Նկարիչ Բաբկենը «զրոյից» ակնոցների բիզնես է սկսել

26.07.2019 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Բաբկեն Խաչատրյան #Twinz #ակնոց
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am«Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

2014-ին նկարիչ Բաբկեն Խաչատրյանը եղբոր հետ հիմնել է փայտե ակնոցների մոդելավորմամբ եւ ձեռագործ արտադրությամբ զբաղվող Twinz բրենդը: 33-ամյա գործարարը մտադիր է արտադրությունը Երեւանից տեղափոխել Գյումրի՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:

Պապական թթի ծառը՝ բիզնեսի հիմք

Գյումրիից եմ, Գեղարվեստի պետական ակադեմիայում եմ սովորել: Ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել եմ Երեւան ու աշխատանք գտել. մինչ օրս շվեյցարական բրենդում զբաղվում եմ ժամացույցների դիզայնով:

Տեսնելով՝ ինչպես կարելի է բրենդը կառուցել, ձեւավորել, հասկացա, որ ոչինչ չի խանգարի՝ ես իմը ստեղծեմ: Քանի որ ստեղծագործելուց բացի, լուսանկարչությամբ եմ զբաղվում, իսկ եղբայրս՝ Դավիթը, ձեռքի շնորհք ունի, որոշեցինք փայտե ակնոցների արտադրություն հիմնել:

Բաբկենն ու Դավիթը

Մեր բակում մի մեծ ու շատ հին թթի ծառ ունեինք, որի հետ կապված էր մեր ընտանեկան հուշերի մեծ մասը: Երբ ստիպված էինք ծառը կտրել, ցավ էինք ապրում, այդ պատճառով փորձեցինք ինչ-որ կերպ պահպանել այն. թթենու փայտից ստեղծեցինք մեր ակնոցների առաջին օրինակը:

«Ձեզ ջինսից ակնոց պե՞տք է»

Մենք ոչ մի տեղից տեխնոլոգիա չենք վերցրել, փորձել ենք բոլոր եղանակները, հետո ստացել մերը: Սկզբում ակնոցներն ամբողջովին փայտից էին, հետո նոր ձեւեր ավելացրինք:


Շրջանակներն իտալական բարձրորակ փայտի ութ շերտից են, որոնք մշակվում են հատուկ արեւապաշտպան եւ ջրակայուն նյութերով, ունեն ածխածնային մանրաթելի երկու շերտ՝ ճկունության եւ ամրության համար:

Հումքը պատվիրում ենք Իտալիայից, իսկ ոսպնյակները՝ գերմանական Carl Zeiss Vision բրենդից են: Պատրաստումն իրականացնում ենք 60-ից ավելի արտադրական գործընթացների միջոցով։ Մեկ ակնոցը պատրաստվում է մոտ 15 օրում:

Մշտապես նոր մոդելներ ենք պատրաստում՝ փայտով, մետաղով, ամբողջությամբ ջինսից, շուտով կներկայացնենք նաեւ վինիլներից ակնոցները, նաեւ որոշ ակնոցների պոչեր տիտանից կլինեն: Տուփերը նույնպես մենք ենք պատրաստում:


Դրսից հայացք բերելու համար

Առաջին ակնոցը մինչ օրս պահում ենք որպես թանգարանային նմուշ: Շատ անգամ էլ հետ ենք գնում մեր ակնոցների առաջին մոդելները՝ դրանք պահպանելու համար:

Հատուկ ուսումնասիրել եմ ակնոցների եվրոպական շուկան՝ Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում: Տեսնելով միջազգային որակը՝ ամեն անգամ վերադառնալիս ավելի պահանջկոտ էի դառնում մեր արտադրածի նկատմամբ:


Բիզնես զրոյից

Դժվարանում եմ ասել՝ որքան գումարով եմ սկսել, որովհետեւ սկզբնական շրջանում լուրջ ծախսեր չեմ արել: Ընթացքում վաճառքից ստացված գումարից եմ անընդհատ ներդրել:

Ամենասկզբում քիչ քանակությամբ հումք ենք գնել, ակնոցը պատրաստել է եղբայրս, ֆոտոները արել եմ ես, ստացվում է՝ լիովին «բիզնես զրոյից»:


Դեպի Գյումրի

Առաջիկայում մտադիր ենք Twinz-ի արտադրությունը տեղափոխել Գյումրի, քանի որ բոլորս արմատներով Գյումրիից ենք եւ կարեւորում ենք հարազատ հողի վրա ներդրում անելը:

Գյումրիում նոր տարածք ենք վերցրել, մեծ արտադրություն ենք ցանկանում հիմնել:

Թիմը

Առաջնայինը ոչ թե ֆինանսական ռեսուրսն է, այլ մարդկայինը: Երբ գաղափարի շուրջ հավաքվում են առողջ մարդիկ, ստեղծվող էներգիան կարող է անհնարինն անել:

Հիմնական թիմում չորս հոգով ենք՝ ես եւ ընկերս դիզայնն ենք անում, պատրաստում են եղբայրս եւ նրա ընկերը:


Շուտով վարպետի նոր օգնական կընդունենք, ունենք նաեւ ակնոցի տուփեր պատրաստող մեկ աշխատող եւ երկու հոգի՝ մարքեթինգ անող:

Երբեմն ես էլ եմ պատրաստում, բայց այդ համբերությունը չունեմ, ես մտքերն եմ տալիս, հումքերի ճիշտ վերաբաշխման, կազմակերպչական գործերով եմ զբաղվում:

Մեկ ակնոց՝ մեկ նոր ծառ

Ի դեպ, մենք հասկանում ենք, որ բնափայտ օգտագործողներ ենք եւ անհրաժեշտ ենք համարում բնությանը վերադարձնել այն, ինչ վերցնում ենք, այդ պատճառով յուրաքանչյուր վաճառված ակնոցի փոխարեն տնկում ենք մեկական ծառ:


Այս տարվա ապրիլին Armenia Tree Project-ի հետ կազմակերպել էինք էկո-ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրեցինք ակնոցների նոր՝ գարուն-ամառ հավաքածուն եւ տնկեցինք 100-ից ավելի ծառ Գյումրիում եւ Երեւանում:

«Gine kasek???»

Մինչեւ ակնոցների գործով զբաղվելը՝ ես ակնոցին 80 000 դրամ երբեք չէի տա, որովհետեւ ի վիճակի չէի լինի, չնայած կհասկանայի արժեքը:

Թեեւ շատերը մտածում են՝ 80 000 դրամը մինիմալ աշխատավարձից բարձր է, բայց ցանկացած աշխատանք իր արժեքն ունի:

Գուցե մեր արտադրանքը թանկ է տվյալ մարդու համար, բայց այն իրականում թանկ չէ: Արժեքն ուղիղ կապ ունի վերջնական արդյունքի հետ. չորս տարի առաջ այս որակի չէին մեր ակնոցները, մատչելի էին՝ սկսած 45 000 դրամից, հիմա ամենաէժանը 74 000 դրամ է:


Սկզբում միայն նվեր էի տալիս, հետո կամաց-կամաց գրագետ մարքեթինգի շնորհիվ սկսվեց վաճառքը: Հետաքրքիր է՝ ում նվիրել եմ, մի մասը կոտրել են ակնոցը, իսկ ով մեզնից գնել է, իր գրպանից գումար է վճարել, նա չի վնասել:

Արդեն ունենք կայք, շուտով փորձելու ենք դուրս գալ նաեւ միջազգային շուկա:

Խնայել աչքերը՝ չխնայելով գումարը

Ինչո՞ւ են մարդիկ բարձր գին տալիս բրենդի համար: Բրենդը որակի եւ վստահության խորհրդանիշ է, այսինքն՝ մարդ վստահում է այդ ապրանքատեսակի որակին, երբ իր գումարն է տալիս: Եթե Հայաստանում քո ապրանքը տեսնում են եւ 80 000 դրամ վճարում առանց քեզ ճանաչելու, նշանակում է՝ դու արդեն բրենդ ես:

Ակնոցն ուղղակիորեն կապված է առողջության հետ, վատ ակնոցի պատճառով սկսում ես վատ տեսնել: Երբ դիզայներ ես, լուսանկարիչ կամ նմանատիպ մասնագիտություն ունես, պետք է գիտակցես, որ քո աչքերը շատ թանկ են, խնայես աչքերդ՝ չխնայելով գումարդ:


Մտածելով բոլորի մասին

Պլանավորում ենք ունենալ նոր՝ մատչելի մոդել, որը կարժենա մինչեւ 45 000 դրամ. շատ մարդիկ սրտանց ցանկանում են ունենալ մեր ակնոցներից, բայց այդքան գումար չունեն: Դրանք անհատական մոդելներ չեն լինելու եւ ավելի հեշտ են պատրաստվելու, մեր բրենդի գաղափարից մի փոքր տարբերվելու են: Օրինակ, ակնոցի եզրի հատվածը ոչ թե պտտվող կլինի, այլ՝ ուղիղ:


Մեզ համար կարեւոր է, որ մեր գաղափարը չկարողանան կրկնօրինակել, կարողանալու դեպքում էլ թանկարժեք արտադրանք ստանան:

Ի դեպ, սկզբում Daobab բրենդով էինք ներկայանում, բայց հիմա դրանով մասսայական արտադրություն չենք անում. Daobab-ը բացառապես շքեղ ու թանկարժեք արտադրության համար է: Twinz-ը երիտասարդական է՝ մեծ արտադրության համար. նշանակում է երկվորյակ՝ ակնոցի նման:

Վաճառում ենք առցանց. կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով մեզ դիմում են, հանդիպում ենք, փորձարկում են ու գնում, նաեւ անհատական պատվերներ ենք ընդունում: Դեռ մեր սեփական խանութը չունենք, ծրագրում ենք բացել:

Չկա չարիք, առանց բարիքի

Այս բիզնեսն ինձ համար նույնպես արվեստ է, դրա կառուցումն է արվեստ, այդ պատճառով մի քիչ դանդաղ է առաջ գնում (ժպտում է - հեղ.):

Երկու տարի առաջ որոշ գործարարներ ներդրումային առաջարկ արեցին ինձ, սակայն համագործակցությունը չստացվեց, որովհետեւ ես այդ ժամանակ բիզնես հարցերում շատ փորձառու չէի:

Սկզբում հուսահատվել էի, բայց հիմա ուրախ եմ, որովհետեւ պարտական չեմ ոչ մեկին եւ ինչ ստեղծել ենք մինչ օրս, ստեղծել ենք ինքնուրույն եւ զրոյից: Արդեն ամեն մանրուք հաշվարկել եմ եւ սկսել եմ այլ կերպ վերաբերվել բիզնեսին:

Բաբկեն Խաչատրյանը

Վատնած ժամանակը վնասակար է

Պարտադիր չէ բիզնես սկսել կյանքն ապահովելու համար, բայց պարտավոր ես դառնալ լավագույնն այն բանում, ինչը սիրում ես: Այնքան շատ են հիմա հնարավորությունները, որ երիտասարդների վատնած ցանկացած ժամանակն ի վնաս իրենց է:

Անպայման չէ բիզնեսմեն լինել, որ գումար աշխատես. եթե բիզնեսով չես կարողանում զբաղվել, կարող ես լավ արհեստավոր լինել: Հիմա մենք, օրինակ, շատ լավ արհեստավորների պահանջարկ ունենք:

Պետք է պարզապես կենտրոնանալ մի բանի վրա, հասկանալ՝ ինչն է քեզ դուր գալիս եւ խորանալ այդ ուղղությամբ:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Twinz Eyewear-ի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Դիտում՝ 35436
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW