Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Չնայած տնտեսության համար COVID-19 համավարակի ստեղծած անբարենպաստ պայմաններին՝ Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո շարունակում է ներկայացնել հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Անի Հովհաննիսյանը եւ Գայանե Մալիշենկոն մեկ տարի առաջ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հիմնել են առաջին հյուրատունը։ 29-ամյա Անին, համաշխարհային տուրիզմի զարգացման էկոնոմիկա ուսումնասիրելով Սորբոնի համալսարանում, 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո վերադարձել է Հայաստան՝ գիտելիքները հայրենիքում ներդնելու նպատակով։ Ընկերուհու՝ չինարենի թարգմանիչ եւ զբոսավար 30-ամյա Գայանեի հետ Անին իր հայրական տունը վերափոխել է «Նուշ» հյուրատան:Կրթություն, կարիերա, փորձԳայանե․ Մասնագիտությամբ թարգմանիչ եմ (չինարեն-անգլերեն), սովորել եմ Երեւանի հումանիտար ինստիտուտում, մեկ տարի ապրել եմ Չինաստանում, 2012-ին վերադարձել եմ Հայաստան եւ սկսել տուրիզմով զբաղվել։ Գայանե Մալիշենկոն Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանում չինարեն խոսող առաջին զբոսավարն եմ։ Սկզբում այս գործը շատ անհետաքրքիր ու բարդ էր թվում, բայց տարիների ընթացքում ուսումնասիրեցի Հայաստանի պատմությունը, փորձս շատացավ, լեզվական հմտություններս էլ բարելավեցի ու 2017-ին քրոջս հետ տուրիստական ընկերություն հիմնեցի, որը մինչ օրս գործում է։ Աշխատում ենք հենց չինական շուկայի հետ։Անի․ Հայաստանում սովորել եմ Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանում, կրթությունս շարունակել եմ Փարիզի Սորբոնի համալսարանում։ Չորս տարի ապրել եմ Ֆրանսիայում, զուգահեռ աշխատել տուրիզմի ոլորտում։ Անի Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Թավշյա հեղափոխությունից հետո վերադարձա Հայաստան, որոշ ժամանակ աշխատեցի ՀՀ Զբոսաշրջության կոմիտեում։ Ամիսներ անց սակայն հասկացա, որ չեմ ցանկանում պետական համակարգում ներգրավված լինել եւ որոշեցի գիտելիքներս ներդնել այնտեղ, որտեղ կարող եմ օգուտ տալ։ Գայանեին (ծանոթ էինք 2011-ից) առաջարկեցի իմ հայրական տունը հյուրատան վերածել։Իմանալ ամենակարեւորը՝ ինչ է պետք զբոսաշրջիկին Անի․ Ագրոտուրիզմը Եվրոպայում շատ հայտնի է. ես տեսել եմ, թե այն որքան մեծ օգուտ է բերում համայնքի բնակիչներին․ չաղտոտող, չփչացնող տուրիզմի տեսակ է։ Մտածեցի՝ այդ մշակույթը բերել Աշնակ, որ գյուղացիները զբոսաշրջիկների հյուրընկալեն, իրենց արտադրածը սպառեն, համայնքի բյուջեն ավելացնեն։ Գայանեն ու Անին Լուսանկարը՝ Մեդիամաքս Ոչ ոք չէր հավատում, որ Աշնակում հնարավոր է այնպիսի բան անել, որ տուրիստներին գրավի, որովհետեւ գյուղ երբեւէ զբոսաշրջիկ չէր այցելել։ Ես մինչեւ 12 տարեկան այստեղ եմ ապրել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Երեւան։ Այս գյուղում ոչ մի հյուրատուն կամ սննդի կետ չկար, եթե կար էլ, մարդիկ չգիտեին՝ ինչպես ճիշտ ներկայացնել զբոսաշրջիկներին։ «Նուշ» հյուրատունը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գայանե․ Քանի որ ութ տարի աշխատել եմ որպես զբոսավար, գիտեմ՝ զբոսաշրջիկների համար ամենակարեւորն ինչ է՝ հաց ուտելու վայր եւ զուգարան։ Գյումրիից Երեւան ճանապարհը շատ «դժոխային» է, որովհետեւ զուգարաններ ընդհանրապես չկան, իսկ Հայաստան այցելողների մեծ մասը թոշակառուներ են, եւ նրանց համար դա խնդիր է։ Աշնակը Գյումրիի եւ Երեւանի մեջտեղում է, մտածեցինք՝ այն կլինի շատ հարմար կայան, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան հանգստանալ եւ հաց ուտել։ «Նուշ» հյուրատան բակը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երեխա են, բզբզում են»Անի․ Այս տանը միայն հորաքույրս է բնակվում, հայրս էլ հաճախ այցելում է՝ գյուղատնտեսական գործեր անելու նպատակով։ Իմ ու Գայանեի ընտանիքների համար այս բիզնես գաղափարն անհասկանալի էր․ չէին պատկերացնում, որ պետք է այլ մարդիկ գան մեր տուն, ծառից ծիրան քաղեն ու դա նրանց վաճառվի։ Դեմ չէին, բայց ոչ էլ լիովին համաձայն էին, մտածում էին՝ երեխա ենք, «բզբզում» ենք ու շուտով կմոռանանք այս ամենը։ Բայց հիմա շատ ոգեւորված են, անհամբեր սպասում են՝ երբ են զբոսաշրջիկների հյուրընկալելու։ Անին՝ հայրիկի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս 2019-ի հունիսի 16-ին «Նուշ»-ի պաշտոնական բացումն էր, շինարարությունը գարնանն էինք սկսել։ Վերանորոգման ծախսը բավական մեծ ստացվեց. քանի որ առաջին անգամ էինք նման շինարարություն անում, շատ բաներ ավելին էինք գնում, քան անհրաժեշտ էր, աշխատում էինք գեղեցիկն ու թանկն ընտրել։ Մտերիմ ընկերներիցս մեկը խնայած գումար ուներ, առաջարկեց օգնել մեզ եւ մոտ €5000 պարտք տրամադրեց։ Գայանեն ու Անին Լուսանկարը՝ Մեդիամաքս Այստեղ լրիվ «Անիի ավերակ» էր, զրոյից տաղավար ենք կառուցել, բակը վերանորոգել, ծառեր տնկել․ նուշի 20 ծառ ենք տնկել, դրա համար էլ հյուրատունը «Նուշ» ենք անվանել։ Ռեստորանային տաղավարներում ընդունում ենք մինչեւ 50 հյուր։ Տարածքը վերանորոգել են հայրս ու իր ընկերները, բայց դրա դիմաց մենք վճարել ենք նրանց։ Սենյակ «Նուշ» հյուրատանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս տարի վերանորոգել ենք նաեւ տունը, գիշերակացի համար տրամադրում ենք մեկ սենյակ՝ չորս հյուրի համար։ Հյուրատան տարածքում եւ մեր այգիներում նաեւ վրանային ճամբար տեղադրելու հնարավորություն կա։Խնայում-ներդնումԳայանե․ Փորձել ենք դրամաշնորհ ստանալ, բայց չենք կարողացել, որովհետեւ Արագածոտնի մարզի համար դրամաշնորհային ծրագրեր չկան՝ հատկապես նոր կառուցվող վայրի համար․ մտածում են՝ պարզապես ցանկանում ես քո տունը վերանորոգել եւ զբոսաշրջիկներ չընդունել։ Երբ եկավ գումարը մեր ընկերոջը վերադարձնելու ժամանակը, դեռ այդքան չէինք վաստակել. ինչ էլ աշխատել էինք, ներդրել էինք բիզնեսում։ Իմ ու քրոջս տուրիստական ընկերությունից աշխատած խնայողություններով մեր ընկերոջից վերցրած պարտքը մարեցի։ Հյուրերը Լուսանկարը՝ «Նուշ»-ի արխիվից 2019-ի հունիսի կեսից մինչեւ հոկտեմբեր շուրջ 350 զբոսաշրջիկ ենք ընդունել 12 երկրից․ սա մեզ համար պարտավորեցնող ու լավ արդյունք է։ Փորձի շնորհիվ հասկացել ենք, որ կարեւոր է ոչ թե զբոսաշրջիկին դուր գալ՝ հատուկ բաներ անելով, այլ շփվել նրա հետ եւ հասկանալ, թե իրականում ինչ է ցանկանում։ Օրինակ, երբ չինացիներն են մեր հյուրերը, պետք է պանիր եւ մածուն չլինի սեղանին, երբ ռուսաստանցիներն են, ուրեմն՝ կծու պղպեղը պետք է մոտ դնել։ Մեր հաջողության գաղտնիքներից մեկը հենց դա է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի առանձնահատուկ մոտեցում ենք ցուցաբերում։ Անցած տարի տեղացի հյուրեր չենք ունեցել, այս տարի պատրաստվում ենք ներքին զբոսաշրջիկների ներգրավել. փորձում ենք ադապտացվել իրավիճակին։ Անին ու Գայանեն զրուցում են Ամալիի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Գյուղացիներին ներգրավվելովԱնի․ Երբ սկզբում աշխատողներ էին անհրաժեշտ, գյուղում ոչ ոք չէր ցանկանում աշխատել մեզ մոտ, երկար ժամանակ չէինք կարողանում լավ խոհարար գտնել, որովհետեւ մտածում էին՝ «ամոթ է»։ Հիմա գյուղացիներն իրենք են մեզ հարցնում՝ արդյոք աշխատատեղ ունենք։ Գայանեն ու Անին՝ հյուրատան այգում Լուսանկարը՝ Մեդիամաքս Սնունդը պատրաստում են մայրս եւ մեր հարեւանը։ Մեր ընտանիքի անդամները մեզ շատ են օգնում, իսկ ես ու Գայանեն մատուցող ենք աշխատում։ «Նուշ»-ում ուտեստները շատ համեղ են. մատուցում ենք հայկական բոլոր կերակրատեսակները (այդ թվում՝ մեզ մոտ աճող բոլոր կանաչիներով), իսկ մեր ամենահամեղ ուտելիքն Իմամ բայալդին է։ Անիի հայրը՝ խորոված պատրաստելիս Լուսանկարը՝ «Նուշ»-ի արխիվից Գայանե․ Ամեն կերպ փորձում ենք աջակցել գյուղացիներին եւ սպառել նրանց արտադրած մթերքը։ Փոքր խանութ ունենք, որտեղ գյուղացիների պատրաստած մուրաբաներն ու չրերն ենք վաճառում, նաեւ՝ ձեռագործ աշխատանքները։ Նպատակը՝ «Նուշ»-ը վերածել ցանցի Գայանե․ Մեզ շատ օգնել են մեր անձնական կապերը, քանի որ տարիներ շարունակ աշխատելով ոլորտում՝ ճանաչում ենք մի շարք տուրիստական ընկերությունների, զբոսավարների ու վարորդների, որոնց հատուկ հրավիրել ենք մեր հյուրատուն եւ համագործակցություն առաջարկել։ Ոլորտի մարդիկ մեզ օգնել են շուկա դուրս գալ։ Հյուրատան այգին Լուսանկարը՝ Մեդիամաքս Անի․ Պլանավորում ենք «Նուշը» հայտնի ցանց դարձնել. բացի Աշնակից, «Նուշ» հյուրատներ բացել ամբողջ Հայաստանով մեկ։ Լոռու մարզի գյուղերից մեկում արդեն սկսել ենք շինարարական աշխատանքները։ Շեշտը դնելու ենք հարմարավետության վրա, Եվրոպայում նման հյուրատները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, մեր նոր հյուրատունն էլ այդպես ենք կառուցելու։ Համայնքային տուրիզմը զարգացնելու առումով մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ կրթական ծրագրերին, հաճախ ենք վարպետաց դասեր կազմակերպում։ Հակառա՛կն արաԳայանե․ Եթե մարդ ինչ-որ բան շատ է ցանկանում, անպայման ստացվում է․ ես 14 տարեկանից եմ երազել հյուրատուն ունենալ։ Կավագործության դասերի էի հաճախում, որի համար անցնում էի մի փոքր հյուրանոցի միջով. ամերիկահայ ամուսինների բիզնես էր։ Միշտ երազում էի նման հյուրատուն ունենալ։ Անին ու Գայանեն Լուսանկարը՝ Մեդիամաքս Անի․ Երբ ձեզ ասում են՝ «չի ստացվի», «շատ անկապ գաղափար է», պետք է հակառակն անել։ Երբ ես ուզում էի Ֆրանսիա մեկնել՝ սովորելու, ինձ ասում էին՝ «չես կարող», «հարուստի երեխաների համար է դա», իսկ ես հակառակն արեցի ու ստացվեց։ Մեր հյուրատան համար նույնպես նման կարծիքներ են հնչել, բայց մենք հակառակն արեցինք ու ապացուցեցինք, որ այն մարդիկ, որ ասում են՝ «չի ստացվի», իրականում ոչինչ չեն հասկանում։Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Գայանե Ենոքյանի եւ «Նուշ»-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 120747