաջին ներդրումս 9000 դրամ է եղել, որ նպատակային առանձնացրել եմ բիզնեսի համար ու գնել եմ կտորներ եւ թելեր: Զգեստը պատրաստ լինելուց հետո Ֆեյսբուքում էջ եմ բացել ու տեղադրել նկարը, արձագանքներն անմիջապես ստանալուց հետո շարունակել եմ կարել վաճառքի համար:Հրեշտակների հագուստ2013-ին դեռեւս չէին ողջունում հայկական արտադրանքն ու, ցավոք, թերահավատորեն էին մոտենում տեղական բրենդներին, այդ պատճառով որոշեցի ֆրանսերեն անվանում ընտրել՝ հատկապես, որ այն ինձ հոգեհարազատ լեզու էր: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ուզում էի հրեշտակային մի բան ընտրել, արդյունքում բրենդն անվանեցի BelleAnge, որը թարգմանաբար հենց սիրուն հրեշտակ է նշանակում: Այդ բառակապակցությունը միացրել եմ, գրության ձեւը փոփոխել ու բրենդի հնչեղ անվանում ստացել:ՏեսականինԻ սկզբանե, զգեստներ կարել եմ մեծ աղջկաս համար՝ հիմնականում առօրյա ոճի: Բայց երբ ծնվեց երկրորդ աղջիկս, ես նրան ավելի շատ նուրբ ու աղջկական զգեստների մեջ պատկերացրի ու թիթիզ, տոնական զգեստներ սկսեցի կարել:Քանի որ այդ տարիներին Հայաստանում նման տոնական զգեստների պահանջարկ իսկապես կար, որոշեցի կենտրոնանալ հենց շքեղ զգեստների վրա ու տարբերվող տեսականի առաջարկել: Լուսանկարը՝ BelleAnge-ի Հետագայում, ըստ պահանջարկի, ավելացրի նաեւ առօրյա հագուստ, ինչպես նաեւ պայուսակներ, աքսեսուարներ, մազակալներ:Սկզբում մեծահասակների համար էլ էի հագուստ կարում՝ ըստ պատվերի, սակայն հետագայում կենտրոնացա միայն մանկականի ուղղությամբ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մոտ մեկ տարի օնլայն եմ աշխատել, այնուհետեւ վարձակալել եմ փոքրիկ ու անշուք տարածք, որ այլեւս տանից չաշխատեմ ու կարողանամ հաճախորդների հետ անմիջական շփման մեջ լինել: Դրանից հետո ամեն տարի ավելի լավ սրահ եմ տեղափոխվել, իսկ արդեն 2018-ից Մամիկոնյանց փողոցի վրա բացել եմ խանութ-սրահ, որտեղ ե՛ւ տեսականին ենք ցուցադրում, ե՛ւ կարում:ԹիմըՄինչեւ 2018 թվականն ամեն ինչ միայնակ եմ կազմակերպել՝ կտորի ընտրություն, կար, մոդելավորում, հաճախորդների հետ շփում, վաճառք։ Շատ օգնել է նաեւ ամուսինս՝ ինձ հավատալու եւ բոլոր տեխնիկական գործերն իր ուսերին վերցնելու տեսանկյունից: Աստղիկը՝ քրոջ հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Սակայն նման ընդարձակ խանութ տեղափոխվելուց հետո արդեն թիմ էր հարկավոր, ուստի առաջարկեցի քրոջս դուրս գալ իր աշխատանքից ու միանալ ինձ: Քույրիկս այստեղ գործնական մասով 70%-ի պատասխանատուն է, ու ես շատ ուրախ եմ, որ իմ թիմում նման վստահելի մարդ ունեմ: BelleAnge-ի թիմը Լուսանկարը՝ Մեդիամաքս Աշխատանքի եմ ընդունել նաեւ խորհրդատու-սպասարկողի: Այժմ թիմում երեք հոգի ենք:Մանր քայլերովԵս երբեւէ մեծ ռիսկերի չեմ դիմել բիզնեսն ընդլայնելու համար. այն, ինչ վաստակել եմ աշխատածով, ներդրել եմ գործի մեջ ու մանր քայլերով առաջ գնացել: Տուժել եմ միայն ժամանակի առումով, քանի որ, եթե հենց սկզբից մեծ ներդրում արվեր, խանութն ավելի շուտ կբացեի:Նման փոքր քայլերով զարգանալը նաեւ ցույց է տալիս, որ բիզնեսը կայուն է, ու բրենդը սիրվել է հաճախորդների կողմից: Իսկ վերջին երկու տարվա մարտահրավերները, որոնք մեզ հաջողվում է հաղթահարել ու բիզնեսը չփակել, խոսում է միայն մեր հաջողությունների մասին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Գործում կայունությունը ես զգացել եմ այն պահից, երբ առաջին ամսվա վարձակալության գումարն ինքնուրույն կարողացել եմ վճարել եկամուտից: ՃանաչելիությունԳովազդի ու բրենդի ճանաչելիության վրա շատ ժամանակ ու գումար չենք ծախսել, հիմնականում զբաղվել ենք ստեղծելով: Մայրիկները տեսել են մեր զգեստը որեւէ երեխայի հագին ու ցանկացել են իրենք էլ ունենալ, այդպես մեկը մյուսին տեղեկացնելով, մեզ դիմելով, դարձել են մեր հավատարիմ հաճախորդները: Լուսանկարը՝ BelleAnge-ի Տարվա ընթացքում աշխատում ենք ամենաքիչը երկու ցուցադրություն կազմակերպել ու ներկայացնել մեր զգեստները: Երբեմն էլ համագործակցում ենք որոշ կազմակերպությունների հետ ու տրամադրում մեր զգեստները ցուցադրության՝ իրենց կազմակերպած միջոցառումների համար: Գնային առումով մեր տեսականին շատ տարբեր է, տոնական զգեստների արժեքը սկսվում է 12 000 դրամից և կարող է հասնել մինչեւ 160 000-ի: Գինը կախված է կտորի տեսակից, դիզայնից, աշխատանքի ծավալից։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ունենք մեր հստակ մոդելները, բայց պարբերաբար տեսականին թարմացնում ենք: Անհատական պատվերներ չենք ընդունում. չափսի խնդրի դեպքում՝ կարում ենք հաճախորդի ուզած չափսով նորը, եթե այդ կտորները դեռեւս առկա են: Ամալին զրուցում է Աստղիկի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հաջողության գրավականները Իմ հաջողության թիվ մեկ գրավականն աշխատասիրությունն է, որովհետեւ իսկապես եղել են օրեր, որ բառիս բուն իմաստով 24 ժամ աշխատել եմ: Ափսոսում եմ միայն, որ այդ ժամանակը «խլում եմ» իմ երեխաներից: Հաջողության գրավական է նաեւ իմ մեծ սերն այս գործի նկատմամբ. անընդհատ ուզում եմ նոր մոդել ստեղծել, զարմացնել ու գոհացնել հաճախորդներին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Դեռեւս աճի տեղ ունենք։ Ձգտում եմ հասնել այն օրվան, որ ես միայն մոդելավորմամբ ու ստեղծագործելով զբաղվեմ, իսկ մնացած աշխատանքները համակարգեն թիմի մյուս անդամները: Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էլեն Գասպարյանի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 82225