Global Findex 2021. Ավելի ներառական եւ կայուն տնտեսություն կառուցելու ճանապարհին

01.07.2022 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Համաշխարհային բանկ #Global Findex #էլեկտրոնային վճարումներ
COVID-19 համավարակն արագացրել է ֆինանսական հասանելիության մակարդակի բարձրացումը՝ հանգեցնելով էլեկտրոնային վճարումների օգտագործման զգալի ավելացման, ասված է Համաշխարհային բանկի Global Findex 2021 զեկույցում։

Այս աճի արդյունքում ստեղծվել են տնտեսական նոր հնարավորություններ, որոնք նպաստել են հաշիվների տնօրինման ցուցանիշով գենդերային անհավասարության կրճատմանը, ինչպես նաեւ տնային տնտեսությունների մակարդակում կայունության ամրապնդմանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի արդյունավետ հաղթահարել ֆինանսական ցնցումները, ասված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ:

2021 թվականի դրությամբ՝ աշխարհի չափահաս բնակչության մասնաբաժինը, որը հաշիվներ ունի բանկերում, այլ ֆինանսական հաստատություններում կամ բջջային վճարումների ծառայությունների մատակարարների մոտ, կազմել է 76%՝ արձանագրելով աճ. 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 68%, 2011 թվականին՝ 51%:

Ընդգծվում է, որ հաշիվների տնօրինման մակարդակի աճը հավասարապես բաշխվել է շատ ավելի մեծ թվով երկրների միջեւ, քան նկատվում էր նախկինում։ Findex-ի նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակի ընթացքում աճի զգալի մասը կենտրոնացած է եղել Հնդկաստանում եւ Չինաստանում, մինչդեռ 2021 թվականի վերլուծությունը վկայում է, որ 2017 թվականից ի վեր հաշիվների առկայության ցուցանիշների երկնիշ աճ է տեղի ունեցել 34 երկրում:

Համավարակը եւս հանգեցրել է էլեկտրոնային վճարումների օգտագործման աճի։ Ցածր եւ միջին եկամուտ ունեցող տնտեսություններում (բացառությամբ Չինաստանի) չափահասների շրջանում, որոնք քարտով, բջջային հեռախոսով կամ ինտերնետի միջոցով վճարումներ են կատարել խանութում կամ առցանց, համավարակը սկսվելուն պես առաջին անգամ նման վճարումներ կատարողների մասնաբաժինը կազմել է ավելի քան 40%:

Նմանատիպ իրավիճակ է արձանագրվել այն մարդկանց շրջանում, որոնք ուղղակիորեն իրենց հաշիվներից վճարումներ են կատարել կոմունալ ծառայությունների համար. նրանց մասնաբաժինը, որոնք դա արել են առաջին անգամ համավարակի ժամանակ, ցածր եւ միջին եկամուտ ունեցող բոլոր տնտեսություններում կազմել է չափահասների ավելի քան մեկ երրորդը: Համավարակը սկսվելուց հետո Հնդկաստանում ավելի քան 80 միլիոն չափահաս մարդ կատարել է իր առաջին էլեկտրոնային վճարումն առեւտրային կետում, իսկ Չինաստանում նման մարդկանց թիվը կազմել է ավելի քան 100 միլիոն:

Ամբողջ աշխարհում չափահասների երկու երրորդն այժմ վճարումներ է կատարում կամ ստանում էլեկտրոնային եղանակով: Զարգացող տնտեսություններում նման բնակչության մասնաբաժինը 2014 թվականի 35%-ից 2021 թվականին հասել է 57%-ի։ Միաժամանակ, զարգացող տնտեսություններում բանկում, այլ ֆինանսական հաստատությունում կամ բջջային վճարումների ծառայությունների մատակարարների մոտ հաշիվ ունեցող չափահասների մասնաբաժինը կազմում է 71%՝ արձանագրելով աճ. 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 63%,  2011 թվականին՝ 42%:

«Թվային հեղափոխությունը խթանել է ամբողջ աշխարհում ֆինանսական ծառայությունների հասանելիության եւ օգտագործման ավելացման համար՝ փոխակերպելով մարդկանց վճարումներ կատարելու եւ ստանալու, պարտք վերցնելու ու խնայողություններ կուտակելու եղանակները: Բարենպաստ նորմատիվ իրավական միջավայրի ստեղծումը, վճարումների թվայնացման խրախուսումը, ինչպես նաեւ կանանց ու չունեւորների՝ հաշիվներին եւ ֆինանսական ծառայություններին հասանելիության հետագա ընդլայնումը՝  սրանք են քաղաքականության առաջնահերթություններից մի քանիսը, որոնք միտված են մեղմելու հետընթացն իրար վրա կուտակվող ընթացիկ ճգնաժամերի պայմաններում»,- ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Դեւիդ Մելպասը:

«Աշխարհն ունի կարեւորագույն հնարավորություն՝ կառուցելու ավելի ներառական եւ կայուն տնտեսություն, ինչպես նաեւ միլիարդավոր մարդկանց համար բացելու բարգավաճման ճանապարհ: Հիմնվելով Findex-ի հետազոտությունում գրանցված առաջընթացի վրա՝ կառավարությունները կարաղ են բարձրացնել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրանց կարիքը»,- ասել է Բիլ Գեյթսը՝ Բիլ եւ Մելինդա Գեյթս հիմնադրամի համանախագահը, որը հանդիսանում է Global Findex տվյալների բազայի ձեւավորման ուղղությամբ հետազոտության հովանավորներից մեկը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 57707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW