Թեհրանն ու Մոսկվան երկու-երեք ամսվա ընթացքում կավարտեն ռուսաստանյան «Միր» եւ իրանական «Շետաբ» վճարային համակարգերի ինտեգրումը։Franc Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Hamshahri Online լրատվական կայքը՝ վկայակոչելով Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Հանդուզիի հայտարարությունը։«Իրանի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի միջեւ լավ բանակցություններ են վարվել եւ, հուսով եմ՝ առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում արդյունքը կլինի բանկային ցանցերի, ինչպես նաեւ «Շետաբ» եւ «Միր» համակարգերի ինտեգրումը»,- ասել է նախարարը։Նա նշել է, որ դա տնտեսավարողների համար կհեշտացնի բիզնեսով զբաղվելը, բացի այդ, ըստ նրա, զբոսաշրջիկները եւս կկարողանան օգտվել ինտեգրված համակարգերից։Այն, որ կողմերը քննարկում են «Միր» եւ «Շետաբ» վճարային համակարգերի միացման հարցը, հայտնի էր դարձել այս տարվա մայիսին՝ Ռուսաստանի եւ Իրանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման արդյունքներով։Արդեն օգոստոսի կեսին տնտեսական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտարարել էր, որ Իրանն ունի տեխնիկական հնարավորություն՝ մի քանի ամսվա ընթացքում միանալու «Միր» վճարային համակարգին։«Իրանն ունի անհրաժեշտ ենթակառուցվածք «Միր» համակարգին միանալու համար: Բանակցություններում երկու կողմի համաձայնության դեպքում Իրանը մի քանի ամսվա ընթացքում կարող է միանալ համակարգին»,- ասել էր Սաֆարին: Դրանից մեկ ամիս առաջ Սաֆարին նաեւ նշել էր, որ իրանական եւ ռուսական կողմերն աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարումների համատեղ համակարգի ստեղծման շուրջ:«Բնականաբար, երկու երկրները, որոնք ցանկանում են ապադոլարացնել իրենց գործարքները, պետք է ունենան SWIFT-ի նման հատուկ համակարգ: Իրանական եւ ռուսական կողմերն առաջարկել են նման համակարգի մեկական տարբերակ։ Այժմ գործնականում լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որի հիման վրա կկարողանանք արժութային գործարքներ իրականացնել երկու երկրների միջեւ»,- ասել էր Սաֆարին։Իր հերթին, Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Ալի Սալեhաբադին հուլիսի 7-8-ը Մոսկվայում ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների արդյունքներով հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրված միջբանկային համագործակցության մասին հուշագրերը շուտով կկիրառվեն գործնականում։«Առաջիկայում մենք կիրագործենք այս այցելության ընթացքում ստորագրված մտադրությունների մասին հուշագրի կետերը։ Եվ այդ ժամանակ առեւտրականները, գործարարներն ու տնտեսագետները կտեսնեն մեր պայմանավորվածությունների արդյունքները»,- ասել էր Իրանի ԿԲ ղեկավարը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 57212