Ֆրիլանսից՝ գործակալություն կամ կուրսեցիների «զրոյից» բիզնեսը

17.01.2020 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Caleria Projects #Ելենա Թադեւոսյան #Լիլիթ Ղազարյան
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

Ելենա Թադեւոսյանն ու Լիլիթ Ղազարյանը 2019-ին հիմնել են Caleria Projects գործակալությունը, որը ստեղծում է գովազդային տեսանյութեր ու ֆոտոշարքեր: 27-ամյա գործարար ընկերուհիները դեռ 17 տարեկանից էին երազում բիզնես հիմնել ու միասին ստեղծագործել:

Գործարար՝ դեռ ուսանող տարիներից

Լիլիթ. Ընկերացել ենք ու սկսել համագործակցել առաջին կուրսից: 18 տարեկան էինք, երբ միասին օնլայն խանութ հիմնեցինք: Այն, սակայն, ձախողեցինք ու հիասթափվեցինք:

Փորձն ու գիտելիքը տարիների ընթացքում ես ձեռք բերում, հիմա նման ձախողումները միայն կոգեշնչեն մեզ, որ ավելի լավ աշխատենք:

Ելենան եւ Լիլիթը

Ելենա. Առաջին կուրսում որոշել էինք նաեւ մեր գործակալությունը հիմնել եւ անվանել Caleria: Այնքան վաղուցվա երազանք է, որ չենք էլ հիշում՝ ինչու Caleria: Գիտենք, որ ծաղիկի անուն է: Ու քանի որ ցանկանում էինք անցյալի հետ մեր կապը չկորցնել, հետագայում մեր բիզնեսը Caleria Projects անվանեցինք:

Ելենա Թադեւոսյանը

Մի օր ֆրիլանսեր ես, մի օր՝ գործակալության հիմնադիր

Ելենա. Միասին Մակրովերլուծաբանություն ենք սովորել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, երկրորդ կուրսից սկսել ենք մարքեթինգ ուսումնասիրել ու խորանալ դրանում: Հետագայում ես ուսումս շարունակել եմ Վարշավայում, իսկ Լիլիթը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան է ավարտել՝ մարքեթինգի որակավորմամբ:

Ես աշխատել եմ մարքեթինգի հետ կապված ոլորտներում, իսկ Լիլիթը լուսանկարչության մեջ է հմտացել:

Լիլիթ. Որպես ֆրիլանսեր (արտահաստիքային աշխատող) իրար հետ հաճախ ենք տարբեր նախագծերում ներգրավված եղել, բայց քանի որ այդպես աշխատանքը համակարգված չէր ստացվում, որոշեցինք մեր գործակալությունը հիմնել: Ներկայում մենք ենք ֆրիլանսերների ներգրավում մեր նախագծերում, աշխատատեղեր ստեղծում:

Caleria Projects-ի նախագծերից

Ի՞նչ-ո՞նց

Ելենա. Ես մեր գործակալության արթ-տնօրենն եմ, ոճաբանը, Լիլիթը լուսանկարիչն է. իրականում սակայն դժվար է հստակ նշել՝ ով որ գործն է անում. ամեն ինչ էլ փորձում ենք հասցնել:

Caleria Projects-ը ստեղծարար արտադրական գործակալություն է (Creative Production Agency), գովազդային տեսանյութեր, ֆոտոշարքեր ենք պատրաստում, բրենդների վիզուալ ձայները ստեղծում:

Տարբեր մեծ եւ փոքր ընկերություններ մեզ վստահում են իրենց նախագծերը, որոնց իրականացման համար ունենք նաեւ մեր թիմը, հիմնականում վեց հոգի ենք. ծրագրից կախված՝ թիմը մեծանում է:


Avanta Clinics-ի հետ համատեղ նկարել ենք Հայաստանում բժշկական տուրիզմը գովազդող տեսահոլովակ: Մենք առաջարկեցինք սկսել մարքեթինգային արշավ, որն աշխարհին կգովազդի Հայաստանը եւ Հայաստանի բժշկական տուրիզմը: Շատերը մեզ հենց այս տեսանյութով ճանաչեցին:


Ինչո՞ւ գրանցել բիզնեսը

Լիլիթ. Երբ ֆրիլանսեր ես, ինչ-որ պահի զգում ես, որ պետք է համակարգես գործերդ, չես կարող ցաքուցրիվ աշխատել: Գործակալություն լինելով՝ ավելի մեծ հնարավորություններ ունենք. անձնակազմի հետ հստակ ենք աշխատում, իսկ արտահաստիքային աշխատող լինելու դեպքում քիչ է պատասխանատվությունը թիմի նկատմամբ, մոտիվացիան էլ շուտ է անցնում:

Ելենա. Ֆրիլանսերների հիմնական խնդիրը հարկ վճարելուց հրաժարվելն է: Հայաստանում շատ ֆրիլանսերներ մտածում են՝ ինչու գրանցել ընկերությունը եւ հարկ վճարել, եթե կարող ես անվճար աշխատել: Մենք գիտակցում ենք, որ պետական բյուջե կատարած յուրաքանչյուրիս ներդրումը նպաստելու է երկրում մի շարք խնդիրների լուծմանը:


Երբ գրանցված ընկերություն ես, վստահում են, գիտեն, որ չես ձախողի նախագիծը, իսկ անհատ ֆրիլանսերի դեպքում կասկածանքով են մոտենում:

Ձեր իմացած բիզնեսը չէ

Լիլիթ. Հայաստանում երբ ասում ես՝ բիզնես, շատերը պատկերացնում են տարածք, աշխատավայր, հստակ ժամեր: Մեր բիզնես մոդելն ավելի ճկուն է:

Ելենա. Ասում են՝ բիզնես անելու համար փող է պետք, իսկ մենք ասում ենք՝ զրո դրամով կարող ես բիզնես սկսել: Միայն քո գաղափարը վաճառելով՝ կարող ես հիմնել քո սեփական գործը ու հետագայում այն զարգացնել՝ վաստակած գումարով:


Գուցե յուրաքանչյուրն էլ կարո՞ղ է

Լիլիթ. Մեր արածը ստանդարտ բիզնես չէ, որ նշենք, օրինակ, $1000 ներդրում ենք արել: Մերն ավելի շատ գաղափարի ու ժամանակի ներդրում է: Տեխնիկան տարիների ընթացքում ենք ձեռք բերել՝ տարբեր նախագծերից ստացված միջոցների հաշվին:

Այժմ մեզ փոքր գումարներից՝ կարճաժամկետ ծրագրերից զրկում ենք, որ մեր ժամանակն ու ուժերն ավելի մեծ նախագծերի ծառայեցնենք:

Իսկապես, առանց գումարի ենք հիմնել բիզնեսը, սակայն ինչքան էլ ասում ենք՝ զրո դրամ, պետք է ոլորտում հմտացած լինես, ձախողած, հաջողած, որ կարողանաս բիզնես սկսել:

Ի՛նքդ ստեղծիր պահանջարկը

Լիլիթ. Չենք համաձայնում այնպիսի նախագծերի հետ աշխատել, երբ մեզ ասում են՝ ինչ նկարել: Կարող են ներկայացնել խնդիրը, իսկ գաղափարը մերը պետք է լինի եւ ինքներս պետք է իրագործենք:

Caleria Projects-ի նախագծերից

Շատ են գործակալությունները, սակայն երբ ունես քո գաղափարախոսությունը, տարբերվում ես: Եթե քոնը հենց սկզբից չասես, ձուլվելու ես մյուսների հետ: Կարծում ենք՝ մեր սկզբունքային աշխատաոճն ավելի հեռանկարային է: Մեր նախագծերը պետք է ասելիք ունենան, խնդիր լուծեն:

Գործը «խեղդում է»

Ելենա. Հիմա մենք այն փուլում ենք, որ մեզ են դիմում տարբեր ընկերություններ, ու մենք ենք ընտրում՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: Համաձայն չենք, երբ ասում են՝ գործ չկա. ինչքան աշխատում ենք, այնքան շատանում է գործը: Ես անգամ իմ հիմնական աշխատանքից եմ դուրս եկել, որ միայն այս գործով զբաղվեմ:


Չնայած ծնողներս ասում էին՝ սա այն երկիրը չէ, որ քո բիզնեսը հիմնես ու ռիսկով դուրս գաս հիմնական գործից: Սակայն, եթե հավատում ես քո ուժերին, գլուխդ կախ աշխատում, անկասկած հաջողությունների կհասնես:

Շաբաթ-կիրակի չունենք. սեփական բիզնեսը պահանջում է ավելի պատասխանատու լինել, անգամ ճամփորդելիս ենք գործ անում: Բայց երբ քո բիզնեսն է, դու ես ժամանակդ կառավարում. 9:00-18:00-ը չես աշխատավայրում, այլ 24 ժամ, բայց ինքդ ես որոշում՝ երբ աշխատել:


Բիզնեսը միջազգային դարձնելով

Ելենա. Վարշավայում սովորելու ընթացքում դասընթացներ եմ անցել Warsaw School of Photography and Design-ում ու ծանոթություններ ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններից, որոնց շնորհիվ հիմա կարողանում ենք եվրոպական շուկայի համար աշխատել, ինչպես նաեւ արտասահմանցիների համար նախագծեր իրականացնել Հայաստանում:

Լիլիթ. Անցած տարվա մեր նախագծերից է Հռոմի Օպերայի (Teatro dell'Opera di Roma) մենակատարների հետ նկարահանումը. ծրագիրը դեռ post-production-ի փուլում է: Դրան նախորդել է գերմանական KALTBLUT ամսագրի համար արված սոցիալական ուղղվածությամբ ֆոտո-պրոյեկտը, որը շուտով ցուցադրվել է Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի ACE/121 Gallery-ում։


Ռիսկի մասին

Ելենա եւ Լիլիթ. Պետք է ռիսկի դիմել, չվախենալ: Պետական հատվածում աշխատող շատ ընկերներ ունենք, քիչ աշխատավարձ են ստանում, բայց վախենում են դուրս գալ գործից, զրկվել աշխատանքից, մտածում են՝ հաջողության չեն հասնի:

Իհարկե, մեր դեպքում էլ չգիտենք՝ ինչքան է լինելու մեր ամսական եկամուտը, բայց նման գործում եթե ամբողջ հոգով նվիրվում ես, քո ակնկալածից ավելին ես վաստակում:

Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Caleria Projects-ի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Դիտում՝ 55087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW