«Ռուսաստանյան» SWIFT-ը մտադիր են կապակցել իր նմանօրինակների հետ

03.11.2022 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#SWIFT #SPFS #նմանօրինակ
Ռուսաստանի կառավարությունը նոր մեխանիզմ է մշակում բարեկամական երկրներից մեկի կոնտրագենտների հետ հաշվարկներ իրականացնելու համար, «Վեդոմոստի»-ին հայտնել է դաշնային պաշտոնյան։

Նշվում է, որ նոր համակարգի հիմքում ընկած է «ռուսաստանյան» SWIFT-ի՝ Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի (SPFS) եւ այլ պետություններում դրա ազգային նմանօրինակների կապակցումը:

Նոյեմբերի 1-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել էր Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին ստեղծել բանկային վճարումների իրականացման եւ ֆինանսական տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման սեփական համակարգ։ Միշուստինի խոսքով՝ վճարումներ կատարելու համար կարող են օգտագործվել միջբանկային հեռահաղորդակցության ազգային հարթակները։

Ազգային հաշվարկային համակարգերի կապակցումը կհեշտացնի հարթակի օգտագործումը կոնտրագենտ երկրների բանկերի համար, քանի որ աշխատանքը կընթանա ազգային վճարային ենթակառուցվածքի հիման վրա: Առաջարկի իրականացումը կպահանջի ներդրումներ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնոլոգիական, պարզաբանել է պաշտոնյան՝ չհստակեցնելով նման համակարգի ստեղծման համար ծախսերի չափը։

«Սա դեռ վաղ փուլում գտնվող գաղափար է: Հեշտ չի լինելու, սակայն մենք այս հարցը բարձրացնում ենք մեր գործընկերների հետ։ Սա ոչ այնքան SWIFT-ի այլընտրանք է, որքան հնարավոր համակարգ, որը թույլ կտա աշխատել ազգային արժույթներով»,- նշել է պարբերականի զրուցակիցը։

Չինաստանի հետ հաշվարկներ կատարելու համար նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցը քննարկվում է 2019 թվականից։ Այն ժամանակ երկրները որոշել էին ստեղծել այլընտրանքային մեխանիզմ SWIFT-ից անջատվելու դեպքում, սակայն թեման շարունակություն չունեցավ։ Նման գաղափար 2018 թվականին Ռուսաստանի հետ համատեղ մշակում էր Եվրամիությունը․ երկրները նախատեսում էին ստեղծել եվրոպական հարթակ Իրանի հետ հաշվարկների համար, քանի որ վերջինս միացված չէ SWIFT-ին։

SWIFT-ին անդամակցում է ավելի քան 11 000 ֆինանսական հաստատություն աշխարհի շուրջ 200 երկրում։ Ռուսաստանում SWIFT համակարգի նմանօրինակը Ռուսաստանի Բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգն է: Այս համակարգը ստեղծվել է 2014 թվականին այն բանից հետո, երբ առաջին անգամ բարձրացվեց SWIFT-ից Ռուսաստանին անջատելու հարցը՝ կապված Ղրիմի միացման հետ։ Համակարգին արդեն միացել է 440 մասնակից, այդ թվում՝ ավելի քան 100 ոչ ռեզիդենտ 12 երկրից: Մասնավորապես, ինչպես օրերս հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, SWIFT-ի ռուսաստանյան նմանօրինակին միանում են իրանական բանկերը։

Միաժամանակ, աճում է ռուսաստանյան վարկային հաստատությունների թիվը, որոնք միանում են չինական CIPS համակարգին: Այն գործարկվել է 2015 թվականին՝ չինական արժույթի գլոբալ օգտագործումը զարգացնելու նպատակով: Այս կերպ Պեկինը ցանկանում էր պաշտպանվել ԱՄՆ հետախուզությունից, որը հասանելիություն ունի SWIFT միջազգային համակարգին, գրել էր Financial Times-ը:

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներից շատերն ունեն հաղորդագրությունների փոխանցման իրենց ներքին համակարգերը, ուստի յուրաքանչյուրն ունի ինտեգրված համակարգ ստեղծելու հիմք, նշում է Ազգային վճարային խորհրդի վարչության նախագահ Ալմա Օբաեւան։

Նրա խոսքով՝ SPFS-ի շրջանակում հաղորդագրությունները ստանդարտացված են, դրանք փոխանցվում են, այսպես կոչված, SWIFT-կողմնորոշված ձեւաչափերով: Եթե կոնտրագենտ երկիրն ունի իր սեփական համակարգը՝ ստեղծված միջազգային ստանդարտներով, ապա կապակցման հարցում դժվարություն չպետք է լինի, կարծում է փորձագետը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 59379
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW